Վոլֆգանգ Գյոթե | Անտառի արքան

Ո՞վ է գիշերով բորանը ճեղքում։
Հայր ու որդի են ձիով սլանում։
Հայրը զավակին իր գիրկն է առել,
Փորձում է նրան ցրտից պաշտպանել։

-Ինչու՞ ես փակել երեսդ վախից։
-Անտառի արքան ինձ նայեց հեռվից…
Արքան պոչ ուներ, և թագ կար գլխին։
-Այդ մեգն է, որդի’ս, գալիս ջրերից։

-Սիրելի’ մանկիկ, հետևի’ր դու ինձ։
Դու չես ձանձրանա ուրախ խաղերից։
Ծովի ափին կան գունեղ ծաղիկներ,
Մայրս քեզ կտա պես֊պես հանդերձներ։

-Հայրի’կ, չե՞ս լսում, ինձ հետ է խոսում.
Նրան լսելիս վախն է ինձ պատում։
-Ո’չ, զավա’կս, այդ քամին է սուրում,
Աշնան սաղարթի հետ է խաղ անում։

-Դու իմ լա’վ տղա, ինձ հետ չե՞ս գալիս։
Մի’ թող դուստրերս հոգնեն սպասելիս։
Ամեն մութ գիշեր պարում են նրանք։
Քեզ կքնեցնեն իրենց երգի տակ։

-Հայրի’կ, մի՞թե դու չես տեսնում նրանց։
Արքայի դուստրերն են հենց իմ դիմաց։
-Տեսնում եմ, որդի’ս, տեսնում եմ հստակ։
Գորշ ուռիներն են փայլում լուսնի տակ։

-Հավանել եմ քեզ, տղա’ գեղատես,
Ու քեզ կտանեմ՝ ուզես, թե չուզես։
-Ա’խ, հայրի’կ, արքան հիմա կհասնի,
Ինձ կցավեցնի, քեզնից կտանի։

Հայրը սարսափած քշում է իր ձին՝
Ականջ դնելով զավակի լացին։
Շուտով նա հասավ իր տան դռներին՝
Իր գիրկը առած իր զավակի դին։

Թարգմանությունը գերմաներենից Լիդա Հովակիմյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով