Շողեր Պետրոսյան | Երազանքներ բաժանողը

Ժամանակին մի հեռավոր քաղաքում ապրում էր Խորեն անունով մի տղա։ Նա երազում էր օդաչու դառնալու մասին։ Բայց Խորենը մի փոքր անփույթ էր և օրերից մի օր կորցրեց իր երազանքը։
Երազանքը փետուրից էլ թեթև է։ Երբ մարդ կորցնում է այն, սկզբում չի էլ նկատում, որ մի բան պակաս է։ Ժամանակն անցնում է, անգամ տարիներն են անցնում։ Մարդը մեծանում է առանց իր երազանքի։
Խորենն էլ մեծացավ։ Երբեմն, երբ նա հիշում էր իր կորցրած երազանքի մասին, անմիջապես մի ուրախ երգ էր երգում, որ շատ չտխրի։
Անցան շատ ու շատ տարիներ։
Խորենը մեծ պապիկ դարձավ։ Բայց նա չմոռացավ իր կորցրած երազանքի մասին։
Եվ մի օր էլ, երբ նորից հիշեց, իրեն շա՜տ մեղավոր զգաց։ Նրա երազանքը այսքան երկար տարիներ մնացել էր մեն–մենակ։ Իսկ ինքը, նույնիսկ, չէր էլ փորձել փնտրել այն։
Նա որոշեց անպայման գտնել իր երազանքը։ Հագավ իր ամենահարմար կոշիկները, ուսին գցեց սիրելի վերարկուն ու ճանապարհ ընկավ։ Նա անցավ քաղաքից քաղաք, շրջեց անտառներով, բարձրացավ լեռները, երկար փնտրեց-փնտրեց ու ճանապարհին հանդիպեց անհամար երազանքների, որոնք ուրիշ մարդիկ էին կորցրել։
Խորենը հավաքեց ճանապարհին հանդիպած բոլոր երազանքները։ Որոշել էր անպայման դրանք բաժանել նրանց, ովքեր կորցրել էին։
Բայց այդ երազանքներն այնքան շատ էին, որ Խորենը չգիտեր որտե՞ղ պահել դրանք։
Նա գտել էր հազար ու մի երազանք, բայց այդ բոլոր երազաքների մեջ չկար այն, ինչը՝ իրենն էր։
– Ես, երևի, այդպես էլ օդաչու չդառնամ,- տխուր ասաց Խորենը։
Այս լսելով՝ բոլոր երազանքները միախառնվեցին ու մի մեծ օդանավ դարձան։ Խորենը աչքերին չհավատաց։ Նա այնքան էր ուրախացել, որ նույնիսկ ուրախությունից լաց եղավ։ Այո, երբ երազանքդ կատարվում է, քո բոլոր զգացմունքները խառնվում են իրար։ Դու կարող ես այնքան հուզվել, որ նույնիսկ արտասվես։
Խորենը մի անգամից բաձրացավ օդանավը, նստեց ղեկին ու թռավ գտնելու այն մարդկանց, որոնց երազանքներից կազմված էր իր կախարդական օդանավը։ Այն երբեք չէր փոքրանում։ Երբ Խորենը վերադարձնում էր մեկի կորցրած երազանքը, ճանապարհին միշտ մեկ ուրիշ մարդու կորցրած երազանքն էր գտնում։
Մինչև այսօր էլ, Խորենի օդանավը սավառնում է երկնքում և օգնում մարդկանց գտնել իրենց կորցրած երազանքները։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *