Պոեզիա

Գայանե Եդոյան | Ինձ Վերջից պատմիր

*** երբեմն մեկ օրն էլ բավական է հեքիաթի Աղջիկ լինելու համար ֊ ինձ Վերջից պատմիր *** հիմա քարեր են ճանապարհներին ծառ ինձ կգրկե՞ս ֊ ձուլվեմ ճյուղերիդ մինչ արևագալ *** երբեմն ինձ թվում է չխմբագրված բանաստեղծություն եմ ֊ իմ իսկ ներսերում մոլորված *** մի օր կվերադա…

Գայանե Եդոյան | Ինձ Վերջից պատմիր

***

երբեմն
մեկ օրն էլ
բավական է
հեքիաթի Աղջիկ
լինելու համար ֊

ինձ Վերջից
պատմիր

***
հիմա
քարեր են
ճանապարհներին

ծառ
ինձ կգրկե՞ս ֊

ձուլվեմ
ճյուղերիդ
մինչ արևագալ

***
երբեմն
ինձ
թվում է

չխմբագրված
բանաստեղծություն եմ ֊

իմ
իսկ
ներսերում
մոլորված

***
մի օր
կվերադառնամ
այնտեղ ֊

որտեղից
սկսվեցի

այդ օրը
կդադարեն
անձրևները
երևի

***
Դու
ինձ հետ
խոսիր
ջրերի լեզվով ֊

պարզեմ
հայացքիս
ափը
մշուշված

***
ես
ինձ
տեսել եմ
ջրերի վրա ֊

կյանքի
ալիքը
շուռումուռ
տալիս

հիմա
ճայ եմ ես
հույսի թևերով ֊

ջրերը
խառնած
լաց ու ծիծաղիս

***
հայելուց այն կողմ
ստվերն է
լույսի

հայելուց այս կողմ ֊
լույսը
ստվերված

այս խտությունից
աչքերս են
լալիս

արցունքս թողած ֊
աչքերս
մի տար

***
հիմա ֊

երբ
ձանձրույթ է
անձրևում
օրը մգլած ֊

երբ
կյանքը
տեսիլքի է
նման ֊

անորոշ
անհրապույր
անհմա

երբ
զգեստների մեջ
այս մառախուղե

օրը
կորցրել է
գույները բոլոր

հիմա ֊

առավել
քան երբևէ
հասկանում ես
ձյան լռությունը ֊

պաղ
անկրակ
թախծալուր

***
ամբողջ օրը
անձրև տեղաց
պատուհանից
անդին

մեղեդին
ծանոթ էր ֊

բառերն
իմն էին

***
Քո
գնալուց
հետո ֊

որպես
չգրված վեպ ֊

ինձ
մնացին
անՔեզ
օրերը ֊

երամներով
հեռացող

***
մեկ-մեկ
հիշեցրու
լինելս ֊

սկսել եմ
ինձ մոռանալ

***
մինչ Դու
կվիրակապես
կյանքի զակերակը
ափերիս մեջ թպրտացող ֊

ես գնամ
ստվերս փնտրելու
վաղվա աչքերում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով