Պատմվածք

Շուշան Սարգսյան | Ձյուն

միայն մի բան գիտեմ։ ընկել եմ: հատակը փափուկ չի լինում։ շուրջս սպիտակ-կապույտ։ անկողնուց եմ ընկել։ ոչ ոք կա։ ուշադիր կարդա։

• 5 րոպե

Շուշան Սարգսյան | Ձյուն

միայն մի բան գիտեմ։ ընկել եմ: հատակը փափուկ չի լինում։

շուրջս սպիտակ-կապույտ։ անկողնուց եմ ընկել։ ոչ ոք կա։ ուշադիր կարդա։ պառկած նայում եմ վեր։ պիտի երկար նայեմ: կլանվեմ: կլանեմ: հոգնեցի։

ուրիշ ելք չկա։ հոգնեցնող է։ դա եմ կարող անել։ մայրս կանչում է։ պառկած եմ։ դա եմ կարող անել։ մեկ զգում եմ բերանս, մեկ՝ ոչ։ հիմա նոր հասկացա՝ ինչ է շուրջս։

պատկերացրու

սպիտակ սենյակ, այնքան, որ չես էլ նկատում հայելին․ մռութը թեքել-խռովել է քեզից։ մարմինդ վառված, ասես՝ երեկ տապակվել ես ամպի չափ ձեթում։

կարմիր ես։ կապտած կարմիր։ մերկ ես։ մերկ եմ։ ես մենակ եմ, դու՝ չգիտեմ։ շուրջդ չես տեսնում։ հորիզոնը գնացել է հանգստի։ խորտակվում ենք ձյան մեջ։ տաք է։ ձայն չկա։ ձյուն կա։ շատ եմ մրսում։ շարունակիր պառկել։

անսովոր է։ բառերին մի նայիր: ուշադիր կարդա:

անթերի սպիտակ, դիմացս հայելի: շուրջս չի երևում: անվերջ եմ։ ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ։ աչքերս բաց է, ես` քնած։ սկսում եմ դանդաղ շոշափել

ձեռքերս։ տեղում են։ ոտքերս։ լիարժեք ստուգված է։ գլուխս երեք հարյուր վաթսուն աստիճան պտտվում է։ նոր գլուխս փորձարկելուց հանկարծ նկատում եմ քրոջս դարակից վերցրած ուսապարկս։ երջանկություն։ հեչ էլ չեմ շտապում ուսապարկիս մոտ․ գիտեմ՝ չի փախչի, իսկ դու՞։ դու էլ չես փախչի: վերցնում եմ, սկսում հերձել։ առաջինը հանում ենք սիրտը, հետո լյարդ, թոք, ուղեղ։ ուսապարկս բացելուն պես դանակը աչք է փայլացնում․ պսպղուն,

մաքուր, տաք։ մեր խոհանոցի դանակներից է: կյանքում այսքան մաքուր չի

եղել։ զգուշորեն վերցնում եմ, նայում՝ ներսը ով կա-չկա, մազերս ուղղում, կողքի դնում։ սպիտակ ներքևում խամրում է կարմիր գինու կանաչ շիշը։

երջանկությունից սկսում ենք պարել, պլանավորում ենք՝ ինչ ենք ուտելու։ ես պարում եմ, դու՝ չգիտեմ։ ընդունված է՝ կարմիր գինին մսի, սպիտակ գինին` ձկան հետ։ լավ է – լավ չէ․ ձուկ չունենք։ շշի տակ ծխախոտի տուփ։ մայրս քնած է։ միտքս անընդհատ երգեր է պտտում. ասես փորձում եմ համապատասխանն ընտրել սպիտակի համար։ հիասքանչ։ ես կամ, դու՝

չգիտեմ։ ծխախոտի տուփը այնքան մեծ չէր, որ ներքևի գիրքը չնկատեի․

Կետի Շատրվանը

էլի վատ չէ, չեմ ձանձրանա

ձանձրույթը ապրող մահ է․ ոչնչացնում է ուղեղդ, կապկպում բերանդ ու պարալիզացնում վերջույթներդ։ դու ձանձրանալ ես ուզում: չմեռնես: օրվա

մեջ շատ եմ տեսնում ձանձրալի մարդկանց․ նրանք էլ իրենց հերթին են փորձում ուղեղդ հանել, արյունդ խմել։ ես ձանձրալի չեմ, դու՝ չգիտեմ։

գիրքը թողնում եմ պայուսակում ու սկսում: չգիտեմ ինչ օր է, ժամը, տեղը, քեզ էլ չեմ ճանաչում

հետաքրքիր չէ հետաքրքիր ես

երաժշտություն չկա, ուզում եմ պարել երգիր ինձ համար, մտքում (գոռալով) բայց չմոռանաս ուշադիր կարդալ

ձեռքերս օդում օրորվում եմ, ինչպես քամուց քշված, բարակ, ձյունե թերթի

փափուկ կտոր։ տեղում-օդում չեմ կարող շատ բարձրանալ․ գլուխս կհեռանա ինձնից

անկրկնելի, երեք հարյուր վաթսուն աստիճանե գլուխս

մի մտածիր ապրելու մասին, քո մասին, մեռիր, ոչնչացիր ու թող կյանքիդ պարագլուխը զարմանա

մի քիչ էլ ու կմիանամ, միասին կերգենք, կտյուզնընանք, կբացենք գինին ու կսկսենք դատարկաբանելով խժռել եղածը։ ո՞րն է եղածը

մենք ենք, մենք, սիրելիս

սպիտակ սենյակում սպիտակ հատակին սպիտակ փոքր սպիտակ ափսե, կողքին՝ սպիտակ բաժակ։ գիտեմ՝ մեկն է, բայց ես երկուսն եմ տեսնում՝ ինձ ու քեզ համար։

միս-միս մասերը պարում են

տավարինը օգտակար է, չունենք, ափսոս առողջ է պետք սնվել, ափսոս

նայում եմ ձեռքերիս՝

ո՞րը չեմ օգտագործում (կարծես պոկելու էի, ուտեի) պոկելու եմ, ուտեմ

ճկույթը հաստատ։ ձախ․ աջինը` նեղ օրվա համար պահեմ

անպետք մատ․ կյանքում չեմ օգտագործել, դու էլ` գիտեմ

ապա միայն այդ մատդ շարժիր, ասես՝ էլեկտրական կիթառի յոթերորդ լար։ բեր քոնն էլ պոկենք, բեր-բեր։ էս ձախլի՞կ ես։ պարզիր աջ ձեռքիդ ճկույթը: համով է ստացվելու: գինին մի քիչ լցնում եմ ափսեի մեջ․ մարդ ենք դե, գոնե ուտելուց չի երևա՝ ինչ է: ջրալի մատները ամանի մեջ թպրտում են: ուշադիր։ նայիր՝ ոնց են ուրախացել: գինուց հարբեցին, բայց լավ էլ համ ունի գիտե՞ս: հիմար, փորձիր գինիդ վայելել, հերիք է զառանցես: կում: ճիշտ խմելու ձև կա․

սկզբում՝ ամենակարևորը, բաժակը պահում ես երկու մատով՝ դեռ

չկտրվածներով, հետո պտտում գինին բաժակում, նրբորեն, ասես՝ ասեղը մի ժամ չկարողանաս թելել։ Եթե ձեռքիդ գինու բաժակ կա, փորձիր ու ուշադիր կարդա։ բաժակի բերանը շուրթերով շոյելով՝ փակում ես աչքերդ, որ գինին չվախենա սեփական արտացոլանքից կամ էլ բուրգ քթիցդ, ինչպես դու

հայելի տեսնելիս, հա, հա, լուրջ եմ ասում, արա ասածիս պես։ կում։ բերանում պտտում ենք գինին՝ երգելով, դանդաղ, աչքերդ չբացես դեռ։

կարող ես կուլ տալ, թողնում եմ

հիմա խորը շնչիր, գինին ապահով է՝ կոկորդդ է տաքացնում, վարարում է ներքև, ավելի ներքև, անտեսանելի ներքև

մատներդ ուտում ես գինու հետ

ճկույթով չբավարարվեցիր, շատ էիր քաղցել

ժամս կորել է, իսկ ժամանակի զգացողություն երբեք չեմ ունեցել։ մազերս գնալով սկսում է պատերին ձուլվել, քարանալ, փշրվել։ ուշադիր կարդա: ապրող մահին չեմ կարողանում դիմադրել, վերցնում եմ ծխախոտի տուփն ու սկսում ծամել։ սխալ ես օգտագործում, ապուշ։

կուզե՞ս, մեկնում եմ ձեռքս հայելուն չէ, մենակ ծամիր. առողջ եմ սնվում ափսոս, հեչ էլ ուզես

փշրված, քար դարձած մազերիցս կրակ եմ անում, տաքությունից սկսում մրսել ու սիգարետս կպցնում եմ բերանիս խարույկից, խարույկից բերանիս:

տաք է, արտաշունչ, պահիր բերանումդ, որ չխեղդվես, արտաշունչ, դու գողացել ես մորդ հանգստությունը, արտաշունչ, պահիր շունչդ, որ գիտակցությունդ կորցնես, դիմացիր, ապրես

ես հպարտ եմ քեզնով

ինքդ քեզ վախեցար կորցնելուց. գիրքդ վերցրու

գտիր պայուսակդ, արագ, վերցրու գիրքը. ուշադիր կարդա

դանակի կողքն է ուսապարկը, մտիր ներս, սկսիր կարդալ, մտածիր մտածելու համար, ուշադիր` չարտաշնչես, հետևիր բառերիս

օրերն անցնում են

սենյակից փտած նկուղի փտած սենյակից նկուղի նկուղի փտած սենյակից հոտ է գալիս

փտածի

մենք դեռ պարում ենք անթերի սպիտակում

Թողնել մեկնաբանություն