Արփի Ոսկանյան | Տերյանը մշակույթ է՝ սիրո մշակույթ

Եթե Տերյանը չլիներ, հայ ժողովուրդը սիրել չէր իմանա։ Սխալ է ասել, թե հիմա գիտի, բայց ինչքան էլ որ գիտի, Տերյանի շնորհիվ է։ Որովհետեւ սերը հեչ բնական զգացմունք չէ,սերը կիրքը չէ, սերը էրոտիկ ապրումներն ու զմայլանքները չեն, սերը քաղաքակրթական երեւույթ է ու մշակույթ։ Ու այդ մշակույթը հայոց հոգու մեջ մտցնողը Տերյանն է։ Եթե նա չլիներ, մեզ մեր ծնողները կամուսնացնեին իրենց հավանած տղաների կամ իրենց ընկերների տղաների հետ, տղաներն էլ գլուխները կախ կուզեին մեզ, որովհետեւ մենք լավ աղջիկներ կլինեինք, եւ մենք կլինեինք այդպիսին, որովհետեւ մեր սիրտը երբեք ոչ մեկի համար նվաղած չէր լինի։ Մենք, իհարկե, գրականություն կկարդայինք, որտեղ նկարագրվում է սերը, մեծ մասամբ այդպիսի գրքերը օտար հեղինակները գրած կլինեին կամ հայ հեղինակները, որ կարդացել են օտար հեղինակների, բայց մենք չէինք ունենա մեր զգացմունքների մասին խոսելու մեր սեփական լեզուն, ու չէինք ունենա մեր զգացմունքները։
Երկու օր առաջ ընկերներիցս մեկը հարցում էր անում, իր ֆբ ընկերներից խնդրում էր երեք հայի անուն տալ, որ ամենաշատ բանն են արել հայ ժողովրդի համար։ Առաջին տեղում, իհարկե, Մեսրոպ Մաշտոցն էր, հետո՝ քաղաքական, զինվորական գործիչներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, գիտնականներ։ Մաշտոցի անունը ես էլ տվեցի, ու հիմա խիղճս տանջում է, որ Տերյանը մտքովս չանցավ։ Տերյանի արածը ուրիշ ոչ ոք չի արել։ Տերյանի արածը Մաշտոցի արածին հավասարազոր է։ Ոչ պակաս։ Որովհետեւ Տերյանը հայ ժողովրդին ընտանեկան կապերի մեջ խճճված էթնոսից վերածեց սիրելու ունակ եւ իրենց սիրո մասին պատմելու ունակ անհատների բազմության։ Իհարկե, կառարկեք, թե շատերը հիմա էլ ապրում են մինչտերյանական ժամանակաշրջանում, ու Տերյանը նրանց հոգուն չի դիպել։ Դա քրիստոնեության պես է։ Հավատացյալները միշտ էլ քիչ են, բայց դա չի նշանակում, թե ինչ-որ մեկը, ով մեծացել է քրիստոնեական մշակույթի մեջ՝ թեկուզ համոզված աթեիստը, կարող է շրջանցել այդ մշակույթը։ Տերյանը պարզապես պոետ չէ՝ լավ, մեծ կամ հանճարեղ, Տերյանը մշակույթ է՝ սիրո մշակույթը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *