Պոեզիա Parallels

Հավաքվել Ամերիկա

«Զուգահեռներ» փառատոնի հյուր Մարջորի Լոթֆիի այս շարքում հեղափոխական Իրանի մանկական հիշողություններն ու արտագաղթի փորձը հանդիպում են առօրյա, բայց ցավոտ մանրամասների մեջ։ Զուսպ ու պատկերավոր պոեզիա՝ սահմանների, պատկանելության և հեռանալուց հետո լույսը միացրած թողնելու ցանկության մասին։

Թարգմանիչ՝ Լիլիա Պողոսյան

• 2 րոպե

Հավաքվել Ամերիկա

Հավաքվել Ամերիկա
հայրս Թավրիզում, 1960

Նա չի կարող իր մորը ճամպրուկով տանել,
խորեշտի հոտը օդում, մոր համեմունքների տուփը
չափից երկար, որ տեղ անի։ Ոչ էլ կփակվի երբ
մոր սաջադան անկյուններով ծալի։ Նա չի կարող բերել այն,
թե ինչպես էր մայրը վեր կենում և փչում մոմերը
ընթրիքի վերջում, փաթաթում յուղաթուղթը, նշում
մահճակալների ձևավորումը, սկիզբը գիշերվա։
Գիտի, որ մոր սանդալների քսքստոցը
սալիկների վրայով կմարի։ Նա գցում է լուսանկարները
արկղի մեջ, չնայած մեկն անգամ մոր աչքերը ցույց չի տալիս․
փոխարենը, նա ձեռքով ծածկում է իր բերանը
ինչպես սովորեցվել է, թեքում է հայացքը։ Նա մտածում է կապել
սամովարը իր մեջքին՝ ինչպես մանկական պայուսակ․
մի ամբողջ կյանք չափված դրա փորի թեյով։
Վերջապես նա վերցնում է մոր կակաչով բաժակը, փաթաթում
չադրա դրա մարմնի շուրջ, թողնում, որ ոսկեգույն եզրը
դուրս ցցվի ինչպես մի բերան, որ հնարավոր է
ասի նրան՝ ուր գնալ, հաջորդը ինչ է սպասվում։

Թոռնուհի, ես մտել եմ մորդ տուն

ինչպես մտել եմ ցանկացած տուն, գլուխս ծածկած, կոշիկներս հանած։
Ես ամեն դուրս գալիս սև չադրա էի կրում։
Մայրդ ասում էր՝ սևը թաղումների համար է։
Նա չգիտեր, որ ես համաձայն էի։
Այս թաղում կյանքը․ սգի մեջ եմ
հարսանիքիցս ի վեր։ Ես մտա տղայիս տուն
որպես անծանոթ, կարդալով ամեն գորգն ինչպես կկարդայի
ծաղկած նշենիները կամ կտորի գլանները՝
որոշելու համար բերքը, ինչքան կստացվի դրանցից։
Ծնողներդ բարգավաճում էին, միշտ չէ որ ժպտում էին։

Դրեցի կոշիկներս մուտքի դռան մոտ, ինչպես էլ հենց
ճիշտն է։ Բեբախշիդ, ասացին նրանք։ Բեշին ինջա,
ցույց տալով ամենամեծ բազկաթոռը։ Ուզում էի
ընկնել գետնին, կրունկներս տակս ծալել։
Ուզում էի խոսել հին լեզվով, որը
մայրդ չէր սովորել։ Բայց փոխարենը, խրվեցի
աթոռի մեջ գլխի շարժումով, ասելով
խայլի մամնուն, ասես շնորհակալ, հիշելով՝
ինչքան դժվար է այս օտար հողում շարունակել
ողնաշարը ուղիղ պահել, շարունակել ներքև նայել։

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիա Պողոսյանի

Թողնել մեկնաբանություն