Անցումների սերունդ
Դիմացի մայթը դեպի նոր ճանապարհ տանող ուղիներից մեկն է, ու մենք անցումի առաջ կանգնած հետևում ենք կարմիր մարդուկին. քսան, տասնինը, տասնութ, տասնյոթ, տասնհինգ, տասնվեց…
Սովետական միությունից հետո՝ ՀԽՍՀ-ի գործարանների ու քանդված քաղաքական ու արժեքային համակարգի փլատակներում, ծնվեց ու դեռ շարունակում է ծնվել նոր սերունդ: Տարեցները մեզ հույսով կոչում են անկախության սերունդ, իսկ մենք նախընտրում ենք թաքնվել հին ուրվականների մեջ՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Մենք պետք է ավելով սրբենք մնացած փոշին ու համարյա զրոյից նորը կառուցենք, բայց ինչպե՞ս, եթե ո՛չ գործիք ունենք, ո՛չ գիտելիք, ո՛չ փորձ, ո՛չ էլ համարձակություն:
Անորոշության սերունդ
Ու թվում է, թե նորը հնից լավն է, բայց ի՞նչ իմանաս, եթե հինը չես տեսել, նորն էլ չես պատկերացնում: Փորձված թանն անփորձ մածունի հետ համեմատելը միամտություն է, երբ մածունը դու չես փորձել:
Տուր ինձ հենման կետ և ես կկողմնորոշվեմ. տասնհինգ, տասնչորս, տասներեք, տասներկու, տասնմեկ, տասը…
Անցյալն ապագայից ոչ պակաս անորոշ է: Հնի ստվերի՝ նոր քաղաքական համակարգի, կողմից մատուցվող ինֆորմացիան այնքան խառն ու անորոշ է, որ շատերը նախընտրում են նոր անցյալ հորինել: Իսկ ապագա հորինելն անշնորհակալ ու երազկոտ գործ է, երբ դու ոչինչ չունես: Որոշում կայացնելու եւ ընտրություն կատարելու հնարավորության փոխարեն քեզ տվել են քառակուսի գլուխ, որն անդադար բթացնող ու մանիպուլացնող ալիքներ է ստանում: Թվում է, թե միակ ելքը ուրվականներին քշելն է, բայց ինչպե՞ս, եթե մեզնից շատերը վախենում են ուրվականներից:
Դատարկ սերունդ
Եթե անցումում կանգնածներիցս մեկին հարցնես «ուզո՞ւմ ես անցնել», կպատասխանի «չգիտեմ»: «Իսկ թռչել ուզո՞ւմ ես, ճայի նման՝ բարձր-բարձր»՝ «եսիմ»: Թագավորը մերկ է. ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս..
Ես վերցրել եմ իմ հարմարավետության տիրույթն ու ինքնակառավարման թողնված սողում եմ դեպի դատարկություն: Եթե բախտս բերի ու մի օր դուրս պրծնեմ այստեղից, շատ ընկերներիս նման կգնամ ու կխառնվեմ մի քիչ կայացած, ինձ ավելի նման օտար սերնդակիցներիս: Բայց դատարկությունը կմնա: Ցինիզմն ու մատերիալիզմը գրկած լռված ենք: Հետխորհրդային բարդույթները ուրվականների հետ մեզ պահում են դատարկ տիրույթում: Դատարկ ընկերս հույսի ու հավատի մասին ասաց. հույս ունեմ, որ գոնե կմեռնեմ: Մենք հոգեպես դատարկ ենք. ժամանակ ենք սպանում՝ չկարողանալով մարսել ծամված գաղափարներն ու կրոնները: Ինչպե՞ս հավատաս, երբ չգիտես ինչին:
Միայնակ սերունդ
Կանաչ մարդուկին սպասելիս բոլորն ստուգում են իրենց առցանց հաշիվները: Մի տղա ու մի աղջիկ իրար ձեռք բռնած են սպասում. նրանք էլ են միայնակ: Բարև ձեզ, ինձ «լայք» կտա՞ք. երեք, երկու, մեկ, զրո, քսան, տասինը..
Ժողովո՛ւրդ, մեկդ զանգեք վերևներին ու ասեք, որ լուսացույցը փչացել է: Սպասեցինք, սպասեցինք կանաչ մարդուկին, իսկ իրենք էլի նույն կարմիրն են դեմ տալիս: Մենք ժամանակ չունենք, որ դրանով զբաղվենք, սոցիալական ցանցերում էջեր ենք խնամում, առաջին կարգի հաշմանդամ խաղեր ունենք, բա դրանց բոլորի հոգսն ո՞վ քաշի: Բոլորս միայնակ ենք, ամեն շաբաթ հավաքվում ենք դեպրեսիայի մեջ ու խմում: Անցած անգամ, երբ նստած էինք իրար նեռվերի վրա, որոշեցինք, որ ուրվականներն են մեղավոր, որովհետև իրենք լիքն են վերևներում: Բացի ուրվականներից, մեղավոր են նաև մութ ու դավադիր ուժերը, որոնք ամենուր են: Մեղավոր են նաև տելեպուզիկներն ու չեբուրաշկան, որովհետև իրենք ինչ-որ ուրիշ սեռի են:
Մեղավորներին գտանք ու մեզնից գոհ էլի սկսեցինք նայել կարմիր մարդուկի թվերին: Անցումը նույնն էր, մենք էլ. ոչինչ չէր շարժվում: Սմարթֆոնից մի պահ կտրված երիտասարդներից մեկը հոգնած ձայնով առաջարկեց վազել-անցնել դեպի նոր ճանապարհ` առանց փչացած համակարգին ուշադրություն դարձնելու: Բոլորով մի լավ ծիծաղեցինք, ինքն էլ ծիծաղեց իր խենթ մտքից ու մնացինք նույն տեղում: