Վիկտոր Պելևին | Քնի՛ր

Երրորդ կիսամյակի ամենասկզբին՝ էմ-էլ փիլիսոփայության դասախոսություններից մեկի ժամանակ, Նիկիտա Սոնեչկինը մի զարմանալի բացահայտում արեց։

Բանն այն է՝  ինչ-որ պահից սկսած՝ անհասկանալի բան էր կատարվում նրա հետ․ հենց որ կարճահասակ, երկարականջ դոցենտը՝ նման սրբապիղծ մտքերով համակված քահանայիկի, մտնում էր լսարան, Նիկիտայի քունը սկսում էր մահացու տանել։ Իսկ երբ դոցենտը սկսում էր խոսել և մատով ջահը ցույց տալ, Նիկիտան այլևս չէր կարողանում դիմադրել, քնում էր։ Նրան թվում էր, թե դասախոսը ոչ թե փիլիսոփայության մասին էր խոսում, այլ մանկությունից ինչ-որ բանի․ ինչ-որ ձեղնահարկերի, ավազամանների և վառվող աղբահորերի մասին․ հետո Նիկիտայի մատների արանքում գտնվող գրիչը շեղակի բարձրանում էր էջի ամենավերևը՝ անընթեռնելի ինչ-որ արտահայտություն թողնելով իր հետևից։ Վերջիվերջո նա ննջում էր և անհետանում խավարի մեջ, որից մի քանի վայրկյան հետո դուրս էր պրծնում, որպեսզի շատ չանցած ամեն ինչ նույն հերթականությամբ կրկնվեր։ Նրա կոնսպեկտները տարօրինակ տեսք ունեին և պիտանի չէին պարապմունքների համար․ այնտեղ, որտեղ խոսքը մե՛րթ երկիր չվերադարձած տիեզերագնացների, մե՛րթ մոնղոլ խանի աշխատանքային այցի մասին էր, տեքստի հակիրճ պարբերությունները հատվում էին երկար, ծուռումուռ նախադասությունների հետ, իսկ ձեռագիրը մանրանում էր և դողդողացող դառնում։

Սկզբում Նիկիտան շատ էր սրտնեղում, որ չէր կարողանում մինչև վերջ լսել դասախոսությունը, իսկ հետո մտածմունքների մեջ ընկավ․ մի՞թե այդ ամենը միայն նրա հետ էր կատարվում։ Սկսեց ուշադիր զննել մյուս ուսանողներին, և հենց այդ ժամանակ էր, որ բացահայտում արեց։

Պարզվեց, որ գրեթե բոլորը քնած էին, ուղղակի մյուսներն ավելի հմուտ կերպով էին անում նույնը, քան նա. ճակատը ձեռքի բացված ափին այնպես հենելով, որ դեմքները չերևար: Ընդ որում՝ աջ ձեռքի դաստակը թաքցված էր ձախինի հետևում, և անհնար էր գլխի ընկնել՝ արդյոք նստածը գրո՞ւմ էր, թե ոչ։ Նիկիտան փորձեց կրկնել այդ դիրքը և հասկացավ, որ նրա քնի որակը միանգամից փոխվեց։ Եթե նախկինում լիովին անջատված վիճակից թափով շարժումներով անցում էր կատարում սարսափահար արթնության, ապա այժմ այդ երկու կարգավիճակները զուգակցվում էին․ նա քնով էր անցնում, բայց խավարի մեջ չէր չքանում, և այն, ինչ կատարվում էր նրա հետ, առավոտյան նինջ էր հիշեցնում, երբ ցանկացած միտք առանց դժվարության վերածվում էր շարժման մեջ գտնվող գունավոր պատկերի, որին հետևելով՝ զուգահեռաբար կարելի էր սպասել մեկ ժամ հետո զանգ տվող զարթուցիչին։

Պարզվեց, որ այդ նոր կարգավիճակում շատ ավելի հարմար էր գրի առնել դասախոսությունները․ ընդամենը պետք էր թույլ տալ, որպեսզի ձեռքն ինքնուրույն շարժվեր՝ անելով այնպես, որպեսզի դասախոսի փնթփնթոցն ականջից ուղիղ դեպի մատները գլորվեր՝ ամեն կերպ խոչընդոտելով դրա՝ ուղեղի մեջ հայտնվելուն, հակառակ դեպքում Նիկիտան կա՛մ արթնանում էր, կա՛մ հակառակը՝ ավելի խորն էր քնում, մինչև որ տեղի ունեցողի մասին պատկերացումը լիովին կորչում էր։ Այդ երկու կարգավիճակների միջև հավասարակշռություն պահպանելով՝ Նիկիտան աստիճանաբար այնպես հարմարվեց քնին, որ սովորեց միաժամանակ մի քանի բաների վրա ուշադրություն դարձնել իր գիտակցության այն չնչին մասով, որը պատասխանատու էր արտաքին աշխարհի հետ կապերի համար։ Օրինակ՝ կարող էր երազ տեսնել, որում գործողությունները կատարվում էին կանացի բաղնիքում (բավականին հաճախակի և տարօրինակ տեսիլք, որն ապշեցնում էր մի շարք անհեթեթություններով․ գերանակապ պատերին ձեռագիր բանաստեղծություններով պլակատներ էին կախված, որոնք կոչ էին անում խնայել հացը, իսկ պնդակազմ, շիկահեր կնիկները փետուրներից կարված, բալետային, կարճ կիսաշրջազգեստներ էին հագած, և ձեռքներին ժանգոտ դույլիկներ կային), և դրա հետ համատեղ կարող էր ոչ միայն հետևել դասախոսի փողկապի վրայի ձվի դեղնուցից մնացած կեղտաբծին, այլև լսել տիեզերքում հայտնված երեք վրացիների մասին անեկդոտը, որը մշտապես պատմում էր նրա հարևանը։

Փիլիսոփայության դասախոսությունից հետո արթնանալով՝ առաջին օրերին Նիկիտան անչափ ուրախանում էր իր նոր կարողությունների համար, բայց ինքնագոհությունն անհետացավ, երբ հասկացավ, որ քնած ժամանակ կարող էր միայն գրել և լսել, մինչդեռ նա, ով անեկդոտ էր պատմում նրան, նույնպես քնած էր։ Այդ ամենը պարզ երևում էր յուրահատուկ տենչափայլով շողշողացող աչքերից, մարմնի ընդհանուր դիրքից և մի շարք աննշան, բայց կասկած չհարուցող մանրամասնություններից։ Եվ ահա դասախոսություններից մեկի ժամանակ քնելով՝ Նիկիտան փորձեց անեկդոտ պատմել․ հատուկ ամենահասարակը և ամենակարճն էր ընտրել՝ Փարիզում ջութակահարների միջազգային մրցույթի մասին։ Գրեթե հաջողվել էր, միայն թե ամենավերջում շեղվեց և Դնեպրոպետրովսկի[1] մազութի մասին սկսեց խոսել Ձերժինսկու մաուզերի[2] փոխարեն։ Բայց խոսակիցը ոչինչ չնկատեց և բամբ ձայնով հռհռաց, երբ Նիկիտայի կողմից ասված վերջին բառից հետո անցավ լռության երեք վայրկյան և պարզ դարձավ, որ անեկդոտը վերջացել էր։

Ամենից շատ Նիկիտային զարմացնում էին այն խորությունն ու հուլությունը, որը խոսելիս ձեռք էր բերում նրա ձայնը քնած ժամանակ։ Բայց դրա վրա չափից ավելի շատ ուշադրություն դարձնելը վտանգավոր էր, սկսում էր արթնանալ։

Քնած ժամանակ խոսելը դժվար էր, բայց հնարավոր, իսկ թե ինչ սահմանների կարող էր հասնել մարդկային վարպետությունն այդ հարցում, ցույց էր տալիս դասախոսի օրինակը։ Նիկիտան երբեք գլխի չէր ընկնի, որ նա նույնպես քնած էր, եթե չնկատեր, որ բարձր ամբիոնին կիպ հենվելու սովորություն ունեցող դասախոսը ժամանակ առ ժամանակ մյուս կողքի վրա էր շրջվում՝ լսարանին մեջքով, իսկ գրատախտակին դեմքով կանգնելով (որպեսզի արդարացներ իր մարմնի անհարգալից դիրքը, ծուլորեն թափահարում էր ձեռքը համարակալված սպիտակ մեկնակետերի ուղղությամբ)։ Երբեմն դասախոսը մեջքի վրա էր շրջվում՝ ծոծրակով հենվելով ամբիոնի եղևնյա եզրակին, այդ ժամանակ նրա խոսքը դանդաղում էր, իսկ ասույթները բերկրալի սարսափի չափ ազատամիտ էին դառնում․ բայց դասընթացի հիմնական մասն աջ կողքի վրա էր անցկացնում։

Շատ չանցած Նիկիտան հասկացավ, որ ոչ միայն դասախոսությունների ժամանակ էր հարմար քնել, այլև սեմինարների, և աստիճանաբար նրա մոտ սկսեցին որոշ ոչ այնքան դժվար գործողություններ ստացվել․ այդպես առանց արթնանալու նա կարող էր ոտքի կանգնել՝ ողջունելով դասախոսին, կարող էր գրատախտակին մոտենալ և ջնջել դրա վրա գրվածն ու նույնիսկ հարևան լսարաններում կավիճ փնտրելու գնալ։ Երբ կանչում էին նրան, սկզբում արթնանում էր, վախենում և սկսում էր բառերի և հասկացությունների մեջ հածել՝ միաժամանակ հիանալով դասախոսի՝ դեմքը ծռմռելու, հազալու և ձեռքով սեղանին թխկթխկացնելու անզուգական ունակությամբ՝ ոչ միայն աչքերը բաց պահելով, այլև արտահայտության նման մի բան հաղորդելով դրանց։

Առաջին անգամ Նիկիտային հաջողվեց քնած ժամանակ դաս պատասխանել՝ աննսպասելի կերպով և առանց որևէ նախապատրաստության․ գիտակցության պոչով ուղղակի նկատեց, որ վերապատմում էր «հիմնական ուղղությունները» և միևնույն ժամանակ գտնվում էր բարձր զանգակատան վերին հարթակում, որտեղ նվագում էր փողավոր փոքրիկ նվագախումբը, որը, ինչպես պարզվեց, սիրով ղեկավարում էր մի դեղնամազ, կապկային շարժուձևերով, փոքրիկ պառավ։ Նիկիտան հինգ ստացավ և այդ ժամանակից սկսած նույնիսկ սկզբնաղբյուրների կոնսպեկտներն էր առանց արթնանալու անում և ընթերցասրահից դուրս գալու համար էր միայն զարթնում։ Եվ քիչ-քիչ նրա հմտություններն ավելանում էին, ու երկրորդ կուրսի վերջին արդեն առավոտյան մետրո մտնելիս էր քնում, և երեկոյան նույն կայարանում դուրս գալիս էր արթնանում։

Բայց կար մի բան, որ վախեցնում էր նրան։ Նկատեց, որ ավելի ու ավելի հաճախ էր սկսել հանկարծակի քնել՝ առանց ինքն իրեն հաշիվ տալու։ Արթնանալուց անմիջապես հետո, օրինակ, հասկանում էր, որ ընկեր Լունաչարսկու[3]՝ դափերով եռաձի կառքով իրենց համալսարան ժամանելն առաջին ռուսական բալալայկայի երեք հարյուր ամյակին նվիրված գաղափարախոսական ծրագրի մաս չէր (այն ժամանակ ողջ երկիրն էր այդ օրվան պատրաստվում), այլ սովորական երազ։ Խճճված շատ բաներ կային, և որպեսզի ցանկացած պահի կարողանար պարզել արդյոք քնած էր, թե ոչ, Նիկիտան գրպանի մեջ սկսեց քորոց պահել՝ ծայրին կանաչ սիսեռահատով, և երբ կասկածներ էր ունենում, ծակում էր իր ազդրը, և ամեն բան պարզ էր դառնում։ Իհարկե, նոր վախ հայտնվեց, որ կարող էր ուղղակի երազ տեսնել, թե ինքն իրեն ծակում էր քորոցով, բայց Նիկիտան հեռու վանեց այդ անտանելի միտքը։

Նիկիտայի հարաբերությունները համալսարանական ընկերների հետ նկատելիորեն փոխվեցին․ կոմերիտ-կազմակերպիչ Սերյոժա Ֆիրսովը, որը կարող էր քնած ժամանակ իրար հետևից տասնմեկ բաժակ գարեջուր խմել, խոստովանեց, որ մինչև այդ բոլորը Նիկիտային խելագար կամ, համենայն դեպս, տարօրինակություններով մարդ էին համարում, բայց վերջիվերջո պարզվեց, որ նա միանգամայն յուրային էր։ Սերյոժան ինչ-որ բան էլ էր ուզում ավելացնել, բայց նրա լեզուն կապ ընկավ ու հանկարծակի ինչ-որ բան սկսեց խոսել Սալավաթ Յուլաևի[4] և Սպարտակի համեմատական շանսերի մասին այդ տարում, ինչից Նիկիտան, որը այդ պահին Կուրսկի ճակատամարտն էր տեսնում երազում, հասկացավ, որ ընկերն ինչ-որ հռոմեա-պուգաչովյան և ծայրահեղ խճճված բան էր տեսնում։

Հետզհետե Նիկիտան դադարեց զարմանալուց, որ մետրոյի քնած ուղևորները վիճաբանելու, միմյանց ոտքերին կանգնելու և ծովակաղամբի պահածոներով ու զուգարանի թղթի փաթեթներով լցված ծանր տոպրակները կախված վիճակում պահելու հնար էին գտել․ ինքն էլ էր այդ ամենը սովորել։ Ուրիշ զարմանալի բան կար։ Ուղևորներից շատերը, դատարկ տեղում նստելով, անմիջապես գլուխները կախ էին գցում կրծքին ու քնում, բայց ոչ այնպես, ինչպես մեկ րոպե առաջ էին քնած, այլ ավելի խորը` շրջապատող ամեն ինչից մեկուսանալով։ Սակայն քնի միջից լսելով իրենց կայարանի անունը՝ երբեք վերջնականապես չէին արթնանում, այլ հրաշալի դիպուկությամբ հայտնվում էին այն վիճակում, որից դրանից առաջ դուրս գալով՝ ժամանակավոր չգոյության մեջ էին սուզվել։ Առաջին անգամ Նիկիտան նկատեց դա, երբ նրա դիմաց նստած ամբողջ վագոնով մեկ խռռացնող կապույտ խալաթով տղամարդը հանկարծ թափահարեց գլուխը, ծնկներին դրված բացված գրքի մեջ ուղետոմսով նշան դրեց, փակեց աչքերն ու քարացած, անօրգանական ընդարմացման մեջ խորասուզվեց, բայց որոշ ժամանակ անց վագոնն ուժեղ ցնցվեց, և տղամարդը, նորից թափահարելով գլուխը, սկսեց շարժվել․ բացեց գիրքը, ուղետոմսը գրպանը դրեց և նորից խռռացրեց։ Ճիշտ նույնը, ինչպես գլխի ընկավ Նիկիտան, կատարվում էր նաև մյուսների հետ, թեև նրանք չէին խռռացնում։

Տանը սկսեց ուշադիր հետևել ծնողներին և շատ չանցած նկատեց, որ ոչ մի կերպ չէր կարողանում նրանց արթուն վիճակում տեսնել․ նրանք անդադար քնում էին։ Միայն մի անգամ հայրը, նստած բազկաթոռին, գլուխը հետ գցեց ու մղձավանջ տեսավ․ սկսեց բղավել, ձեռքերը թափահարել, վեր թռավ և արթնացավ (դա Նիկիտան նրա դեմքի արտահայտությունից հասկացավ), բայց միանգամից հայհոյեց, նորից քնեց և ավելի մոտ նստեց հեռուստացույցին, որով հենց այդ պահին կապույտ գույնով առկայծում էր միասնական քուն մտնելու ինչ-որ պատմական պահ։

Հաջորդ անգամ մայրն արդուկն իր ոտքին գցեց, ուժեղ վնասեց իրեն և այրվածք ստացավ և մինչև «Շտապ օգնության» աշխատակիցների գալն այնքան սրտաճմլիկ կերպով էր հեծկլտում քնի մեջ, որ Նիկիտան էլ քնեց՝ ուժ չունենալով դիմանալու այդ ամենին, և միայն երեկոյան արթնացավ, երբ Մայրը հանգիստ ննջում էր «Իվան Դենիսովիչի մեկ օրը»[5] ընթերցելիս։ Գիրքը բերել էր արյան և վիրակապի հոտի վրա եկած հարևանը՝ ծերուկ անթրոպոսոֆ[6] Մաքսիմկան, որը մանուկ ժամանակվանից սկսած բարոյալքված բիբլիական հովվապետի էր հիշեցնում Նիկիտային։ Մաքսիմկան, որին խիստ հազվադեպ այցելում էին նրա քրեական հանցագործ մեծաթիվ թոռներից ոմանք, իր դարը քնում էր՝ շրջապատված խելացի և չար կատուներով և մռայլ սրբապատկերով, որի հետ ամեն առավոտ շշուկով հայհոյում էին իրար։

Արդուկի միջադեպից հետո նոր փուլ սկսվեց Նիկիտայի և նրա ծնողների փոխհարաբերություններում։ Պարզվում է, որ բոլոր աղմկոտ վիճաբանություններն ու չհասկացված լինելու պահերը կարելի է հեշտությամբ կանխել, եթե քնես զրույցի հենց ամենասկզբում։ Մի անգամ հոր հետ երկար քննարկում էին երկրում տիրող կարգավիճակը․ խոսակցության ժամանակ Նիկիտան շուռումուռ էր գալիս աթոռի վրա և ցնցվում էր, որովհետև Սենկևիչը քմծիծաղ էր տալիս՝ կապելով նրան պապիրուսե մակույկի կայմին, ինչ-որ բան էր շշնջում նիհար և չար Թուր Հեյերդալի[7] ականջին․ Ատլանտիկայում ինչ-որ մի տեղ մակույկը կորել էր, և Հեյերդալն ու Սենկևիչը առանց թաքնվելու զբոսնում էին՝ սև մասոնական գլխարկներ կրելով։

-Խելոք ես դարձել, – ասաց հայրը՝ մի աչքով նայելով առաստաղին, մյուսով՝ ծովակաղամբով պահարանիկին,- միայն թե պարզ չէ, թե ով է քեզ նման հիմարություններ փչել գլխարկների մասին։ Նրանցը գոգնոցներ են, ահա այսպիսի երկարության, – ձեռքերով ցույց տվեց հայրը։

Ընդհանուր առմամբ՝ պարզվեց հետևյալը․ ինչ տեսակ մարդկային գործունեության էլ որ ուզում էր Նիկիտան վարժվել, դժվարությունները գոյություն ունեին միայն մինչև այն պահը, երբ նա քնում էր, իսկ հետո առանց որևէ միջամտության անում էր այն, ինչ անհրաժեշտ էր, և այնքան լավ, որ արթնանալով զարմանում էր։ Եվ դա միայն համալսարանին չէր վերաբերում, այլ նաև ազատ ժամերին, որոնք մինչև այդ տանջալի էին իրենց անիմաստ տևականության պատճառով։ Քնած վիճակում Նիկիտան շատ գրքեր յուրացրեց, որոնք մինչև այդ ոչ մի կերպ չէր հաջողվում վերծանել, և նույնիսկ սովորեց լրագրեր կարդալ, ինչով վերջնականապես հանգստացրեց ծնողներին, որոնք նախկինում հաճախ դառնությամբ փսփսում էին նրա մասին։

-Ուղղակի ինչ-որ վերածնունդ է կյանքումդ,- ասում էր նրան մայրը, որը հանդիսավոր դարձվածքների սիրահար էր։ Սովորաբար այդ արտահայտությունը հնչում էր խոհանոցում բորշ պատրաստելու ժամանակ։ Բազուկն ընկնում էր կաթսայի մեջ, և Նիկիտան սկսում էր Մելվիլից[8] ինչ-որ բան տեսնել երազի մեջ։ Բաց պատուհանից դուրս էր թռչում տապակած ծովակաղամբի բույրն ու վալտորնի[9]՝ կովերի բառաչ հիշեցնող հնչյունները, երաժշտությունը լռում էր և ռադիոյից լսվող ձայնն ասում էր․

-Այսօր՝ ժամը 19։00-ին, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արվեստի վարպետների համերգը, որը, այսպես ասած, առաջին ռուսական բալալայկայի երեք հարյուր ամյակին նվիրված հանդիսավոր սիմֆոնիայի եզրափակիչ ակորդն է։

Երեկոյան ընտանիքը հավաքվում էր դեպի տիեզերք տանող կապույտ էկրանի մոտ։ Նիկիտայի ծնողները ընտանեկան սիրելի հաղորդում ունեին՝ «Տեսախցիկը նայում է աշխարհին»[10]։ Հայրը տնավարի՝ իր զոլավոր, մոխրագույն գիշերազգեստը հագած էր գալիս նայելու այն և կուչ էր գալիս բազկաթոռին, ափսեն ձեռքին՝ խոհանոցից գալիս էր մայրը, և ժամեր շարունակ հմայված պտտում էին կիսաբաց աչքերը՝ հետևելով էկրանի վրա լողացող տեսարաններին։

-Եթե ուզում եք թարմ բանաններ ճաշակել և դրանցից հետո կոկոսի կաթ խմել, – ասում էր հեռուստացույցը, – եթե ուզում եք վայելել ալեբախության աղմուկը, ոսկեգույն տաք ավազը և արևի նրբին ճառագայթները, ապա․․․ – այդ պահին հեռուստատեսությունը հետաքրքրաշարժ դադար էր տալիս, – ապա դա նշանակում է, որ ուզում եք բանանա-կիտրոնային Սինգապուրում հայտնվել։

Նիկիտան ֆսֆսացնում էր ծնողների կողքին։ Ժամանակ առ ժամանակ նրա ականջին էին հասնում քնի աղոտ պրիզմայով անդրադարձված հաղորդումների անվանումները, և էկրանն էր սկսում թելադրել երազատեսության բովանդակությունը։ Այդպես «Մեր այգին» հաղորդման ընթացքում Նիկիտայի աչքին մի քանի անգամ երևաց սեռական այլասեռման հիմնադիրը․ ֆրանսիացի դքսի հագին լոռամրգի գույնի, ոսկեգույն տրեզներով ստրելեցային կապա էր, և նա ինչ-որ կանացի հանրակացարան էր կանչում Նիկիտային։ Իսկ երբեմն ամեն ինչ բացարձակ խառնաշփոթի էր վերածվում, և Յուլիան վարդապետը՝ իրեն հարգող ցանկացած «կլոր սեղանի» մշտական մասնակիցը, դուրս էր նայում ԶԻԼ մակնիշի, լապտերներով, երկար բեռնատարից և ասում․

-Մինչ մյուս եթեր։

Ընդ որում՝ մատով դեպի վերև՝ երկնային դատարկություն էր ցույց տալիս, որտեղ միայնակ փայլում էր Անտարեսի կարմիր կետը՝ Իվան Բունինի մասին հաղորդումից։ Ծնողներից մեկը փոխում էր հաղորդումը, Նիկիտան կիսաբացում էր աչքերը և էկրանի վրա տեսնում երկնագույն բերետով մայորին, որը լեռնային շոգ կիրճում էր կանգած։ «Մա՞հը, – ժպտում էր մայորը։ – Այն միայն սկզբում՝ առաջին օրերին է վախենալու։ Ըստ էության, ծառայությունն այստեղ մեզ համար լավ դպրոց էր․ մենք ոգիներին էինք վարժեցնում, ոգիները՝ մեզ․․․»։

Անջատիչը չրխկում էր, և Նիկիտան իր սենյակ էր գնում՝ անկողնում՝ ծածկոցի տակ քնելու։ Առավոտյան զարթուցիչի զանգը կամ միջանցքից քայլերի ձայներ լսելով՝ զգուշորեն բացում էր աչքերը, որոշ ժամանակ վարժվում էր առավոտվա տագնապալի լույսին, վեր էր կենում և գնում լոգարան, որտեղ սովորաբար նրա գլխում տարբեր մտքեր էին ծագում և գիշերային քունն իր տեղը զիջում էր ցերեկայիններից մեկին։

«Այնուամենայնիվ՝ որքա՜ն միայնակ է մարդը,- մտածում էր նա՝ բերանում պտտելով նոսրացող ատամի խոզանակը։- Չէ՞ որ ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ երազներ են տեսնում իմ ծնողները, փողոցի անցորդները կամ Մաքսիմ պապիկը։ Կարելի էր գոնե որևէ մեկի հետ խոսել»։

Եվ միանգամից վախենում էր՝ հասկանալով այդ թեմայի քննարկման անհնարինությունը։ Չէ՞ որ Նիկիտայի կարդացած բոլոր գրքերից նույնիսկ ամենաանամոթները ոչ մի բառ չէին հիշատակում դրա մասին․ ճիշտ նույն կերպ էլ ոչ ոք չէր բարձրաձայնում դրա մասին։ Նիկիտան գլխի էր ընկնում, թե բանն ինչում էր․ դա հերթական թերասություններից մեկը չէր, այլ ինքնատիպ ծխնի, որի վրա պտտվել են մարդկանց կյանքեր, և եթե նույնիսկ ինչ-որ մեկը բղավել էր, որ պետք է ճշմարտությունն ասել այնպես, ինչպես որ կա, ապա նա դա արել էր ոչ թե որովհետև այդքան տանել չէր կարողանում թերասությունները, այլ որովհետև գոյության գլխավոր թերասությունն էր նրան դրդել այդ քայլին։ Մի անգամ ծովակաղամբի համար կուտակված դանդաղընթաց հերթի մեջ կանգնած, որը զբաղեցրել էր ունիվերսամի կեսը, Նիկիտան նույնիսկ յուրահատուկ երազ էր տեսել այդ թեմայով։

Նա ինչ-որ կամարակապ միջանցքում էր գտնվում, որի առաստաղը ծեփակերտ խաղողի ողկույզներով և կճատ կանացի կիսադեմերով էր զարդարված, իսկ հատակին կարմիր գորգ էր փռված։ Նիկիտան գնաց միջանցքով, մի քանի անգամ թեքվեց և հանկարծ հայտնվեց  կարճ ելուստում, որի վերջում ներկված պատուհան կար․ կարճ միջանցքի փակուղու դռներից մեկը բացվեց, այնտեղից գլուխը դուրս հանեց սևագույն կոստյում հագած մի թմբլիկ տղամարդ, և երջանիկ հայացք ձևացնելով՝ ներս հրավիրելու նշան արեց Նիկիտային։ Նիկիտան ներս մտավ։

Սենյակի կենտրոնում՝ մեծ, կլոր սեղանի շուրջ, տասից տասնհինգ մարդ էր նստած, բոլորը փողկապով կոստյումներ էին հագել և բավականին նման էին միմյանց․ փոքր-ինչ ճաղատ, տարեց, դեմքներին միևնույն անարտահայտելի մտածմունքի ստվերով։ Նրանցից մեկը բարձր խոսում էր, և Նիկիտայի վրա ուշադրություն չդարձրին։

-Կասկածի ոչ մի նշույլ,- ասում էր ելույթ ունեցողը՝ անտեսանելի ինչ-որ բան շոշափելով, – պետք է ասել ողջ ճշմարտությունը։ Մարդիկ հոգնել են։

-Իսկ ինչո՞ւ ոչ։ Իհա՛րկե,- արձագանքեցին մի քանի կայտառ ձայներ, և բոլորը միաժամանակ սկսեցին խոսել․ խառնաշփոթ սկսվեց, աղմուկ բարձրացավ, մինչև որ նա, ով ամենասկզբում էր խոսել, ողջ ուժով թղթապանակով չհարվածեց սեղանին, որի վրա գրված էր «ВРПО «Дальрыба»[11]» (մակագրությունը, ինչպես գլխի էր ընկել Նիկիտան, իրականում ոչ թե թղթապանակի վրա էր, այլ ծովակաղամբի բանկայի)։ Հարվածը տարածվեց ողջ հարթությունով, և կամաց, բայց շատ երկարահունչ և ուժգին ձայն դուրս եկավ՝ նման խլացուցիչ ունեցող զանգի ղողանջին։ Լռություն տիրեց։

-Հասկանալի է, – ասաց հարվածողը, – առաջին հերթին պետք է պարզել, թե ինչ դուրս կգա այդ ամենից։ Կփորձենք ենթահանձնաժողով կազմել՝ ասենք, երեք հոգուց բաղկացած։

-Ինչի՞ համար, – հարցրեց սպիտակ խալաթով աղջիկը։ Նիկիտան հասկացավ, որ վերջինս իր պատճառով էր այնտեղ, և իր հինգ բանկայի համար երկու ռուբլի մեկնեց նրան։ Աղջիկը փողը գրպանը խցկեց, դրամարկղի մեքենայի դռռացող չրխկոցի նման ձայն հանեց բերանով, բայց նույնիսկ հայացք չգցեց Նիկիտայի վրա։

-Նրա համար,- ասաց նրան տղամարդը, թեև Նիկիտան արդեն հեռացել էր դրամարկղի մոտից և դեպի ունիվերսամի ելքն էր գնում,- նրա համար, որ սկզբում փորձենք ողջ ճշմարտությունը միմյանց ասել։

Շատ արագ համաձայնության եկան, թե ովքեր էին լինելու ենթահանձնաժողովի անդամները․ հռետորը և կապույտ կոստյում հագած ու եղջյուրե շրջանակով ակնոցներով երկու տղամարդ, որոնք այնքան նման էին, որ ասես եղբայրներ լինեին, նույնիսկ երկուսի մոտ էլ թեփը ձախ ուսի վրա ավելի շատ էր։ (Իհարկե, Նիկիտան գիտեր, որ և՛ ուսերի թեփը, և՛ որոշ բառերի ռամկական առոգանությունն իսկական չէին և ուղղակի խորհրդակցությունների՝ այդ շրջաններում ընդունված էսթետիկայի դրսևորումներ էին)։ Մնացած բոլորը դուրս եկան միջանցք, որտեղ շողշողում էր արևը, քամի էր փչում, և աղմկում էին մեքենաները, իսկ մինչ Նիկիտան գետնանցում էր իջնում, սենյակի դուռը կողպեցին, և որպեսզի ոչ ոք թաքուն չնայեր, փականածակը փակեցին՝ կարագահացի խավիարով ծեփելով։

Սկսեցին սպասել։ Նիկիտան անցավ հակատանկային թնդանոթին նվիրված հուշարձանի և «Ծխախոտ» մակագրությամբ խանութի մոտով և հասավ Ամուսնության պանելային պալատի պատի վրա գրված մեծ, հայհոյական մակագրությանը (իսկ դա նշանակում էր, որ մինչև տուն հասնելը դեռ հինգ րոպե էլ կար), երբ սենյակից, որտեղից այդ ողջ ընթացքում անհասկանալի, կամացուկ ձայներ էին լսվում, ինչ-որ գլգլոց և ճայթուն լսվեցին, ինչից հետո կատարյալ լռություն տիրեց։ Ողջ ճշմարտությունը, ըստ երևույթին, ասված էր, և ինչ-որ մեկը թակել էր դուռը։

-Ընկերնե՛ր։ Ինչպե՞ս են գործերը։

Պատասխան չկար: Դռան մոտի փոքրիկ հրմշտոցի մեջ հայտնվածները սկսեցին արագ միմյանց նայել, և եվրոպական արտաքինով արևաթուխ մի տղամարդ սխալմամբ նայեց Նիկիտային, բայց իսկույն փախցրեց հայացքը և նյարդայնացած ինչ-որ բան ասաց քթի տակ։

-Կոտրո՜ւմ ենք, – վերջիվերջո որոշեցին միջանցքում։

Հինգերորդ կամ վեցերորդ հարվածից հետո դուռը դուրս թռավ, հենց այն պահին, երբ Նիկիտան իր շքամուտք էր մտնում, որից հետո դուռը կոտրողների հետ միասին միանգամայն դատարկ սենյակում հայտնվեց, որի հատակով մեկ մեծ ջրափոս էր տարածվում։ Սկզբում Նիկիտան կարծեց, թե դա այն նույն ջրափոսն էր, որը վերելակի հատակին էր, բայց դրանց ուրվագծերը համեմատելով՝ համոզվեց, որ այդպես չէր։ Չնայած, որ ջրափոսի լեզուները շարունակում էին դեպի պատերը սողալ, ո՛չ սեղանի տակ, ո՛չ էլ վարագույրների հետևում ոչ ոք չկար, աթոռների վրա կորացել և կախ էին ընկել դատարկ, ներսից վառված երեք կոստյում։ Աթոռներից մեկի ոտքի մոտ փայլփլում էր եղջյուրե շրջանակով ճաքած ակնոցը։

-Ահա և իրականությունը, – շշնջաց ինչ-որ մեկը թիկունքում։

Երազը, որն արդեն հասցրել էր ձանձրացնել, ոչ մի կերպ չէր ավարտվում, և Նիկիտան որոշեց գրպանից հանել քորոցը։ Հակառակի պես այն այնտեղ չէր։ Իր բնակարան մտնելով՝ Նիկիտան պահածոյի բանկաներով տոպրակը հատակին շպրտեց, բացեց զգեստապահարանը և սկսեց կախված բոլոր տաբատների գրպանները պրպտել: Այդ ընթացքում բոլորը սենյակից միջանցք դուրս եկան և սկսեցին անհանգստացած քչփչալ, նորից քիչ էր մնում, որ արևաթուխ տղամարդն ինչ-որ բան շշնջար Նիկիտային, բայց ժամանակին կանգ առավ։ Որոշեցին, որ անհապաղ պետք էր ինչ-որ տեղ զանգել, և արևաթուխը, որին լիազորել էին դա անելու, արդեն դեպի հեռախոսն էր գնում, երբ հանկարծ համընդհանուր հրճվալից ճիչ պոռթկաց․ առջևում՝ միջանցքում, հայտնվեց անհետացած եռյակը։ Նրանց հագին կապույտ, սպորտային կիսավարտիքներ և կոշիկներ էին, կարմրադեմ էին և առույգ, ասես բաղնիքից նոր դուրս եկած լինեին։

-Հե՛նց այդպես, – թափահարելով ձեռքը՝ բղավեց նա, ով երազի ամենասկզբում խոսում էր։ – Սա, իհարկե, կատակ է, բայց մենք ուզում էինք որոշ անհամբեր ընկերներին ցույց տալ․․․

Զայրույթից Նիկիտան նույնիսկ անհրաժեշտ եղածից ավելի ուժեղ ծակեց ինքն իրեն, և անհայտ մնաց, թե ինչ կատարվեց հետո։

Հատակից վերցնելով տոպրակը՝ խոհանոց տարավ այն և մոտեցավ պատուհանին։ Դրսում ամառային երեկո էր, մարդիկ զբոսնում և զրուցում էին, ավտոմեքենաներն աղմկում էին, և այդ ամենն այդպես կլիներ, եթե անցորդներից ցանկացածն իսկապես այդ պահին քայլեր Նիկիտայի բնակարանի պատուհանների տակով, այլ ոչ թե գտնվեր միայն իրեն հայտնի աշխարհում։ Նայելով մարդկանց պստլիկ մարմիններին՝ Նիկիտան թախիծով մտածում էր, որ մինչև հիմա չգիտեր ո՛չ նրանց երազատեսությունների բովանդակության մասին, ո՛չ էլ հարաբերակցության մասին, որում նրանց համար գտնվում էին երազները և իրականությունը, և այն մասին, որ չկար մեկը, ում կկարողանար բողոքել երազում տեսած մղձավանջից կամ խոսել երազների մասին, որոնք նրան դուր էին գալիս։ Հանկարծ նա այնպիսի սուր ցանկություն ունեցավ՝ փողոց դուրս գալու և ինչ-որ մեկի (ամենևին էական չէր, թե ում) հետ խոսելու այդ ամենի մասին, որ հասկացավ․ որքան էլ որ անհեթեթ էր այդ մտահղացումը, դա այն էր, ինչ այդ օրն անելու էր։

Մոտավորապես քառասուն րոպե անց նա արդեն հեռանում էր մետրոյի ծայրամասային կայարաններից մեկի մոտից՝ դեպի հորիզոն բարձրացող դատարկ փողոցով քայլելով, որը նման էր լորու՝ կիսով չափ երկու մասի բաժանված ծառուղու․ այնտեղ, ուր պետք է աճեր ծառերի երկրորդ շարքը, ասֆալտապատ, լայն ճանապարհ էր անցնում։ Այնտեղ էր գնացել, որովհետև այդ վայրերը հանգիստ էին, և ոստիկանույթան պարեկները գրեթե չէին լինում այնտեղ։ Դա կարևոր էր․ Նիկիտան գիտեր, որ քնած ոստիկանից միայն երազի մեջ կարելի էր փախչել, իսկ ադրենալինն արյան մեջ վատ քնաբեր էր։ Նիկիտան վերև էր բարձրանում՝ ծակծկելով ոտքը և հիանալով հսկա լորենիներով՝ նման կանաչ թանաքների քարացած ցայտաղբյուրների․ այնպես հափշտակված էր նայում դրանց, որ քիչ էր մնում բաց թողներ իր առաջին թիրախին։

Հնամաշ պիջակի վրա մի քանի գունավոր շքանշաններ ունեցող ծերուկ էր, որը հավանաբար սովորական երեկոյան զբոսանքի էր դուրս եկել։ Նա թփերի միջից ծլկեց, խեթ-խեթ նայեց Նիկիտային և վերև գնաց։ Նիկիտան հասավ նրան և սկսեց նրա կողքով քայլել։ Ժամանակ առ ժամանակ ծերուկը բարձրացնում էր ձեռքը և ուժով օդի միջով անցկացնում էր ձգած բթամատը։

-Այդ ի՞նչ եք անում,- մի որոշ ժամանակ լուռ մնալուց հետո հարցրեց Նիկիտան։

-Փայտոջիլները,- պատասխանեց ծերուկը։

-Ի՞նչ փայտոջիլներ,- չհասկացավ Նիկիտան։

-Սովորական,- ասաց ծերուկն ու հոգոց հանեց։- Վերևի բնակարանից։ Այստեղ բոլոր պատերը ծակեր ունեն։

-Միջատազերծիչ է պետք,- ասաց Նիկիտան։

-Ոչինչ,- ասաց ծերուկը,- մի գիշերվա ընթացքում ես մատով ավելի շատ կսատկացնեմ, քան քո քիմիան։ Գիտե՞ս Ուտյոսովը[12] ինչ է երգում։ Մենք թշնամիներին․․․

Այդ պահին նա լռեց, և Նիկիտան այդպես էլ չիմացավ փայտոջիլների և Ուտյոսովի մասին։ Մի քանի մետր լռության մեջ քայլեցին։

-Ճը՛րթ,- հանկարծ ասաց ծերուկը։

-Հը՞ն։

-Ճը՛րթ,- կրկնեց ծերուկը։

– Ճը՜րթ։ Հա՜։ Փայտոջիլներն են այդպես պայթում,- գլխի ընկավ Նիկիտան։

-Չէ՛,- ասաց ծերուկն ու ժպտաց։- Փայտոջիլները լուռ են մեռնում։ Դա խավիարն է։

-Ի՞նչ խավիար։

-Իսկ դու մտածի՛ր,- աշխուժացավ ծերուկը, և նրա աչքերը փոքր-ինչ խորամանկ, սուվորովյան զառամախտին բնորոշ փայլ ստացան,- տեսնո՞ւմ ես կրպակը։

Անկյունում իսկապես «Սույուզպեչատի»[13] փակ կրպակն էր։

-Տեսնում եմ, – ասաց Նիկիտան։

-Տեսնում ես։ Լա՛վ է։ Իսկ հիմա պատկերացրու, որ այստեղ թեք կրպակ կա։ Եվ այնտեղ խավիար են վաճառում։ Դու այդպիսի խավիար չես տեսել և երբեք էլ չես տեսնի․ ամեն հատիկը խաղողահատիկի չափ է, հասկացա՞ր։ Եվ ահա վաճառողուհին՝ մի ծույլ կնիկ, կես կիլոգրամ կշռում է քեզ համար, գոգաթիակով վերցնում տակառի միջից և դնում կշեռքին։ Այդպես մինչև քեզ համար կես կիլո կշռի, ճը՛րթ, նույնքան էլ գետնին կթափի։ Հասկացա՞ր։

Ծերուկի աչքերը մարեցին։ Աջ ու ձախ նայեց, թքեց և անցավ փողոցը՝ երբեմն-երբեմն ինչ-որ անտեսանելի բաներ շրջանցելով, հնարավոր է նրա երազի՝ ասֆալտի վրա դիզված խավիարի կույտերը։

«Ո՛չ,- որոշեց Նիկիտան,- պետք է ուղիղ հարցնել։ Սատանան գիտի, թե ով ինչի մասին է խոսում։  Իսկ եթե ոստիկան կանչեն, կփախչեմ․․․»։

Դրսում արդեն բավականին մութ էր։ Վառվեցին լապտերները․ միայն դրանց կեսն էր աշխատում, իսկ վառվածների մեծ մասը մանուշակագույն, թույլ լույս էր արձակում, որը ոչ այնքան լուսավորում էր, որքան գունավորում էր ասֆալտն ու ծառերը՝ խիստ անդրշիրիմյան բնապատկերի բնույթ հաղորդելով փողոցին։ Նիկիտան նստեց նստարաններից մեկին՝ լորենիների տակ, և անշարժացավ։

Մի քանի րոպե անց խավարի տեսանելի կիսոլորտի եզրին ինչ-որ մերթընդմերթ տնքտնքացող և կամացուկ ճղճղացող բան հայտնվեց, որը մուգ ու բաց բծերից էր բաղկացած։ Այն մոտենում էր՝ կարճատև դադարներ տալով, որոնց ընթացքում հետ ու առաջ էր ճոճվում՝ մխիթարական և շինծու կերպով փնթփնթալով։ Ուշադիր նայելով՝ Նիկիտան երեսունին մոտ, մուգ բաճկոն հագած կնոջ և նրա առջևով գլորվող բաց գույնի սայլակ նշմարեց։ Միանգամայն պարզ էր, որ կինը քնած էր․ ժամանակ առ ժամանակ նա գլխի տակի անտեսանելի բարձն էր ուղղում` նույնիսկ միայնության մեջ երեսպաշտություն անելու կանացի սովորական սովորության համաձայն՝ ձևացնելով, թե կարգի էր բերում իր խայտաբղետ վարսերը։

Նիկիտան վեր կացավ նստարանից։ Կինը ցնցվեց, բայց չարթնացավ։

-Կներե՛ք, – սկսեց խոսել Նիկիտան՝ սեփական շփոթվածության վրա բարկանալով,- կարո՞ղ եմ մի անձնական հարց տալ։

Կնոջ՝ թելի նման բարակ հոնքերը ճակատին բարձրացան, և նա մինչև ականջները բացեց մեծ շրթունքները, ինչը, ինչպես հասկացավ Նիկիտան, քաղաքավարի տարակուսանքի նշան էր։

-Հա՞րց, – կամացուկ ձայնով հարցրեց կինը,- դե՜, տո՛ւր։

-Կասե՞ք, թե ինչ եք այժմ տեսնում երազում, – Նիկիտան մեքենաբար ձեռքի ապուշ շարժում արեց՝ շուրջն ամեն բան շրջագծելով, և վերջնականապես շփոթվեց՝ սեփական ձայնի մեջ ինչ-որ բոլորովին անտեղի երկիմաստություն զգալով: Կինը սկսեց ծիծաղել աղավնու ղունղունոց հիշեցնող ծիծաղով։

-Հիմարի՜կ, – քնքշորեն ասաց նա, – ինձ այդպիսի երազներ դուր չեն գալիս։

-Իսկ ինչպիսի՞, – հիմարաբար հարցրեց Նիկիտան։

-Օվչարկաներով, հիմարի՛կ։ Մեծ օվչարկաներով։

«Ծաղրում է, – մտածեց Նիկիտան»։

-Միայն թե ճի՛շտ հասկացեք ինձ,- ասաց նա։- Ես ինքս էլ եմ հասկանում, որ, այսպես ասած, չափն անցնում եմ․․․

Կինը կամացուկ ճիչ արձակեց, հայացքը հեռացրեց Նիկիտայից և սկսեց ավելի արագ քայլել։

-Հասկանո՞ւմ եք,- անհանգստացած շարունակում էր Նիկիտան, – ես գիտեմ, որ նորմալ մարդիկ դրա մասին չեն խոսում։ Միգուցե ես աննորմալ եմ։ Բայց մի՞թե երբեք չեք ցանկացել ինչ-որ մեկի հետ քննարկել դա։

-Ի՞նչը քննարկել,- նորից հարցրեց կինը, ասես փորձում էր ժամանակ շահել խելագարի հետ խոսելիս։ Արդեն համարյա վազում էր՝ սուր հայացքով ուշադիր նայելով խավարին, սայլակը թռչկոտում էր ասֆալտի անհարթությունների վրա, իսկ ներսում ինչ-որ մի բան ծանր կերպով և անխոս զարկվում էր մոմլաթե կողերին։

-Հենց սա քննարկել,- պատասխանեց Նիկիտան՝ մանրաքայլ վազքի անցնելով։- Օրինակ՝ այսօր։ Միացնում եմ հեռուստացույցը, իսկ այնտեղ․․․ Չգիտեմ, թե որն է ավելի վախենալու, դահլի՞ճը, թե՞ պրեզիդիումը։ Մի ամբողջ ժամ նայում էի և ոչ մի նոր բան չտեսա՝ գուցե բացի մի քանի անծանոթ կեցվածքներից։ Մեկը տրակտորի մեջ է քնած, մյուսը՝ ուղեծրային կայանում, երրորդը քնած ժամանակ սպորտի մասին է պատմում, իսկ դրանք, որ ցատկահարթակից թռնում են, բոլորը նույնպես քնած են։ Եվ ստացվում է, որ մարդ չկա, ում հետ կկարողանամ խոսել․․․

Կինը տենդագին ուղղեց բարձն ու բացահայտ վազքի անցավ։ Նիկիտան, փորձելով կարգի բերել խոսակցության պատճառով կտրվող շունչը, վազեց նրա կողքով․ առջևում շեշտակիորեն մեծանում էր լուսացույցի կանաչ աստղը։

-Այ, օրինակ, ես և Դուք․․․ Լսե՛ք, եկեք քորոցով ծակեմ Ձեզ։ Ո՜նց գլխի չէի ընկել։ Ուզո՞ւմ եք։

Կինը դեպի խաչմերուկը նետվեց և այնպես կտրուկ կանգ առավ, որ սայլակի մեջ ինչ-որ բան ուժգին տեղաշարժվեց՝ համարյա պատռելով դիմացի պատը, իսկ Նիկիտան մինչև կանգ առնելը ևս մի քանի մետր առաջ գնաց։

-Օգնեցե՜ք, – սկսեց բղավել կինը:

Հակառակի պես հինգ մետր այն կողմ՝ կողքի փողոցում, ժապավենակապ ձեռքերով երկու հոգի էին կանգնած՝ միանման սպիտակ բաճկոններով, որոնց պատճառով մի քիչ հրեշտակների էին նմանվում։ Սկզբից հետ քաշվեցին, բայց տեսնելով, որ Նիկիտան կանգնած էր լուսացույցի տակ և ոչ մի թշնամություն չէր ցուցաբերում՝ սիրտ առան և դանդաղ մոտեցան։ Մեկը մոտեցավ կնոջը, որը սկսեց եռանդագին և բարձր խոսել՝ թափահարելով ձեռքերն ու անընդհատ կրկնելով «կպչել» և «մոլագար» բառերը, իսկ մյուսը մոտեցավ Նիկիտային։

-Զբոսնո՞ւմ ես,- բարեկամաբար հարցրեց նա։

-Նման մի բան, – պատասխանեց Նիկիտան։

Դրուժիննիկը մեկ գլուխ ցածրահասակ էր Նիկիտայից և սև գույնի ակնոցով էր։ (Նիկիտան վաղուց էր նկատել, որ շատերը դժվարանում էին բաց աչքերով օրը ցերեկով քնել)։ Դրուժինայի անդամը շրջվեց դեպի իր զուգընկերը, որը կարեկցանքով գլխով էր անում կնոջը և ինչ-որ բաներ էր գրի առնում թղթի վրա։ Վերջապես կինն իր ասելիքն ասաց, հաղթական հայացք գցեց Նիկիտայի վրա, ուղղեց բարձը, պտտեց իր սայլակը և փողոցով դեպի վերև քշեց այն։ Մոտեցավ զուգընկերը, որը քառասունին մոտ տղամարդ էր՝ չապաևյան թավ բեղերով, որոնք մինչև ականջներն էին ձգվում, և հովարավոր գլխարկով, որպեսզի գիշերվա ընթացքում սանրվածքը չխառնվեր, ու պայուսակը ուսին։

-Ճի՛շտ է,- ասաց նա զուգընկերոջը։- Նա է։

-Իսկ ես միանգամից էի հասկացել,- ասաց ակնոցավորն ու դեպի Նիկիտան պտտվեց։

– Անունդ ի՞նչ է։

Նիկիտան ներկայացավ։

-Ես Գավրիլան եմ,- ասաց ակնոցավորը։- Իսկ նա Միխայիլն է։ Մի՛ վախեցիր, տեղի հիմարն է։ Հրահանգման ժամանակ ամեն անգամ հիշեցնում են նրա մասին։ Երբ երեխա էր, երկու սահմանապահներ բռնաբարել են նրան հենց կինոթատրոնում «Ինձ մո՛տ, Մուխթա՛ր» ֆիլմի ժամանակ։ Այդ ժամանակվանից խելքը թռցրել է։ Նրա սայլակի մեջ Ձերժինսկու՝ բարուր արված կիսանդրին է։ Ամեն երեկո բաժանմունք է զանգում, բողոքում, որ ուզում են քնել հետը, իսկ ինքը հետապնդում է շնապահներին․ ուզում է, որ վրան օվչարկա բաց թողնեն․․․

-Նկատեցի, – ասաց Նիկիտան։ – Նա տարօրինակ է։

-Աստված նրա հետ։ Կխմե՞ս։

Նիկիտան մտածեց և ասաց․

-Կխմեմ։

Տեղավորվեցին հենց այն նույն նստարանին, որտեղ մի քանի րոպե առաջ նստած մտորում էր Նիկիտան։ Միխայիլը պայուսակից արտահանման գնացող «Յուրահատուկ մոսկովյանի» մեծ շիշ հանեց, փոքրիկ թրի նման կախազարդով արույրե խցանն առանձնացրեց ֆիքսող օղակից և դաստակի մի ճարպիկ շարժմամբ բացեց այն․ ըստ երևույթին, նա Ռուսիայում դեռևս հանդիպող այն բնածին տաղանդներից մեկն էր, որոնք գարեջուրն ակնակապիճով են բացում և ձեռքի ափի մեկ ուժեղ հարվածով կիսով չափ տեղահան են անում բուլղարական չոր գինու շշի խցանը, այնպես որ արդեն դժվար չի լինում ամուր, սպիտակ ատամներով կառչել դրանից։

«Ի՞նչ կլինի, եթե նրանց հարցնեմ,- մտածում էր Նիկիտան՝ վերցնելով ստվարաթղթե ծանր բաժակը և ծովակաղամբով բրդուճը։- Բայց վախենալու է։ Այնուամենայնիվ՝ նրանք երկուսով են, իսկ այդ Միխայիլը ամրակազմ է․․․»։

Շունչ քաշելով՝ Նիկիտան հայացքը հառեց ասֆալտին՝ ոտքերի տակի ստվերների բարդ միահյուսմանը։ Երեկոյան քամու յուրաքանչյուր ալիքի հետ նախշերը փոխվում էին․ մե՛րթ ինչ-որ դեմքեր և դրոշակներ էին երևում, մե՛րթ հանկարծ հայտնվում էին Հյուսիսային Ամերիկայի ուրվագծերը, մե՛րթ ադիդասի երեք գծերն էին հայտնվում ծառերի վերևում կախված լարերի պատճառով, մե՛րթ թվում էր, թե այդ բոլորը լապտերի լույսով ողողված սաղարթի ստվերներն էին։

Նիկիտան բաժակը մոտեցրեց շուրթերին։ Արտասահմանում երկիրը ներկայացնելու կոչված հեղուկը, որոշելով, ըստ երևույթին, որ այդ ամենը կատարվում էր արևմտյան կիսագնդում որևէ տեղ, զարմանալի փափկությամբ և նրբանկատությամբ ներս սպրդեց:

-Ի դեպ՝ որտե՞ղ ենք հիմա,- հարցրեց Նիկիտան։

-Երթուղի համար երեք,- արձագանքեց ակնոցավոր Գավրիլան՝ նրանից վերցնելով բաժակը։

-Այ թե հիմարն ես,- սկսեց ծիծաղել Միխայիլը, – մի՞թե եթե ոստիկանը հենակայանում ինչ-որ բաներ է գրում սխեմայի վրա, ուրեմն իսկապես «երթուղի համար երեքն է»։ Ստեպան Ռազինի[14] զբոսայգին է։

Գավրիլան թափահարեց դատարկ բաժակը, անհասկանալի պատճառով մատով խթեց Նիկիտային և հարցրեց․

-Վերջը տա՞նք։

-Դու ի՞նչ կասես,- լուրջ կերպով հարցրեց Միխայիլը Նիկիտային՝ ափի մեջ թռցնելով խցանը։

-Դե՜, ինձ համար միևնույն է, – ասաց Նիկիտան։

-Դե՜, այդ դեպքում․․․

Երկրորդ պտույտը բաժակը լռության մեջ կատարեց։

-Ահա և վերջ,- մտածկոտ ասաց Միխայիլը։- Այսուհետ ուրիշ ոչինչ մարդկանց չի սպասվում։

Ձեռքը թափով վրա բերեց, որպեսզի շիշը թփերի մեջ շպրտեր, բայց Նիկիտան հասցրեց բռնել նրա թևքից։

-Տո՛ւր, նայեմ,- ասաց նա։

Միխայիլը մեկնեց շիշը, և Նիկիտան նկատեց նրա դաստակի՝ խնամքով արված դաջվածքը․ կարծես թե հեծյալ էր, որը նիզակը խրում էր ձիու ոտքերի տակ ընկած ինչ-որ բանի մեջ, բայց Միխայիլը միանգամից ձեռքը թաքցրեց գրպանի մեջ, իսկ ևս մեկ անգամ նայելու թույլտվություն խնդրելն անհարմար էր։ Նիկիտան հայացքը շշին հառեց։ Պիտակը նույնն էր, ինչ ներքին լցման «Յուրահատուկ մոսկովյանինը», միայն թե մակագրությունը լատինական տառերով էր, և սպիտակ ֆոնի վրա երևում էր «Союзплодоимпорт»-ի՝ աչք հիշեցնող խորհրդանիշը՝ ոճավորված երկրագնդիկը՝ վրան խոշոր տառերով գրված «СПИ»։

-Ժամանակն է, – հանկարծ ասաց Միխայիլը՝ նայելով ժամացույցին։

-Ժամանակն է, – նրանից հետո արձագանքի նման կրկնեց Գավրիլան։

-Ժամանակն է, – չգիտես ինչու նրանցից հետո ասաց Նիկիտան։

-Ժապավե՛նը կապիր, – ասաց Միխայիլը, – թե չէ կապիտանը կատաղելու է։

Նիկիտան ձեռքը գրպանը տարավ, հանեց ճմռթված ժապավենը և ձեռքը մեջը մտցրեց․ երիզներն արդեն կապված էին։ «Դրուժիննիկ» բառը շրջված էր, բայց Նիկիտան դես ու դեն չընկավ․ «Միևնույնն է, – մտածեց նա, – կարճ ժամանակով է»։

Նստարանից վեր կենալով՝ Նիկիտան զգաց, որ կարգին հարբել էր, և մի պահ նույնիսկ վախեցավ, որ հենակայանում էլ կարող էին նկատել, բայց միանգամից հիշեց, թե անցյալ անգամ ինչ վիճակում էր ինքը՝ կապիտանը, և հանգստացավ։

Այդ երեքը լուռ քայլեցին մինչև լուսացույց և թեքվեցին կողքի փողոց՝ դեպի հենակայան, որին հասնելու համար դեռ մոտավորապես տասը րոպե պետք է քայլեին։

Կա՛մ պատճառն օղին էր, կա՛մ ուրիշ բան, բայց Նիկիտան վաղուց այդպիսի թեթևություն չէր զգացել մարմնում․ թվում էր՝ ոչ թե քայլում էր, այլ սլանում էր դեպի վերև՝ երկինք՝ օդի հոսանքների վրա օրորվելով։

Միխայիլն ու Գավրիլան քայլում էին նրա կողքերով՝ հարբած մարդու խստաբարոյությամբ զննելով փողոցը։ Ժամանակ առ ժամանակ ընկերախմբեր էին դուրս գալիս նրանց ընդառաջ․ սկզբում ինչ-որ թեթևամիտ աղջիկների, որոնցից մեկը աչքով արեց Նիկիտային, հետո ակնհայտ հանցագործների մի զույգ, այնուհետև մի քանի մարդ, որոնք հենց փողոցում «Թռչնի կաթ» տորթ էին ուտում, և ուրիշ, բոլորովին անհասկանալի մարդիկ։

«Լավ է, որ երեքով ենք,- մտածում էր Նիկիտան։-Այլապես կտոր-կտոր կանեին․․․ ահա թե ինչ մռութներ են․․․»։

            Դժվարությամբ էր մտածում․ գլխում նեոնի խողովակիկների պես զվարթորեն բռնկվում և մարում էին այն մանկական երգի բառերը, որ աշխարհում ամենից լավը լայնարձակ տարածություններով միասին քայլելն ու խմբովին երգելն է։ Նիկիտան բառերի իմաստը չէր հաասկանում, բայց դա նրան չէր անհանգստացնում։

            Հենակայանում պարզվեց, որ բոլորն արդեն ցրվել էին․ hերթապահն ասաց, որ դեռ մեկ ժամ առաջ կարելի էր վերադառնալ։ Մինչ Նիկիտան շոշափելով իր պայուսակն էր փնտրում մութ սենյակում, որտեղ սովորաբար հրահանգումներ էին իրականացնում և մարդկանց դասակարգում էին՝ ըստ երթուղիների,  Միխայիլն ու Գավրիլան հեռացան․ պետք է էլեկտրագնացքին հասնեին։

Ժապավենը հանձնելով՝ Նիկիտան նույնպես ձևացրեց, թե շտապում էր․ բոլորովին չէր ուզում կապիտանի հետ գնալ դեպի մետրո և Ելցինի մասին խոսել։ Փողոց դուրս գալով՝ զգաց, որ լավ տրամադրությունից բան չէր մնացել։ Օձիքը բարձրացնելով՝ քայլեց դեպի մետրո՝ հաջորդ օրվա մասին մտածելով. «Կուսակցական նիստ, երշիկով երկու բատոնի պատվեր, զանգել Ուրենգոյ[15], տոների համար մի լիտր օղի (հերթապահության ժամանակ հանդիպած պատահական ծանոթներից պետք էր հարցնել, թե որտեղից էին գտել «Յուրահատուկը», բայց արդեն ուշ էր), Աննուշկային վերցնել մանկապարտեզից, որովհետև կինը պետք է գինեկոլոգի մոտ գնա (հիմա՛ր կին, նույնիսկ այդտեղ նրա մոտ ոչինչ չէր ստացվում), մի խոսքով՝ Հերման Պարմենիչից կես օրով արձակուրդ խնդրել այսօրվա հերթապահության համար»։

Մետրոյի վագոնն արդեն լեփ-լեցուն էր, և մի հղի կին ներքև իջեցված գլխաշորի տակից սուր հայացքով ծակում էր նրա ճաղատ գլուխը, իսկ նա ողջ ժամանակ լրագրին էր նայում, մինչև որ  սրիկաները ափով թեթև չխփեցին նրա ուսին․ այդ ժամանակ ստիպված վեր կացավ և զիջեց իր տեղը, բայց արդեն մինչև նրա կայարան հասնելու կայարանամեջն էր։ Նա մոտեցավ դռներին և ապակու մեջ, որի մյուս կողմում սլանում էին միահյուված էլեկտրական օձերը, սկսեց նայել իր հոգնած և կնճռոտ դեմքին: Հանկարծ դեմքն անհետացավ, և դրա տեղում հեռավոր լույսերով սև դատարկություն հայտնվեց․ թունելն ավարտվեց, և գնացքը սառած գետի վրայով անցնող կամուրջ դուրս եկավ։ Բարձր շենքի տանիքից երևաց «Փա՛ռք խորհրդային մարդուն» գրվածքով պլակատը՝ լուսավորված խաչաձև երկնագույն լույսերով։

Մեկ րոպե անց գնացքը նորից թունել մտավ, և ապակու վրա հայտնվեցին ձեռքերով զանազան շարժումներ անող հարբեցողներ, շուղերով աղջիկ, որը մետրոպոլիտենի սխեմայի ներքևում նստած՝ ինչ-որ կապույտ գործվածք էր ավարտին հասցնում, գունատ դեմքով դպրոցական, որը երազում էր՝ պատմության դասագրքի լուսանկարներին նայելով, փափախով գնդապետ, որն անպարտելի կերպով սեղմում էր համարային կողպեքով ճամպրուկը, ինչպես նաև երևում էին ապակու այն կողմից ինչ-որ մեկի մատով գրված տպատառերը՝ «ԱՅՈ՛»։ Այնուհետև առջևում երկար և դատարկ փողոց հայտնվեց, որը ձյունով էր ծածկվել։ Ինչ-որ մի բան ծակում էր ոտքը։ Գրպանից հանեց ծայրին կանաչ սիսեռահատով քորոցը, որն անհայտ կերպով էր այնտեղ հայտնվել, և ձյունակույտի մեջ շպրտեց այն ու բարձրացրեց հայացքը։ Շենքերի լուսաճեղքերից երևացող երկինքը բարձր ու ջինջ էր, և նա շատ զարմացավ, երբ մանր աստղային խավիարի մեջ նշմարեց Մեծ Արջի գոգաթիակը․ չգիտես ինչու նա համոզված էր, որ այն միայն ամռանն է տեսանելի։

 Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի

[1] Մարզ Ուկրաինայի արևելյան մասում։

[2] «Ձերժինսկու մաուզերը»՝  70-ականներին հայտնի անեկդոտ։

[3] Խորհրդային պետական գործիչ, գրող, քննադատ, արվեստաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։

[4] Ուֆայի հոկեյի ակումբ։

[5] Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցինի պատմվածքը։

[6] Անթրոպոսոֆիա (հուն. anthropos՝ մարդ և sopia՝ իմաստություն)՝ մարդու մասին միստիկական ուսմունք, համաձայն որի՝ մարդը, զարգացնելով իր մեջ թաքնված աստվածային ունակությունները, կարող է հասնել բնության նկատմամբ հոգևոր իշխանության: Անթրոպոսոֆիան առաջացել է թեոսոֆիական ուսմունքից առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այս փիլիսոփայական ուղղությունը հիմնադրել է Ռուդոլֆ Շտայները 1912թ., որի նպատակը մարդու ինքնազարգացման մեթոդների ու ինքնաճանաչողության կատարելագործումն էր։

[7] Նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ, գրող։

[8] Հերման Մելվիլ՝ ամերիկացի գրող։

[9] Պղնձե երաժշտական փողավոր եղջյուրաձև գործիք։

[10] 1980-ականների խորհրդային հաղորդում։

[11] Հեռավոր արևելքի ձկնեղենի արդյունաբերության գլխավոր վարչություն։

[12] Երգիչ, ասմունքի վարպետ, դիրիժոր, նվագախմբի ղեկավար, ելույթավար, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

[13] «Союзпечать»

[14] 1670-1671 թվականների գյուղացիական ապստամբության առաջնորդ։

[15] Քաղաքատիպ ավան Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Պուրովսկի շրջանի կազմում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *