Շուշանիկ Կուրղինյան | Եվ թող ես երթամ

Գէթ մի վայրկեան մրրիկ լինել
Կ՚ուզէի՝
Կեանքի հովտում ըմբոստ թափով
Շրջելու։
Սլանայի՝ կայծակ որոտ
Տեղայի՝
Սրտիս թոյնը ամենուրեք
Թափելու։
Գէթ մի վայրկեան դժոխք լինել
Կ՚ուզէի՝
Խռովելու անդորրութիւնը
Երկնի։
Վշտի շնչով այնտեղ անհաս
Իշխէի՝
Ոգիներին տեղի տայի
Չարքերի։
Գէթ մի վայրկեան աստուած լինել
Կ՚ուզէի՝
Շուրջս ամպեր երկրի արիւնով
Ներկուած,
Որ տանջանքի հեծկլտանքը
Լսէի՝
Գիշեր ցերեկ իմ դէմ դիակ
յօշոտուած։

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՂՕՂԱՆՋՆԵՐԸ.

Ղօղանջո՜ւմ են զանգակները․․․ ղօղանջում են ամեն օր,
Տառապանքի կսկիծներից երգեր հիւսում ահաւոր—
Տանջուած երկրի ցաւոտ կրծքից ըմբոստ կռուի կոչն ուժգին
Տարածւում է ամեն խաւում ահեղ թափով՝ ամենքին:

«Դէ՛հ, վեր կացէք—ում սրտում դեռ մարդկային
Կոչման արժան գէթ մի նշոյլ անմեկին
Թրթռում է տանջանքների բովի մէջ,
Վշտից, ցաւից, գերութիւնից դեռ անշէջ:

Դէ՛հ, վեր կացէք—ում սրտում դեռ բռնութեան
Աւրող ձեռքից իդէալներ կը մխան—
Ով յոգնել է կորաքամակ՝ ոյժի դէմ
Միշտ սողալուց, թմրած հոգով և անզէն:

Դէ՛հ, վեր կացէք ու միացէք անխափան
Ըմբոստ հոգիք՝ զրկանքներից ցիր ու ցան.
Ով որ լինիք, ուր որ լինիք՝ միասին
Ողջունելու ազատութեան սուրբ լոյսին…»

Ղօղանջո՜ւմ են զանգակները… ղօղանջում են ամեն օր
Տառապանքի կսկիծներից երգեր հիւսում ահաւոր—
Տանջուած երկրի ցաւոտ կրծքից ըմբոստ կռուի կոչն ուժգին
Տարածւում է ամեն խաւում ահեղ թափով՝ ամենքին…

 

Ընկերներիս

Մի օր կային… գարուն կյանքիս
Որպես նախշուն ծաղիկներ՝
Նրանց սիրող կրծքին հոգիս
Մոռացվում էր անտարբեր։

Այսօր չկա՜ն… կյանքի բքով
Թափթփվում են երազներ՝
Հիշատակաց հովի սույլով
Սիրտս մաշում հին հուշեր։

1906

 

Լիլիթ

Գէթ մի վայրկեան մրրիկ լինել
Կ՚ուզէի՝
Կեանքի հովտում ըմբոստ թափով
Շրջելու։
Սլանայի՝ կայծակ որոտ
Տեղայի՝
Սրտիս թոյնը ամենուրեք
Թափելու։
Գէթ մի վայրկեան դժոխք լինել
Կ՚ուզէի՝
Խռովելու անդորրութիւնը
Երկնի։
Վշտի շնչով այնտեղ անհաս
Իշխէի՝
Ոգիներին տեղի տայի
Չարքերի։
Գէթ մի վայրկեան աստուած լինել
Կ՚ուզէի՝
Շուրջս ամպեր երկրի արիւնով
Ներկուած,
Որ տանջանքի հեծկլտանքը
Լսէի՝
Գիշեր ցերեկ իմ դէմ դիակ
յօշոտուած։

1906

Գարնանամուտ

Նորից գարուն,
Կարմիր արև,
Թռչունի երգ,
Առվի խոխոջ․․․
Նորից հույսը մարդուն ընկեր
Ու պահապան։
Նորից երգը միշտ սրտահույզ
Ու խնդալից։
Նորից լուծը
Թեթև, անցավ՝
Թոթափելու մոտ ու խախուտ։
Մորմոքները մթնշաղի թևերի պես
Շուտ նոսրացող։
Կապանքները՝
Անցողական,
Զրկանքների թիվը հաշված․․․
Որքան ծաղիկ
Պիտի բացվի․․․
Որքան ճաճանչ
Պիտի շոյե բաց դեմքերը․․․
Որքան ցնծերգ
Պիտ ոլորա կրծքերի տակ․․․
Որքան համբույր պիտի պոկվի
Շրթունքներից՝
Փորագրվի
Հուշերի մեջ․․․
Արևները սրտերի մեջ
Պիտի վառեն
Բախտի թագին,
Որ խնկարկվի կյանքն ու ապրում․․․
Գիշերների մթության մեջ
Պիտի երկնեն կոկոնները
Հազարերանգ,
Բողբոջները՝
Ցողով սնած․
Ծնվող խոտով
Պիտի լցվեն
Դաշտերն անծայր,
Թևավորող
Թռչուններով՝
Օդը հստակ
Ու բուրալի․․․
Որքան թիկունք
Պիտի ծռվի
Խոնավ հողին,
Կոշտ հանքերին,
Հնոցի դեմ,
Սալի առաջ,
Ծանրության տակ՝
Որ ապրելու խլե հնար․․․
Ժիր աղմուկը բահի, մուրճի
Եվ քլունգի,
Որքան քրտինք պիտի քամե
Ճակատներից
Արևակեզ,
Ու ողողե ողջ արդյունքը
Աշխատանքի․․․
Տրտում մտքերը գերել են ինձ,
Տխրած չէի ոչ մի գարնան։
Ու լալիս է
Անմխիթար
Սիրտս հիվանդ․․․
Որքան կսկիծ ծլեց ծաղկեց
Եվ ինձ համար․․․
Ու թույլ եմ ես,
Կընկնեմ խամրած՝
Երբ ծլում է խոտը, կանաչ,
Երբ ծաղկում են
Ծաղիկները հազարերանգ․․․

1920 թ. 3 ապրիլի

 

***

Լուսին, ինչո՞ւ քո դեմքին
Երբեք կարմիր չես հագնում,
Մի՞թե երկրի արյունին
Ցոլքը քեզի չէ հասնում։

Լուսին, ինչո՞ւ քո հագին
Սև չտեսա ես մի օր,
Մի՞թե սուգը խեղճ երկրի,
Քեզի տոն է փառավոր։

Լուսին, ինչո՞ւ անտարբեր
Միշտ սահում ես դու խաղաղ․
Մի՞թե երկրի տանջանքներ
Քեզ թվում են չնչին խաղ։

1906 թ․

 

ՄԻ՛ ԼԱՐ

Դու միալար մի՛ լար, անգին,
Այս կույր
Անբույր
Գիշերով
Վերքիդ — յերգիդ թող իմ հոգին
Ծածկե
Վոսկե
Հուշերով:
Յիս քեզ մի հեզ, գթոտ մոր պես
Մի ջինջ
Անջինջ
Պատգամք տամ
Ցավից — դավից մնաս անտես
Յեվ միշտ
Անվիշտ
Ու փարթամ…
Քեզ ինչ թե ինձ բաժին մնա
Քո լեռ
Ու բեռ
Տառապանք —
Հես իմ դժխեմ կյանքում անմահ—
Ցեվ յերգ,
Յեվ վերք,
Ցեվ փրկանք…

1910

Եվ թող ես երթամ

Գիտեմ, ես կերթամ, մեծ հաղթանակի
Կծագե արեգ ազատ, հոգեթով․․․
Լուսավառ ցոլքը գիտակից կյանքի
Ճնշող խավարը կցրե շուտով։

Դուք՝ քա՜ջ ըմբոստներ, ձեռք ձեռքի տված,
Ստրուկ օրերի փշրած կապանքին՝
Անդարձ անդունդի խոր խորքում թաղած,
Արյունոտ անցյալին կերգեք ողորմի։

Դուք՝ նոր հույսերով ազատ ու անվախ,
Բուռն եռանդն արի սրտերիդ՝
Կդիմեք առաջ իդեալի անխախ<տ>
Նոր հիմք դնելու բողբոջ կյանքերիդ։

Եվ պարարտ հողի բեղմնավոր կրծքին
Կը փայլեն խաղաղ բահ, քլունգ, գութան
Եվ կուշտ գեղջուկի գոհ, զվարթագին
Ըմբոստ երգերն արձագանք կուտան։

Եվ շեն գյուղերից գոհունակ կյանքի
Կը հնչե աղմուկ, ուրախ աղաղակ,
Գորշագույն ծուխը ամեն տանիքի,
Լի օջախների կուտան օրինակ։

Եվ անտառների խորքից կուսական,
Հոյակապ ու լույս գործարաններից՝
Ժիր բանվորների բախտավորության
Կլսվի հիմնը հուժկու, բերկրալից։

Արթնացած միտքը կը ծնի հանճար,
Եվ ազատ խոսքը՝ վեհության ուղի․
Վաստակը՝ արդար, կյանքը՝ հավասար,
Մարդուն չի ընկճե քենը դառնաղի․․․

Հոգ չէ թե կերթամ, ազատած երկրի
Բեղմնավոր շերտը ուժ կտա մարմնիս․
Սուրբ ազատության վեհ ղողանջների
Շռինդն անսպառ կը գգվե հոգիս․․․

Ու նորից կապրեմ․․․ հողի շերտերում,
Կերգեմ ձեզ հիմն կյանքի սրբազան․
Բողբոջ մտքերս բույսի արմատում
Կծորեմ անվերջ, որ տան կոկոններ․․․

Ու նորից կապրեմ— տենչերս խեղդված
Արգավանդ հյութից կծաղկեն շուտով—
Եվ շիրմիս վրա շքեղ բողբոջած՝
Ձեզ այցի կելնեն փարթամ փնջերով։

1907 թ. 27 հունվարի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *