ԾԵՐ ՍԻՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՐԳԸ
Հարկավ, մեր միջև փոթորիկներ են եղել
Սիրո քսան տարին՝ խելագար մի սեր,
Հազար անգամ քո ուղեբեռն ես հավաքել,
Հազար անգամ ես հեռացա։
Եվ յուրաքանչյուր կահույք հիշում է
Այս սենյակում՝ առանց օրորոցի,
Թնդյունները նախկին մրրիկների․
Ոչինչ այլևս նման չէ ոչնչի։
Դու ջրի համն էիր կորցրել,
Իսկ ես՝ տենչը նվաճումների։
Բայց, իմ սե՜ր,
Իմ քաղցր, իմ քնքո՜ւշ, իմ սքանչելի սե՜ր,
Ջինջ այգաբացից մինչև ավարտն օրվա
Ես քեզ սիրում եմ դեռ, դու գիտես, սիրում եմ քեզ։
Ես գիտեմ քո բոլոր դյութանքները,
Դու գիտես թովչանքներն իմ բոլոր,
Պահպանեցիր ինձ որոգայթից որոգայթ,
Ես ժամանակ առ ժամանակ կորցնում էի քեզ։
Հարկավ, դու մի քանի սիրեկան ունեցար,
Պետք էր չէ՞ ինչ-որ կերպ սպանել ժամանակը,
Պետք է, չէ՞, որ մարմինը ցնծա։
Ի վերջո, ի վերջո,
Մեզ շատ տաղանդ էր պետք
Ծեր լինելու համար՝ առանց մեծանալու։
Բայց, իմ սե՜ր,
Իմ քաղցր, իմ քնքո՜ւշ, իմ սքանչելի սե՜ր,
Ջինջ այգաբացից մինչև օրվա ավարտը
Ես քեզ սիրում եմ դեռ, դու գիտես, սիրում եմ քեզ։
Որքան ժամանակը ուղեկցում է մեզ,
Այնքան ժամանակը մեզ տանջանք է բերում,
Բայց մի՞թե ամենավատ որոգայթը չէ՝
Սիրեկանների համար խաղաղ ապրելը
Հարկավ, դու հիմա մի փոքր ուշ ես լաց լինում,
Իսկ մի փոքր ավելի ուշ եմ բռնկվում։
Մենք ավելի քիչ ենք պահպանում մեր գաղտնիքները,
Ավելի քիչ ենք թողնում բախտի քմահաճույքին,
Զգուշանում ենք հոսանքով լողալ,
Բայց սա միշտ էլ քնքուշ պատերազմ է։
Բայց, իմ սե՜ր,
Իմ քաղցր, իմ քնքո՜ւշ, իմ սքանչելի սե՜ր,
Ջինջ այգաբացից մինչև օրվա ավարտը
Ես քեզ սիրում եմ դեռ, դու գիտես, սիրում եմ քեզ։
© Թարգմանությունը ֆրանսերենից՝ Թոնդրակի