Զավեն Բեկյան | Վահան Տերյանի մի բանաստեղծության մասին

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

«Փշե պսակ» գրքից

Свой подвиг ты свершила прежде тела,
Безумная душа!
Ե. Բարատինսկի

Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՛գ, օ՜, արշալույս արյունո՜տ),
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ…

Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում
(Սիրտը նրան շշնջում էր՝ «Անիծի՜ր»),
Լուսածագի ծիրանավառ մշուշում
Կայծկլտացին ճաճանչները ցան ու ցիր…

Մռայլ սպան լուռ շրջում էր աջ ու ձախ
(Արդյոք հիշե՞ց նա իր մորը սգավո՜ր),
Գունատվում էր մութ գիշերը, և ուրախ
Արեգակն էր ոսկեզօծում սար ու ձոր…

Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՜գ, օ՜, արշալույս արյունո՜տ),
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ…

Սա Վահան Տերյանի՝ «Փշե պսակ» գրքից մի բանաստեղծություն է։ Ինչպես գիտենք, փշե պսակը Քրիստոսի խաչելության ժամանակ հռոմեացիների կողմից կիրառված հեգնանք-պատիժներից մեկն էր։ Սա խորհրդավոր, կարելի է ասել՝ այլաբանություն-բանաստեղծություն է։ «Քաղաքացիական կյանքի» հետ ասես կապ չունի. հասկանալի չէ՝ ո՞վ է այդ կախաղան բարձրացող զինվորը՝ սպիտակգվարդիակա՞ն է, կարմիրգվարդիակա՞ն… Ծեր քահանայի սիրտն ինչո՞ւ է շշնջում՝ «Անիծի՜ր»։ Ի՞նչ ունի նա այդ նահատակ զինվորի հանդեպ, ի՞նչ պատճառով…

Այս բանաստեղծության հղացման ակունքում, գիտակցաբար թե ենթագիտակցաբար, Քրիստոսի խաչելության փաստն է ընկած։ Քահանայի դրվագը հիշեցնում է Պիղատոսի երկվությունը։ Զինվորներն ու սպան կարծես այն հռոմեացիները լինեն…

Տերյանը ստեղծագործում էր «սիմվոլիզմին մոտ կանգնած» դիրքերից։ Սիմվոլիստների համար սիրելի էր՝ մեծամասամբ քողարկված, ակնարկային ձևով քրիստոնեական սյուժեների և կերպարների օգտագործումը։ Ալեքսանդր Բլոկը հեղափոխության թեմայով իր «Տասներկուսը» պոեմն ավարտեց անակնկալ վերջաբանով. երթի առջևից գնում է Հիսուս Քրիստոսը… Ինչ խոսք՝ անակնկալ և բոլշևիկների համար՝ նյարդայնացնող…

Իզուր չէր, որ երբ մտավորականները Լենինին հայտնեցին Բլոկի ծանր հիվանդության մասին ու խնդրեցին միջոցներ տրամադրել բանաստեղծին՝ արտասահման բուժման ուղարկելու համար, Լենինն ասաց. «Թողեք՝ մեռնի. որ լավացավ, մեր դեմ է գրելու…»։ Բայց մի երդվյալ լենինյան ու Լենինի կերպարի վրա շատ թանաք ծախսած գրող՝ Մարիետա Շահինյանը, մահացած Բլոկի դագաղի մոտ նստած՝ մինչև լույս սաղմոսներ կարդաց…

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *