Անահիտ Ղիասյան | Ընթրիքից հետո

Գնացինք թաղում, հետո եկանք տուն՝ հյուրեր էին գալու:
Թաղումից հետո մի տեսակ դժվար էր հոգուդ տրամադրությունը փոխել, քեզ երջանիկ ձևացնել ու հյուրեր ընդունել: Ինչևէ, կյանքն է այդպիսին: Մի տեղ մեռնում են, մի տեղ նույն վայրկյանին նոր կյանքեր ծնվում: Ու այդ ամենն այնքնան սահուն է ընթանում, կարծես, ոչինչ ու ոչ մի բան չի խաթարվում իր բնականոն ընթացքից:
Թեյնիկը ճտացրի, հավի կրծքամիսը մանր-մանր կտրեցի, անցա բուլղարական պղպեղներին ու անասելի մտածմունքների մեջ ընկա: Դեռ երեկ այդ մարդը քայլում էր, շնչում, աշխատում էր, գնում տուն, գիշերն էլ մեղմորեն շոյում էր ամուսնու պարանոցը:
Հիմա նրա անշնչացած մարմինը դրված է սենյակի կենտրոնում: Տեսնես՝ որոշակի մտքեր ու գիտակցական լուսարձակումներ ունենո՞ւմ են մահացածները: Թեյնիկն այդ պահին ճտաց, մտքերս ցրեց, նորից հիշեցի՝ 19:00-ին հյուրեր ենք ունենալու:
Հավի մսի համար խավարտ էի պատրաստում, այս անգամ որոշել էի հիացնել հորինածս ուտեստով: Մեղրով հավ էի պատրաստում և բանջարեղենով բրինձ:
– Մա՛մ, մա՛մ տակս չիշիկ եմ արել, կգաս փոխելու:
– Լավ էլի՛՛՛ Սոսե ջան, մեծ աղջիկ ես, չես տեսնում՝ գործ եմ անում: Ինչի՞ շուտ չես ասում, որ չիշիկ ունես:
– Մա՛մ, մի՛ ջղայնացի, խոստանում եմ՝ էլ չեմ անի տակս:
Սոսեի վարտիքը փոխեցի ու անցա մեղրով հավին: Մեղրը կպավ ձեռքիս, լիզեցի, քաղցր համը շոյեց քիմքս, բայց մեկ է՝ մտքով տանը չէի: Թաղումից հետո դժվար էր հյուր ընդունելը:
Աչքիս շարունակ երևում էին հարազատների լացից ուռած աչքերը, ականջիս՝ խոր հառանչանքներն էին ու վշտից դողացող ձայները:
– Ինչո՞ւ գնացիր, ո՞վ քեզ տարավ, բա նոր ծնված երեխադ ի՞նչ է անելու առանց քեզ: Հետ արի Լուսին ջան, հետ արի, տեր եղի՛ր երեխուդ:
Զանգի կոճակը հնչեց, քիչ մնաց մատս կտրեի անսպասելիությունից, գնացի դիտանցքից նայեցի՝ ամուսինս էր: Շուտ բացեցի, ձեռքին 3-4 տոպրակ կար, վերցրի, տարա խոհանոց:
****

– Մի բաժակ ջուր կտա՞ս Սոֆ ջան, էս ինչ շոգա, կրակա թափում:
Ծորակը փչացել էր, ջրի ցայտքներն այս ու այն կողմ էին թռնում, մեկն էլ կպավ ինձ ՝ սթափեցրեց:
Նորից հիշեցի՝ 19:00-ին հյուրեր ենք ունենալու, մեղրով հավն ու փլավը պատրաստ են, բայց աղցանը դեռ չեմ պատրաստել: Թեթև, դյուրամարս, կաղամբով աղցան էի ուզում պատրաստել:
– Պա՛պ, տես ինչ եմ նկարել:
– Բե՛ր, սիրունս տեսնեմ, տեսնեմ:
– Էս ես եմ, էս դու ես, էս էլ մամանա:
– Բա ինչի՞ ես բոլորիս կամիր ներկել:
– Չգիտեմ պապ, շատ եմ սիրում երկուսիդ դրա համար, կարմիրը սիրունա:
Մի տեսակ չէի հանգստանում, հա՛մ կաղամբն էին կտրատում, հա՛մ հիշում, թե ոնց վայրկայնների ընթացքում Լուսինը թռավ լուսնից էլ վեր: Կոկորդս խեղդում էր, թուքս կուլ տալիս մի մեծ գունդ խանգարում էր: Գործողություններս արագ էին, մտքերս՝ նույնպես:
Լուսինեն հորաքրոջս աղջիկն է: 25 տարեկան էր երբ ամուսնացավ, 27-ում հղիացավ, հղիության ողջ ընթացքը հանգիստ տարավ, չդմիացավ ծննդաբերությանը, չդիմացավ ու վերջ: Սիրտս պայթում էր, ուզում էի բարձր գոռալ, գոռալ ու ճչալ այն մանկան պես, ով ծնվեց Լուսինեի տաքուկ փորիքից: Նորածինն իրեն լավ էր զգում, բժիշկների հսկողության տակ էր: Հիշեցի թաղումը, հորաքրոջս ու Լուսինեի ամուսնու դեմքը. տձևացած, խեղված ու սառած:
Ամուսնուս գալուց հանգստացա, հիմա նա և Սոսեն միասին կխաղան, մինչև ես սեղանը պատրաստեմ:
Խոհանոցում սարսափելի շոգ էր, գազն անջատելուն պես պատուհանները բացեցի, օդափոխեցի: Գրեթե ամեն բան պատրաստ էր հյուրերին դիմավորելու համար: Մնաց համեմեմ աղցանն ու սեղանի ձևավորմանն անցնեմ:
Պահարանից հանեցի սպիտակ ափսենները, շարեցի ու անցա բաժակներին: 18:55-ին ամեն բան ավարտեցի, աղն ու պղպեղն էլ իրենց տեղը դրեցի, գնացի շորս փոխեմ:
Ճիշտ ժամին դռան զանգը հնչեց: Սոսեն ու հայրիկը շտապ-շտապ բացեցին ու մեր հյուրերը ներս եկան: Բլուզս փոխեցի, մազեր հավաքեցի ու ես էլ արագ սենյակից դուրս եկա:
****

– Համեցեք, համեցե՛ք, շոգ էր դրսում, թե՞ մի քիչ հովացավ:
– Էս ժամին, Սոֆ, ավելի շոգա, ոնց որ արևը վառի,- ասաց Գայանեն՝ առաջ գալով, պայուսակը բակաթոռին դնելով ու հայելու մազերն ուղղելով:
– Էս ի՞նչ մեծ աղջիկա դարձել Սոսեն, արի քեզ մի հատ պաչիկ անեմ, այ ձագուկ:
Սոսեն խելոք-խելոք այտը մոտեցրեց Գայանեին, ստացավ պաչիկն ու գնաց իր խաղալիքների մոտ:
Ես էլ խանդավառ տանտիրուհու պես հյուրերին առաջ հրավիրեցի, տարա սեղանի շուրջ և ոգևորված ասացի, որ իմպրովիզ եմ արել. չինական ուտեստ եմ պատրաստել իմ ձևով:
– Շատ գեղեցիկ և ախորժելի տեսք ունի Սոֆ ջան,- ասաց Գայանեն հավի կրծքամսի փափլիկ կտորը ափսեի մեջ դնելով, կողքն էլ փլավ ավելացնելով:
– Կարեն ջան, ափսեդ տու՛ր ես լցնեմ,- ասացի ես ու Գայանեի ամուսնու ափսեն բոլ-բոլ զարդարեցի:
Հերթը հասավ ամուսնուս ափսեին, նրան ևս մի լավ հյուսիրեցի, իսկ երբ հերթը ինձ հասավ, զգացի՝ ո՛չ ախորժակ ունեմ, ո՛չ էլ մին առանձնակի հավես հյուրերի առաջ թատրոն խաղալու:
Մեր հյուրերը՝ Գայանեն ու Կարենն, ամուսնացած էին շուրջ 8 տարի: Երեխաներ չունեին, բայց հույսը չէին կորցնում: Ամեն ամիս նրանք սպասում էին երջանիկ լուրին: 96 ամիս նրանք սպասելով էին անցկացրել, ամեն անգամ հուսացել, որ հերթն իրենց ել կհասնի, երկնային ուժերն այնպես կազդեն, որ սիրո ռեակցիան ճիշտ վերջնարդյունքը կտա:
Գայանեն ամուսնուս քրոջ աղջիկն է, ընտանիքներով մոտ ենք և, անկեղծ ասած, նրանք այն քիչ զույգերից, որ, գոնե, խոսելու թեմա ես ունենում: «Ջուր առած» բերանով չես նստում սեղանի շուրջ և չես էլ կարողանում ո՛չ կարգին մի բանից օգտվել, ո՛չ էլ սեփական տանդ մեջ քեզ ազատ ու անկաշկանդ զգալ:
Աչքիս Գայանեն մի տեսակ շատ էր սիրունացել: Աչքերը այնքան հանդարտ էին, որ, կարծես, դրախտից եկած լիներ: Իրենց չասեցի էլ, որ թաղում էինք գնացել: Բայց հո ես ներսից եռ էի գալիս, մի տեսակ չէի կարողնում ոչ մի կերպ ընդունել կյանքի հակադրությունները. մեկը մեռնում է, մյուսը հաջորդ վայրկյանին մոր արգանդի մեջ շուռումուռ գալիս:

****
Հետաքրիր է կյանքը և արտասովոր: Չգիտես հաջորդ վայրկյանին հետդ ի՞նչ կլինի և նույնիսկ չգիտես կաս, թե չկաս: Տատիս խոսքեր եմ հիշում՝ մեռնողից հետո մարդ չի մեռնում: Վերլուծում եմ ու հասկանում՝ հա էլի, գետերը շարունակում են հոսել, ծառերը կանգուն մնալ, միայն մարդն է հողին միանում ու տարրալուծվում անդին աշխարհներում:
– Սոֆ գիտես չէ, մենք բան ունենք ձեզ ասելու: Չգիտեմ ես սկսեմ թե Կարենը,- անձեռոցիկը ծալծլելով, աչքերը ներքև կախելով, մի տեսակ ներսից եկող ձայնով ասաց Գայանեն:
– Ես կասեմ, ես կասեմ, տենց լուրերը ճիշտա, որ տղամարդն ասի,- գեղեցիկ ատամնաշարը ցուցադրելով վրա բերեց Կարենը:
– Դե ասեք է, էլ չեմ դիմանում, ինչա՞ ա եղել, ի՞նչ ենք բաց թողել,- ասացի ես:
– Մենք…., մենք……… մամա պապա ենք դառնալու, աաաաաա………………..,- գրեթե գոռալով վրա բերեց Կարենը:
– Լուրջ, ոնց, ե՞րբ իմացաք,- մի տեսակ անսպասելի լուրից ուշքի չգալոց ուղղակի բառերի մի կույտ դուրս թռավ բերանիցս:
– Դե տենց էլի, Սոֆ, ոնց են երեխա ունենում դարեր ի վեր, մենք էլ էլի տենց:
Լուրն իսկապես ցնցող էր, ավելի մեծ դեր խաղում էր անսպասելիությունը: Գիտես հերթական լավ երեկոն եք անցկացնելու ու վերջ, մեկ էլ, հանկարծ, ամենաանսապսելին: Գայանեն ու Կարենն այս ամենին սպասել էին շուրջ 8 տարի, ամեն անգամ հուսացել ու խաբվել: Այս անգամ հերթն իրենցն էր քաշելու կյանքի երջանիկ կտրոնը:
Մի տեսակ ես էլ ամուսինս էլ պապանձվել էինք, այնքան շատ և այնքան քիչ բան կար ասելու:
– Երեխեեեեեեեեեեեեեեե՛ք,- արցունքն աչքերիս, ձեռքերս օդ հանած ասացի ես:
– Խմում ենք, խմում ենք արագ, էս էն առիթնա, որ կենաց պիտի ասվի, ուրեմն ձեր ապագա սպասված գանձի կենացը,- ասաց ամուսինս, բաժակը վեր հանեց, որ չխկացնենք:
Ես մի տեսակ շոկի մեջ էի. թաղումից հետո մտքերիս ծայրահեղ բևեռվածությունն էր թե՞…. Նորից սուզվեցի կյանքի ու մահվան բարդ թեմաների մեջ: Հա էլի, կյանքն է այդպիսին. մեկն առհավետ հեռանում է, կարծես ծնված էլ չի եղել, ոտքը հողին էլ չի դիպել, մի քանի օր լացում են, մի քիչ սգում ու անուն ազգանուն ունեցող մարդը դառնում է չգոյութուն: Ու մեկ էլ իմանում ես, որ չգոյությունից մոր փորի մեջ ձևավորվում ու նոր մարդ է ստեղծվում:

****
– Գայ, արի քեզ գրկեմ,- շոկային տրամադրություններից դուրս գալով՝ գնացի ու պինդ գրկեցի Գայանեին:
Մեղրով չինական հավը համեղ էր ստացվել: Ափսեի մեջ 2 կտոր էր մնացել:
Հյուրերը նստեցին մինչև 21:30-ը, հետո ասացին, որ գնալու ժամանակն է: Իրենք հասկանում են, որ տանը երեխա կա, քնացնելու ժամն է:
Սոսեին քնացրի, սեղանը հավաքեցի, խոհանոցը կարգի բերեցի:
Մի տեսակ դժվար էր նման հագեցած օր ունենալը, գնալ թաղում, գալ հյուր ընդունել ու անսպասելի իմանալ, որ նոր մարդուկ է աշխարհ գալու:

Գնացի քնելու…
Գիշերը սարսափելի սրտխառնոցից արթնացա: Գնացի մի լավ փսխեցի, հետո թուլացած ընկա անկողինս. մեղրով հավից էր, թե՞ կյանքի հակադրություններից:
Ընթրիքից հետո հասկացա՝ մեռնելն ու ծնվելը նույն հարթության վրա են:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *