վայրի խոտեր՝ լեզվիս համար
(կրակոցից կես տարի անց)
երբ մոտենամ ինձ, ու խաղաղություն լինի,
գուցե ուրիշներին պատմեմ քո մասին
կամ այն մասին, թե ինչպես են գիշերները
վերածվում դատարկված փամփուշտների
ու չստացված մահվան ուղեծրով գծում կյանքը։
թե ինչպես է տրաքում լուսինը եւ ոտնահետքը,
ինչպես է տեղը վայրի խոտեր աճեցնում,
եւ փոքր մասշտաբներն ինչպես են խելքահան անում
բոլոր նրանց, ովքեր պաշտում են իրենց ձեռքը։
հոգի՛ս, եթե հանկարծ այնպես լինի,
որ խաղաղությունը լինի, ու ես չլինեմ,
մոտեցրու՜ ինձ վայրի խոտերին,
լեզուս դիր հողին ու ձեռքդ իջեցրու հավասար,
մո՛տ, շա՛տ մոտ տեղին,
որ վայրի խոտեր է աճեցրել լեզվիս համար։
***
եւ կլինի տունը, որ չի ունենա հասցե,
եւ պարտության տեղ չի սահման(վ)ի։
***
վայրի նշենին պայթեց, երբ պատերազմը մտել էր ծոցս։
անօրինակ խաղաղությունն ավելի վտանգավոր է,
քան երազները, որոնք կարող են իրականանալ։
եւ ես ոտաբոբիկ անցնում եմ քարերը,
փոքր տարրեր կան, որ բաժանվում են ինձնից,
եւ նոսրանում եմ, թափանցիկ դառնում,
որ հանկարծ չլինի այնպես, որ խաղաղությունը
կորցնի պատկերը պատ-երազի,
չլինի այնպես, որ քեզնով անցած պարտությունն
անհետանա, ու տուն կառուցվի։
չլինի այնպես, որ ժայռերը թեքվեն,
եւ վերադարձողները չգտնեն ճամփան,
չդառնա ոտնահետքս անձրեւի տեղ,
եւ հանկարծ չգտնեմ ինձ այնտեղ,
որտեղ թողեցի…