Անդրե Մորուա | Մանուշակներ ամեն չորեքշաբթի

Անդրե Մորուա

Ջեննի Սորբիեն ամբողջ ճաշկերույթի ընթացքում շլացուցիչ էր եղել: Դերասանական տաղանդով պատմված և վիպասանի հանճարով համեմված
անեկդոտներն ու պատմվածքները միահյուսվել էին անսպառ եռանդով: Լեոն Լորանի հյուրերը հմայված, խանդավառված, լիովին տարված, տպավորություն ունեին, թե հիանալի ժամեր էին ապրում ժամանակի սահմաններից էլ դուրս:
-Գրեթե ժամը չորսն է և օրն էլ չորեքշաբթի է: Դե գիտեք, Լեոն, որ սա այն օրն է, երբ մանուշակներ եմ տանում սիրեցյալիս:
-Շատ ափսոս,-ասաց նա իր կցկտուր ձայնով, որ հայտնի էր դարձրել բեմում: Սակայն գիտեմ, թե որչափ հավատարիմ եք, ուստի չեմ պնդի:
Ջենին գրկախառնվեց կանանց, տղամարդիկ նրան գրկախառնվեցին, և նա գնաց: Դուրս գալուն պես գովեստների տարափ հորդեց:
-Նա իսկապես արտակարգ կին է: Լեոն, քանի՞ տարեկան է:
-Ութսունի մոտ: Երբ երեխա ժամանակ մայրս ինձ տանում էր Կոմեդի Ֆրանսեզի դասական ներկայացումներին, Ջենին արդեն հայտնի Սելիմեն էր: Իսկ ես այլևս երիտասարդ չեմ:
-Հանճարը տարիք չի ճանաչում,-ասաց Կլեռ Մենետրիեն: Խոսքը ի՞նչ մանուշակների պատմության մասին է:
-Դա մի փոքրիկ սիրավեպ է, որ ինձ պատմել է Ջենին, բայց որի մասին երբեք չի գրել: Սակայն ես չեմ համարձակվի պատմել նրա բացակայությամբ: Համեմատությունը սարսափելի կլիներ:
-Այո, համեմատությունը սարսափելի է: Սակայն մենք Ձեր հյուրն ենք և ակնկալում ենք, որ մեզ կզբաղեցնեք` փոխարինելով Ջենիին, քանի որ վերջինս մեզ լքեց:
-Լավ, կփորձեմ պատմել Ձեզ «չորեքշաբթյան» մանուշակների պատմությունը: Վախենում եմ, որ այն շատ սենտիմենտալ կթվա մեր ժամանակների ըմբռնման համար:
-Բնավ ոչ,-ասաց Բերտրան Շմիդտը,-մեր ապրած ժամանակը զգացմունքների ծարավ է: Մարդիկ ցինիկ են ձևանում իրենց զգայական ձգտումները թաքցնելու համար:
-Մի՞թե: Դե լավ, համոզեցիք: Կհագեցնեմ այդ ծարավը: Դուք բոլորդ այստեղ շատ երիտասարդ եք հիշելու համար, թե ինչպիսին էր Ջենիի հռչակը երկար ժամանակ ի վեր: Նրա շեկ վարսերը, որ սովորաբար արձակում էր հիանալի ուսերին, նշաձև աչքերը, զննող հայացքը, գրավիչ ձայնը` փոքր-ինչ բամբ, հետո հանկարծ թրթռուն, այնիպիսի վեհ և տպավորիչ գեղեցկություն էին կազմում, որից հնարավոր չէր աչք կտրել:
-Լավ մենախոսություն է, Լեոն:
-Այո, սակայն այլևս չի համապատասխանում մեր ժամանակներին: Այնուամենայնիվ շնորհակալություն: Նա իր առաջին մրցանակը շահեց կոնսերվատորիայում 1859թ.-երին և անմիջապես ընդունվեց Կոմեդի Ֆրանսեզ: Ավաղ, ես սեփական փորձիցս գիտեմ, որ այդ հայտնի թատրոնում դժվարությունները շատ են: Ռեպերտուարի անդամներն ունեն իրենց հովանավորները, որոնք նրան նախանձախնրորեն հետևում են: Սոբրետներից ամենահիանալին կարող է սպասել մինչև իսկ տաս տարի մինչ Մոլիերի կամ Մարիվոյի դերերից մեկին արժանանա: Ջենին` մեծ կոկետուհին, պայքարում էր համառ և ուժեղ կանանց դեմ: Մեկ ուրիշը կհրաժարվեր առաջընթաց ունենալու մտքից կամ երկու տարի անց կտեղափոխվեր Փարիզի Կոմեդիայի թատրոններից մեկը: Սակայն մեր Ջենին այդպիսին չէր: Նա պայքարեց` նվիրաբերելով այն ամենը, ինչ ուներ. դերասանական տաղանդ, կուլտուրա, գրավչություն, արբեցնող վարսեր:
Շատ շուտով նա Կոմեդի Ֆրանսեզում գրավեց առաջին շարքերը: Սդմինիստրատորը հիանում էր նրանով: Հեղինակները նրան դժվար դերեր էին տալիս, որոնք, ինչպես ասում էին, միայն նա կմարմնավորեր: Քննադատները նրա նկատմամբ անհավատալի զսպվածություն էին ցուցաբերում: Նույնիսկ Սարսեյը /ֆրանսիացի վիպասան և քննադատ/ գրում էր. «Նրա կեցվածքն ընդունակ է կախարդել մինչև իսկ կոկորդիլոսին»:
Հայրս, որ նրան ճանաչել էր այդ ժամանակշրջանում, ինձ ասել է, որ Ջենին պաշտում էր իր մասնագիտությունը, այդ մասին խոսում էր խելացիությամբ և փորձում էր իր գործից նոր ու ցնցող տպավորություններ ստանալ:
Սյդժամ թատերական աշխարհը ձգտում էր միամիտ ռեալիզմի: Եթե օրինակ Ջենին որևէ ներկայացման մեջ պետք է թունավորումից մահանար, նա այցելում էր հիվանդանոցներ` ուսումնասիրելու թույնի ներգործությունը: Ինչ վերաբերում է զգացմունքների արտահայտչաձևին` նա ուսումնասիրում էր սեփական անձը: Երբ խոսքն իր արվեստին էր վերաբերում, նա ցույց էր տալիս բալզակյան կասկածների բացակայությունը, երբ վերջինս իր վեպերից մեկում գործածում է սեփական անձի կամ սիրած կնոջ կիրքը:
Դուք գլխի եք ընկնում, որ հանկարծակի փառքի հասած հրաշագեղ աղջիկն ուշադրության կենտրոնում էր: Ընկերներ, գրողներ և բանկիրներ էին փորձում իրենց բախտը: Բանկիրներից մեկը` Հենրի Ստալը, դարձավ նրա ընտրյալը: Եվ ոչ թե որովհետև հարուստ էր. չէ՞ որ Ջենին ապրում էր իր ընտանիքում և քիչ կարիքներ ուներ: Բանն այն է, որ Ստալը մեծ հմայք ուներ, և ամենակարևորը` նրան ամուսնության առաջարկություն էր արել: Դուք գիտեք, որ այդ ամուսնությունը հետաձգվեց, քանի որ Ստալի ծնողները դեմ կանգնեցին: Հարսանիքը տեղի ունեցավ երեք տարի անց, սակայն համատեղ կյանքը երկար չտևեց. անկախության ձգտող Ջենին չէր կարող հաշտվել ամուսնական կյանքի սահմանափակումների հետ: Բայց դա այլ պատմություն է: Վերադառնանք Կոմեդի Ֆրանսեզի, մեր ընկերուհու դեբյուտների և … մանուշակների թեմային:
Պատկերացրեք արտիստների նախասրահը, ներկայացման ռեպրիզայի ժամանակ Ջենիի խաղը Դյումա որդու “La Princesse de Bagdad” ներկայացման մեջ: Գիտեք, որ պիեսը միշտ էլ ունենում է թերացումներ և նույնիսկ ես, որ պաշտում եմ “Le Demi-Monde”, “L’ami des femmes”, “Francillon” ներկայացումներն իրենց ամուր կառուցվածքի համար, “Etrangere”ի կամ “La Princesse” ում Դյումայի վառ ներկայությունը ժպտալու տեղիք է տալիս: Բայց բոլոր նրանք, ովքեր տեսել են Ջենիին այդ դերում, գրել են, որ նա դրան կենդանություն էր հաղորդում: Ես այդ մասին հաճախ եմ նրա հետ խոսել: Զարմանալին այն է, որ նա դրան հավատում էր. «Այդ տարիքում, -ասաց նա ինձ,- ես պարզապես մտածում էի Դյումա որդու հերոսուհու նման, և ինձ համար տարօրինակ էր ի ցույց դնել այն, ինչ կատարվում էր հոգուս խորքում»: Դեռ ավելին. նա այդ դերում կարող էր ունենալ արձակած վարսեր և մերկ ուսեր: Մի խոսքով աստվածային էր:
Եվ ահա պատկերացրեք նրան նախասրահում անտրակտի ժամանակ` ծափողջույններից հետո: Բոլորը ձգտում են դեպի նա: Ջենին նստում է նստարանին` Հենրի Ստալի կողքին և շատախոսում է հաղթանակով խանդավառված:
-Օ՜, սիրելի Հենրի…Ահա ջրի մակերեսին եմ: Վերջապես կարող եմ շնչել: Երեք օր առաջ ինձ տեսաք: Շատ վատ խաղացի: Ճահճի հատակում էի հայտնվել: Խեղդվում էի…Իսկ այս երեկո. մեծ ջանքեր և նորից մակերեսին եմ: Դե ասեք, Հենրի, վերջին ակտում անհաջողությա՞ն էի մատնվելու` չկարողանալով հասնել մինչև վերջ: Օ՜, Աստված իմ:
Դռնապանը ներս մտավ և Ջենիին ծաղիկներ հանձնեց.
-Ու՞մ կողմից է: Հենրի, Ձեր հակառակորդի` Սեն Լուիի: Դրեք այս ծաղիկներն իմ սենյակում:
-Օրիորդ, մի նամակ էլ կա,-ասաց դռնապանը:
Ջենին բաց արեց նամակը և ծիծաղից ուշաթափ եղավ:
-Մի լիկեոնական է գրել, որ իրենց դպրոցում Ջենի ակումբ են բացել:
-Ողջ Ջոկեյը*,-ասաց Հենրին,-Ջենի ակումբ է:
-Լիկեոնականներն ինձ ավելի են հուզում,-ասաց Ջենին,-իսկ այս մեկն ավարտում է հետևյալ տողերով…Լսեք, սիրելիս.
«Ներեք ինձ խղճուկ բանաստեղծությանս համար
Մի արհամարհեք իմ տողերը` հաշվի առնելով
Իմ անկեղծ սերը, խնդրում եմ
Ոչինչ մի ասեք տնօրենին»
-Հիանալի է, այնպես չէ՞:
-Դուք նրան պատասխանելու՞ եք:
-Իհարկե ոչ: Օրեկան տաս այսպիսի նամակ եմ ստանում և եթե սկսեմ պատասխանել, կորած եմ…Սակայն դա ինձ հանգստացնում է: Տասնվեցամյա երկրպագուներ դեռ երկար կունենամ:
-Չեք կարող վստահ լինել…Երեսուն տարեկանում նրանք նոտար կլինեն:
-Իսկ, ի՞նչ է, նոտարներն ինձնով չպե՞տք է հիանան:
-Օրիորդ, -ասաց դռնապանը,-սա էլ է Ձեզ համար:
Նա Ջենիին մեկնեց մի փունջ մանուշակ, որն արժեր երկու սու:
-Օ, շատ սիրալիր է…Նայեք, Հենրի…Բացի՞կ չկա:
-Ոչ, օրիորդ…պահակն ինձ ասաց, որ Պոլիտեխնիկի ուսանող է համազգեստով բերել այս փունջը:
-Սիրելիս,-ասաց Հենրի Ստալը,-շնորհավորում եմ…Պոլիտեխնիկի ուսանողներին հուզելը հեշտ գործ չէ:
Ջենին երկար ժամանակ վայելում էր մանուշակների բույրը:
-Անուշ բուրում են…Սրանք այն միակ նվերներն են, որոնք ինձ հաճույք են պատճառում: Ես չեմ սիրում հասուն ու գոհունակ հանդիսատեսին, որը կեսգիշերին գալիս է տեսնելու, թե ինչպես եմ մահանում, իսկ կեսօրին գնում է Պալե Ռուայալ` տեսնելու, թե ինչպես են թնդանոթ կրակում:
-Հանդիսատեսը բռնամոլ է,-ասաց Ստալը: Նա միշտ այդպիսին է եղել…Կրկեսային ներկայացումները…Ի՜նչ հաջողության կհասներ կրկեսի դերասանուհին, որը կուլ կտար հարյուր ասեղ:
Ջենին ծիծաղեց:
-Իսկ այն մեկը, ով կարի մեքենա կուլ կտար. դա փառքի վերջին խոսքը կլիներ:
Դահլիճից նրան կանչում էին: Ջենին վեր կացավ:
-Առայժմ, գնամ հարյուր ասեղս կուլ տալու:
Եվ, ահա, ըստ Ջենիի պատմածի, ինչպես սկսվեց արկածը:
Հաջորդ չորեքշաբթի` նորից վերջին անտրակտի ժամանակ, դռնապանը` ժպիտը դեմքին, մի փունջ մանուշակ բերեց Ջենիին.
-Կրկին Պոլիտեխնիկի ուսանո՞ղն է բերել:
-Այո, օրիորդ: Անհրաժեշտություն կա՞ որևէ բան հարցնել պահակին:
-Ոչ, դա բնավ կարևոր չէ:
Հաջորդ շաբաթ` չորեքշաբթի օրը, նա ներկայացման մեջ չխաղաց, սակայն երբ եկավ թատրոն հինգշաբթի ռեպետեի համար, մանուշակների մի փունջ` փոքր-ինչ թառամած, դրված էր սենյակում: Դուրս գալիս նա դիմեց պահակին.
-Ասացեք, Բերնար,-մանուշակներս միևնույն երիտասարդի կողմի՞ց էին:
-Այո, օրիորդ, սա երրորդ դեպքն է:
-Ինչպիսի՞ն է նա, այդ ուսանողը:
-Սիրալիր է, շատ սիրալիր…նիհարավուն, ներս ընկած այտերով, հոգնած աչքերով, փոքրիկ շագանակագույն լորնետով…ծիծաղաշարժ է իր սուսերով: Օրիորդ, ազնիվ խոսք, նա ասես խենթի պես սիրահարված լինի: Ինձ մեկնում է մանուշակների փունջն ասելով` «Օրիորդ Ջենի Սորբիեի համար է», և կարմրում է:
-Ինչու՞ է միշտ չորեքշաբթի գալիս:
-Օրիորդը չգիտե՞…Չորեքշքբթին Պոլիտեխնիկի ուսանողների ազատ օրն է:Ամեն չորեքշաբթի պարտերը, ցուցասրահները մարդաշատ են…Յուրաքանչյուրը գալիս է մի աղջկա հետ:
-Նա է՞լ է աղջկա հետ գալիս:
-Այո օրիորդ, բայց դա իր քույրն է…նրանց նմանությունն ապշեցուցիչ է:
-Խեղճ տղա, եթե ես սիրտ ունենայի, Բերնար, կասեի Ձեզ նրան մի անգամ ինձ մոտ ուղեկցել` նախասրահ, որպեսզի ինքը կարողանա ինձ տալ մանուշակների փոքրիկ փունջը:
-Ես Ձեզ խորհուրդ չէի տա, օրիորդ…Այդ թատերասերները, քանի դեռ ուշադրության կենտրոնում չեն, վտանգ չեն ներկայացնում: Նրանք հիանում են դերասանուհիներով հեռվից` բեմից, և դա իրենց գոհացնում է: Բավական է նրանց հանդեպ ուշադրության մի նշույլ, նրանք այլևս հանգիստ չեն տալիս, և դա անտանելի է: Երես ես տալիս, աստառ են առնում, դա էլ ես տալիս, էլ ավելին են պահանջում: Օրիորդ, Դուք ծիծաղում եք, բայց դա այդպես է. ես փորձ ունեմ: Արդեն քսան տարի է, ինչ այստեղ եմ աշխատում: Ես այս օթյակում շատ եմ հանդիպել երիտասարդ սիրահարված աղջիկների և խենթ տղաների, ծեր պարոնների…Միշտ էլ ընդունել եմ ծաղիկներ, բացիկներ, բայց թույլ չեմ տվել վեր բարձրանալ:
-Իրավացի եք, Բերնար, լինենք անտարբեր, զգույշ և դաժան:
-Դա ոչ թե դաժանություն է, այլ խելամտություն:
Շաբաթներ անցան: Յուրաքանչյուր չորեքշաբթի Ջենին ստանում էր երկու սու արժեցող իր ծաղկեփունջը: Թատրոնում տեղյակ էին այդ պատմությանը: Մի օր Ջենիի ընկերուհիներից մեկն ասաց.
-Ես տեսել եմ Պոլիտեխնիկի այդ ուսանողին…Նա շատ հմայիչ է և ռոմանտիկ: Այդ տղան լավ կխաղար Մյուսեի կոմեդիաներում:
-Որտեղի՞ց գիտես, որ նա ինձ ծաղիկներ բերող երիտասարդն է:
-Դե ես պատահաբար պահակի մոտ էի, երբ նա ամոթխած բերեց ծաղիկներն ասելով. «Օրիորդ Ջենի Սորբիեի համար է»…Դա շատ հուզիչ տեսարան էր: Երևում էր, որ տղան շատ խելացի է, որ ամաչում էր ծիծաղելի թվալ և, այնուամենայնիվ, չէր կարողանում զսպել հուզմունքը: Մի պահ նույնիսկ ափսոսեցի, որ նա ինձ համար չի գալիս, ես նրան շնորհակալություն կհայտնեի, կմխիթարեի…Մի մոռացիր. նա ոչինչ չի խնդրում, նույնիսկ քեզ տեսնել…Բայց թե քո տեղը լինեի:
-Դու նրան կընդունե՞իր:
-Այո, քիչ ժամանակով.արդեն շաբաթներ է, որ այս ամենը շարունակվում է: Դու մեկնելու ես, հետևաբար նա չի կարող կորչել:
-Դու իրավացի ես,-ասաց Ջենին,-հիմարություն է արհամարհել երկրպագուներին այն ժամանակ, երբ նրանք բազմաթիվ են, և վազել նրանց հետևից երեսուն տարի անց, երբ նրանք դառնում են հազվագյուտ և ճաղատ:
Այդ երեկո թատրոնից դուրս գալիս` նա ասաց պահակին.
-Բերնար, հաջորդ չորեքշաբթի, երբ Պոլիտեխնիկի ուսանողը գա իր մանուշակներով, ասեք նրան, որ իր ձեռքով բերի ինձ երրորդ ակտից հետո: Ես խաղում եմ Միզանտրոպ ներկայացման մեջ: Դերիս համար միայն մի զգեստ եմ կրելու: Ես կվերադառնամ իմ սենյակ և այնտեղ նրան կընդունեմ…ոչ, ես նրան կսպասեմ միջանցքնում, աստիճանների մոտ կամ նախասրահում:
-Լավ, օրիորդը չի՞ վախենում:
-Ի՞նչ կա վախենալու, ես գնում եմ ուղևորության տաս օրից, և, ի միջայլոց, այդ տղան չի կարող փոխել դպրոցը:
-Շատ լավ, օրիորդ, ուզում էի ասել…
Հաջորդ չորեքշաբթի Ջենին ակամա խաղաց Սելիմեն անծանոթի համար` դուր գալու բուռն ցանկությամբ: Անտրակտի ժամանակ վեր բարձրանալիս նա հետաքրքրված էր անհանգստանալու աստիճան: Նստեց նախասրահում և սպասեց: Նրա շուրջը պտտվում էին այցելուներ: Ադմինիստրատորը խոսում էր Բլանշ Պիերսոնի հետ, որն այդ շրջանում Ջենիի հակառակորդն էր: Սակայն ոչ մի սև համազգեստով մարդ չերևաց: Նյարդային և անհամբեր հոգեվիճակում` նա վազեց պահակների մոտ.
-Ինձ չե՞ն հարցրել:
-Ոչ, օրիորդ:
-Այսօր չորեքշաբթի է, և ես չեմ ստացել իմ մանուշակները: Մի՞թե Բերնարը մոռացել է դրանք բարձրացնել…կամ միգուցե ինչ-որ թյուրիմացություն է եղել:
-Թյուրիմացությու՞ն, օրիորդ…ի՞նչ թյուրիմացություն…եթե ցանկանում եք, կարող եմ գնալ դռնապանի մոտ:
-Այո, խնդրում եմ կամ ոչ…ես կտեսնեմ Բերնարին դուրս գալիս:
Նա ինքն իրեն ծաղրեց. «Ի՜նչ տարօրինակ կենդանի արարածներ ենք մենք. վեց ամիս շարունակ գրեթե ուշադրություն չեմ դարձրել այդքան համեստ հավատարմությանը և, հանկարծ, քանի որ պահանջվող ուշադրությունն ինձ պակասում է, արդեն անհանգիստ եմ, ասես սիրեկանի սպասելիս լինեմ…Օ, Սելիմեն, որքան կափսոսես Ալսեստին*, երբ նա քեզ կլքի իր մեծ վշտով»:
Ներկայացումից հետո նա մտավ դռնապանի մոտ:
-Բերնար, Դուք երկրպագուիս չուղարկեցի՞ք ինձ մոտ:
-Օրիորդ, կարծես ինչ-որ դիտավորություն լինի: Այսօր չի եկել, առաջին անգամ որոշեցիք նրան տեսնել, և նա այս վեց ամսվա մեջ առաջին չորեքշաբթին է, որ չեկավ:
-Տարօրինակ է. կարծում եք նրան նախազգուշացրե՞լ են և նա վախեցե՞լ է:
-Ոչ, օրիորդ, ոչ ոք չգիտեր, որ Դուք և ես…Դուք ոչինչ չե՞ք ասել…Ես նույնպես…նույնիսկ կնոջս հետ այդ մասին չեմ խոսել:
-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեիք:
-Ես չեմ կարող բացատրել, օրիորդ…պատահականություններ լինում են…Միգուցե հոգնե՞լ է կամ հիվանդ է: Մյուս չորեքշաբթի կտեսնենք:
Սակայն հաջորդ չորեքշաբթի ոչ Պոլիտեխնիկի ուսանողը երևաց, ոչ էլ մանուշակները:
-Ի՞նչ կարելի է անել, Բերնար…Հնարվո՞ր է նրան գտնել ընկերների կամ դպրոցի տնօրենի միջոցով:
-Բայց ինչպե՞ս. մենք նույնիսկ նրա անունը չգիտենք:
-Ի՜նչ տխուր է, ամեն ինչ կորած է, Բերնար:
-Բայց օրիորդ, Դուք հիանալի տարի ունեցաք, գնալու եք տուռնեների, նորից հաջողություններ կլինեն…այնուամենայնիվ ոչինչ կորած չէ:
-Իրավացի եք, ես երախտամոռ եմ…միայն թե ես շատ էի սիրում իմ մանուշակները, որ ստանում էի ամեն չորեքշաբթի:
Հաջորդ օրը նա հեռացավ Փարիզից: Հենրի Ստալը կուրորեն գնաց նրա ետևից: Բոլոր հյուրանոցներում Ջենիի սենյակը լցված էր վարդերով: Երբ վերադարձավ Փարիզ, նա արդեն մոռացել էր իր ռոմանտիկ մաթեմատիկոսին:
Մեկ տարի անց մի նամակ ստացավ գնդապետ Ժենեվրիերից, որը նրան խնդրում էր հանդիպել ինչ-որ անձնական գործով: Նամակը կոռեկտ էր և հարգալից: Ոչ մի պատճառ չկար մերժելու: Ջենին խնդրեց գնդապետին գալ հանդիպման իր տանը, մի շաբաթ օր` կեսօրից հետո: Նա եկավ քաղաքացիական սև հագուստով: Ջենին նրան ընդունեց շնորհալի թեթևությամբ, որի համար պարտական էր ինչպես բեմին, այնպես էլ բնությանը, սակայն նրա կեցվածքը, ինչպես պետք է լիներ, լուռ հարցում էր պարունակում. «Ի՞նչ է ինձնից ուզում այս անծանոթ այցելուն»: Նա սպասեց.
-Շնորհակալ եմ, օրիորդ, որ ինձ ընդունեցիք: Ես բացարձակապես չէի կարող նամակի միջոցով բացատրել այցիս նպատակը: Եթե ինձ թույլ եմ տվել հանդիպում խնդրել, ապա դա ոչ թե մի մարդ է ունեցել այդ համարձակությունը, այլ նրա հայրը…Դուք տեսնում եք, որ ես ամբողջովին սև եմ հագնված: Ես կրում եմ տղայիս սուգը, որը լեյտենանտ Անդրե Ժենեվրիերն էր և սպանվել է Մադագասկարում երկու ամիս առաջ:
Ջենին մի ժեստ արեց. կարծես ասեր. «Ցավակցում եմ»:
-Դուք չեք ճանաչում տղայիս, օրիորդ…Գիտեմ…Սակայն նա Ձեզ ճանաչում էր, Ձեզնով հիանում…Դա կարող է անհավատալի թվալ…և, այնուամենայնիվ, այն ինչ որ ասելու եմ, ճշմարտությունն է…Դուք աշխարհի այն միակն էիք, որով նա հիանում էր և որին ամենաշատն էր սիրում:
-Կարծես թե գլխի եմ ընկնում, գնդապետ…Նա Ձեզ ասել էր…
-Ինձ ոչ, իր քրոջն էր ասել, որին մշտապես վստահում էր…Ամեն ինչ սկսվել էր մի օր, երբ նա քրոջ հետ գնացել էր դիտելու «Սիրո և պահականության խաղը»* ներկայացումը: Երբ երեխաներս տուն վերադարձան, նրանք Ձեր մասին խոսում էին խանդավառությամբ. «Այնքան նրբանկատություն, հուզիչ պոեզիա»: Վերջապես հազար բան, որոնք իրական էին, չեմ կասկածում, սակայն որոնց երիտասարդական եռանդը, նրա կատարելության ձգտումը…Խեղճ տղաս երազկոտ էր և ռոմանտիկ:
-Աստված իմ,-գոռաց Ջենին,-այդ նա՞ է, ով…
-Այո, օրիորդ, Պոլիտեխնիկի ուսանողը, որը մեկ տարի շարունակ ամեն չորեքշաբթի Ձեզ մի փունջ մանուշակ էր բերում, իմ տղան էր` Անդրեն…Ես դա էլ եմ աղջկանիցս իմացել…Հուսով եմ, որ այդ երեխայությունը Ձեզ չի նյարդայնացրել…Նա Ձեզ այնքան շատ էր սիրում, Ձեզ կամ այն կերպարը, որը ստեղծել էր իր համար: Նրա սենյակի պատերը ծածկված էին Ձեր դիմանկարներով…Ի՜նչ քայլերի ասես որ չէր դիմել իր քույրը Ձեր լուսանկարիչներից մեկ ավելի լուսանկար վերցնելու և եղբորը տալու համար…Համալսարանում ընկերները ծաղրում էին իր այդ կիրքը` ասելով.« Գրիր նրան»:
-Իսկ ինչու՞ նա այդպես չվարվեց:
-Նա դա արել է, օրիորդ. ես Ձեզ բերել եմ նամակների մի կույտ, որոնք երբեք չեն ուղարկվել և որ մենք գտել ենք նրա մահից հետո:
Գնդապետը գրպանից հանել է մի փաթեթ և տվել Ջենիին: Վերջինս ինձ ցույց է տվել. ձեռագիրը նուրբ էր, դժվարընթեռնելի, երևում էր, որ արագ էր գրել, մաթեմատիկոսի ձեռագիր և պոետի ոճ:
-Պահեք այս նամակները, օրիորդ, դրանք Ձեզ են պատկանում…և ներեք ինձ այս իմ տարօրինակ արարքը…ես պարտավոր էի դա անել տղայիս հիշատակի համար…ոչ մի անհարգալից կամ թեթևամիտ բան չկար այն զգացմունքի մեջ, որ Դուք նրան ներշնչել էիք, Դուք նրա համար կատարելության և շնորհի տիպար էիք: Եվ ես Ձեզ վստահեցնում եմ, որ Անդրեն արժանի էր իր մեծ սիրուն:
-Բայց ինչու՞ նա չէր խնդրել հանդիպել ինձ: Ինչու՞ ես ինքս չեմ փորձել հանդիպել նրան: Ես ինձ մեղավոր եմ զգում:
-Խղճի խայթ մի ունեցեք. Դուք չէիք կարող գուշակել…Երբ Անդրեն համալսարանն ավարտելուց հետո որոշեց Մադագասկար մեկնել, դա միանշանակ Ձեր պատճառով է…Այո, նա ասել է իր քրոջը. «Հեռանալով ես կխուսափեմ այս անհույս կրքից կամ մեծ բաների կհասնեմ…և այդ ժամանակ…»
-Իսկ արդյոք մեծ բաներ չէ՞ին այդ հավատարմությունը, համառությունը:
Այնուհետև, երբ գնդապետը վեր էր կենում, Ջենին բռնեց նրա ձեռքը` ասելով.
-Կարծում եմ, որ ոչ մի վատ բան չեմ արել, և, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ պարտական եմ այդ ստվերին…Գնդապետ, ասեք, թե որտեղ է թաղված Ձեր տղան…Ես Ձեզ երդվում եմ, որ մինչ մահ ամեն չորեքշաբթի կգնամ և մի փունջ մանուշակներ կդնեմ նրա գերեզմանաքարին:
-Եվ ահա թե ինչու,-եզրափակեց Լեոն Լորանը,- մեր Ջենին, որին համարում են սկեպտիկ և պատրանքներից զուրկ անձնավորություն/որոշ մարդիկ անվանում են նաև ցինիկ/, ամբողջ կյանքի ընթացքում ամեն չորեքշաբթի թողնում է ընկերներին, աշխատանքը և նույնիսկ սերը, որպեսզի միայնակ գնա Մոնպարնաս մի լեյտենանտի հուշաքարին, որին երբեք չի ճանաչել…Տեսնու՞մ եք` ես իրավացի էի, որ այս պատմությունը շատ սենտիմենտալ է մեր ժամանակների համար…
Լռություն տիրեց: Այտնուհետև Բերտրան Շմիդտն ասաց.
-Աշխարհում միշտ էլ հեքիաթ կլինի այն մարդկանց համար, ովքեր դրան արժանի են:

*Ջոկեյ-Jockey Club-ասոցիացիա, որը զբաղվում է ձիարշավով
*Ալսեստ և Սելիմեն-Մոլիերի «Միզանտրոպ» պիեսի հերոսներ
*«Սիրո և պատահականության խաղը»-Մարիվոյի ներկայացումներից

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի

Share Button

3 Կարծիք

  • Լիլիթ says:

    Մադմազել Էվա, վստահ էի, որ միայն Դուք կարող եք այսպես թարգմանել :=) très joli!!!

  • Էվրիկա says:

    Շատ շնորհակալ եմ Լիլիթ ջան

  • Monica says:

    Իհարկե ես ձեզ չեմ չանաչում, բայց շնորհակալ եմ, որ այսքան լավ գործ եք անում և արտասահմանյան գրականությունը դարձնում բոլորիս հասանելի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *