ՎՐԱՍՏԱՆ | Սայիդումլո սիրոբա

Ժան Կոկտո + Ժան Մարե, 1939թ.

Վրաստանում միասեռականների մասին գիրքը սկանդալ է առաջացրել:

Լիբերալները եւ կրոնական ծայրահեղականները վիճում են միասեռականության եւ արյունապղծության մասին պատմող գրքի շուրջ: Վրաստանաբնակ լիբերալները մտահոգված են կրոնական ծայրահեղականության վերելքով, որն առաջ եկավ վերջերս լույս տեսած գրքի շուրջ ծագած վեճերից հետո: Մայիսի 7-ին Ուղղափառ քրիստոնեական երիտասարդական շարժման ակտիվիստները, հարձակվելով «Կավկասիա» հեռուստաընկերության տաղավարի վրա, ծեծի էին ենթարկել Էրեքլի Դեիսաձեի գրքի քննարկմանը նվիրված հեռուստածրագրի մասնակից լրագրողներին եւ հյուրերին:
Նախկինում վրաց հասարակությանն անհայտ 19-ամյա Դեիսաձեի գիրքը, որը կոչվում է «Սայիդումլո սիրոբա», պատմում է միասեռականության եւ արյունապղծության մասին: Կրոնական ծայրեղականների վրդովմունքի պատճառը ստեղծագործության վերնագրին է, որն անպարկեշտ արտահայտություն է պարունակում եւ «Խորհրդավոր ընթրիքի» աղավաղումն է:
Մայիսի 4-ին Իլյա Չավչավաձեի անվան Պետալական համալսարանում Դեիսաձեի գրքի շնորհանդեսին հետեւեց ծայրահեղ կրոնական խմբերի կազմակերպած բողոքի ցույցը: Հաջորդ օրը դրան ի պատասխան`լիբերալների կողմից`հանուն խոսքի ազատության կազմակերպած ցույցը վերաճեց զանգվածային քաշքշուկի:
«Կավկասիա» հեռուստաընկերության ստուդիայում տեղի ունեցած միջադեպից հետո, ոստիկանությունը 8 ակտիվիստների ձերբակալեց, ովքեր ներակայցնում են մի շարք ծայրահեղական կրոնական խմբեր ներառող Ժողովրդական ուղղափառ շարժումը:
«Միասեռականները հայտարարում են, թե բոլորս նույնն ենք: Բայց ինչպե՞ս ենք նույնը: Նրանք հիվանդ են, մարդ չեն: Ես խաղաղության ջատագով չեմ, ես վրացի զինվոր եմ եւ պատշաճ պատասխան կտամ յուրաքանչյուրին, ով ինձ վիրավորի», – ասում է Ժողովրդական ուղղափառ շարժման ակտիվիստ Իրակլի Պաչոշվիլին, ով սովորում է Իլյա Չավչավաձեի անվան պետական համալսարանում:
«Մեր կազմակերպության եւ մեր կյանքի նպատակը պայքարն է հանուն Ուղղափառության, իսկ պայքարի ձեւերը ժամանակը ցույց կտա», – ասում է Շարժման մեկ այլ անդամ Թենգիզ Օմանիձեն:
Ժողովրդական ուղղափառ շարժումը (ԺՈՒՇ) ստեղծվել է այս տարվա գարնանը «Վրացական ժամանակ» թերթի նախկին խմբագիր Մալխազ Գուլաշվիլու կողմից: Շարժումն այլ խմբերի հետ մեկտեղ ներառում է Ուղղափառ ծնողների միությունը, որը մի քանի տարի շարունակ պայքարում է իր բնորոշմամբ`Ուղղափառությանը դեմ եղած շարժումների դեմ:
Շարժման գրասենյակը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում կառուցված մեծ մասնավոր տանը: Անցորդները կարող են պատուհանից տեսնել կազմակերպության խորհրդանիշը` մեծ, երկգլխանի արծիվ`թագով ու խաչով: Խմբի անդամների խոսքերով`արծիվը խորհրդանշում է եկեղեցական եւ պետական իշխանությունների միությունը, թագը`միապետությունը, իսկ խաչը`Ուղղափառությունը:
Շարժման հակառակորդներն այն համեմատում են Ռուսաստանում գործող ռասիստական խմբերի հետ: Իրենք`ԺՈՒՇ անդամները, նախընտրում են իրենց համեմատել Արկանյան վագրերի հետ. այս սերբական ռազմականացված խմբավորումը գործել է նախկին Հարավսլավիայում անցյալ դարի 90-ականներին: Դրա առաջնորդ Ժելկո Ռազնատովիչը վախճանվեց, նախքան կհասցներ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեղադրանքով կանգնել դատարանի առջեւ:
Ըստ սահմանադրության`Վրաստանն աշխարհիկ պետություն է: Սակայն բնակչության մոտ 4/5-ը ուղղափառ է, եւ եկեղեցին`կաթողիկոս Իլյա Երկրորդի գլխավորությամբ մեծ հեղինակություն եւ վստահություն է վայելում: ԺՈՒՇ ակտիվիստ Լաշա Տոպուրիան ասում է, որ կազմակերպությունը գործում է հանուն Ուղղափառության շահերի, սակայն առանց կաթողիկոսի օրհնության:
«Քրիստոսին պաշտպանելու համար ոչ ոքի օրհնությունը պետք չէ: Մենք սա չենք անում եկեղեցու անունից. սա մեր բարոյական պարտքն է: Ուղղափառության մենաշնորհը կաթողիկոսին չի պատկանում, եւ ես իրավունք ունեմ պաշտպանելու իմ հավատը», – ասում է Տոպուրիան:
Այն, որ շարժումը կարծես գնալով թափ է առնում, մտահոգություն է պատճառում լիբերալ ակտիվիստներին, որոնցից մեկը Վրաստանի օմբուդսմենի գրասենյակին կից գործող հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեկա Մինդիաշվիլին է: Նա կարծում է, որ վրաց հասարակությունը պետք է բողոքի ԺՈՒՇ դեմ:
«Բողոքը պետք վերաբերի ոչ միայն այդ առանձին միջադեպին: Այն պետք դառնա բողոք ընդդեմ … Վրաստանում արմատական եւ ծայրահեղական գաղափարախոսությունների: Ուղղափառության անունից մարդկանց կոչ է արվում բնաջնջել իրար: Այսօր այս երիտասարդները հայտարարում են, որ պետք է վերացնեն, օրինակ, սեռական փոքրամասնություններին: Մյուսներն ասում են, որ Վրաստանում պետք է միայն Ուղղափառություն դավանողներն ապրեն: Սա այն է, ինչ ժամանակին Հիտլերն էր հայտարարում հրեաների, միասեռականների, գնչուների մասին, ինչը եւ հետագայում իրագործեց», – ասում է նա:
Մինդիաշվիլու խոսքերով`մարդիկ իրավունք ունեն օտարատյաց արտահայտություններ անել, սակայն չպետք է դրանք կյանքի կոչեն:
«Հասարակությունը պետք է իր ձայնը լսելի դարձնի, որպեսզի թույլ չտա անհանդուրժողականությանը տարածվել Վրաստանում: Մենք պետք է դիմենք պետությանը, որպեսզի սահմանադրության եւ օրենքի խախտման դեպքում արձագանք լինի, մեղավորներին ձերբակալեն, իսկ նրանց կատարած հանցագործությունները դատապարտվեն: Հանրությունը պետք է բողոքի», – եզրակացնում է նա:
Դատախազությունից տեղեկացնում են, որ հեռուստաընկերության տաղավարում կատարված հարձակման դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունը կատարվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, որոնց համաձայն`մեղավորներին 2-7 տարի ազատազրկում է սպասվում:
Կրոնական ծայրահեղական խմբերի դատապարտմամբ ելույթ է ունեցել նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու խոսնակը. «Սահմանադրության առջեւ բոլորը հավասար են: Նախագահը դատապարտում է ծայրահեղականությունը: Իրական ժողովրդավարության կարելի է հասնել միայն օրենքը հարգելու շնորհիվ»:
Սակայն ակտիվիստները կարծում են, որ իշխանությունները բավականաչափ ջանք չեն գործադրում բռնության ալիքը կանխելու ուղղությամբ: Լրագրող Նինո Բեկիշվիլին, ով տարիներ շարունակ աշխատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ասում է, որ իշխանությունների համար անցանկալի է հակակրոնականության մեջ մեղադրվելը:
«Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից շատերը մրցում են տեսախցիկների առջեւ իրենց կրոնական զգացմունքներն արտահայտելու առումով», – ասում է Բեկիշվիլին:
«Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ վերադառնում են ժամանակները, երբ իշխանությունները ոչինչ չէին կարողանում անել կրոնական ծայրահեղականների դեմ»:
Սոֆո Բուկիան «Liberali» ամսագրի խմբագիրն է:

Կովկասյան լրատու /14-ը մայիսի, 2010թ.

Share Button

1 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Ամեն ինչ մի կողմ, ինձ հատկապես ուրախացնում է այն փաստը, որ Վրաստանում մարդիք հավաքվում` գիրք են քննարկում քիչ չի, մի հատ ել տփում են իրար գրքի համար: Սա շատ կարևոր ցուցիչ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *