Բայց ո՞վ է կարդալու այս բանաստեղծությունը,
որի տողերի միջից խուլ տնքում է հայրս․․․․
Հովհաննես Գրիգորյան
Հովհաննես Գրիգորյանի հայրերգությունը, որը հիմնականում ամփոփված է նրա «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքւում, հորը նվիրված բանաստեղծությունների յուրահատուկ ծաղկեպսակ է և արդի ազատ բանաստեղծության հետաքրքիր ու տպավորիչ դրսևորումներից մեկը։
Թեպետ Հովհաննես Գրիգորյանի պոեզիան ընթերցողական ընկալման մեջ առավելապես առնչվում է անկախության և հետանկախական շրջանի գրական ընթացքին, սակայն դեռևս 1960-ականներին գրական դաշտ մուտք գործած, «Գարուն» ամսագրի շուրջ ձևավորված և շուրջ երկու տասնամյակ «երիտասարդական պոեզիա» պայմանական անվանումը կրող սերնդի ներկայացուցիչներից է նա, որն իր նոր ժողվածուներով շարունակեց ազատ բանաստեղծության իր նախասիրած ձևի՝ պառնասներից փողոց իջած, արտաքուստ պրոզայիկ հնչող սովորական խոսքի տիրապետությունը[1]: «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուն կարելի է դիտարկել որպես հեղինակի պատանեկության և երիտասարդության հուզաշխարհի հասունացման յուրատեսակ մանրակերտ։ Այստեղ միահյուսվում են պատերազմի, երկրաշարժի և մութուցուրտ տարիների ողբերգական արձագանքները, դարավերջի մարդու անձնական ու գոյաբանական ապրումները և բանաստեղծի համար ամենակարևոր անձանցից մեկի՝ հոր պատկերումը։ Գրականագետների և առհասարակ ընթերցողների կողմից ճիշտ է նկատված, որ հոր մասին բանաստեղծությունները մեզանում այնքան էլ շատ չեն: «Հայ, ինչպես նաև համաշխարհային գրականությունը հարուստ է մայրերգությամբ: Հայրերգությունը, իբրև գեղարվեստական գրականության թեմատիկ մասնավորություն, կարծես թե ընդհանրական սահմանման նախադեպ չունի: Հայ քնարերգության մեջ բացառիկ բանաստեղծություններ կան նվիրված հորը»[2]: Մյուս կողմից էլ՝ հավանաբար տղամարդու համար հորը բանաստեղծականացնելը ավելի դժվար է, և պատճառներից գլխավորը որդու՝ տարիներ հետո հորը նմանվելու կամ նրա կերպարի մեջ իր իդեալները մարմնավորելու ձգտումն է։ Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում ևս ստեղծագործության կենտրոնում կանգնած է հայրը, իսկ մայրը դառնում է օժանդակ կերպար[3]։
Վերոհիշյալ «հատուկենտ» բանաստեղծությունների համատեքստում կարելի է հիշատակել Համո Սահյան-ի առանձին գործերը («Ինչո՞ւ հիշեցրի», «Օգնականը ես եմ»․․․), Սիլվա Կապուտիկյանի՝ հորը նվիրված բանաստեղծությունը («Հորս»), փոքր անդրադարձները այլ երկերում, Արմեն Մարտիրոսյանի՝ «Չորս սոնետ Արամ հորս» բանաստեղծությունը (Հա՛յր, ցերեկը հոգսի մեջ, քեզ չեմ տեսնում, չեմ խոսում,// դու ցերեկները՝ մեռած, իմ գիշերվա այցելու: //// Կգաս, և ամպը ցավի կանէանա, կկորչի, //և կթվա, թե նորից նույն մանուկն եմ երեկվա // ու չեմ գամվի էլ երբեք աներևույթ իմ խաչին, //քեզ հետ, հասուն տարիքում, ես մշտական երեխա»)[4]:
Հոր կերպարի և մահվան թեմայի զուգակցումով՝ Հակոբ Մովսեսի «Վերադարձներ» բանաստեղծությունը (Երբ գալիս է մահը, հայելիները ծածկեցեք. թող նրանք մահը //չարտացոլեն։ Ժամանակը կանգ է առնում մի ակնթարթ, // լցվում խորքը նրա կաղապարի, ձեւ ստանում, // հետո նորից հանգիստ սկսում է հոսել։ Դա է մահը։ Դուք // չե՞ք տեսել նրան դեռ մոտիկից։ _Ես ուզում էի // նրան քշել, բայց դու, հայր իմ, // գլխիդ մեղմ թեքումով կանչեցիր մոտ, _// ոչ ինձ, ախ, ոչ, արդեն նա՞ էր քո սիրասուն որդին, _ // դու կանչեցիր նրան // և կոպերիդ տակ անխոս // պատսպարան տվիր[5])։
««Հրեշտակներ մանկության երկնքից» շարքի՝ հոր թեմային նվիրված բանաստեղծությունները վերոնշյալ ստեղծագործությունների հետ համադրությամբ ձևավորում են հայրերգության փոքր, սակայն ուշագրավ մի շարք, իսկ Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծական ոճը մնում է անշփոթելի իր ինքնատիպությամբ։ Թեպետ արդի բանաստեղծներից յուրաքանչյուրի պարագայում ևս կարելի է կիրառել «անշփոթելի» բնորոշումը՝ ընդգծելու նրանց անհատական մտածողությունն ու գեղարվեստական աշխարհընկալումը, այնուամենայնիվ Գրիգորյանի դեպքում այդ ինքնատիպությունը դրսևորվում է առանձնակի հստակությամբ։
Վերհուշի միջով կերտվող հոր պատկերը
Ուսումնասիրելով հոր կերպարը «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուում՝ նկատում ենք, որ «գրեթե բոլոր այն բանաստեղծությունները, որոնցում ներկայացվում է հայրը, կառուցված են վերհուշի սկզբունքով՝ «փոքր հատվածների մեջ մի ամբողջ կյանք պատկերելով»[6]։ Վերհուշի այս ձևով վերականգնվում է անցյալը, ավելի կոնկրետ՝ մանկության, պատանեկության շրջանը, դրվագներ, հուշեր ընտանեկան ամենասովորական ու տխուր առօրյայից, որոնք հաճախ ներառում են նաև գիտակցության հոսքի մոտվիներ։
Բանաստեղծություններում հնարավոր է նկատել կետադրական կամ շարահյուսական «շեղումներ», որոնք, սակայն, չեն կարող դիտվել որպես թերություն, այլ պայմանավորված են հեղինակի գիտակցված ընտրությամբ, այն է՝ չկետադրելու պրակտիկան երբեմն օգտագործել որոշ բանաստեղծություններում` ռիթմի և բովանդակության համաձուլվածք ստանալու համար[7]։ Այսպիսով տեքստը դուրս է գալիս դասական բանաստեղծության կառուցվածքային օրինաչափություններից և պահանջում այլընտրանքային ընթերցում․ արդի բանաստեղծությունը հանդես է գալիս որպես մարտահրավեր՝ ուղղված թե՛ ընթերցողին, թե՛ գրականագիտական ընկալմանը՝ պահանջելով վերլուծության նոր մոտեցումներ։
Հաշվի առնելով վերոնշյալը և մեր ուսումնասիրությունը կենտրոնացնելով հոր կերպարի դրսևորմանը Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում՝ մեր վերլուծությունը կկենտրոնացնենք հիմնականում հետևյալ բանաստեղծությունների վրա՝ «Առաջին օրը», «Անվերջ բաժանումների քաղաք», «Շարադրություն», «Եվ ահա նորից խոսում եմ պատերազմի մասին», «Թղթե նոր տարի», «Ինչքան հեռու ես, այ մարդ», «Հրաժեշտի բանաստեղծություն հայրիկիս», «Երբեք չմեռնես», «Սովորական մի ծառ», «Դուռը թակում են, ասաց հայրս», «Գյումրի, քաղաքային գերեզմանոց, հայրիկիս»։
«Առաջին օրը» բանաստեղծությունը, որը շարքում առաջին գործն է մեր ուսումնասիրությանն առնչվող, կառուցված է հիշողության միջոցով անցյալը վերականգնելու սկզբունքով․ Հովհաննես Գրիգորյանը ներկայացնում է լճի ափին հարմար թիկնելուց հետո հերոսի մտքում առաջացող հուշերը՝ կապված հոր ու պապի հետ․ «․․․․Հիշեցի մի նոր պատմություն, որն առաջին անգամ լսել եմ // առաջին երկրաշարժից հետո և երկրորդից մի քանի տարի առաջ՝ // դա իմ պապի մասին է, ողջ-առողջ, առանց մի քերծվածքի // վերադարձել է առաջին համաշխարհային պատերազմից // և մահացել է հանկարծակի։ Տուն հասնելուց //մի քանի օր հետո, խոտերի մեջ խաղաղ պառկած,— // պատմում էր հայրս որը նոր էր վերադարձել երկրորդ // համաշխարհային պատերազմից՝ ամբողջովին վերքերի մեջ // և մայրս ծխախոտը մոտեցնում էր նրա ճաքճքած շրթունքներին, // որովհետև հայրս չէր կարողանում ինքնուրույն // ծխել՝ ձեռքերը դեռևս վիրակապերի մեջ էին անշարժ։ // Սակայն նա ևս հեռացավ։ Եվ երկրորդ երկրաշարժը ցնցեց նրան, // երբ նա վաղուց գերեզմանոցում էր և // այդ ժամանակներից մայրս արդեն ինքն է ծխում հորս // համար վառած ծխախոտը»[8]:
Առհասարակ հայրը, պատերազմը, հոր վիրակապը և ձեռքի ծխախոտը, որը կարծես հոր ձեռքի շարունակությունը լինի, հաճախ ներկայացված են գեղարվեստական միևնույն պատկերում․ դրանք կերտում են միևնույն ծանր իրականության պատկերները, ինչպես, դիցուք, «Թղթե Նոր տարի» բանաստեղծության մեջ, որտեղ հոր արդեն ծանոթ վիրակապը օգտագործվում է որդու՝ ընկնելու պատճառով առաջացած վերքը վիրակապելու համար։ Բանաստեղծությունը ոչ միայն նախորդի պես վերհուշի ձևով է գրված, այլև երկու տարբեր ժամանակների՝ անցյալի և ներկայի համագո ամբողջություն է ներկայացնում, քանի որ փակագծային մեջբերումներով հեղինակը կերտել է ներկան, որտեղ հիշում է պատմվող դեպքերը, իսկ ընդհանուր բանաստեղծությունը՝ անցյալի հուշը, փակագծերից դուրս շարադրվածն է․ փոքրիկ տղան կանգնում է աթոռին ու շարում տոնածառի խաղալիքները՝ թղթե շոկոլադներ, թղթե խնձորներ, թղթե մանդարիններ, և մի Ձմեռ պապիկ՝ շքեղ ու հրաշալի, որը գնված էր պատերազմից շատ առաջ, իսկ մնացյալ թուղթը հետպատերազմյան ծագում ուներ։ Այս նկարագրությունը իր պարզության մեջ վեր է հանում նաև հետպատերազմյան կենցաղի պայմանները՝ ակնարկելով նյութական սղությունը, ու թե ինչպես է երեխան ինքնուրույն փորձում լրացնել այդ բացը՝ փոխարինող թղթե խաղալիքներով փորձելով ամանորյա տրամադրություն ստեղծել իր և ընտանիքի համար։ «․․․Եվ ահա կռանում եմ // խաղալիք վերցնելու, և ահա քույրերս ճչում են վախից // և մայրս վրա է վազում իմ լացի ձայնից և հայրս, որ // կարկամած նայում էր իր վիրավոր ձեռքին, // վիրավոր ձեռքին, որով չկարողացավ ինձ պահել, երբ // ընկնում էի, վիրավոր ձեռքին, որը դեռ նվվում ու ցավում է, // վիրակապերը՝ նվերը միակ, որ հայրս բերել է պատերազմի դաշտից // և հիմա փաթաթում էին ճակատիս, որ արյունը դադարի․․․» (էջ 159)։
Շարադրանքի ոճից նկատելի է նաև գիտակցության հոսքի կիրառությունը, որը թեև առավել բնորոշ է արձակին, հանդես է գալիս նաև ազատ բանաստեղծության մեջ՝ որպես հույզերի արտահայտման յուրօրինակ միջոց։ Հովհաննես Գրիգորյանը այն կիրառում է մի շարք բանաստեղծություններում՝ ձևավորելով անմիջական խոսք, ինչի արդյունքում պատկերը ստանում է ավելի անկեղծ և տպավորիչ բնույթ և ընթերցողի վրա թողնում առավել ուժեղ զգացմունքային ազդեցություն։
Հիշյալ պատկերները՝ պատերազմը, հայրը, վերքերն ու վիրակապերը և հոր ծխախոտը, թվում է, շարունակաբար տեղափոխվում են սյուժեից սյուժե, ժամանակից ժամանակ, և ամբողջացնում որդու հուշերը հոր մասին։ Լավագույն դրսևորումներից մեկը «Շարադրություն» բանաստեղծությունն է։ Որդին հանձնարարություն է ստացել դպրոցում՝ գրելու պատերազմի մասին, իսկ ով կարող էր խոսել այդ մասին, եթե ոչ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայրը, մինչդեռ․ «Պատերազմի մասի՞ն,// հնարավոր չէ, ասում էր հայրս, ոչ մի կերպ հնարավոր չէ // և ջղայնացած գնում-գալիս էր՝ // չնկատելով, թե ինչպես է ծխախոտ-ծխախոտի ետևից կպցնում // և նորից ճմլում մոխրամանի մեջ․․․․» (էջ 135)։ Առհասարակ պատերազմի մասին ամենից բարդ է խոսել հենց պատերազմից վերադարձածներին, ովքեր ամեն օր կռիվ են տվել մահվան դեմ, կորցրել ընկերներ ռազմի դաշտում։ Լևոն Խեչոյանը, ով Արցախյան առաջին պատերազմի մասնակիցն ու դրա վերաբերյալ լավագույն վեպերից մեկի հեղինակն է, գրում էր՝ գրականությունը կարողանալու հնարավորություն է՝ պատերազմն ատել տալու, այս դեպքում Հովհաննես Գրիգորյանը բանաստեղծության մեջ անմիջական պատերազմական դրվագներ չի ներկայացնում։ Փոխարենը, այն սպիները, որոնք երեխաները տեսնում են իրենց հոր մարմնի վրա, դառնում են ավելի խոսուն, քան ցանկացած նկարագրություն անգամ պատերազմի ամենադաժան դրվագներից։ Զավակները տեսնում են հորը, որը վերնաշապիկը հանում է հագից, սակայն «չգիտեր ինչպես թաքցներ, մարմինը՝ // ամբողջովին սպիների մեջ կորած….»։ «Մայրս արդեն լաց էր լինում անկյունում կծկված, // իսկ մենք փաթաթվել էինք ամբողջովին սպիներով պատված մեր հորը, // իսկ մենք լալիս ու ծիծաղում էինք սրտապատառ, // կարծես հենց նոր վերջացավ պատերազմի վերջին օրը» ( էջ 136)։ Նույնաբովանդակ է նաև «Եվ ահա նորից խոսում եմ պատերազմի մասին» սկսվածքով բանաստեղծությունը՝ հակադրությունների ամբողջական օրինակներով կազմված երկ, որը ներկայացնում է մեդալի հակառակ կողմն ու պատերազմի անմարդկային դեմքը նաև։ «Ես ահա, նորից խոսում եմ պատերազմի մասին // և վերքերի մեջ կորած հայրս// նորից տնքում է այս տողերի մեջ…» (142)։
Շքերթները, փողային նվագախումբը և դրա հետևից վազող երեխաները, որոնք պիտի դառնային հաղթական սերունդ պատերազմից հետո, կողք կողքի են այդ հաղթանակը բերած, դանդաղ քայլող մարդկանց հետ։ «Եվ դանդաղ էին գնում շարասյուները մարդկանց․․․ // և ինչպե՞ս կարող էին արագ քայլել միոտանի // հենակավոր տղամարդիկ, // ինչպես կարող էին արագ քայլել // թեկուզ երկու ոտքով՝ երկուսն էլ պրոթեզ․․․ » (էջ 142), նրանց հետևում են թուլակազմ ու թերսնված կանայք, գունատ ու սմքած, իսկ նրանց կողքին տղամարդիկ, որոնցից տարածվում էր մեդալների համաչափ շխկշխկոցը։ Իսկ շքերթից հետո բանաստեղծը հիշում է կրկին հորը, որը առաջվա նման չի խոսում պատերազմի մասին, այլ պարզապես ներկա է որդու հուշերում, բանաստեղծության տողերում՝ անվերջ ցավացող գլուխը ձեռքերի մեջ առած․ «Բայց ո՞վ է կարդալու այս բանաստեղծությունը, // որի տողերի միջից խուլ տնքում է հայրս (էջ 142) հուսահատ հարցնում է բանաստեղծը՝ չսպասելով պատասխանի։
Հայրն ու հայրենիքը հաճախ միաձուլվում են Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում։ Այս միաձուլումը հատկապես տեսանելի է «Անվերջ բաժանումների քաղաք» բանաստեղծության մեջ, որտեղ հոր կերպարի ներկայացումից առաջ ի հայտ է գալիս հայրաքաղաքը՝ Գյումրին։ Քաղաքի հետ յուրօրինակ «զրույցը» կառուցվում է գիտակցության հոսքի մեթոդով, ինչի շնորհիվ տեքստը ընթերցողին փոխանցում է առավելապես զգայական ընկալում, քան միագիծ, հստակ սկիզբ և ավարտ ունեցող բանաստեղծական կառուցվածք։ Քաղաքի հետ տխուր «մենախոսությունը» կտրուկ տեղափոխվում է անցյալ․ «հարազատ ձայներ // փաթաթվեցին դեմքիս, հարազատ մատներ // այտերս էին շոյում… ծանոթ քայլեր են – // հայրս տուն եկավ… ծանոթ բառեր են – քրոջս ձայնն է` // դաս է սովորում, // ինչ-որ դուռ է փակվում,// ինչ-որ լույս է հանգում…// Եվ կեսգիշերին արթնացած մի երեխա է լալիս, // որ վատ երազ է տեսել` սիրտը պատռվում է վախից» (էջ 125)։ Ընթերցողը բանաստեղծությունն ավելի տեսնում է և ապրում քնարական հերոսի ներսից, քան թե կարդում է այն։ Կորստի ցավը, ինչպես նկատվում է նաև այս բանաստեղծությունից, սաստկանում է 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո։ Թեպետ հոր մահը նախորդում է այդ իրադարձությանը (Սակայն նա (հայրը) ևս հեռացավ։ Եվ երկրորդ երկրաշարժը ցնցեց նրան, // երբ նա վաղուց գերեզմանոցում էր․ «Առաջին օրը»), երկրաշարժի ցնցումը սրում է արդեն իսկ ապրված կորստի զգացումը։ Մեծ ողբերգությունը գրողի համար բերում է նաև մեկ այլ ծանր հետևանք՝ ստեղծագործական անկարողություն, երբ խոսքը կարծես կորցնում է իր անհրաժեշտությունն ու իմաստը։ «Իսկ հետո, օրեր և ամիսներ հետո, երբ չարչարվում էի // ու ոչինչ չէի կարողանում գրել, հասկացա, // որ իմ ամենակարևոր բառերն արտասվել եմ // ավերված քաղաքի պարիսպների տակ…» (էջ 174)։ Նման հոգեվիճակ է արձանագրվում նաև գրականության մեջ, երբ կործանման տեսարանները ներծծվում են մարդու ներաշխարհում, ինչպես անձագանքում է Էդգար Ալան Պոյի հերոսը․ «այնքան եմ ներծծված Բաալբեկի, Թադմորի և Պերսեպոլիսի խարխուլ սյուների պատկերներով, որ հոգիս ինքը փլատակ է դարձել»[9]։
Հուզական մի շարք դրվագներում ի հայտ են գալիս սահմանային վիճակներ՝ քնի, երազի և իրականության, կյանի ու մահվան միջև։ Այս վիճակներում ձևավորվում է հոր և որդու յուրահատուկ կապը․ հայրը հաճախ աէր կրկնում՝ «երեխան լալիս է», կարծես զգում էր որդուն։ «Հարյուրից ինըսունինը դեպքում մայրս ինձ գտնում էր // աղիողորմ ողբալիս՝ ծնկներս արյունած կամ գնդակս կորցրած․․․ (էջ 162–163)։ Այս միտքը հետագայում նոր իմաստ է ստանում, երբ արդեն հոր մահից հետո դերերը փոխվում են, և որդին է լալիս՝ առանց հոր կողմից «լսված» լինելու «Իսկ երբ հետո, տարիներ անց հայրս մահացավ// և ես նրա դագաղի կողքին կանգնած լալիս էի բարձրաձայն, // մայրս մշուշված նայելով ցավերից հանդարտված հորս դեմքին // դառը կշտամբանքով ու տարակուսած ասում էր․ // —Այս ինչքան հեռու ես հիմա դու, այ մարդ, // որ երեխան կողքիդ լալիս է աշխարհով մեկ, // իսկ դու չես լսում բոլորովին․․․» (էջ 162-163)։ Հոր բացակայությունը ոչ միայն ֆիզիկական կորուստ էր, այլ նաև երբեմնի ներքին կապի խզում նրանց միջև։ Հոր մահից հետո որդու համար մնում են հիշողությունները, բանաստեղծելը և հոր հետ շարունակվող ներքին, երևակայական զրույցը։ Թեպետ ժամանակի ընթացքում ստեղծագործելու կարողությունը վերականգնվում է, սակայն կորստի զգացումն ու շրջապատող սոցիալական ծանր պայմանները չեն մեղմանում, այլ ավելի են սրվում։ «Գիր ու գրականությամբ ի՞նչ պիտի վաստակես մի երկրում, ուր ոչ ոք այլևս գիրք չի կարդում», գրում է Հովհաննես Գրիգորյանը «Գյումրի, քաղաքային գերեզմանոց, հայրիկիս» բանաստեղծության մեջ, որը շարքի նախավերջին գործն է և ամփոփում է հորը կորցրած որդու շարունակվող երևակայական զրույցը հոր հետ․ «ո՞ր մեկին սգամ, հայրիկ, ես, որ քո մահից // հետո ոչ մի ուրախ օր չեմ ապրել, ոչ մի թեթև օր…» (էջ 178)։
Այսպես կոչված ներքին երկխոսության շարունակությունն է նաև «Դուռը թակում են, ասաց հայրս» սկսվածքով բանաստեղծությունը, որը նախորդների նման գիտակցության հոսքի տարրեր է պարունակում։ Այստեղ ժամանակային սահմանները խախտված են․ անցյալն ու ներկան միահյուսվում են, և հոր ձայնը «հնչում» է արդեն նրա մահից հետո։ «Դուռը թակում են, ասաց հայրս, և ես հանկարծ հիշեցի` // մահվանից մի քանի ամիս առաջ ինձ ժամացույց նվիրեց, // որ ես երբեք չմոռանամ իրեն` իսկ ես ի՞նչ իմանամ, // թե ինչքան եմ ապրելու,- ասացի նրան, երբ նայելով // աչքերիս, խնդրեց` ինձ երբեք չմոռանաս» (էջ 167)։ Ընթերցելիս տպավորություն է, որ բանաստեղծությունը զրույց է արդեն իսկ մահացած հոր հետ, քանզի որդին լսում է հոր՝ «Դուռը թակում են․․․» խոսքը արդեն մահվանից հետո։ Սերգեյ Սարինյանը այս երևույթը դիտարկում է որպես «մահերգության» դրսևորում, երբ հայրը ներկայանում է որդուն մահից հետո, իսկ որդին խոսում է նրա հետ՝ երևակայում նրա կենդանի ներկայությունը[10]:
Վերլուծելիս Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները, հատկապես հոր մասին գործերը, դժվար է հետևել վերլուծության մեկ կանոնի, միագիծ ուղի բռնել։ Ժամանակագրական հերթագայությունը, ոճական նմանությունները կամ այլ կառուցվածքային գործոններ հաճախ կաղապարում են ընկալումը և կարող են շփոթեցնել ընթերցողին։ Այս պատճառով մեր ուսումնասիրության մեջ առաջնորդվել ենք սկզբնական մոտեցմամբ՝ կենտրոնանալով հորը հիշատակող առաջին բանաստեղծության վրա և դրանից քարտեզագրվող մոտիվների հաջորդականությամբ․ մինչդեռ առավել խոր և համակողմանի վերլուծության դեպքում, անշուշտ, կբացահայտվեն առավել արդյունավետ մեթոդներ։
Կարևոր ենք համարում խոսել նաև որդու՝ հորը ձգտելու, նրան նմանվելու երևույթի մասին։ Մանկության, երիտասարդության տարիներին որդու ցանկությունները լի են եղել հոր հետ նույնանալու մղումով, որը արտացոլվում է «Հրաժեշտի բանաստեղծություն հայրիկիս» ստեղծագործության մեջ․ «Գլխիկոր վազում էի քո ետևից, // Իսկ դու շատ արագ էիր քայլում, // Թնկթնկում էի, իսկ դու չէիր լսում, // Ծանրացել էր լսողությունդ պատերազմից։ // Տարիներն անցնում էին աննկատ․․․․ // դու դարձյալ արագ էիր քայլում, // Վազում, // չէի հասնում քո հետևից» (էջ 164): Սա թերևս որդիական սիրո և ցանկությունների հավերժական ձգտումն է՝ նմանվել հորը, ինչը հաճախ չի իրականանում այնպես, ինչպես երազում է զավակը։ Ահա այս ձգտումները շարունակվում են նաև հոր կորստից հետո՝ «թե այս և թե այն աշխարհում», քանի որ որդիական կապը ներքինորեն պահանջում է հոր ներկայությունը։
Իսկ ի՞նչն էր հայրական պատգամը, ի՞նչ թողեց պատերազմի բովով անցած հայրը, որը մեռավ օրը ցերեկով՝ պայծառ արևի տակ։ Թերևս հորը վերաբերող մի շարք տպավորիչ բանաստեղծություններից առանձնացնել կարելի է իրար կողք կողքի գտնվող՝ «Երբեք չմեռնես» և «Սովորական մի ծառ» բանաստեղծությունները, որոնք հոր մահվան փաստի ամենաազդու գեղարվեստական դրսևորումներն են, նրա պատգամը՝ զավակներին, և հոր մասին բանաստեղծությունների առանցքն են կազմում։ Հոր՝ «Երբեք չմեռնես» պատգամը, որը միակ խոսքը կարող էր լինել երկրորդ համաշխարհային պատերազմից հրաշքով վերադարձած հոր համար՝ ուղղված որդուն, և որը հակադրվում է ինչ-որ իմաստով «Հիշիր մահվան մասին» (memento mori) լատինական հայտնի ասույթին։ Այս թևավոր խոսքն օգտագործվել է ռազմի դաշտից վերադարձող հռոմեացի զինվորականների հաղթական երթի ժամանակ․ նրանց բոլորին հիշեցնում էին, որ չնայած փառքին՝ այնուամենայնիվ մահկանացու են։ Եվ կյանքի ու մահվան սահմանային վիճակում գտնվող տղամարդը՝ հայրը, որն առերեսվել էր մահին, բնականորեն պետք է խուսափեր դրանից թեկուզև երբեք չմեռնես պատգամով։ «Գրիգորյանը մահվան ողբերգականության համապատկերի մեջ է տեսնում հոր հետ կապված յուրաքանչյուր մանրամասն: «Երբեք չմեռնես» հայրական պատգամը մահվան անկողնում` իրականում հոր` երբեք չմեռնելու հուսահատ ցանկությունն է»[11]:
«Երբեք չմեռնես» և «Սովորական մի ծառ» բանաստեղծությունները սուր հակադրություններ են ամփոփում. մահվան ծանր պատկերներն ու դուդուկի խոր հնչյունները բախվում են պայծառ արևի լույսի և մանկական կենսատու ծիծաղի պատկերների հետ՝ ընդգծելով կյանքի ու մահվան միջև եղած նուրբ սահմանը։
ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ
«Ես դառնությամբ հասկացա,
թե ինչ ծանր է մեռնել ցերեկվա պայծառ լույսերի մեջ ողողված,
երբ պատուհանից պարզ երևում է դիմացի պատշգամբը, և մի կին պատշգամբում պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը»։
«Վերևի հարկում շրխկոցով
բացվում է դուռը և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը լցվում է միջանցք, տարածվում աջ ու ահյակ,
այնուհետև` աշխարհով մեկ․․․․»։
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԻ ԾԱՌ
«Իսկ երբ հայրս իջավ գերեզման,․․․․․
Դա տեղի ունեցավ ցերեկը, պայծառ արևի տակ, բոլորի աչքի առաջ.-
դուդուկները տխուր նվագում էին,
մայրս ու քույրերս լաց էին լինում,
իսկ ես դանդաղ խրվում էի հողի մեջ…»։
«Ես հիմա կիսով չափ հողի մեջ եմ, սովորական մի ծառ, որ խոսել գիտի, բայց շատ ավելի գերադասում է լռել»:
Որդին դառնում է սովորական մի ծառ հողի մեջ, այն հողի, որում հայրն է՝ ավելի մոտ լինելով նրան։ Ծառ երևույթը թեպետ տոհմածառի խորհրդանիշն է նաև ու սերունդների գոյությունը փաստող սիմվոլ, սակայն հողի մեջ կիսով չափ խրված որդին կարծես արմատներով միանում է հոր հանգրվանին, և այս պարագայում ծառի նշանակություններից մեկն էլ որդու՝ հորը մոտենալու նրան վերջապես հասնելու, միանալու ձգտումն է նաև։ Սուրեն Աբրահամյանը Հովհաննես Գրիգորյանի այս բանաստեղծության վերաբերյալ կիրառում է «հայրանալ» բառը՝ նշելով․ «բանաստեղծը, հայրանալով, հիմա ինքն է կիսով չափ խրվում հողում»[12]։ Իսկ Գրիգոր Պլտյանը հոր մասին բանաստեղծություններին առհասարակ անդրադառնալով նշում է՝ «Որդին կդառնա հոր նման. կնույնանա անոր, ուստի` կրնա հրաժեշտ տալ անոր: Իսկ հոր ու որդիի նույնացումը ո՞ւր ավելի հստակ կգրվի եթե ոչ խոսքին մեջ, պատվերին: Հովհ. Գրիգորյանի գյուտերեն մեկն ալ այս է. բանաստեղծությունը հոր խոսքն է. հայրությունն է[13]: Այսպիսին է որդու՝ հորը փնտրելու, նրան նմանվելու ձգտումը․ թեպետ ամբողջ կյանքում հայրը արագ ու որդուց առաջ էր քայլում, և նրա հետևից գլխիկոր վազող տղան չէր հասնում հորը, բայց ի վերջո նա էլ է հայրանում։ Հովհաննես Գրիգորյանի «Դու, որ չափից դուրս արագ քայլերով հեռացար այս աշխարհից» բանաստեղծության մեջ, որն ի դեպ «Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ» խորագիրը կրող գրքում է ընդգրկված, կարծես գտնում ենք այս հաղթահարումը․ «Կոտրված սրտով հեռացողների մեջ // Դու չէ որ վերջինն ես լինելու: // Բայց ի՞նչ իմաստ ուներ այսքան հապճեպ // նետվել այս փայտե պլպլան արկղի մեջ` աչքերդ փակ, // և ձեռքերդ ծալած կրծքիդ․․․․»[14]։ Եթե հորը հիշատակած ստեղծագործություններում Հովհաննես Գրիգորյանը մշտապես «դանդաղում» ու չի հասնում նրան, այս դեպքում, ինքն իր մասին երկրորդ դեմքով ներկայացնելով՝ հակադրվում է ասես հենց իրեն՝ նախորդ բանաստեղծություններում, և հապճեպ փայտե արկղ նետված որդին, թեկուզ այն աշխարհում, բայց, ի վերջո, հասնում է հորը։
Ուշադրության է արժանի ևս մեկ հանգամանք․ հոր մասին բանաստեղծությունները և մանկության ու պատանեկության հուշերի այս մանրակերտը չի ավարտվում տխուր կամ ողբերգական տրամադրությամբ։ Հովհաննես Գրիգորյանի տարբեր ստեղծագործություններում նկատելի է շրջապտույտի, «հավերժական վերադարձի» մոտիվը (ՀՄԵ «Ես արդեն հասկացա, որ մենք նորից կհանդիպեն» էջ 78, «Մի գնա հեռու, որովհետև ճանապարհը ոչ մի տեղ չի վերջանում» էջ 96-97, «Շրջապտույտ» էջ 106, «Եվ ինչ է ողբերգությունը առանց անձրևի» էջ 170), որը բնորոշ էր այդ ժամանակի հեղինակներին և, ինչպես կարելի է ենթադրել, պայմանավորված էր մոտալուտ դարավերջի, հազարամյակի վերջի, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական խիստ փոփոխություններով՝ 20-րդ դարի ողբերգական իրադարձությունների ազդեցությամբ, որն ի վերջո հասցնում է գուցե ինչ-որ իմաստով լավատեսական եզրահանգման։ «Նոր վերադարձ» բանաստեղծության մեջ կարդում ենք․ «Դու գիտես, որ նորից ու նորից ես ծնվելու // այս ցուրտ քաղաքում, // անքուն գիշերներ ես անցկացնելու // այս թրթռիկ վրանի տակ, և մայրդ // գիշեր-ցերեկ նստելու է օրորոցիդ կողքին` անտաշ փայտի ձողով քշելու առնետներին վխտացող…// Եվ փոշու մեջ կորած հայրդ վերադառնալու է տուն․․․․» (էջ 171), իսկ «․․․․ Եվ ինչ է ողբերությունը առանց անձրևի» բանաստեղծության մեջ, որտեղ մահվանը մի օր հաջորդելու է կյանքը, կարդում ենք նույնաբովանդակ միտքը․ «․․․և երբ բոլորը հեռանան, կանցնեն երկար օրեր ու տարիներ, մինև որ կգա մայրս, վերջապես, կբռնի ձեռքս և կօգնի, որ դուրս գամ այս գարշելի փոսից, կխոզանակի շորերս և ձեռքս բռնած կտանի ինձ դպրոց․․․․»։ Այս «վերադարձը» գուցե խոստանում է նույն տխուր կյանքը, բայց այն ի վերջո նոր տողի հույս է արթնացնում, նորից ապրելու ու ստեղծագործելու հնարավորություն ընձեռում և հուսադրում, որ հայրն ու որդին դեռ նորից են հանդիպելու՝ գուցե և այլ աշխարհում։
Եզրակացություն
Թեպետ կառուցվածքային առումով Հովհաննես Գրիգորյանի երիտասարդ շրջանի այս բանաստեղծությունները նորարարություն էին համարվում ժամանակի պոեզիայի համատեքստում ու հաճախ քննադատվում, այնուամենայնիվ, տեղին է հիշել, որ Գրիգորյանն իր «Ազատ բանաստեղծության դասական օրինաչափությունները» հոդվածում, ազգային բանաստեղծության մասին խոսելիս, մեջբերելով Մանուկ Աբեղյանին՝ նշում է՝ հայ հին բանաստեղծությունները արձակին մոտ ոտանավորի ձևեր են, որոնք չունեն երաժշտականություն, բայց ունեն որոշ ռիթմ և մոտ են մեր հոգևոր երգերին, հետևապես «երիտասարդ հայ բանաստեղծը, հրաժարվելով դասական օրինաչափություններից և ընտրելով «արձակին շատ մոտիկ ազատ ոտանավորի մի ձևը», պարզապես վերադարձել է իր ազգային, հին և իսկական բանաստեղծության արմատներին[15]: Այս դատողությանը կարող ենք ավելացնել նաև Թ. Ս. Էլիոթի անդրադարձը ավանդույթի և անհատի տաղանդի մասին․ «Ո՛չ մի բանաստեղծի և արվեստի ցանկացած բնագավառի ո՛չ մի ներկայացուցչի նշանակությունը պայմանավորված չէ միայն իրենով։ Նրա կարևորությունը, նրա արժևորումը մահացած բանաստեղծների և արվեստագետների հետ իր հարաբերակցության արժևորումն է։ Չես կարող գնահատել միայն գրողին․ պետք է նրան հակադրես և համեմատես մահացած գրողների հետ։ Արվեստի մի նոր նմուշ ստեղծելը մի երևույթ է, որ միաժամանակ կատարվում է նաև իրեն նախորդող արվեստի գործերի հետ»[16]։ Հետևապես Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունների կառուցվածքային առանձնահատկությունները ոչ թե թերություններ են, այլ ազգային բանաստեղծության արմատներին մոտենալու փորձ՝ կառուցվածքային իմաստով, և հայրերգություն կերտելու փորձ՝ բովանդակային, թեպետ և ոչ հեղինակի կողմից հատուկ մտածված նպատակով։ Եթե ամփոփել փորձենք Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում հոր կերպարը, կարող ենք ասել հետևյալը․
- Հայրը բանաստեղծություններում հիմնականում վերհուշի միջոցով է կերտված․ երբ որդին ներկա որևէ ժամանակից մտովի տեղափոխվում է անցյալ ու հիշում հորն ու նրա վերաբերյալ դրվագները։
- Հայրը սովորաբար առանձին պատկերներում չի արտահայտվում, այլ միաձուլված է պատերազմի, դրա հետքերով՝ իր վիրակապերի ու վերքերի, երկրաշարժի և ընտանեկան անուրախ առօրյայի ֆոնին։
- Հայրը դառնում է պատերազմի զոհը փոխաբերական իմաստով, որը վերադառնալուց հետո այլևս այն ծանոթ մարդը չէ, և երբեք չի կարող դառնալ ինչպես առաջ, հաղթահարել իր մեջ պատերազմը։ «Երբեք չմեռնես» պատգամը նաև այս պայքարի արտացոլումն է։
- Հիշողությունը Գրիգորյանի պոեզիայում դառնում է ոչ միայն անցյալի վերականգնում, այլև հոր հետ ներքին երկխոսության ձև․ հոր հետ զրույցները որդին շարունակում է անգամ նրա մահից հետո։
- Որդու՝ հորը հասնելու ձգտումները չեն իրականանում այս կյանքում, սակայն դրանք իրականանալի են թվում «այն աշխարհում», երբ որդին վերջապես կարողանում է «հասնել» շտապող հորը։
Հղումներ
[1] Տե՛ս Գրիգորյան Ս․, Հայաստանի պոեզիան անկախության շրջանում։
[2] Նիկողոսյան Ա․, Հովհաննես Գրիգորյանի պոեզիան (Նոթագրումներ մենագրության համար):
[3] Տե՛ս Ղազարյան Մ., Ծննդավայրի և մանկության պատկերը Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքում։
[4] Մարտիրոսյան Ա․, Շարակնոց, ««Առերեսում»-Անի» հրատ․, Եր․, 1997թ․, էջ 33։
[5] Մովսես Հ․, Գիրք ծաղկման, «Նաիրի» հրատ․, Եր․, 1992 թ․, էջ 180։
[6] Տե՛ս Ղազարյան Մ․ Ծննդավայրի և մանկության պատկերը Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքում։
[7] Տե՛ս Գրիգորյան Հ․, Թե ինչպես «անհետացավ» բանաստեղծությունը, Գրական թերթ, թիվ 1559, 1970թ․, 6 նոյեմբերի, էջեր 2-3։
[8] Գրիգորյան Հ․, Հրեշտակներ մանկության երկնքից, «Զվարթնոց» հրատ․, Եր․, 1992 թ․, էջ 80: Այսուհետև գրքից մեջբերումները կտրվեն փակագծում՝ նշելով համապատասխան էջը։
[9] Պո Է․ Ա․, Անուրջներ և մղձավանջներ։ Պատմվածքներ, «Անտարես» հրատ․, Եր․, 2022 թ․, էջ 188։
[10] Սարինյան Ս․, Պայմանական աշխարհի բանաստեղծը, Գրական թերթ, թիվ 2877, 2007թ․, 2 փետրվարի, էջեր 6-7։
[11] Նիկողոսյան Ա․, Հովհաննես Գրիգորյանի պոեզիան (Նոթագրումներ մենագրության համար։
[12] Աբրահամյան Ս․, Հովհաննես Գրիգորյան․ «Ընդամենը մի տող և ընդամենը․․․ մի կյանք»
[13] Պլտյան Գ․, Հովհ. Գրիգորյանը ժամանակին դիմաց. «Դանդաղ ժամեր»։
[14] Գրիգորյան Հ․, Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ, ՀԳՄ հրատ․, Եր․, 2010թ․, էջ 47։
[15] Գրիգորյան Հ․, Ազատ բանաստեղծության դասական օրինաչափությունները։
[16] Էլիոթ Թ․, Ավանդույթն ու Անհատի Տաղանդը։
Գրականության ցանկ
Գեղարվեստական գրականություն
- Գրիգորյան Հ․, Հրեշտակներ մանկության երկնքից, «Զվարթնոց» հրատ․, Եր․, 1992 թ․, 184 էջ։
- Մարտիրոսյան Ա․, Շարակնոց, ««Առերեսում»-Անի» հրատ․, Եր․, 1997թ․, 75 էջ։
- Մովսես Հ․, Գիրք ծաղկման, «Նաիրի» հրատ․, Եր․, 1992թ․, 200 էջ։
- Պո Է․ Ա․, Անուրջներ և մղձավանջներ։ Պատմվածքներ, «Անտարես» հրատ․, Եր․, 2022թ․, 308 էջ։
- Գրիգորյան Հ․, Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ, ՀԳՄ հրատ․, Եր․, 2010թ․, 163 էջ։
Պարբերական մամուլ
- Գրական թերթ, թիվ 1559, 1970թ․, 6 նոյեմբերի, էջեր 2-3։
- Գրական թերթ, թիվ 2877, 2007թ․, 2 փետրվարի, էջեր 6-7։
Համացանցային աղբյուրներ
- Աբրահամյան Ս․, «Ընդամենը մի տող և ընդամենը… մի կյանք»։
- Գրիգորյան Ս․, Հայաստանի պոեզիան անկախության շրջանում։
- Ղազարյան Մարինե, Ծննդավայրի և մանկության պատկերը Հովհաննես Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» շարքում։
- Նիկողոսյան Ա․, Հովհաննես Գրիգորյանի պոեզիան (Նոթագրումներ մենագրության համար)։