Սիրան Գրիգորյան | Այստեղ ապագա չկա

«Ո՞նց ես: Չես փոխվել: Ճիշտ արեցիր, որ գնացիր, էստեղ ապագա չկա«,- ասաց իմ առաջին սերը, ում վերջին անգամ տեսել էի 15 տարի առաջ: Հենց տեսա նրան, միանգամից հասկացա, որ ամուսնացել է: Կհարցնեք` որտեղի՞ց իմացար: Կանայք անհայտ փոստից են տեղեկանում, որ կնոջ ձեռք է դիպչել այս տղամարդուն, և ավելին` միայն կանանց աչքին է երևում տղամարդու ճակատին դաջված հավատարմության դրոշմը: Սիրում եմ այդ տեսակին` ամուսնացած հավատարիմներին, ասես կյանքը հոգ է տանում, որ մենք մեզ ապահովագրված զգանք ամուսնության կամ արտաամուսնական կապերի առաջարկ ստանալուց այդ հարգարժան ձանձրալիներից:
Եվ ահա, 15 տարով ետ գնացի ու հաճելիորեն զայրացա: Իմ առաջին սերը 15 տարի առաջ ինձ 999 անգամ հարցրել է` ո՞նց ես: Արդեն 1000-րդ անգամ նույն հարցն է տալիս: Իմ իմացած ամեն լավ կամ վատ բան իր ավարտն է ունենում, իսկ այս անիմաստությունը ձգձգվում է: Ալարում եմ մտածել և մեղադրել նրան: Արդարացնել հաստատ կարող եմ` մարդը չի ալարում, հարց է տալիս, ուրիշ էլ ի՞նչ հարցնի, էլ ի՞նչ կա հարցնելու: Ախր, մենք Նապոլեոնին էլ ենք խաբել, ուրիշ բան հարցնի, կրակն ընկնի՞: Ոչ, նա այդ բանը չի անի, քանի տարի էլ անցնի…
Ասում է` չես փոխվել: Այս մեկն արդեն չափազանց է: Բայց ո՞նց չեմ փոխվել: Այդ նա չի փոխվել: Նույն քարն է` հիմա մի քիչ մամռակալած: Առաջ նա վախենում էր ամեն ինչից, անգամ երջանկությունից: Իսկ ես ոչնչից չէի վախենում, մանավանդ իրենից կամ մթությունից: Հիշում եմ, մութ էր, ասաց` տուն գնանք, որ չվախենաս: Առայսօր լռության մեջ իմ ականջին է հասնում նրա արագացած շնչառությունը: Ես նույնիսկ կատաղած շներից չէի վախենում: Կատաղած շներն ու անգամ կատաղած շնացողները հեռվից հեռու տարբերում են իրենցից վախեցողներին և հենց նրանց վրա են հարձակվում: Մենք` երկուսս էլ փոխվել ենք` ամենքս` ըստ շներից և մարդկանցից վախենալու մեր չափերի:
Առաջ ես սիրում էի վազվզել: Դա իմ իմացած միակ ճանապարհն էր` քամիների տիրակալը դառնալու: Նա ինձ ասում էր` մի’ վազիր, և ես կարծում էի, թե վազելը վատ բան է: Այս թեման ինձ համար մութ մնաց: Վաղուց էլ չեմ վազվզում, հիմա քամիներին տիրելու հազարումի ճանապարհ գիտեմ: Եթե նույնիսկ վազելը վատ բան է, նա չէր ասում այդ մասին, պարզապես արգելում էր: Իմ առաջին սերը չէր հասկանում, որ քամուն վանդակում փակել չի կարող…
Իմ վերջին սերը ջարդուփշուր եղած մի Նիվա ունի: Մեր առաջին հանդիպման օրը նա արագ էր վարում, ես դողում էի` ցրտից, երջանկությունից, արագությունից: Իսկույն որոշեցի, որ եթե այսօր փրկվեմ, էլ երբեք չեմ նստի նրա մեքենան: Փրկվեցի: Լավ էր` փրկվեցի այդ կեղտոտ մտքերից, որ սատանան կարող էր փայլեցնել իմ գլխում: Հենց այդ արագությունը զգացնել տվեց, որ երիտասարդ եմ` բողբոջող բալենի` մի օրվա մեջ պատրաստ ծաղկելու: Այդ արագության ներքո էր, որ հարգանքը սեր դարձավ, չէ’, չդարձավ, հարգանքին սերն ավելացավ: Իմ վերջին սերը խորհրդավոր ժպտաց, ես էլ ժպտացի, հետոյի համար պահած ժպիտով ժպտացի` վառելով ինձ, մատնելով իմ մտքերը, ծաղկափոշու պես տարածելով իմ սերը… Թեև ամեն նոր օր մարդը պակաս երիտասարդ է, քան երեկ, բայց դեռ երբեք այդքան երիտասարդ չէի եղել: Կյանքում առաջին անգամ զգացի իմ երիտասարդությունը, նաև զգացի, որ երիտասարդությունն օրհնված է…
Առուն եկավ, իր հունով ճամփա բացեց իր համար, անտառը հավասար շարքով աճեց, մեծացավ, կայծակից չհրդեհվեց, այդ ծառերի ստվերներում մասրենու թփի մեծության հյութալի փիփերթներ բուսնեցին, կաղնիների տակ լցված կաղինը վայրի խոզերին դրախտ թվաց և այսպես ամեն օր, քանի դեռ չի հայտնվել զինված մեկը` բռնաբարելու այդ կուսական իրականությունը…
Հեռախոսս զնգաց: Փակ համար էր: Կատաղի սիրող կանացի ձայն հնչեց. «Հանգիստ թող նրան«: «Բայց ես նրան չեմ անհանգստացնում»,- պատասխանեցի: «Ինձ ես անհանգստացնում»,- գոռաց: «Ո՞վ եք Դուք»,- հարցրեցի: «Լկտի, այլանդակ…»,- ասաց:
Ես էլ գիտեմ կանացի հայհոյանքներ, կարող էի հեղեղել, սակայն չարեցի, չեմ արել նման բան որևէ կնոջ հասցեի, քանի դեռ չեն բախվել իմ անձնական շահերին: Սրան չհամարեցի անձնական շահերիս բախվող արարած, սրան նույնիսկ ես չանջատեցի, զանգողն ինքը անջատեց հեռախոսը և երևի հեկեկաց:
Ես հաստատ կհեկեկայի: Երբ քոնին քեզանից տանում են կամ նա ինքնակամ է գնում, նախևառաջ հեկեկում ես, մինչև հասկանաս, որ քոնը չէր, քոնը չէր գնա, քոնին չէին կարող տանել: Բայց մի դաժան և հուսատու միտք` «եթե քոնն է, կվերադառնա»-ն, երկարաձգում է տառապանքդ, խորացնում կասկածներդ` տեսնես քո՞նն է, արդյոք կվերադառնա՞…
Ինձ համար սահուն մշուշվեց այդ օրը` առանց տառապանքի, առանց նրան կորցնելու մտավախության, հաջորդեց ուրիշ մի օր` ավելի արագընթաց, ավելի կարճ մի օր: Ճանապարհին պատահող հայելապատ շենքերի մեջ իմ արտացոլանքից հիացա, ինձ գեղեցիկ զգացի: Իսկ գեղեցկությունը կանանց ամենաշատն է հարկավոր: Ոչ նիհարել էի, ոչ գիրացել, ոչինչ չէի արել, բայց իմ աչքում շատ էի գեղեցկացել: Ինձ երբեք գեղեցիկ չեմ համարել, որովհետև իմ առաջին սերն էլ ինձ գեղեցիկ չի համարել, թե չէ` կասեր այդ մասին: Չի ասել, հոգուց է խոսել, մտքից, խելքից, բայց հոգու հետ չեն համբուրվում, միտքը ոտքեր կամ աչքեր չունի և ոչ էլ խելքը` պարանոց: Ուզում էի ասել, որ իմ առաջին սերը մեղքեր շատ է գործել` նա ոչինչ չէր անում, որ չսխալվեր, և դա նրա մեծագույն սխալն էր:
Ոչ միայն մենք` ես և իմ առաջին սերը, այլև մեր մեղքերն էին անհամատեղելի: 8 տարեկանից սկսած` երազում էի, որ մեր ընտանիքն էլ գնար այստեղից, ինչպես որ մեր բարեկամներից շատերը գնացին: Հիշում եմ, մի օր ծնողներս վիճում էին գնալ-չգնալու շուրջ: Հայրս ասաց, որ իր ծնողների գերեզմանները չի թողնի ու գնա: Վերջ, թեման փակվեց: Աշխարհում իմ իմացած ամենահնազանդ կինը` մայրս, երբեք իրենը չի պնդել: Այդ գարնանը լուրեր տարածվեցին, թե իմ ծննդավայր Մեղրին փոխանակվել է հայկական մեկ այլ հողակտորի հետ: Այդ մասին խոսում էին դպրոցում, բակում, խանութում… Այդ մասին ոչ միայն թերթերը գրեցին, այլև մենք` համադպրոցական շարադրություն «Մեղրի, քեզ հետ և առանց քեզ» վերնագրով: Պատկերացրեք, թե ինչ է զգացել հայրս այդ ժամանակ, մինչդեռ ես հոգուս խորքում թաքուն հրճվում էի` աչքիս առաջ ունենալով Հայաստանից մեր մոտալուտ մեկնումը: Բայց դա չեղավ և իմ հրճվանքն էլ վերջնականապես անցավ այն օրը, երբ հայրս մի թերթ ձեռքին եկավ և ասաց, որ այդ լուրերը հերքվել են ու մեր դրախտավայրը մեզ է պատկանում…
Հայրս պատմում է, որ մեր հողում ժամանակին 20 կիլոգրամանոց ձմերուկներ են աճել, որ դաշտում կտրած վարունգի հոտը ողջ դաշտով տարածվել է, որ մի փոքր դեղձենին կես տոննա բերք է տվել, որ մի թուզն այնքան մեծ ու քաղցր է եղել, որ մարդը դժվարանում էր երկրորդն ուտել: Այդ ամենը հիմա չկա` ձմերուկ չի աճում մեր հողում, վարունգները տձև, փոքր ու դառնահամ են, դեղձենին և թզենին մատների վրա հաշված մանր-մունր բերք են տալիս: Պատճառը շահագործվող բաց հանքն է` պղինձ և մոլիբդեն են հանում մեր հողից: Լուրեր են պտտվում, թե մեր մարզի բազմաթիվ գյուղեր, որոնցում երիտասարդներ գրեթե չեն բնակվում և փակ դռներն ավելի շատ են, արդեն պլանի տակ են ընկել` հանք են դառնալու: Մեր շուրջն ամեն ամեն ինչ կարող է «Գերակա շահի» զոհը դառնալ` լինի ծառ, թե ծաղիկ, տուն թե գերեզման: Դուք հիմա սպասում եք, որ ինչ-որ ձևով այս պարբերության ավարտին էլ մեղադրեմ իմ առաջին սիրուն: Չէ, սա այն դեպքն է, որ իրոք չեմ կարող, մանավանդ որ այստեղ մի մեծ մեղավոր կա` ես, որ հրճվում էի հայրենի տունը կորցնելու մտքից:
Մեր հայրենի տունն արդեն 22 տարի ազատության մեջ է: Պատմության համար դա թիվ չէ, բայց թիվ է մարդու համար, ով 22 տարեկան է, և կրթական, աշխատանքային և հազար ու մի ծրագրեր է քրքրում, որ գնա, համաձայն է անգամ պատահածի հետ ամուսնանալ-գնալուն, միայն թե գնա, ախր մեզանում ամեն ինչ գորշ է… Երբ երիտասարդ ես, ամեն ինչ կա’մ սև է թվում, կա’մ սպիտակ, մոխրագույն չկա երիտասարդության համար, և լավ է, որ չկա: Առանց այդ էլ, անկախ պայմաններից` երիտասարդությունն այնքան արագ է անցնում, ինչպես որ կյանքն առհասարակ, բացի մանկությունից, երբ աշակերտական նստարանին նստած` մի դասաժամը դար էր թվում: Եվ այսպես, ամենքիս կյանքում մի կենսատու դարաշրջան, որ կարող էր լուսավորել մեր գոյությունը` մաքրության, անմեղության և չիմացության շղարշով: Ու կլուսավորեր, միայն թե կարողանայինք փրկել այդ մշուշապատ հովիտը` թույլ չտալով, որ ժամանակի գետը քշի-տանի մեզ այնտեղ հասցնող անձեռակերտ կամուրջները…
Մեր դասարանի Հենոն ածելի էր ծամում: Դա ոչ ոքի ոչ զարմացնում էր, ոչ ուրախացնում, ոչ վախեցնում, ոչ մի բան, ասես Հենոն ածելի չէր ծամում: Կամ թե` այդպես էլ պետք է լիներ` Հենոն պիտի ածելի ծամեր և ավելին` այդ Հենոն պիտի շնորհակալ լիներ, որ չեն ասում` ծամել ես, կուլ տուր: Այդ ժամանակ ես մի քիչ դառնություն ունեցող վարունգն անգամ կուլ չէի տալիս: Ծամում-ծամում էի` ոչ մի դառնություն, մեկ էլ դառնահամը կուլ տալու պահին զգացվում էր, որձկալով հանում էի բերանիցս և չարացած նայում ծնողներիս… Ես չէի ճաշակում դառնություն` կյանքի, սիրո, ատելության, վարունգի, խմիչքի… Այդ հետո եկավ խմիչքի դառնությամբ մյուս բոլոր դառնությունները խեղդելու ժամանակը:
Իմ վերջին սերն ինձ անհայտ ուղղությամբ էր վարում մեքենան: Ես նրա հետ դժոխք էլ կգնայի և նա դա գիտեր, վատ տեղ չէր տանի: Գինետուն էր տանում: Մեզանում դեռ ճշտված չէ` դա վա՞տ տեղ է, թե՞ոչ: Լավի և վատի կանոններ ունենք, որ դրսի մարդկանցից թաքուն ենք պահում: Օտարին ինչպես էլ բացատրես, չի հասկանա: Նրա համար կարևորը սերն է և սիրելիի հետ ամենուր դրախտ է: Մեզանում կանոններ կան, որոնք սիրո լինել-չլինելուն չեն նայում, նրանք նույն ֆորմայի մեջ են լցնում ամեն ինչ և բոլորին, ու եթե հայտնվեցիր որևէ ֆորմայում, դու այլևս դա ես, վերջ: Քանի որ կյանքը մի անգամ է տրվում, իսկ արժանապատվությունն անսակարկելի արժեք է, թերևս լավ է հետևեք հորս խորհրդին` հեռու մնաք ֆորմաների մեջ մտնելուց:
Գնում էինք գինետուն և կարևորը սերն էր: Երկար ճանապարհ անցանք, մինչև հասանք այնտեղ: Լավ գինետուն էր, նկատի ունեմ` այնտեղ մարդիկ համարյա չկային: Առաջ ես չէի կարողանում խմել: Բայց այդ անգամ կարողացա: Հյութախառն օղի խմեցի և գլուխս թեթևացավ, ծնկներս էլ, միտքս էլ, այնքան թեթև էի, ասես փրփուր լինեի, ես ինձ խաղաղ փրփուր էի զգում, այլ ոչ թե փրփրադեզ մտքերի մի կծիկ, որ երբ բացվում է, խճճվելն անխուսափելի է, որ բացվում է, երբ իր հետ խաղում է կատուն, քամին կամ ով պատահի: Ոչ կատվին, ոչ քամուն, ոչ էլ ոչ մեկին հետաքրքիր չեն մտքերը քո, խաղն է հետաքրքիր և թե ով կլինի հաղթողը:
Գլուխս թեթև էր, ծնկներս թեթև էին, բայց չէի կորցրել ինձ կողքից տեսնելու հատկությունս: Ես իմ վերջին սիրո հետ էի, գինետանը, ես խմել էի և այդքան բան: Աստծուն էլ հիշեցի. «Աստված իմ, ես խմած չեմ, Դու միշտ ինձ հետ ես իմ լայն ու նեղ օրերին, գիտեմ, ամենուր Դու առաջնորդում ես ինձ, ահա իմ վերջին սերը գրկած տանում է ինձ, ես խմած չեմ, չեմ կորցրել ինձ կողքից տեսնելու հատկությունը: Աստված իմ, Դու ինձ ո՞ւր ես տանում… Չլքես ինձ, ոտքերս թուլացել են, դեռ երբեք այսքան պաշտպանված չեմ եղել, Աստված իմ, Դու հիմա ինձ գրկած ես տանում…»:
Այդ օրը մանկան անմեղությամբ քնեցի նրա կողքին, ինքը` հաստատ մանկան պես քնել-արթնանալուց հետո լինելիքի սպասումով: Հաջորդ օրը նրան խոստացա, որ էլ երբեք չեմ խմի: Այդ օրն իրար խոստումներ տվեցինք: Ամենաթանկն ինձ համար գրկախառնություններից մեկն էր, որի ժամանակ ինձ թվաց, թե չենք կերել արգելված պտուղը, չենք վտարվել դրախտից, թե անմահ ենք: Գրկախառնվեցինք` առանց իրար կորցնելու վախի, առանց տագնապի, առանց կրքի:
Հաջորդ առավոտյան երբ դուրս էի գալիս տնից, հարևանս դուռը բացեց և ժպտաց ինձ: Ոչ միայն նա, բոլորն ինձ այնպիսի ժպիտով էին ժպտում, ասես ուզում էին ասել, թե գիտենք ինչեր ես արել… Դա ինձ չէր հուզում, վաղուց մոռացել էի ամեն ինչի մասին, նաև` բոլորին: Իմ մեջ անվերջ զգում էի իմ վերջին սիրո ներկայությունը, սրտումս` նրա սրտի, մտքերումս` նրա մտքերի… Ես վստահ էի, որ դա մի լույս է, որը երբեք չի մարի, անգամ եթե խավարի արևը, աստղերն ու լուսինն անէանան, աշխարհն ու Աստված անցնեն-գնան: Այդ լույսը չի մարի ու հենց դրա շուրջը կհավաքվեն բարի-չար ուժեր և նորից կսկսվի կյանքը` սիրո-ատելության մի նոր գոյապայքար:
Արդեն մութ էր, երբ իմ վերջին սերը որոշեց` գնանք Էջմիածին: Հրաշք էր Մայր տաճարը` մաքուր, նրբագեղ, շքեղ ու համեստ` միլիարդատերերին բնորոշ համեստությամբ: Այդ օրը իմ վերջին սերն ինձ համար Էջմիածնից մի արժեքավոր հուշանվեր գնեց: Նվեր կոչվող իրերի մեջ մոգական բան կա: Եթե դրանք ընդունում ես սիրելի մարդուց, անմիջապես սիրվելու պահաջ է արթնանում մոտդ, պահանջ, որը սիրվելուց հետո դառնում է լուռ աղերսանք` ինձ երբեք տառապանք չպատճառես:
Իմ վերջին սերն այդ օրն ասաց` զարմանում է, թե ինչպես է պատահել, որ մինչև հիմա գայլերն ինձ չեն կերել: Ես հարցրեցի` դա քեզ ավելի շատ զարմացնում է, թե ուրախացնում: Նորմալ պատասխան չտվեց, կանանց հետ խոսելիս նա երբեք չի զգաստանում: Ես կատակեցի, թե դու ես ինձ պատահած առաջին գայլը:
Քամի կար Էջմիածնում` ասել կուզեք` սրբազան քամի, որի պերճանքը զգում ես թե սիրո ժամանակ, թե ատելության: Քամին առաջին անգամ ինձ այդքան հաճելի թվաց, այլ ոչ հիվանդաբեր` մտքեր, նյարդեր և գեղձեր բորբոքող, առաջին անգամ էր, որ քամին շոյում էր ինձ, և այդ շոյանքը կրակի էր վերածվում: Ես այլևս Էջմիածնում չէի, քամին տարել էր ինձ: Վաղուց գիշեր էր, մենք սլանում էինք Էջմիածնի ողորկ ճանապարհով և լուռ զգում էինք, որ միասին սլանում ենք դեպի վեր: Ամեն ինչից երջանկության հոտ էր գալիս, ամեն ինչ դարձել էր կարևոր, իմաստալի և սիրաշաղախ, ամեն ինչ փոխել էր իր նշանակությունը` ի սպառ մարել էին խելացի երևալու, ուրիշներին դուր գալու ցանկությունները, նպատակները չքվել էին, կյանքի իմաստը գտնված էր…
«Սովից մեռա»,- հայտարարեց իմ վերջին սերը: Իսկական տղամարդիկ այսպես են, նրանք ամենառոմանտիկ պահին կխոսեն մի բան, որը կնոջը մի հարվածով ամպերից ցած կգցի, բայցև կստիպի ավելի շատ սիրել իրեն` իսկական տղամարդուն, ով սիրում է, սիրված է, սակայն նրա համար սերն աշխարհում միակ ամենակարևոր բանը չէ, նրա համար սիրով շաղախված կարևոր բաներ շատ կան և գնալով շատանում են:
Օրեր առաջ իմ վերջին սերը զանգահարել էր եղբորս և ասել, որ ուզում է հանդիպել: Եղբայրս ինձ հարցրեց, թե ինչի մասին է խոսելու: Ես չգիտեի: Զանգահարեցի` ճշտեմ, չվերցրեց հեռախոսը: Այդ պահին վստահ էի, որ տեսնելով իմ զանգը` անմիջապես զանգահարելու է: Եղբորս ասել էր, թե ես անհնազանդ եմ, թե ճամպրուկավորվել եմ, չեմ ուզում այստեղ ապրել, ցույց էր տվել մեր նամակագրությունը, եղբայրս SMS-ներից մեկը բառացի շեշտեց. «Այստեղ ապագա չկա»: Հիմա անորոշությունն ինձ սառը, անսեր շոյում է: Հենց այսպես էր ինձ սիրում իմ վերջին սերը: Առաջինն էլ այդպես կլիներ, չգիտեմ: Երկուսին էլ խելագարի պես սիրել եմ, և դա երբեք անցյալ չի դառնա: Սա էր ամբողջը` նրանք` երկուսով, հազիվ մի պատմվածք ձգեցին: Ես մենակ նստած եմ իմ սիրելի գրադարան-սրճարանում: Օտարալեզու մի երկտող կա պատին, որ ինձ ստիպում է ժպտալ` «Դու անմեղ ես, երբ երազում ես»: Ոչինչ չեմ զգում: Դեռ չգիտեմ, հետո արտասվելո՞ւ եմ, որ անցել է այս ամենը, թե՞ ժպտալու եմ, որ եղել է: Ճամպրուկներիս համբերությունը հատել է. ինչ ունեմ-չունեմ` հավաքել եմ, ճամպրուկներս բերնեբերան լիքն են, գնում եմ, այստեղ ապագա չկա: Չգիտեմ` լքո՞ւմ եմ այս անորոշությունը, թե՞ գնում եմ դեպի անորոշություն: Իմ կյանքում երկու անխուսափելի բան կա` անորոշությունն ու սերը: Կասեք` իսկ մա՞հը: Մահ ինձ համար գոյություն չունի, քանի դեռ կա սերը: «Որոշե՞լ եք` ինչ եք ուզում»- հարցնում է մատուցողուհին: Ժպտալով պատասխանում եմ. «Ուզում եմ, որ դեպի ինձ եկող խոզերը գործն արագ ավարտեն և անցնի-գնա սեփական մարգարիտները խոզերի առաջ նետելու ժամանակը»:

Share Button

11 Կարծիք

  • Անուշ says:

    Էնքան իրական էր, էնքան գեղեցիկ, էնքան պարզ, էնքան ճշմարիտ, որ մի պահ ինձ թվաց, թե այդ ամենը ինձ հետ է կատարվել: Կեցցեք, Սիրան Գրիգորյան, Դուք հաստատ անելիք և ասելիք ունեք այս ասպարեզում: Անուշ

  • Ануш says:

    Сиран джан.. Даже еслиб я не увидела твою фотографию, прочитав рассказ я бы сразу поняла, что это ты.. Моя хорошая,, все в твоём стиле, когда читала даже представлялся твой голос.. Это просто супер.. Молодец.. Люблю тебя очень очень.. Особенно конец рассказа…..

  • Spartak says:

    Հաճույքով կարդացի, ապրեք, շարունակեք գրել:Շատ մորուքավոր արձակագիրներից ու մեծամիտ բանաստեղծներից շնորհքով եք:Կանաչ ճանապարհ քեզ:

  • ՎԱՐԴՈՒՀԻ says:

    Գրականությունն այն է, ինչն ամեն մեկը չի կարող ստեղծել: Գրականությունն ընդամենը գրավոր խոսք չէ: Սիրան, դու գրականություն ես ստեղծում` ուսուցանող, թևեր տվող, բարություն բերող, կյանքը լուսավորող…

  • Արմինե Գաբրիելյան says:

    Վաղուց նման գեղեցիկ ու իրական պատմվածք չէի կարդացել: Թարմ էր, անկեղծ, տպավորիչ:

  • Անուշ says:

    Իրական և գեղեցիկ, հարազատ և նուրբ… Շնորհակալություն, շատ լավն էր…

  • Արտակ Սահակյան says:

    Հրաշալի գրող եք, Սիրան գրիգորյան…

  • Naira Mikayelyan says:

    Հանճարեղ է…

  • Անի says:

    Հայ աղջկա կերպար՝չգնահատված,բայց մեծարող։”իմ առաջին սերը” ու” իմ վերջին սերը ” արտահայտությունները հերիք էին,որ պատմվածքը սկիզբ ու ավարտ ունենար։Հուզված եմ)

  • Գիդեմնաս says:

    Շատ գեղեցիկ ու շատ ճշմարիտ: Ապրես Սիրան ջան:

  • Անի says:

    Տխուր ու գեղեցիկ էր, ազդվեցի:
    Անի Դ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *