Սամվել Սևադա | «Հայաստանի աշխատավորուհին» և….

hayastani ashxatavoruhi

Պոետ, փիլիսոփա, գրականագետ, հրաշալի մարդ և ընկեր.. ու վերջապես` քայլող բազմահատոր հանրագիտարան: Հիմա մի պատմություն որ չպատմեմ Հենրիկի մասին` կմեռնեմ..  ))) Ընկերս է, չի նեղանա..:)) Շատ տարիներ են անցել էդ զարմանալի քաղցր օրերից: Անցած դարի (հեշտ է՞ասել.. ) 70 ականների կեսերն էր: Ջահել արվեստագետների, երիտասարդ պոետների խումբն ու նրանց մշտապես ուղեկցող արվեստասեր ծտերի վտառը օրվա ընթացքում «Պոպլավոկից» տեղափոխվում էր «Սկվոզնյակ», էնտեղից սահուն անցում կատարում դեպի “դերասանական կաֆե”, որտեղ խմբի մի մասը տվայտում էր գինու պղպղջակների մեջ ու մնում շշերի ու սարդելկայի արանքում դարդերը քամուն տալու: Մյուսները մանրից տեղափոխվում էին «պոնչիկնոց» ու «4-րդ խանութ», ապա օրվա վերջում կրկին հանգրվանում «Սկվոզնյակում», որտեղ արդեն հոգնած ու վաստակած արվեստի նոքարները մի քիչ «Բալդա» էին խաղում, ապա մի անգամ ևս հետադարձ ակնարկ նետում վերածննդի վարպետների, հետո իմպրեսիոնիստների վրա, Դանթեից ու Նարեկացուց անցնում մինչև Սևակ ու Բրոդսկի ու ծուլորեն հեռանում տներով, մյուս օրը կրկին հանդիպելու հստակ հեռանկարը աչքերում: Եվ ահա իմ ասած օրերից մեկում, չգիտեմ ինչպես և ինչու, հավաքվել էինք մի քանի հոգով ոչ այլուր, քան Գրողների միության դիմաց գտնվող «Հացաբուլկեղեն» կոչվող խանութում, որտեղ նաև սուրճ, բուլկի ու տաք կակաո կար: Հովհաննես Գրիգորյանը, Վանո Սիրադեղյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Հրաչիկ Թամրազյանը, ես ու էլի մի քանի հոգի նստած ջիգյարով ծխում, սրճում ու ծիծաղելով քննարկում էինք Հովհաննես Գրիգորյանի հարցազրույցը, որ մի օր առաջ լույս էր տեսել “Հայաստանի աշխատավորուհի” ամսագրի էջերում. որտեղ պատմում էր իր անցած ուսանողական տարիների մասին:

Հենրիկ ԷդոյանԹե ինչպես մի քանի ընկերներով հողե հատակով մի տնակ էին վարձել Չարենցի փողոցի վերևի կատակոմբներում, որտեղ, չնայած աղքատ ուսանողի կարգավիճակին` բավական ուրախ ու անհոգ օրեր էին անցկացրել: ՈՒ պատմում էր, որ հաճախ հավաքվում էին տղերքով, գինի ու թթու դրած վարունգ, մի քիչ էլ խորոված կարտոֆիլով քեֆեր էին անում: Դավիթ Հովհաննեսն արտասանում էր իր ստիխները, Սլավիկ Չիլոյանը հանգով հայհոյում էր բոլոր դասականներին անխտիր, Արտեմն ու մյուսները երգում էին, իսկ Հենրիկ Էդոյանը լվացքի տաշտի վրա դհոլ էր նվագում… Աստված իմ, պատկերացնում է՞ք… Էդոյանը`70-ականների նորարար բանաստեղծների առաջատարներից մեկը, դհոլ է նվագում և այն էլ լվացքի տաշտի քամակին: Կարդացինք ու մի լավ ծիծաղեցինք Հովհաննեսի պատմածի վրա:

Հովհաննես ԳրիգորյանԵս ասացի, Հովի’կ, դու Հենրիկի ձեռից չես պրծնի, եթե Աստված չանի հանկարծ իմանա այս հոդվածի մասին: Կատարյալ խայտառակություն: 90 հազար տպաքանակով լույս տեսնող ամսագիրը տնից տուն է մտնում և այն էլ` ընթերցողները հիմնականում կանայք են: Իսկ Հենրիկի համար դա մահ էր… Բայց Հովհաննեսը ծիծաղելով ասաց, – Այ մարդ, ոնց պիտի իմանա, ինքը «Հայաստանի աշխատավորուհի» չի կարդում: …ՈՒ հենց էդ պահին սրճարանի լուսամուտից տեսա Հենրիկ Էդոյանին, որը իր սովորական դանդաղ ու վեհապանծ քայլվածքով, բեթհովենյան բաշը քամուն տված մոտենում էր մեր սրճարանին, ձեռքին էլ ոչ ավել ոչ պակաս «Հայաստանի աշխատավորուհու» վերջին համարը: Տղաներով խմբով ասացինք, – Հովիկ սըկի’, Հենրիկն է գալիս: Եվ իսկապաես ուրիշ ելք չկար, Հովհաննեսը, որ մի քանի րոպե առաջ իր սքանչելի հումորը կկոցած աչքերում գլուխ էր գովում, սահեց սեղանի տակ: Քար լռություն: Ներս մտավ Հենրիկ Էդոյանը, կանգ առավ մի պահ, իր պոետական էլիտար բարձունքից հայացքով անցավ բոոլորիս վրայով, բարև տվեց, ապա ամսագիրը սեղանին նետելով ավելացրեց,-Իսկ դու’,(…), սեղանի տակից դուրս արի, քեզ հետ ես հետո կխոսեմ.. Ահա էսպիսի պատմություն: երանի էդ օրերին… ))

Share Button