ՌՈՒԶԱՆ ԱԶԻԶՅԱՆ | Ջնջվող գծեր

Ռուզան Ազիզյան

-1-

Մոխիրը քչփորեցի,
մեջը ոսկորներս գտա,
մինչեւ վերջ չէին այրվել:

Լուցկին վառեցի,
տակը թուղթ դրեցի, կպցրի:

Կիսատ գործեր չեմ սիրում:

2-

Ամենաանպատեհ պահին գալիս է երջանկությունը:
Երբ այլեւս չես սպասում,
Երբ հավաքում ես իրերդ, որ մեկնես,
Երբ բժիշկները վերջնական եզրակացության են գալիս,
որ անբուժելի ես,
Երբ բոլորը լքել են, ոչ մեկը չի ուզում կողքիդ լինել:
Գալիս է ինչ-որ երգի տեսքով,
Ինչ-որ պատահական նետված խոսքի ձեւով,
Ինչ-որ բառի հնչերանգով,
Հին լուսանկարի,
Վաղուց մոռացված, խունացած նամակի պես;
Երբեմն մահն այցելում է սիրածդ մարդու դեմքով
ու ժպտում է քեզ

-3-

Գիշերային երազները ոչինչ չեն նշանակում:
Գիշերը վերահսկել չի կարելի:
Փորում հանում է, ինչ-որ կա հոգուդ ամենախորքում:
Հանում է բաներ, որ պետք չեն ոչ մեկին,
ամոթ, ափսոսանք, հայի վերջին խելքը:
Գիշերվա երազները ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են

Ինչ լավ է, որ մարդ իր երազները միայն ինքն է տեսնում…

-4-

Անընդհատ սպասելով ինչ-որ բանի
որ գարունը գա, հետո, որ գա ամառը,
որ կտրվի անձրեւը, որ ավարտես դպրոցը,
հետո, որ դպրոցը ավարտեն երեխաներդ,
որ մեկ սենյականոցի փոխարեն երկու սենյականոց գնեք,
որ բարձրացնեն աշխատավարձդ, որ շեֆդ նկատի, թե ոնց ես ջանում,
որ նոր աշխատանք գտնես,
որ սատկի ամուսինդ, որից սիրտդ արդեն խառնում է,
երբ հարբած տուն է գալիս,
որ նոր տարին վերջանա, որ սեղանը հավաքես,
որ վարսավիրը տեղում լինի, գնաս մազերդ ներկես,
որ ատամնաբույժը տեղում լինի, որ անհրաժեշտ գումարը գտնես,
որ թոռներդ գան թաղմանդ, մինչ դու հանգիստ պառկած ես սեղանին
ու որ բերեն մուգ կարմիր վարդեր
ու որ բարձր ձայնով լան

-5-

Ագռավը դրսից կտուցով հարվածում է
պատուհանիս ապակուն
Պատի ճեղքում ագռավը բույն է հյուսել,
Հնարավոր է նույնիսկ ձագեր հանի իր նոր բնում,
Հնարավոր է նույնիսկ բնի պատշգամբը առաջ տա
Հնարավոր է նույնիսկ գրավի իմ բնակարանը
եւ ինձ քշի այստեղից,
Հնարավոր է նույնիսկ ագռավը թաքնվել է մաշկիս տակ
Հնարավոր է էդ ագռավն է գլխիս ներսից թակում քունքերս

-6-

20 տարի չէինք տեսնվել
ասաց, որ կարոտել է

Չեմ կարծում, որ ես էի, որ այդ երեկո գնացի նրան հանդիպելու
Երբ հագնվում էի, մոտս այնպիսի տպավորություն էր,
որ տանն եմ մնացել:

Այդ բոլոր հիմար խոսակցությունները, կեղծ ժպիտները,
Գովեստները երկուստեք
Մի՞թե ես էի շռայլում:

Եթե ինքս հավատայի, որ դա ես եմ,
տուն գնալուց երեւի խեղդվեի կամրջի տակ

-7-

Հետաքրքիր զգացողություններ օտար գերեզմաններում
Մահվան թվերից հանիր ծննդյան թվերը
Իմացիր քանի տարի ապրեց, համեմատիր տարիքը քարի նկարի հետ
Իմացիր շո՞ւտ ծերացավ, թե մեռել է ջահել,
Փորձիր պատկերացնել, թե ինչ էր զգում
Ի՞նչ մտածեց վերջին պահին, ի՞նչ ասաց,
Գուցե վերջնականապես փոշմանեց,
Գուցե խիղճը հանգի՞ստ էր,
Գուցե հիշեց այն խմորեղենը,
որից մի կտոր կերավ, իսկ երկրորդը ամաչեց վերցնել
Գուցե այն կոշիկները մտաբերեց կարմիր
Որոնց փողը չհերիքեց այդպես էլ…

Հետաքրքիր էքսկուրսիա օտար գերեզմաններում
Կյանքը ինչ գունագեղ է…

-8-

Հայր մեր, եթե դեռ երկնքում ես

Պարտադիր չէ, ցանկալի չէ, ուղղակի կարելի էր երեւի,
Միգուցե, եթե ուշադիր լինեմ, մեկ անգամ եւս, անպայման
չնայած, գուցե չարժե՞ր, եթե լավ մտածեի
Մյուս անգամ, էլ երբեւէ, կարծում եմ, մի խոսքով…

Ինչո՞ւ չհանդիպեցի այն հիդալգոյին,
որ բարակ ոտքեր ուներ…

-9-

Մոխրագույն աչքերիս հետեւում սպասումն ահագնացավ,
դարձավ կարոտ
Դուրս հորդեց գետի նման,
լճացավ,
գնաց,
թափվեց ծովը:
Ծովը քարր լցրեց կարոտիս վրա,
Թաղեց կարոտս քարերի տակ
Ու փրփուր դրեց գերեզմանին

-10-

Էն ձին, որ պիտի նստեի, արդեն սատկել է,
Էն մեքենան, որ պիտի տաներ ինձ, էդպես էլ չհավաքեցին,
Էն նավը, որով պիտի լողայի, խորտակվեց օտար ծովերում
Էն հեծանիվը, սայլը, ուղղաթիռը, տիեզերանավը չկան
Ես միայն երկու ոտք ունեի, որոնք հոգնել էին քայլելուց

Ճանապարհի եզրի միայնակ քարին նստեցի, նստեցի,
նստեցի, նստեցի, նեստեցի, նստեցի:
Հետո քարը արդեն վերեւում էր ու ես քարի տակ

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *