Անդորրայում ապրում էր մի երիտասարդ, որին համարում էին հրեա։ Հարկ է պատմել նրա ենթադրյալ ծագման պատմությունը, նրա առօրյա հարաբերություններն անդորրացիների հետ, ովքեր նրան հրեա էին համարում. այդ պատրաստի կերպարը նրան սպասում էր ամենուրեք։
Օրինակ՝ անդորրացիները համոզված էին, որ հրեան չի կարող չվստահել սեփական մտքին։ Ու նա իր սուր միտքն ապացուցեց հենց այդ պատճառով։ Հետաքրքիր է նաև, թե նա ինչպես էր վերաբերվում փողին, որը նույնպես մեծ դեր է խաղում Անդորրայում. նա գիտեր, առանց բառերի զգում էր, թե ինչ են մտածում բոլորը։ Նա ինքն իրեն լուռ քննում էր՝ տեսնելու, թե արդյոք ճի՞շտ է, որ ինքը միշտ մտածում է փողի մասին։ Նա զննում էր իրեն այնքան, մինչև հասկացավ, որ դա ճիշտ է, իսկապես ճիշտ է. նա միշտ մտածում էր փողի մասին։ Նա բարձրաձայնեց այդ մասին, խոստովանեց, և անդորրացիները լուռ հայացքներ փոխանակեցին՝ գրեթե առանց շարժելու շուրթերի անկյունները։
Նույնիսկ հայրենիքին վերաբերող հարցերում նա հստակ գիտեր, թե ինչ են նրանք մտածում. երբ նա արտաբերում էր այդ բառը, նրանք անտեսում էին այն՝ ինչպես հողի մեջ ընկած մետաղադրամը։ Անդորրացիները գիտեին, որ հրեան ունի հայրենիքներ, որոնք ընտրում է, գնում է, բայց դա չէր կարող լինել այն հայրենիքը, որն ունեին իրենք կամ այնտեղ ծնված որևէ մեկը։ Թեև նա լուրջ չէր վերաբերվում անդորրական գործերին, նրանց լռության մեջ խոսում էր այնպես, ասես բամբակի մեջ լիներ։ Ավելի ուշ նա հասկացավ, որ իրեն պակասում է նրբանկատությունը. այդ մասին նրան ասացին, երբ հոգնել էին նրա կրքոտ բռնկումներից։ Հայրենիքը մեկընդմիշտ պատկանում էր ուրիշներին, և նրանից չէին սպասում, որ նա կարող է սիրել այն. ընդհակառակը, նրա համառ փորձերն ու որոնումները միայն կասկածանք էին հարուցում։ Նա փնտրում էր բարյացակամություն, առավելություն, հաճոյախոսություն, ինչն ընկալվում էր որպես նպատակին հասնելու հաշվարկ, նույնիսկ եթե նա որևէ հստակ նպատակ չուներ։
Եվ այսպես շարունակվեց այնքան, մինչև մի օր նա իր պրպտող ու վերլուծող մտքով բացահայտեց, որ իրականում չի ապրում հայրենիքով, նույնիսկ այդ բառի կարիքը չունի, որն ամեն անգամ իր մեջ ամոթի զգացում էր առաջացնում։ Ըստ երևույթին, նրանք ճիշտ էին։ Ըստ երևույթին, նա ընդհանրապես անկարող էր սիրել՝ համենայն դեպս ոչ անդորրական իմաստով։ Նա, անշուշտ, արտահայտում էր կրքոտ ջերմություն, բայց նրա սթափ միտքն ընկալվում էր որպես վրեժխնդրությանը մշտապես պատրաստ գաղտնի զենք։ Նրան, անկասկած, պակասում էին ոգեղենությունը, մտերմիկ կապերը, հավատարմությունը։ Նրա հետ շփվելը խթանող էր, անշուշտ, բայց ոչ հաճելի, ոչ էլ հարմարավետ։ Նա չէր կարողանում նմանվել բոլորին և ապարդյուն փորձում էր խուսափել աչքի ընկնելուց. նրա անգամ «այլ» լինելը դրսևորվում էր անհնազանդությամբ, հպարտությամբ և դրա հետևում թաքնված թշնամանքով, ինչն անտեղի բախումներից խուսափելու համար մեղմացնում էր քաղաքավարությամբ։ Նույնիսկ երբ նա խոնարհվում էր, դա մի տեսակ նախատինք էր, կարծես շրջապատը մեղավոր լիներ նրա՝ հրեա լինելու մեջ։
Անդորրացիների մեծ մասը նրան վնաս չէր տալիս, բայց դրանում էլ լավ բան չկար։ Մյուս կողմից՝ կային նաև ավելի ազատախոհ և առաջադեմ անդորրացիներ, որոնք հոգու խորքում իրենց պարտավորված էին զգում մարդկության առաջ։ Ինչպես իրենք էին նշում, նրանք հրեային հարգում էին հենց նրա հրեական հատկանիշների՝ մտքի սրության և այլնի համար։ Նրանք նրա կողքին մնացին մինչև նրա մահը, որը դաժան էր՝ այնքան դաժան ու զազրելի, որ նույնիսկ այն անդորրացիները, որոնց վրա չէր ազդել կյանքի դաժանությունը, սարսափեցին։ Այսինքն՝ նրանք իրականում չէին ցավում նրա համար, կամ, անկեղծ ասած, չէին զգում նրա պակասը. նրանք միայն սարսափած էին մարդասպաններից և այն ձևից, որով դա տեղի էր ունեցել. առաջին հերթին՝ ձևից։
Դեռ երկար ժամանակ խոսում էին այդ մասին։
Մի օր բացահայտվում է այն, ինչը նույնիսկ մահացածը չէր կարող իմանալ. նա եղել է գտնված երեխա, որի ծնողներին հետագայում հայտնաբերել են, և նրանք անդորրացիներ են։
Այդ մասին այլևս չէին խոսում։
Սակայն անդորրացիները, երբ նայում էին հայելու մեջ, սարսափով նկատում էին, որ իրենցից յուրաքանչյուրն ունի հրեայի դիմագծեր։
«Քեզ համար Աստծո պատկեր մի՛ կերտիր»,- ասվում է այնտեղ։ Այն նաև հետևյալ իմաստն ունի. Աստված յուրաքանչյուր մարդու մեջ ապրող կենդանի էակ է, ինչն անհասկանալի է։ Դա սրբապղծություն է, որը մենք, ճիշտ այնպես, ինչպես այն կատարվում է մեր դեմ, գրեթե անընդհատ կրկնում ենք։ Բացառություն են կազմում միայն այն պահերը, երբ մենք սիրում ենք։
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի