ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆ | Ի՞նչ թույն է լցնում Կլավդիուսը քնած ավագ Համլետի ականջները

 Արամ Թոփչյան

Այս վիճահարույց հարցը մինչև այսօր         զբաղեցնում է բանասերներին և անգամ բժիշկներին:
Ինչպես հայտնի է, մեզ հասել են «Համ­լետ»-ի` սկզբնագրային արժեք ունեցող երեք տպագիր տարբերակ (Շեքսպիրի երկերի ձեռագրերը չեն պահպանվել): Ա­ռաջինը «քա­ռածալ» (quarto, մոտ 14 x 20 սմ կամ դրանից փոքր-ինչ ա­վելի/պակաս` կախված թղթի նախնական չա­փից) հրատա­րակություն է (1603): Այն բնորոշ­ված է իբրև «վատ» (bad), համարվում է մի դերասանի հիշողությամբ վերականգնված գրահենական հրատարակություն և գրակա­նության մեջ հայտնի է որպես Quarto 1 (Q1): Երկրորդը` դարձյալ քա­ռածալ (1604/5), ինչպես ենթադրվում է, հիմ­քում ունեցել է Շեքսպիրի ձեռագիրը: Սա հա­մար­վում է «լավ» (good) և հղվում իբրև Quarto 2 (Q2): Իսկ երրորդը` ընդգրկված Շեքսպիրի դրամա­տիկական երկերի` հետմա­հու լույս տեսած մե­ծադիր «երկծալ» (folio) ժո­ղովածու­ում (1623), նույն­պես «լավ» բնագիր է: Այն (ինչպես և ողջ ժողովածուն) հայտնի է իբրև Folio 1 (F1) կամ պար­զապես` Folio (F):

     Q1-ում և Q2-ում թույնը կոչվում է` Hebona, F-ում` Hebenon: Կարծիք կա, թե Շեքսպիրն այս անորոշ բու­սանունը վերցրել է Քրիստոֆեր Մարլոյի «Մալթացի հրեան» պիեսից (գրվել է մոտ 1589 թ.), ուր իբրև ու­ժեղ թույն հիշատակվում է Hebon-ի քամուկը (III.4.103): Մարլոյի բառը նման է ebony-ին (հուն. ἔβενος, լատ. Ebenus կամ Hebenus), որը հայերեն եբենոսն է` հայտնի սևափայտ ծառը, բայց այն երբևէ թունա­վոր չի համարվել: Հետևա­բար բանասերները փորձել են այլ բացատրություն գտնել: Ըստ առաջարկված հիմնական տարբերակներից մեկի` hebona/hebenon-ը henbane բուսանվան աղա­վաղում է: Վերջինս, հայե­րեն` բանգ (աղ­շբանգ, բանգի, խոզբակլա, խելառ խոտ, լատ. Hyoscyamus. տե՛ս Armenag K. Bedevian, Illustrated Polyglottic Dic­tionary of Plant Names, Cairo, 1936, p. 325 և Ռուբեն Ղազարյան, Բուսանունների հայերենլատինե­րենռուսե­րենանգլե­րենֆրանսերենգերմաներեն բա­ռարան, Երևան, 1981 [երկրորդ հրատարա­կություն` 2002], էջ 16), իրոք թունավոր բույս է, որի չորս տե­սակ է իր «Բնական պատմության» մեջ (XXV.17) նշում Պլի­նիուս Ավագը (մ.թ. 23–79)` նույնիսկ գրե­լով, թե ա­կանջների մեջ լցնելու դեպ­քում դրա յուղը մար­դուն խելազրկում է, «միտքը խաթարում» (temp­tat mentem): Նա, սակայն, չի խոսում մահացու ներգործության մասին, իսկ բու­սա­նունների` էլիզաբեթյան ժամանակաշրջանի բառարաններում բանգին վերագրված հատկանիշ­ներն ընդհանրություն չունեն Շեքսպիրի նկարագրության հետ (հմմտ. Hamlet, ed. Harold Jenkins, The Arden Shakespeare [Se­cond Series], 2001 [first published 1982], p. 456): Բացի այդ, քիչ հավանական է Մարլոյի կամ Շեքսպիրի կողմից henbane-ի նման աղճատումը, քանի որ դա հստակորեն տարբերակվող բույս էր` իր ո­րոշակի անունով. տե՛ս, օրինակ, A Niewe Herball, or Historie of Plantes … by Henry Lyte Esquyer, London, 1578, p. 448–451, ուր նաև ասվում է, թե, ճիշտ ու չափավոր օգտագործման դեպքում, բանգը լավ միջոց է տարբեր ախտերի ու ցավերի (որոնց թվում` նաև ականջացավի) դեմ:

     Ուստի ավելի համո­զիչ է թվում մյուս տարածված բացատրությունը (Brinsley Nicholson, ‘Hamlet’s Cursed Hebenon,’ in The New Shakspere Society’s Transactions nos. 8–10 [1880–1886], London, p. 21–32), այն է` Շեքս­պի­րը նկատի ունի կենի (նաև` գեղձի, բզենի, կար­մրածառ, նետա­ծառ, անգլ. yew, լատ. Taxus. տե՛ս Be­devian, p. 577 և Ղա­զարյան, էջ 49) կոչվող ծառը/թու­փը, որի տե­րևները, սեր­մը, կեղևն ու անգամ փայտը խիստ թունա­վոր են: Ո­րոշ միջնա­դարյան աղբ­յուրներում, ուրիշ ծառերի նման, այն շփոթության հե­տև­անքով կոչվել է նաև He­benus/Ebenus (որտեղից էլ` կենու գերմաներեն Eibe ա­նունը և դրա այլ տարբերակներ մի շարք ազգակից լեզու­ներում [Nicholson, p. 25]): Պատ­ճառը, թերևս, «բուսաբանու­թյան հայր» Թեո­փրաստոսի (մ.թ.ա. մոտ 371 – մոտ 287) հետևյալ տեղեկությունն է. «Կենին (ἡ μίλος) … այդ ծառի մի տեսակը` Ար­կադիայից, սև է ու կարմիր» («սևի» հիման վրա ծառը շփոթվել է եբենոսի հետ): Գերմանացի բժիշկ ու բուսագետ Վա­լերիուս Կոր­դուսը (1515–1544) հույն բժիշկ Դի­ոսկորիդեսի (մ.թ. մոտ 40–90) մա­սին իր մեկ­նություններում գրում է. «Թույն է … կենին անկասկած այն ծառն է, որ մենք անվանում ենք Eibe, և որի փայ­տից մինչև հիմա աղեղներ … են սարքում… Իսկ նրանք, ով­քեր Eibe-ն հա­մա­րում են եբենոս (qui Eiben Ebenum esse credunt)` սոսկ անվան նմա­նու­թյունից խաբված, շատ սխալվում են» (թարգմանել ենք ըստ Նիքոլ­սոնի մեջ­բերման):

     Պլինիուս Ավագն ասում է (Hist. Nat. XVI.50–51), թե այդ ծա­ռը` չարա­գուշակ ու ահարկու տեսքով, այնքան թունավոր է, որ մեռնում են նույ­նիսկ դրա տակ քնողներն ու որևէ բան ուտողները, և սովորություն կա նե­տերը կենու թույնի մեջ թաթախելու: Պլինիուսի գրքի` Փիլեմոն Հոլլանդի անգլե­րեն թարգմանության մեջ (1601 թ.) սույն հատվածում ավելացված է, թե կենին «անիծյալ ծառ»` a cursed tree է (հմմտ. Ուրվականի cursed hebona/hebe­non արտահայտությունը): Իսկ վերը հղված բուսաբանական բառարանում, ի տարբերություն բանգի, չի նշվում կենու որևէ օգտակար հատկություն. այն «ամբողջովին թունավոր է և մարդու բնությանը դեմ» (Lyte, p. 768. հմմտ. Ուր­վականի «Մարդու արյանն այնքան խորթ է» բառերը հոդվածի վերջում մեջբերված համապատասխան հատվածում):

     Շեքսպիրի ժամանա­կակից բանաստեղծ Էդմունդ Սպենսերը (մոտ 1552–1599) իր «Դիցանուշ­ների թագուհին» անա­վարտ պոեմում ունի heben-ի մի քանի հիշատակում: Նախերգանքում (տող 23) նա դիմում է սիրո աստված Ամուրին` նրան հորդորելով, որ մի կողմ դնի իր dead­ly Heben bow-ն. «մահացու» մակդիրը վերաբերում է ոչ թե աղեղին (քանզի սի­րո նետերը մահացու չեն), այլ նյութին, որից աղեղը պատրաստված է, իսկ դրա համար, ինչպես երևում է նաև Կորդուսի վերո­հիշյալ խոսքից, օգտա­գործում էին կենու ճկուն ու ամուր փայտը: Սա մեկ այլ հստակ վկայություն է, որ այդ ծառը կոչվում էր նաև heben ու մահացու էր համար­վում:

Թեպետ ավագ Համ­լետի մահվան բանաստեղծական տպավո­րիչ նկա­րագրությունը կա­րող է երև­ակայական լինել և հիմքում չունենալ որ­ևէ մաս­նավոր թույնի ներ­գործու­թյան իրա­կան փոր­ձառություն, ուսումնա­սիրվել ու դրա հետ հա­մե­մատվել են նաև կենուց թունավորված մարդկանց ու կենդանիների ախտա­նիշները (W. A. Harrison, ‘Hamlet’s Juice of Cursed Hebona,’ in The New Shakspere Society’s Transactions nos. 8–10 [1880–1886], London, p. 307–316). մահն արագ է վրա հասնում, մաշկը/կաշին ճաք­ճքում ու թափ­վում է, և արյունը` մակարդվում (հմմտ. Ուրվականի խոսքերը հոդվածի վերջում): Կենին, ու­րեմն, ամենահա­վանական «թեկ­նածուն» է, բայց մնում է պատասխանել երկու հարցի.

1) Ինչո՞ւ Շեքս­պիրն այստեղ, ինչպես որ այլուր (օրինակ` «Ռիչարդ II», III.2.113 կամ «Մակ­բեթ», IV.1.27), չի օգտագործել այդ ծառի ճիշտ` yew անու­նը: Գուցե` բանաս­տեղծա­կան չափի նկատառումով:

2) Այդ դեպքում ինչո՞ւ է երկվանկ hebon/he­ben-ը, որ ավելի հարմար կլիներ չափատողի ռիթմին (With juice – of cur – sed he – bon in – a vi – al), դարձել եռավանկ hebona կամ he­be­non: Թերևս` գրաշարների սխալի հե­տևանքով:

Մեջբերենք Ուրվականի խոսքի համապատասխան հատվածը` մեր թարգմանությամբ.

Սպասի՛ր, կարծես առավոտյան սյուքն եմ զգում.

Կարճ կխոսեմ: Երբ այգումս քնած էի`

Իմ մշտական հետկեսօրյա սովորույթով,

Անհոգ ժամիս ծածուկ եկավ հորեղբայրդ.

Նա անիծյալ կենու թուրմ էր բերել շշով

Եվ դա լցրեց ականջներիս խոռոչները:

Բորոտացնող այդ մզուկի հատկությունը

Մարդու արյանն այնքան խորթ է, որ բնական

Անցումներով ու մուտքերով մեր մարմնի

Ընթանում է այն սնդիկի նման արագ`

Հանկարծակի ներգործությամբ խտացնելով,

Լերդացնելով մեր կենարար, նոսր արյունը`

Ինչպես կաթը լցված թթուն: Այդպես եղավ,

Ու տարածվեց իսկույն բորը կեղևի պես`

Պատելով ողջ հարթ մարմինս ժանտ, գարշելի

Թեփով, ինչպես Ղազարոսին:

Այսպես, քնած, եղբոր ձեռքով միանգամից

Ես զրկվեցի կյանքից, թագից ու թագուհուց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *