Լուսինե Հայրապետյան | Սալման Ռաշդիի «Երկու տարի ութ ամիս ու քսանութ գիշեր» վեպը

Լուսինե Հայրապետյան

Արաբական ժողովրդական գրականության հիմնային գործերից մեկը՝ Հազար ու մի գիշեր հեքիաթների ժողովածուն, որն իր մեջ ունի հնդկական մշակույթի ազդեցության ակնհայտ շերտավորումներ, հնդկական ծագմամբ անգլիացի գրող Սալման Ռաշդիի համար դառնում է հիմնաքար կառուցելու ժամանակակից աշխարհի և ներկայիս քաղաքացու ծագումնաբանական սխեման ախտորոշող մի նոր բանաձև: Նրա «Երկու տարի ութ ամիս ու քսանութ գիշեր» գրքում ներկայացված է մարդկության սերնդակցական կապի խզում և օտարում եսի ինքնությունից: Ռաշդին ցույց է տալիս, որ սերունդների միջև առկա ներքին միավորումն է և այս միավորման սկզբնաղբյուրը, որ կարող է փրկել մարդկության շառավիղներին գալիք արհավիրքներից: Պատմության դարակավոր շերտերում, փոշու և մոռացության մտամրրիկում Ռաշդին գտնում է մարդկության արմատային կապը սերնդակցական շղթայում և այն կապակցում է ժամանակակից աշխարհին՝ վերստեղծելով պատմության ընթացքի մի նոր իրականություն:
Միայուսված պատմությունների ներքին կապակցումը ստեղծում է Հազար ու մի գիշերների անվերջանալիության տպավորությունը: Ռաշդին այս գրքում տարբեր սերունդների նկարագրով ներկայացնում է միմյանց հետ փոխկապակցված պատմությունների հաջորդականություն: Միմյանցից ծագող պատմությունների «մատրյոշկայի էֆեկտը» գործում է ի օգուտ Ռաշդիի: Այն օգնում է հետևել սերնդակցական կապի զարգացմանը և տեսնել իրականության աստիճանական փոփոխումը: Հերոսների մեծ քանակն ու երբեմն մոռացվող կերպարների բնութագիրը դառնում է մշուշոտ ու անորոշ հասարակության նկարագրի մի մաս:
Վեպում առկա մոգական ռեալիզմը հասնում է իր բարձրագույն շեմին և կարելի է ասել անգամ մոտենում է ֆանտաստիկայի ժանրին: Երբ այս ամենին գումարվում են պատմական ժանրի որոշակի տարրեր, վեպը հարստանում է իր ներքին դինամիկայով և ժամանակի մեջ կատարվող տեղաշարժով: Ռաշդին այս վեպում հասնում է ժանրային միքսացիայի և դրան անհրաժեշտ լեզվական ապարատի մաքսիմալ ճկման: Նկատելի է, որ ժանրային համադրումները հանգեցնում են նրան, որ լղոզվում են պատմական իրականության մասին մեր պատկերացումները, և դժվար է զատել իրականը երևակայականից: Այս կոնտեքստում կարելի է տեսնել անցյալի և ներկայի միջև եղած անքակտելի կապը: Անցյալի պատմությունը գալիք ներկան է, իսկ ներկան՝ անցյալի տեսանելի շարունակությունը:
Գրքում ներկայացված սերնդակցական շղթայի սկիզբ է հանդիսանում XII դարը: Ժամանակի մեծագույն փիլիսոփա համարվող Իբն Ռուշդը, վտարված լինելով իր իսկ ծննդավայրից, ստիպված է խղճուկ կյանք վարել հրեաներով բնակեցված մի փոքրիկ գյուղում: Նրան վերագրում էին բանականությանը, տրամաբանությանը ու գիտությանը բնորոշ առանձնահատկություններ, որոնցով նա առանձնանում էր մյուսներից: Նրա և Դունիա անունով մի աղջնակի միջև սկսվում է բուռն սիրային կապ, որն իր տեսակով ինքնին արդեն մոգական աշխարհի դրսևորումների նախաշեմ է հանդիսանում: Դունիան իրականում գերբնական ուժերի տեր ջին է: Նրա անունը հունարեն նշանակում է աշխարհ, և ինչպես ինքն է ասում աշխարհն է հոսելու իր միջով, և նրանք ովքեր կծնվեն իրենից կտարածվեն ողջ աշխարհով մեկ: Սա դառնում է վեպի մարգարեական խոսքը, որն իրականանում է գրքի սյուժետային զարգացմանը զուգահեռ:
Որոշ ժամանակ անց Իբնը լքում է Դունիային: Չչարանալով մարդկության հանդեպ և սիրելով իր մահկանացու զավակներին՝ Դունիան հեռանում է մարդկային իրականությունից և միանում ջիներին: Նրանց սերունդները տարածվում են մոլարակի տարբեր մասերում՝ չիմանալով և երբեմն անգամ մոռացության տալով իրենց ծագումն ու սերնդակցական կապը: Նրանք անտեղյակ են իրենց բացառիկ ունակությունների մասին: Սերունդներ շարունակ նրանք տարօրինակություններ են նկատում, որոնք որևէ կերպ չեն գտնում իրենց բացատրությունը: Սերունդների նկարագրման ընթացքն իր բազմաթիվ հերոսներով, նրանց մեկը մյուսից տարբեր հատկանիշներով ստեղծում է գիտակցական հոսք, որն ընթերցողին հասցնում է մոգական ռեալիզմի այն շեմին, որտեղ երևակայական աշխարհն ընկղմվել է իրականի մեջ և ստեղծել անորոշ, առեղծվածային, բայց և ներքին ճշգրտությամբ միահյուսված ներտարածական մի աշխարհ:
Արդեն XX դարն է: Ամենուրեք քանդված փողոցներ են, ջրի պաշարները սպառվել են, մարդիկ այլևս չեն կարողանում գոյատևել առանց լույսի, համատարած հուսահատություն է, և տագնապն օր-օրի գլուխ է բարձրացնում: Սերունդները հասել են Նյու Յորք: Ավերիչ կայծակի հետևանքով Նյու Յորքի բնկաչության մի մասը մահացել է, իսկ մյուսները սարսափի մեջ են: Երկար դարեր անց Դունիան ետ է վերադառնում իր սերունդներին միավորելու և նրանց մեջ արթնացնելու այն մոգական ոգին, որ պետք է պայքարի հանուն մարդկության: Սա համամարդկային պայքարի մի նոր կոչ է՝ պայքար ընդդեմ ջիների, ընդդեմ նրանց խավարի: Ռաշդին այս պայքարը ներկայացնում է որպես ինքնաճանաչման և ինքնահաստատման ուղի սերունդների համար: Ինքնաճանաչման և հանուն մեկ նպատակի միավորման այս փորձը ժամանակակից մարդու համար դառնում է գոյատևման միակ ուղին:
Խավարի դեմ պայքարը մարդկությանը տալիս է մեծ ուժ, ներքին անկախություն, մտավոր կապանքներից ձերբազատում, կրոնական սահմանափակումների լուծարում: Այն անձին մոտեցնում է իր իսկ եսին և ինքնաճանաչման միջոցով հաստատում իր տեսակի գոյությունը: Վեպի ընդհանրական դիմագիծը հաղթական բնույթ ունի: Սա անհատի հաղթանակն է հենց իր մեջ սքողված խավարի հանդեպ: Վեպի սյուժետային կառուցվածքին հայացք գցելուն պես ակնհայտ է դառնում, որ Ռաշդին այս վեպում տարբեր սերունդների միջոցով ստեղծում է մեկ միասնական կերպար, և սա համամարդկային ինքնաճանաչման նորանկախ կերպարն է: Այն մարդկանց չի տարանջատում միմյանցից լեզի, կրոնի, մշակույթի կամ էլ քաղաքական հայացքների պատճառով: Մարդկությունն ի վերջո հասնում է ժամանակակից աշխարհի այն փուլին, երբ ամենուրեք թվացյալ խաղաղություն է, մարդիկ կարծես թե գոհունակ են, հարմարավետ կյանքի համար ստեղծված են բոլոր պայմանները, կյանքն առաջ է շարժվում՝ վերջնականապես կտրված ջիների մոգական աշխարհից:
Ռաշդին ներկայացնում է մի իրականություն, որը խտացված կուտակնում է մարդկային պատմության, մոլորակի տարբեր հատվածներում կատարվող երևույթների, անցյալի ու ներկայի խզված կապի, ինքնաճանաչման միջոցով ամրապնդվող հավատի և նպատակաուղված միտման դեպի լույսը, դեպի կյանքի խաղաղ ընթացքը: Թվում է, թե դասական տարբերակով ավարտվելու է վեպը, և մարդկության վերջնական հաղթանակը հենց այն է, ինչի մասին երազում է լավատես գրողը: Վեպն իրականում շատ ավելի խոր արմատներով է կապված մոգական ռեալիզմի երևակայական իրականությանը: Համեմատական հայացք գցելով վեպում նկարագրվող տարբեր շերտերի ձևափոխումներին և ոչ ակնկալելի ավարտին՝ տեսանելի է դառնում, որ վեպն ամբողջությամբ ներազդում է ընթերցողի վրա, տեղափոխում նրան հազար ու մի գիշերների մոգական իրականություն, տալիս ինքնաճանաչման հնարավորություն, պայքարի ընտրություն, իսկ վեպի ավարտին արդեն ետ բերում ժամանակակից իրականություն: Ահա այստեղ է հանգույցն այն երևակայան թռիչքի, որ զատում է երազային աշխարհը գիտությամբ բացատրվող մեզ ծանոթ երազներից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *