Может быть, нарочно я
в человечьем меси́ве
лицом никого не новей.
Я,
может быть,
самый красивый
из всех твоих сыновей.
В. Маяковский
Դժվար է լինել նա, ում բոլորը ատում են,
բայց առավել դժվար է լինել նա, ով բոլորին է ատում:
Այդ դերը ես վերցրել եմ ինձ:
Ես այս գրականության մեջ
Հուդան եմ՝
ջինսով:
Ես դավաճանել եմ այն, ինչ
ստեղծվել է ինձնից առաջ
և թեկուզ հետո:
Ապագային դավաճանել եմ:
Իմ գրած ամեն տողից կարելի է հանգիստ կախվել:
Այդքան ամուր են նրանք կպած թղթին:
Երեսուն արծաթի համար ես կդավաճանեի ժամանակակից
գրականությունը, եթե, իհարկե, նա լիներ:
Նա չկա:
Ես կամ:
Կամ ես,
կամ
չկամը:
Չկամ չեմ ես,
ուղղակի չեղածի մեջ ավելի լավ է Հուդան լինի աստծո որդի:
Չկա նա, ում կարելի է դավաճանել:
Այո, ես Հուդան եմ
սուրճ խմող:
Մի քանի բանաստեղծություն թարգմանել եմ Ցոյից:
Լեհերից սիրում եմ Ստախուրային
ում անվանում էին սուրբ
Ֆրանցիսկ՝
դարձյալ ջինսով:
Ամեն ազգի մեջ մի սուրբ պիտի լինի
ջինսով,
ով կփրկի գրականությունը:
Իսկ ես դավաճանում եմ նրան՝ տալով
անտաղանդ սրբի ձեռքը կեղտոտ, ով
տաղանդավոր սրբվում է ու իրեն համարում գրական խուլիգան:
Գուցե վաղուց այդպես եղել է,
բայց ու՞մ է հիմա դա
հետաքրքրում:
Այդ «վաղուցն» եմ իմ տեքստերում ես
քրքրում:
Տանել չեմ կարողանում
այդ գրական խորհրդավոր
ընթրիքները,
սեղանին լցված ձեռագրերի տեսքով
լիքը
թրիք:
Ընթրեք
ու
ընտրեք:
Կամ նրան կամ Բարաբբային:
Այս գրականությունը փրկելու համար չարժի նույնիսկ Բարաբբային զոհել:
Ուր մնաց Նրան:
Ուր՞ մնաց ձեր հեղափոխությունը:
Ես քարոզում եմ
խորխել
լույսի
վրա,
իսկ
սնոբերը այդ պահին
Խորխե
Լուիս
Բորխես են կարդում:
Քրիստոսը այդ աշակերտների մեջ կորցնում էր իր անհատականությունը:
Կորցնելով ձեռագիրը՝
նա նմանվում էր գրչակի:
Ինչ-որ մեկը պիտի դավաճաներ նրան, որ փրկեր փրկչին:
Գրչակը նման է խավարասերի, որը սիրում է կրծել մաքուր թուղթը:
Երեսուն արծա՞թ:
Ճոխություն է:
Ես ձրի կդավաճանեմ:
Աշակերտ առանց շերտի:
Միայն լավ գիտեք ձեր իզմերը:
Մեկդ սյուրռեալիստ,
մյուսդ դադաիստ,
ավելի հաճախ էքզիստենցիալիստ:
Ես ձեզ անվանում եմ անհանգիստ:
Բայց ոչ նրա համար որ անհանգ եք գրում և դրա համար
ԱՆՀԱՆԳ-իստ եք,
այլ նրա համար որ հերիք է մի կարգին ոճային քամի փչի՝
գրական նավից կփախնեք առնետների նման:
Թաքուն կարդացած
Թագորի
գրքից ձկան հոտ է գալիս և
էժան
Կագորի։
Հնդկական օվկիանոսում իշխան ձուկ չկա, պարոն Իշխան:
Պարոն Պարան,
թույլ կտաք նրան կախել
Ձեզնից իր չկայացած գրականությունը
և ձեռի հետ կախվել:
Չնայած երեսուն արծաթով կարող էիր գոնե պարան գնել,
բայց ոչ ծառ:
Ես իմ մարմինը տրամադրում եմ ձեզ որպեսզի նրա վրա դուք կախեք ձեր ակնհայտ չբերությունը:
Ձեր ձեռագրերից չկարդացածության հոտ է գալիս:
Միայն Հիպերմնեստրան չսպանեց իր ամուսնուն, որը ես էի:
Գրականությունը իմ կինն է, և ես՝ նրա ամուսինը:
Այս Դանայան քույրիկների մեջ մենակ ինձ մոտ չստացվեց «ջրելը»:
Այն, ինչ հիմա գրվում է,
գրական փոքրիկ ոճիրներ է
գրական ոջիլներից:
Գրական ոչինչը
կարդում է գիրքը Հոբի,
քանզի գիրք կարդալն է նրա համար հոբբի:
Էլի քունս չի տանում, և դրա համար մարմինս
մի պատերազմի դաշտ է դառնում
որում իմ հակասական մտքերը բախվում են:
Ու ամեն բախումից ես ավելի շատ եմ
արթնանում:
Եթե այս կյանքի մեջ ես իմաստ գտնեի, հավանական է՝ անմահ կլինեի:
Բայց քանի որ այն չկա, ավելի լավ որոշում, քան մեռնելն է, չկա:
Միգուցե ժամանակ կա գտնելու՞:
Ես դրա վրա ժամանակ չեմ ծախսի, որ ժամանակ գտնեմ իմաստավորելու համար իմ ժամանակը:
Դրա փոխարեն ավելի լուրջ գործերով կզբաղվեմ:
Օրինակ կսովորեմ ճիշտ մահանալ:
Ճիշտ մահանալը ճշտի համար մեռնելը չէ, քանի որ ճիշտ մահը սխալի համար մեռնելն է:
Այն սխալը, որ մեծամասնության համար օրենքներից դուրս է, և դրա համար անունը «սխալ» է:
Սխալ գրված բառում միշտ մի բան ճիշտ է:
Ես գիտեմ ամեն օր հեգնանքով մեռնելու գաղտնիքը։
Այս աշխարհում չկա մի մարդ, ով
տականք չէ։
-Դուք տականք եք, – գոռում է իմ Եսը Ինձ։
-Դուք էլ, – ասում է իմ Եսը Ինձ։
Արամ մետիս,
Այո, ես մետիս եմ:
Հայրս արյունով պոեզիա է:
Մայրս՝ արձակ:
Ես իրենց միախառնվելու արդյունքն եմ:
Համր համրում եմ կարդացած գրքերս
և կանգնում մի թվի վրա, որից հետո արաբական թվերին փոխարինում են անհասկանալի հռոմեականները:
Ես հաշվում եմ այն թվերի քանակը, որոնց հաշվել չեմ կարողանում:
-I,-
հաշվում եմ՝ նայելով մեկ-մեկ
II-ին:
Մեկ-մեկը հենց երկուսն է:
Մեկնում են
երկուսով,
բայց մնում մենակ:
Մեկնում գումարած երկուս
հավասար է
III:
Երկունքում
երեք երեխա
սպասում են
IV-ին:
-ԵՐԵԿ՞:
-ԱՍՈՒՄ ԵՄ ԵՐԵՔ:
-Ե՞ՐԲ ԵՔ ՀԱՍՆԵԼՈՒ ՉՈՐՍԻՆ ՆԱՅԵԼՈՎ՝
V-ին:
-ԵՐԲԵՔ:
-Չոր հինգ,-
նայելով
VI-ին:
-Հին վեց
հենվեց
նայելով
VII-ին:
Հանձնվեց:
Այո, հանվեց ժամը յոթին՝
նայելով VIII-ին:
Գյոթեին սպասելիս հաշվում եմ ութ
մտքումս IX-նն է:
Մութ սպասում:
Ինը
նայելով 0-ին:
Ինքը չգիտի հաշվել զրոն:
Հռոմեական թվերում 0 չկա:
0-ի համար հռոմեական թվեր չկան:
Պետերբուրգի պատին գրչակը գրել է.
«Ուրիշ կյանք չկա»:
Իսկ հանճարեղ ԱՆՀԱՆԳ-իստը տակը ավելացրել է.
«Կլ…ս»:
Իմ նման գրողների պատվին փողոցներ չեն
անվանում:
Եվ եթե նույնիսկ սխալմամբ անվանում են, ապա
այդ փողոցները անեծքի ճամփով են
տանում:
Արամը հայ արդի արձակի ապագան է , զարմանում եմ ոչ ոք կարծիք չի հայտնում սենց ազդեցիկ ու տաղանդավոր անհատի գործերի տակ : Հաշտվեք Արամի գերտաղանդավորության և ճշմարտախոսության հետ:
Հաշտված ենք:)
Չեմ կարողանում հաշտվել կիսագրագետ գրականության հետ՝ ում գրչին էլ պատկանի։
I was in Noyan-Tapan yesterday , I saw your book blind punctuation , and remembered about our conversation in september in the bookstore , you’ve told me to find your works , I thought that It would be something simple , but fortunatly I was wrong , I do love how strange can be your thoughts , you are a talent…. The girl with long black hair and red dress…