Նորայր Ադալյան | Սև քառակուսի կարմիր անապատում

Գիրք

Վեպը արժանացել է 2008թ-ի նախագահի գրականության մրցանակին

Նորայր Ադալյանի «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպում հեղինակը ոչ թե խոսում է անցյալի, այլ ներկայի հետ եւ բացում իր հոգու այն էջերը, որոնցում ասես «տեսագրված» է Եղեռնը: Արյան հիշողության առարկայականություն` այս տեսանկյունով է գրողը ինքնաստուգում կատարում:
Ն. Ադալյանը կարող է հոր` երզնկացի Մարտիրոսի աչքերով տեսնել ու տեսածը պատմել, մասնակից լինել «կարմիր անապատի սեւ քառակուսու» անցուդարձին, քարավանի 178 մարդկանցից մեկը լինել:

Թումանյանն է մեր ժողովրդին համեմատել Ճամփա ընկած քարավանի հետ: Քարավանի ճամփան դրամատիկ իրադարձությունների հրապարակ է: Այստեղ ընկածների թիվը ճիշտ ու ճիշտ է: Ն. Ադալյանը Եղիշեի օրինակով տալիս է ընկածների անունները: Հարություն` անուն առ անուն. ահա նպատակը:
Գրողը Երզնկայի պատումը վաղ էր արել («Կապույտ Երզնկա»), տուրք տվել կարոտի գրականությանը, սակայն նոր վեպում փոխում է պատումի նպատակը: Նա մտովի չի գնում Երզնկա, ժամանակների հեռվից չի խոսում ինքն իր եւ ծննդավայրի հետ: Ադալյանը վերապրում է Եղեռնը, որքանով Եղեռնը ապրում է իր մեջ: Գրողի հոգում սեւը, ծուխը, ճիչը, մահը այն օրերինն են:
Վիպասանը օգտագործում է Եղիշեի պատմության, «Սասնա ծռեր» էպոսի, Աբովյանի, Րաֆֆու վեպերի պատումներին առնչակցող ձեւեր, ընթերցողի համար ճշտելով իր ստեղծագործության գաղափարական սահմանները, փորձելով հաստատել պատմական արժեքները: Նա ընթերցողին շրջագայության է տանում Արեւմտյան Հայաստանով մեկ: Նպատակը թե՛ պատմական աշխարհագրության «դասերն» են, եւ թե՛ կոտորածի, զուլումի պատկերումը:
«Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը դրվագային է: Դաժան ճակատագիրն է միահյուսում դրվագները:
Վեպում իր տեղն ունի նաեւ հերոսական-ասքայինը: Հեղինակն, այնուամենայնիվ, կենտրոնացած է եղեռնապատումի վրա, ցանկանալով ներկայացնել Եղեռնը` հակագոյաբանական իր ողջ սարսափով: Կյանքը դադարում է նաեւ ապրող մարդու ներսում: Հիշենք տիկին Սիրունյանի խոսքերը` «Քար կուզեմ ըլլալ, չորացած ծառ մը կուզեմ ըլլալ, վախճան, վերջավորություն»:
Վեպի գաղափարը ծավալվում է հակագոյաբանական մութ ուժի շուրջ:
Մուրադի տան վրա հարձակված թուրքերը բարձրաձայն հղանում են սպանելու` նախամարդուն բնորոշ ձեւեր: «Մի՞թե ունայնության համար ստեղծեցիր մարդուց բոլոր որդիները»: Հեղինակն է պատասխանում` այո: Տեղահանված, մահ տեսած հայը ունայնության համար է ստեղծվել, որքան էլ ճիգ ու ջանք թափի գոյությունը շարունակելու համար:
Դա չեն վկայում աչքերի ու սրտի վրա չոր աղ նետելու, ճզմված բուի վերստին թռիչքի եւ այլ պատկերները:
Աստծու մեջ մեռնում է ստեղծումը: Դրախտի գետը փոխվում է դժոխքի գետի: Մինչեւ Արաքսի ափ անցնելը քարավանն անցնում է զոհասեղանի վրայով: Երզնկան չիջավ զոհասեղանից, նրա հետ` ողջ Արեւմտահայաստանը: Երզնկայի պատկերը իր որդիներին ետ, դեպի իրեն էր կանչում:
Քաղաքի վերջին պատկերի դիմաց դեպի ծննդավայր շրջվեցին Փառանձեմ տուտուն, խահվեճի Արամը` իր ընտանիքով, Սիմոն Տեր-Մարուքյանը, Արտավազդ Հովեյանը` թոռան հետ, Սիրարփին, Ենոքը, Աննա ու Սոֆի քույրերը եւ էլի ուրիշներ: Նրանք դուրս են գալիս Նոյ նահապետի տապանից եւ ընդունում ջրհեղեղը:
Հետո, երբ քարավանը առաջ էր գնացել, Հեթումն է խնդրում` «Ինձ տարեք իմ քաղաքը» (նախընտրելի է ծննդավայրում մեռնելը): Չուքուրյան Կարապետ աղան ավելի ուշ է վերադառնում («Կուզեմ մերիններուն ոգիին քով ըլլալ»): Ետ դարձի էպիկական թելը չի կտրվում: Ոսկե ձին է գնում, վերադառնում: Քարավանը տեղ հասցնելուն պես` Մգրոն: Վերադարձը նաեւ Ներսես Ալթունյանի մտքում էր:
Վերադարձողները քաշվում են բուն էպիկականության տարածք:
Վեպի կառուցվածքում էական տեղ ունեն խորհրդանշանները, հատկապես Բրաբիոն ծաղիկը: Բրաբիոնը տեսել է Արաբոն, պատմել Աղբյուր Սերոբին, նա` Գեւորգ Չաուշին, Չաուշը` Քեռիին, սա էլ` Անդրանիկին, Անդրանիկը` Մուրադին…
Մենք հանդիպում ենք էպոսի փոխանցական գծին:
«Սեւ քառակուսի» եւ «կարմիր անապատ» կապակցությունները սոսկական համադրություններ չեն: Պատմական հիշողությունը սեղմվում է սեւ քառակուսու մեջ: Այստեղ են մնում Երզնկան, Բիթլիսը, Ալաշկերտը, Սեբաստիան, Դիարբեքիրը…, մեր պատմական աշխարհագրությունը: Երկրաչափական պատկերը կնքում է ճանապարհ ու ճակատագիր: Ազգի տոհմածառը («Հազար մարդ ձեռք-ձեռքի տված չէր կարող գրկել նրա բունը»), ներկայացվում է «կայծակնահար», «մնացել էր ահռելի, կանգուն, անթաղ կմախքը»:
Գրողը մեր ժամանակի պատվիրակն է «կարմիր անապատում»: Նա է խոսում գաղափարական վեպի բոլոր հերոսների միջոցով: Գերիշխում են անհատականացված խոսքն ու մտորումը: Սակայն, ըստ հեղինակի, մեկ անձն էլ ժողովուրդ է, ուստի մեկի խոսքն էլ բազմաձայնական է:
Ն. Ադալյանին հաջողվում է հաղթահարել ժամանակի հեռավորությունը եւ «կարմիր անապատում» տեսնել Եղեռնը: Նա կանգնում է կոտորածի գրիչների շարքում: Կարծես նա տարեգրում է հընթացս (Եղիշեի պատմության պոետիկան դրա արդյունքն է):
Քարավանը հասնում է փրկության հանգրվան, բայց չի ցավազրկվում: Ցեղասպանության չափումները անփոփոխ են:
Վեպում հանդիպում ենք մի անեծքի. «Յոթ տարի, յոթ դար, յոթ հազարամյակ քոռ նստիս, գորշ գայլ, դու ու քո ծնողները, դու ու քո եղբայրները, դու ու քո արյունակիցները, դու ու քո ազգուտակերը, քոռ, քոռ նստիք, մինչ աշխարհի վերջ…»: Անեծքով մենք դեմ ենք առնում միֆամտածողության արքետիպային շերտին:

Նորայր Ղազարյան

Share Button

1 Կարծիք

  • Ռուզաննա says:

    shat hetaqrqir girq e,kardaceq bolort,verabervum e Exernin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *