Ասացիր. «Կգնամ ուրիշ տեղ, այլ ափեր:
Սրանից լավ քաղաք կգտնվի։
Իմ ամեն մի ջանքը ձախողում է այստեղ,
ու սիրտս թաղված է` հանց մեռել:
Միտքս մինչև երբ է այս ճահճում մնալու:
Աչքս ուր դարձնեմ, ուր էլ որ նայեմ,
սև ավերակներն եմ տեսնում ես կյանքիս, որ վատնեցի ու փչացրի այստեղ,
քամուն տվեցի այսքան տարիներ»:
Նոր տեղեր չես գտնի, ոչ էլ ծովեր ուրիշ։
Քաղաքը կուղեկցի քեզ` ուր էլ որ գնաս։
Նույն փողոցներում ես շրջելու դու միշտ:
Նույն թաղերում այս դու կծերանաս,
ու կճերմակես այս պատերի մեջ։
Այս քաղաքում ես միշտ հայտնվելու:
Ուրիշ տեղի համար հույս չունենաս`
նավ չկա քեզ համար, ճանապարհ չկա։
Թե կյանքդ ձախողել ես այստեղ, այս փոքրիկ անկյունում,
դու այն ամենուր ես խորտակել:
Թարգմանությունը հունարենից` Շամրիկ Խաչատրյանի