Պատմվածք

Թոնդրակ | Տասներեքերորդ օրը

Բազեի գալուց հետո ամեն ինչ փոխվեց։ Նա լսում էր այն, ինչ մենք չէինք լսում։ Մինչ մենք դեռ ոչինչ չէինք զգում, նա արդեն լարվում էր ու սկսում հաչել։ Հետո մենք սովորեցինք տարբերել նրա հաչոցները։ Երբեմն մեկ-երկու անգամ էր հաչում ու լռում։ Այդ ժամանակ դեռ սպասում էինք։ Երբ երկար ու անընդհատ էր հաչում, արդեն զենքերն էինք վերցնում։ Բայց ե…

• 5 րոպե

Թոնդրակ | Տասներեքերորդ օրը

Պատերազմից ու ծառայությունից շատ բան չի մնում։ Ժամանակի հետ խամրում են դեմքերը, անունները, հերթափոխերը, նույնիսկ այն լեռների հերթականությունը, որտեղ ամիսներով ապրել ես։ Չեմ հիշում շատերի ազգանունները, բայց լինում է՝ ինչ-որ բան չի հեռանում։ Դա պահում է ոչ այնքան հիշողությունը, որքան մարմինը։
Մինչև հիմա միս չեմ ուտում։ Չեմ էլ փորձում։ Բավական է խորովածի հոտն առնեմ, նույն երեկոն եմ հիշում։ Երևի հենց դա է մարմնի հիշողությունը։ Չգիտեմ։

Այն ժամանակ սահմանին էինք՝ Կոթիի լեռներում։ Ամեն երեկո մի շուն էր բարձրանում մեր դիրք։
Մենք նրան չէինք կանչում։ Ինքն էր գալիս։ Սկզբում կանգնում էր քիչ հեռու, նայում մեզ, հետո նոր մոտենում։ Առաջին օրերին հաց էինք տալիս։ Հետո դադարեցինք։ Միևնույն է՝ գալիս էր։ Ինչ-որ մեկը նրան Բազե կոչեց, ու անունը մնաց։

Մինչև նրա հայտնվելը գիշերները ծանր էին անցնում։ Թշնամու հատուկ ջոկատայինները մի քանի անգամ կարողացել էին անցնել մեր թիկունքը։ Երկու տղայի արդեն տարել էին։ Հետախույզներից մեկը հատկապես վտանգավոր էր։ Մականունը՝ Ռիժիկ։ Սիրում էր միայնակ գործել։ Ասում էին՝ կարող էր մի քանի ժամ, նույնիսկ մի ամբողջ գիշեր պառկած մնալ թփերի մեջ՝ առանց շարժվելու։ Երբեմն նրա ներկայությունը միայն առավոտյան էինք հասկանում։

Բազեի գալուց հետո ամեն ինչ փոխվեց։
Նա լսում էր այն, ինչ մենք չէինք լսում։ Մինչ մենք դեռ ոչինչ չէինք զգում, նա արդեն լարվում էր ու սկսում հաչել։ Հետո մենք սովորեցինք տարբերել նրա հաչոցները։ Երբեմն մեկ-երկու անգամ էր հաչում ու լռում։ Այդ ժամանակ դեռ սպասում էինք։ Երբ երկար ու անընդհատ էր հաչում, արդեն զենքերն էինք վերցնում։ Բայց երբ հաչում էր մի տեսակ «պաշտոնական» հաչոցով ու կանգնում դեպի ներքև տանող արահետը, արդեն գիտեինք՝ ում էինք սպասում։ Սպաների գիշերային ստուգայցերն էլ այլևս անսպասելի չէին։
Մենք վերջապես սկսել էինք հանգիստ քնել։

Առաջինը, ինչպես միշտ, Արտաշիկը խոսեց։
Նիհար, կիսահիվանդոտ տղա էր։ Միշտ մի քիչ ավելի բարձր էր խոսում, մի քիչ ավելի կոպիտ, քան պետք էր։
Բազեն քնած էր բլինդաժի մուտքի մոտ։ Զվերը նայեց նրան ու ասաց.
— Էս շունը մեր ժամապահից լավն ա։
— Ճիշտ ա,— ասաց մեկը։— Մինչև ինքը չհաչի, ոչ մեկս չենք ջոկում՝ ինչ կա։
Մի պահ բոլորս նայեցինք շանը։
Ու հենց այդ պահին Արտաշիկն ասաց.
— Էս շնից ընտիր խորոված կստացվի։
Բազեն գլուխը բարձրացրեց ու մի պահ նայեց Արտաշիկին։ Հետո գլուխը նորից դրեց թաթերին։
Մի քանիսը ծիծաղեցին։ Մյուսները լռեցին։ Քիչ անց արդեն ուրիշ բանի մասին էինք խոսում։ Թվում էր՝ ամեն ինչ դրանով ավարտվեց։
Չավարտվեց։

Մի քանի օր անց սնունդը դադարեց բարձրանալ դիրքեր։ Սկզբում մտածեցինք՝ մեկ-երկու օր է։ Հետո օրերը շատացան։
Տասնմեկ, տասներկու, տասներեք․․․։
Վերջին հացը վաղուց կերել էինք։
Բլինդաժի անկյունում դեռ դրված էին պահածոների դատարկ տուփերը։ Դրանք Գելն էր խնամքով հավաքել։ Ժամանակ առ ժամանակ վերցնում էր դրանցից մեկը, երկար հոտ քաշում ու նորից տեղը դնում՝ կարծես այդ հոտից կարող էր կշտանալ։

Այդ երեկո, ինչպես միշտ, Բազեն եկավ։ Նույն արահետով բարձրացավ, ուղիղ մոտեցավ Զվերին։ Վերջինս սովորության համաձայն ձեռքը տարավ գրպանը, բայց դատարկ հանեց։ Բազեն մի պահ սպասեց։ Հետո նստեց նրա կողքին։
Այդ ժամանակ Արտաշիկն ասաց.
— Էս շունը մենակ խորոված չի։ Երկու օր կկերակրի բոլորիս։
Ոչ ոք չծիծաղեց։
Բլինդաժում այնպիսի լռություն իջավ, որ Բազեի շնչառությունն էր լսվում։
Չգիտեմ՝ ով առաջինը համաձայնեց։ Հիշում եմ միայն, որ մեզնից ոչ մեկը չասաց՝ «չէ»։

Փամփուշտները հաշված էին։
Շան վրա ոչ ոք իրենը չէր ծախսի։
Արտաշիկի խոսքերն էլ հենց դրա համար քամու բաժին էին դառնում։

Մի քանի ամիս առաջ Ստեփանավանի զորամասը տեղափոխել էին մեր կողմերը։ Այդ խառնաշփոթի մեջ ինչ ասես չէր եկել՝ սապոգ, հակագազ, օզեկա… Պահեստներն արդեն լցված էին, մնացածը՝ որտեղ պատահեր, էնտեղ էր։ Ոչ մեկի հոգսը դրանք չէին։ Գյուղերի հովիվները շուտ գլխի ընկան, որ դրանք մեզնից շատ իրենց են պետք։ Փոխանակում էինք։ Չորս զույգ սապոգ՝ մի գառ։ Երկու զույգ օզեկա՝ էլի գառ։ Մի քանի օր դիրքերում խորովածի հոտն էր։ Հետո տալու բան այլևս չմնաց։ Վերջին օզեկաներն էլ Կոթիի խառոշիները տարան։ Փոխարենը մի ամբողջ արկղ ինքնաձիգի փամփուշտ թողեցին։

Էդ օրվանից հետո Արտաշիկի խոսքերը դատարկ չէին հնչում։
Զենքը տվեցին Զվերին։ Նա մեր մարտկոցի ամենաանփույթ զինվորն էր։ Անգամ քայլելիս էր սայթաքում։ Բայց ինքնաձիգը վերցրեց։
Դուրս եկան բլինդաժից։ Արդեն մթնում էր։ Բազեն վազելով հասավ Զվերին, հոտոտեց նրա ձեռքը, հետո նստեց։
Զվերը մի պահ կանգնած մնաց։ Հետո բարձրացրեց ինքնաձիգը։
Կրակոցը լեռների մեջ խուլ արձագանքեց։
Ինչպես միշտ, վրիպել էր։ Գնդակը միայն պատռել էր շան ականջը։ Արյունը միանգամից հոսեց վզով։

Բազեն ցավից ոռնաց, մի պահ պտտվեց տեղում, հետո սլացավ դեպի բլինդաժը։
Ոչ թե սարն ի վար։
Դեպի մեզ։
Ներս մտավ այնպես, ինչպես ամեն երեկո էր մտնում։
Արտաշիկը ներսում էր։ Բազեին տեսնելուն պես գույնը գցեց, վեր թռավ վերևի նառին ու կծկվեց անկյունում։
— Վախ, մամա ջան, սաղ արյուն է…
Ոչ ոք նրան չէր լսում։
Բազեն մոտեցավ ինձ։ Ծնկի իջա ու գրկեցի նրան։ Ամբողջ մարմնով դողում էր։ Արյունը հոսում էր վզով։

Ղասաբն անկյունից վերցրեց կացինը, մոտեցավ մեզ, բռնեց Բազեի վզակոթից ու քաշեց դեպի մուտքը։
— Մեղք ա,— ասաց,— թող հարցերը լուծեմ, պրծնի…
— Թո՛ղ,— ասացի ես,— բան չի եղել։ Մենակ ականջն ա։
Բայց իմ խոսքն արդեն նշանակություն չուներ։

Այդ գիշեր դրսում կրակ վառեցին։
Ես դուրս չեկա։
Մի քանի անգամ ծուխը ներս եկավ․․․
Հետո՝ մսի հոտը։
Ես շունչս պահեցի։
Մի քանի վայրկյան հետո նորից շնչեցի։
Հոտը դեռ այնտեղ էր։

Առավոտյան բլինդաժի շեմքին արյան փոքրիկ հետք կար։

Նույն երեկո, երբ դրսում Բազեի խորովածն էին ուտում, վերջապես սնունդը հասավ դիրքեր։
Հացն էլ կար, պահածոն էլ։ Ոչ ոք դրանց ձեռք չտվեց։ Անգամ Գելը, որ ուտելու համար ուշքն իրենը չէր։
Ի՞նչ էր մտածում Արտաշիկն այդ գիշեր, երբ շան խորովածն էր ուտում․․․
Ի՞նչ էին մտածում տղերքը․․․
Չգիտեմ։

Մի քանի օր շարունակ ակամա նայում էինք այն արահետին, որով Բազեն էր ամեն օր բարձրանում։
Ոչ ոք չէր ասում՝ ինչու։
Ուղղակի նայում էինք։

Հետո Արտաշիկենց հերթափոխն էր։
Առավոտյան, սակայն, Արտաշիկին չտեսանք։ Սկզբում մտածեցինք՝ մյուս դիրքում է։ Հետո սկսեցինք փնտրել։ Խրամատներում չկար։ Թփերի մեջ ևս։
Նրա ինքնաձիգը տեղում էր։ Բայց Արտաշիկը չկար։
Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է եղել, մինչև բլինդաժում՝ թեյի ալյումինե բաժակի տակ, պատահաբար չգտանք չորացած արյունով գրված մի բառ.
ՌԻԺԻԿ
Գիշերը նա կարողացել էր անցնել մեր թիկունքը։ Ոչ մի հաչոց չէր եղել։ Ոչ ոք չէր զգուշացրել։ Նա անձայն տարել էր Արտաշիկին։

Այդ օրը ոչ ոք երկար չխոսեց։

Երեկոյան դուրս եկա բլինդաժից։
Մի պահ կանգնեցի մուտքի մոտ, հետո նայեցի նույն արահետին։
Դատարկ էր։

Թողնել մեկնաբանություն