Բանաստեղծությունից առաջ և հետո, ինձ համար ամենապաշտելի, ամենասիրելի ժանրը ասույթն է։ Որպես գաղտնիք ասեմ, որ ես հստակորեն չեմ էլ կարող բացատրել՝ թե ասույթը նույն բանաստեղծությունը չէ։ Միայն մեկ բան կնշեմ, որ հօգուտ ասույթի է՝ այն պահպանման, վաղեմության ժամկետ չունի, բացարձակապես անմահ է. ավաղ, որոշ բանաստեղծություններ ծերանում, թորշոմում ու հետո մահանում են։
Ստանիսլավ Յեժի Լեցի ասույթները թարգմանում եմ ընտրողաբար՝ առավել դուրս եկածները ու նաև մեր ժամանակին խիստ համահունչները։
Բարի վայելում։Հ.Գ.
Եթե չծուլանամ ու օրական մի 5-6ը թարգմանեմ՝ մեկ տարի հետո ամբողջական գրքով Լեցի անզուգական ասույթները կունենանք, իհարկե, եթե հովանավոր ճարվի։
Գևորգ Թումանյան
Այդպես էլ ամբողջ կյանքում նրան չհաջողվեց գամվել հասարակական կարծիքի անարգանքի սյանը։
&
Նա մինչև իսկ լռում էր քերականական սխալներով։
&
Նրա տգիտությունն արդարև հանրագիտարանային է։
&
Նա իր մասին այնքան մեծ կարծիքի էր, որ ինքն իրեն թզուկ էր թվում։
&
Հնարավո՞ր է կասկածամտությունը համարել հարմարավետ աշխարհայացք։ Կասկածամիտները դրան վերաբերվում են կասկածամտորեն։
&
Գրախոսությունից.
Նրա պոեզիան աչքի էր ընկնում մտքի նրբագեղ աղքատությամբ։
&
Հիշե՛ք՝ սատանան աքացի է տալիս ոչ թե կճղակով, այլ մարդկային ոտքով։
&
Տապալելով հուշարձանները՝ պատվանդանները թողե՛ք. ապագայում պետք կգան։
&
Արյան փոխներարկումը հաճախ կատարվում է գրպանից գրպան։
&
Կախվածի տանը չեն խոսում պարանից։
Իսկ դահիճի տա՞նը…
&
Նոր աստվածները հներից ժառանգում են և նրանց բնորոշ հատկանիշները և նրանց երկրպագուներին։
&
Այն, ինչը սկսել է քայքայվել, արդարացիորեն կարծում է, որ ամեն վերլուծություն ավելորդ է։
&
Հնարավո՞ր է հողաթափերին ամրացնել խթաններ. հնարավոր է, սակայն պետք չէ զնգզնգացնել դրանք։
&
Յուրաքանչյուր դար իր միջնադարն ունի։
&
Խամաճիկներին ավելի հեշտ է կախել՝ թոկերն արդեն կան։
&
Ուղղահայացը հորիզոնականի հետ իրենց խաչն են տանում։
&
Իսկ պատահե՞լ է արդյոք, որ Ամենատես Աչքը մարդու արցունք թափի։
&
Մարդուն մի փնովիր. ինքդ քեզ կլսես՝ կնեղանաս։
&
Գեղեցիկ սու՞տ…
Ուշադրությու՛ն, այն ստեղծագործություն է արդեն։
&
Հեշտ չէ՝ մեռնելուց հետո ողջ մնալը. պատահում է՝ հանուն դրա ստիպված ես զոհաբերել կյանքդ։
&
Ժողովրդի ձայնազրկությունը նկատելի է անգամ օրհներգը երգելիս։
&
Մենություն, որքա՜ն գերբնակեցված ես…
&
Ի՜նչ համարձակ գրող է.
Վերջակետը դրեց՝ ոչինչ չգրելով։
&
Մտիր քո մեջ առա՛նց թակոցի։
&
11-րդ պատվիրան. մի շնաբառիր։
&
Մահը դեռ ապացույց չէ, որ ապրել ես։
&
Մի՛ ստեղծիր քո Աստծուն քո պատկերով։
&
Ես մի անգամ տեսա տիտանին՝ գուլպա կարկատելիս. կյանքում նրա առաջին տիտանական ճիգն էր…
&
Նախքան խելագարվելը՝ տոմսի համար վճարի՛ր։
&
Մտքերը ցատկոտում են ինչպես լվերը,
բայց ոչ բոլորին են կծում։
&
Սիրահարների համար խոտը այլ կերպ է բուրում, քան՝ ձիերի։
&
Ազատության երգը օտարի դուդուկի տակ չես երգի։
&
Եվ ջրափոսի մեջ կարելի է խորություններ հայել։
&
Պետության սահմանադրությունը չպետք է վնասի իր քաղաքացու սահմանադրությանը։
&
Որպեսզի լինես անմահ՝ սկզբի համար պետք է մահանաս։
&
Հնարավոր չէ ձևանալ ազատ մարդ։
&
Իսկ գուցե Աստված ինձ անհավա՞տ է նշմարել։
&
Շալվար մաշեցնել կարող ես և գահին նստած։
&
Հիմարությունը հանցագործության մայրն է։
Իսկ հայրը կարող է լինել և հանճարը։
&
Երազներդ ոչ մեկին մի՛ պատմիր։
Հանկարծ իշխանության կարող են գալ Ֆրեյդի զավակները։
&
Այս երկուսը այնքան քիպ են գրկախառնվել, որ զգացմունքի տեղ չի մնացել։
&
Այս կեղտոտ ջրափոսը նախկինում ձյուն է եղել։
Ես հարգանքով շրջանցեցի այն։
&
Խորհուրդ գրողներին.
Պետք է իմանալ, թե երբ թողնել գրելը։
Նույնի՛սկ՝ չսկսած։
&
Հիմար լինելը չի փրկում մտածելու պարտականությունից։
&
Մի՞թե ներքինիներին հուզում է քաղաքացիական ամուսնության խնդիրները…
&
Առասպելները ծերացած բամբասանքներն են։
&
Եվ պղնձե ճակատներն են փայլում…
&
Ամենաբութ քթով կոշիկը կարող է թողնել անջնջելի հետք։
&
Եվ ապակե աչքն է տեսնում սեփական կուրությունը։
&
Կյանքը շատ գեշ բան է.
ով ապրում է՝ մահանում է։
&
Առասպելների ամենահավատարիմ ծառաները վարձկաններն են։
&
Խոհարարների կարծիքով նապաստակը շատ է սիրում բազուկի խավարտ։
&
Եթե բումերանգը չի վերադառնում, ապա նա ընտրել է ազատությունը։
&
Կաղամախիները բոլոր ռեժիմների ժամանակ դողում են։
Բայց, գրողը տանի, նաև ծաղկում են…
&
Խարույկներով խավարը չես ցրի։
&
Գարշահոտությունը օդափոխիչի հետ պայքարելիս՝ իրեն Դոն Քիշոտ է կարծում։
&
Էս մարդը կյանքում էնքան քիչ է կարդացել, որ ստիպված ինքն է հորինում մեջբերումները դասականներից։
&
Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին.
իսկ մարդկա՞նց…
&
Եթե հանդերձյալ կյանքում հանդիպելու եմ ինձ սպանողներին, ապա ավելի լավ է նրանց հետ յոլա գնամ այս կյանքում։
&
Է, ասենք, մենք աստվածներին բաժանեցինք, իսկ նրանք ինչպե՞ս են մեզ բաժանելու…
&
Հնարավոր է և Նապոլեոն չլինելով մահանալ Սբ. Հեղինե կղզում։
&
Վարդերը՝ բուրմունքի խաս վարպետները…
&
Ոչխարը չհարստացավ իր ոսկե գեղմից…
&
Ինչպե՜ս էր հնարավոր գործը մինչև Աշխարհի Արարում ձգել…