Վերջերս ավարտեցի չին գրող Շեն Ցունվընի «Սահմանային քաղաքը» և ընթերցանության ընթացքում անընդհատ մտովի վերադառնում էի մի ճապոնական ֆիլմի, որը դիտել էի մոտ երկու տարի առաջ՝ Ջո Օդագիրիի «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմին։ Երկու դեպքում էլ սյուժեն կառուցված էր գրեթե նույնական ֆիգուրների և հանգամանքների շուրջ, ինչը դժվար էր անտեսել․ գետ, փոքրիկ մակույկ, ծերունի մակույկավար, ծերուկի խնամքին մնացած աղջնակ, և այստեղ նրանց կյանքը ծավալվում է կարծես ժամանակի մի փոքրիկ ծալքում՝ աշխարհի հիմնական հունից կտրված։ «Սահմանային քաղաքը» վեպում աղջիկը մակույկավարի որբացած թոռնուհին է։ Իսկ «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմում ծերուկը գտնում և փրկում է մի անծանոթ աղջկա, որը, ըստ տարածվող ասեկոսեների, ինչ-որ մութ ոճրագործությանը զոհ գնացած ընտանիքից ողջ մնացած միակ անդամն է։ Երկու ստեղծագործություններում էլ ծերունին և աղջիկը ապրում են գետի մի կողմում՝ աշխարհից մի փոքր կտրված, և անխոնջ տեղափոխում են մարդկանց մի ափից մյուսը՝ ասես ապահովելով կյանքի բնականոն ընթացքը։ Առերես նմանությունը և պատումի էսթետիկան այնքան միանման էին, որ Շեն Ցունվընի գիրքը կարդալիս մի պահ կարծեցի՝ ճապոնական ֆիլմը այս գրքի ադապտացիան է։
Այս երկու գործերը սկզբում կարծես խոստանում են նույն բանը՝ դանդաղ կյանք, բնության հետ մոտիկություն, գետի ընթացքով չափվող օրեր։ Սակայն առաջին հայացքից միանման վիզուալ լեզուն սկսում է բոլորովին հակադարձ պատմություն պատմել։ Նույն սիմվոլները իրար հետ այլ փոխհարաբերության մեջ են մտնում և միմյանցից տարբերվող իմաստներ դրսևորում։ Ճապոնական ֆիլմը, որի երաժշտական ձևավորումն, ի դեպ, պատկանում է Տիգրան Համասյանին, լի է դանդաղ կադրերով, որոնցում գրեթե չկա շարժում, և տեսարանն ամբողջությամբ լցված է լայնածավալ բնության պատկերով և ձայներով։ Բնության մանրագույն դետալներ հաճախ առանց որևէ շտապողականության վերցնում են էկրանային թանկարժեք ժամանակից ծորուն վայրկյաններ, պարզապես որպեսզի հանդիսատեսը տեսնի և լսի ջրի ճողփյունը, քամու խաղը, կրակի ծխի բեկբեկվելը օդում։ Իսկ մարդը դառնում է այդ մեծ կտավի մի փոքրիկ դետալ։ Չինական զուգահեռում ընթերցողական ֆոկուսը ուղղորդվում է դեպի մարդը։ Բնության հոսուն ներկայությունն, ինչ խոսք, այստեղ նույնպես որոշիչ դեր է խաղում, բայց ոչ թե որպես ինքնիշխան ու վրեժխնդիր տարերք, այլ մարդկային օրենքների ու սովորույթների ծնած կոնֆլիկտները հանգուցալուծող միջավայր։ Բնությունն այստեղ ավարտին է հասցնում այն, ինչ արդեն սահմանված է մարդկային հարաբերությունների տրամաբանությամբ, բայց երբեք չի միջամտում որպես պատժող կամք, ինչը տեսնում ենք ֆիլմում ոգու կերպարի միջոցով, որին դուր չէր եկել ծերունու՝ կյանքի և մահվան գործերին խառնվելը և աղջնակի՝ Ֆուուի կյանքը փրկելու հանգամանքը։
«Սահմանային քաղաքը» լի է կյանքով՝ տոնախմբություններ, նավակների մրցումներ, բադ բռնելու խաղեր, հանդիպումներ, խոսակցություններ, սիրային ակնարկներ։ Մարդիկ գալիս ու գնում են, քաղաքի ու գետի ափերի միջև անընդհատ շարժում կա։ Բայց։ Այստեղ կա մեկ բայց։ Առերևույթ շարժի ու եռացող կյանքի մեջ փոխվում են մարդկային ճակատագրերը, մինչդեռ աշխարհի նահապետական կարգը մնում է անփոփոխ։ Կատարողական առումով այս ստեղծագործությունն ասես վրձնահարվածների շարք լինի, որը ցույց է տալիս քեզ շարժում իրավիճակի մեջ, բայց թե հաջորդիվ ինչ կլինի, դիտողը հաստատ իմանալ չի կարող, ինչպես կտավին նայելիս կարող ես ենթադրել, բայց հաջորդ պահը վստահաբար տեսնել չես կարող։ Շարժումը շատ է, բայց ոչինչ կարծես մինչև վերջ չի տեղաշարժվում։ Գալիքը միշտ սպասվում է, բայց չի հասնում։
Օդագիրիի ֆիլմը գրեթե հակառակն է։ Այն կազմված է երկար լռություններից, դանդաղ կադրերից, գետի, ծառերի ու քամու ձայներից։ Հաճախ թվում է՝ էկրանին առանձնապես ոչինչ չի կատարվում։ Բայց այդ անշարժության խորքում ժամանակը սրընթաց և անդառնալի առաջ է գնում։ Կամուրջը կառուցվում է։ Ամեն մի նոր օր մոտեցնում է պահը, երբ մակույկավարի ամբողջ կյանքը կկորցնի իր նախկին իմաստը։ Հետաքրքրական է, որ չնայած ֆիլմի անշտապողականությանը՝ որոշ դրվագներում կադրերի անցումները շատ կտրուկ են, և մոնտաժային այդ տեխնիկան խտացնում է տագնապի, լարվածության, վերահաս դժբախտության զգացումը։
«Սահմանային քաղաքը» վեպում արտաքուստ շարժուն կյանքը կարծես կանգ է առել, իսկ «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմում արտաքուստ կանգնած կյանքը ներսից հսկայական արագությամբ փոխվում է։
Այս հակադրությունն ամենացայտուն կերպով երևում է երկու ծերունիների և նրանց խնամքի տակ գտնվող աղջիկների ճակատագրերում։ Երկու դեպքում էլ ծերունին գիտակցում է իր հեռանալու անխուսափելիությունը և աղջկա ապագան ապահովելու անհրաժեշտությունը, բայց երկու աշխարհներում ողբերգությունը ծնվում է բոլորովին տարբեր աղբյուրներից։
«Սահմանային քաղաքում» չկա մարդկային չարացածություն, չկան հակահերոսներ։ Այստեղ բոլորը՝ պապը, Ցույցույը, երկու եղբայրներն ու նրանց հայրը, առաջնորդվում են ազնիվ մղումներով, հոգատարությամբ ու սիրով։ Պապը, ի տարբերություն իր միջավայրի ընդունված կարգի, չի ուզում պարտադրել իր կամքը․ նա ուզում է, որ թոռնուհին ինքը ընտրի իր երջանկությունը։ Եղբայրներն ազնվորեն զիջում են իրար, հայրը կուլ է տալիս իր ցավն ու ընդունում որդու որոշումը։ Բայց այս բարի ու լուսավոր աշխարհում ողբերգությունը ծնվում է հենց չասված խոսքերից, չափից դուրս նրբանկատությունից և այն անտեսանելի սահմաններից, որոնց մեջ ապրում են այդ մարդիկ։ Այստեղ հասարակարգը դեռ չի փլուզվում․ հեղինակը միտումնավոր սառեցնում է պատմական ժամանակը՝ փորձելով պահպանել այդ անհետացող նահապետական աշխարհը, բայց առանց այն իդեալականացնելու՝ ցույց տալով այն իր ներքին ողբերգություններով հանդերձ։ Այդ աշխարհն իր անփոփոխ հունով շարունակում է գոյատևել, իսկ մարդիկ մնում են այդ անփոփոխության ներսում՝ կրելու իրենց անձնական, լուռ վիշտը։ Երբ ծերունին հեռանում է կյանքից և մակույկն էլ խորտակվում է, Ցույցույը մենակ չի մնում իր վշտի հետ․ նա ստանում է գետի մյուս ափից անհրաժեշտ աջակցություն և այնտեղ տեղափոխվելու առաջարկ։ Սակայն վեպի տարածքում ժամանակն այդպես էլ չի հարթում չբացված հանգույցները, այլ պարզապես սառեցնում է սպասումը՝ թողնելով Ցույցույին գետի ափին՝ անցյալի հիշողության և ապագայի անորոշ հույսի արանքում։
Օդագիրիի ֆիլմում ողբերգության բնույթն այլ է․ այստեղ ցավը ծնվում է ոչ թե մարդկային թյուրիմացություններից, այլ հենց աշխարհակարգի փոփոխությունից։ Ժամանակը չի սառեցնում, այլ սրբում-տանում է հին աշխարհը։ Մակույկավար Տոիչին կառչած է իր արհեստից ու գետից, բայց կամրջի կառուցումը նրան դարձնում է անցյալի մի մասնիկ, որը նոր կյանքում այլևս տեղ չունի։ Մյուս կողմից՝ նոր աշխարհը, առաջընթացը ֆիլմում ներկայացված է խիստ բացասական երանգներով, դրամատիկ շեշտադրությամբ։ Եվ եթե վեպում Ցույցույի և հին աշխարհի վերամիավորումը հնարավոր զարգացումներից մեկն է, որը հեղինակը թողնում է ընթերցողի մեկնաբանությանը, ֆիլմում ծերունին ու աղջիկը միասին նստում են մակույկն ու հեռանում գետի մշուշի մեջ՝ թողնելով կամուրջը և իրենց հետ տանելով արդեն անպետք դարձած իրենց անցյալը։
Երկու ստեղծագործություններն էլ ավարտվում են ձմեռային պատկերով, անորոշ թախիծով։ «Եկավ ձմեռը, և սպիտակ պագոդան վերակառուցվեց, բայց երիտասարդը, որը երգում էր լուսնի լույսի տակ՝ ստիպելով Ցույցույին ճախրել իր երազներում այդ մեղեդու ներքո, դեռ չէր վերադարձել Չատոն։ … Այդ մարդը կարող է երբեք էլ չվերադառնալ, կամ գուցե վերադառնա վաղը»։
Այս սպասումն ու անորոշությունը գեղեցիկ կերպով ամփոփում է ֆիլմի եզրափակիչ կադրերն ուղեկցող երաժշտությունը՝ Տիգրան Համասյանի «Into The Forest» մեղեդին, որի ունկնդրությամբ էլ առաջարկում եմ ավարտել ընթերցումը։