ՄՈՐՍ ՄԱՍԻՆ
Մորս մասին պատմելու համար բառեր չեմ գտնում։
․․․Թե ոնց էր կրկնում՝ կփոշմանես, ուշ կլինի,
էն աշխարհում կլինեմ, ու թե ոնց չէի հավատում
ո՛չ ուշանալուն, ո՛չ էն աշխարհին։
․․․Ինչ սիրով էի նայում՝ ոնց է կարդում
մոդայիկ վեպերը՝ սկսելով վերջից։
․․․Թե ինչպես խոհանոցում, համոզված, որ
տեղն իրեն վայել չէ, սարքում էր կիրակնօրյա սուրճը,
կամ, էլ ավելի վատ՝ ձողաձկան ֆիլե։
․․․Ոնց էր սպասում հյուրերի գալուն ու հայելու մեջ
ընդունում դեմքի այն արտահայտությունը,
որ լավագույնս էր քողարկում իրականը
(այս ու մյուս թերություններով մորս եմ քաշել)։
․․․Ոնց էր դատողություններ անում ամենի շուրջ,
ինչում վարպետ չէր, ես էլ հոգու հետ էի խաղում,
ինչպես մի անգամ, երբ իրեն համեմատեց
խլացող Բեթհովենի հետ, իսկ ես հիմարի պես ասացի՝
բայց Բեթհովենը տաղանդավոր էր․․․
․․․Ոնց կարողացավ ներել ամեն բան,
ոնց չեմ կարողանում մոռանալ,
ոնց Հյուսթոնից թռա, հասա իր թաղմանը
ու բառեր չգտա ասելու․․․
․․․ու մինչև օրս չեմ գտնում։
ՀԻՄԱ, ԵՐԲ ԿՈՐՑՐԵԼ ԵՍ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ
Հորս
Հիմա, երբ կորցրել ես հիշողությունդ
ու կարող ես միայն անօգնական ժպտալ,
ուզում եմ օգնել քեզ — չէ՞ որ մի ժամանակ
հենց դու, արարչի պես, ինձ երևակայություն տվիր։
Հիշում եմ ճամփորդությունները մեր,
բրդե ցածրիկ ամպերը՝ լեռնային խոնավ անտառի վրա
(այդ անտառի բոլոր արահետները գիտեիր), և
ամառային օրը, երբ Բալթիկի բարձր փարոսի գագաթը ելանք
ու երկար նայում էինք ալիքվող ծովին,
ջրերի սպիտակ ու անփույթ թելակարերին։
Չեմ մոռանա, կարծեմ դու էլ էիր հուզված—
թվում էր՝ տեսնում ենք ամբողջ աշխարհը՝ անծայր,
կապույտ, կատարյալ, մշուշոտ ու պարզ,
այնքան մոտ ու հեռու, շնչող խաղա՜ղ, խաղա՜ղ…
Զգում էինք կորությունը մոլորակի, լսում ճայերին,
նրանց խաղն անշտապ՝ օդի սառն ու տաք հոսանքների մեջ։
Չեմ կարող օգնել քեզ. ունեցածս այս միակ հիշողությունն է։
ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԴԱՍ
Ութ տարեկան եմ
Երաժշտության դաս հարևան տեր և տիկին Յ-երի տանը։
Առաջին անգամ եմ այստեղ,
տան հոտը մերինից տարբեր է
(ինձ թվում է՝ մերն ընդհանրապես հոտ չունի)։
Ամենուր գորգեր են․ հաստ, պարսկական գորգեր։
Գիտեմ, որ հայեր են, բայց չգիտեմ՝ հայն ինչ է։
Հայերը գորգեր ունեն,
օդում պար է բռնել դեռ Լվովից բերված փոշին՝
միջնադարյան փոշին։
Մենք ոչ գորգեր ունենք, ոչ էլ միջնադար։
Չգիտեմ՝ ով ենք—թափառակա՞ն գուցե,
իսկ եթե առհասարակ չկա՞նք։ Միայն ուրիշները կան։
Ակուստիկան չքնաղ է հարևանի տանը։
Լռություն է։ Ալարկոտ, տնային գազանի պես,
սենյակում կանգնած է ռոյալը՝
կենտրոնում հանգչում է մեղեդու սև գունդը։
Հենց առաջին, թե երկրորդ պարապմունքից հետո
տիկին Յ-ն ասաց, որ երաժշտական տաղանդ չունեմ,
և լավ է, փոխարենը, լեզուներ սովորեմ։
Երաժշտական տաղանդ չունեմ։
Ավելի լավ է լեզու սովորեմ։
Երաժշտությունը միշտ կլինի այլուր՝
անհասանելի, միշտ ուրիշի տանը։
Հեռվում միշտ թաքնված կմնա սև գունդը,
բայց գուցե դեռ առիթ լինի, գուցե հանդիպենք էլի։
Տուն վերադարձա գլխիկոր,
մի քիչ տխուր, բայց և ինձնից գոհ—տուն, որ
Պարսկաստանի պես չէր բուրում, ուր սիրողական կտավներ,
ջրաներկեր կային, ու դառնացած, բայց և հաճույքով մտածեցի,
որ ունեցած-չունեցածս լեզուն է, բառը և ուրիշ ոչինչ,
պատկերը, աշխարհը և ուրիշ ոչինչ։
ԱՅԴ ՕՐԸ
Օրն այդ, երբ հասնում է մահվան գույժը
մոտիկ մարդու, ընկերոջ կամ անծանոթի,
ումով հիացել ենք հեռվից հեռու։
Սկզբում, առաջին ժամերին՝ նա այլևս չկա,
թվում է՝ հաստատ, անխուսափելիորեն,
ասես ապացուցված է, որ չկա,
(դժկամորեն) վստահում ենք վշտահար զանգողին
կամ ռադիոյի անկենդան ձայնին, բայցևայնպես
չենք հավատում, աշխարհում ոչինչ մեզ չի համոզի,
որովհետև նա դեռ ապրում է (մեզ համար),
ավելին, քան ողջ է,
թեև գնացել է՝ չի անհետացել, հակառակը՝
մեր աչքի առաջ կյանքի գարունն է ապրում,
փթթում է, թեև հող է դարձել,
դեռ խոսում է, թեև չի լսվում,
հաղթանակը մոտ է, թեև պարտվել է,
տանուլ է տվել մենամարտը —
ո՞ւմ դեմ. ժամանակի՞, մարմնի՞․․․ Չէ, ճիշտ չէ,
հաղթել է, նվաճել է ողջը, հնարավոր ամբողջը,
ու հիմա այնքան լեցուն է, լիարժեք, կատարյալ,
որ չի տեղավորվում կյանքում,
փշրում է կյանքի փխրուն ճենապակին, ողջերից հառնում,
ասես մի ուրիշ նյութից է շինված՝ ամենակարծր բրոնզից,
բայց նույն պահին երկմտում ենք, տագնապը պատում է մեզ,
զգում ենք, գիտենք,
որ ահա կիջնի լռությունը,
ու լացը կխեղդի։
Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Չախեանի
