Բացելով պատուհանս ու հիացմունքով նայելով թռչուններին ու երկնքին ես չեմ կարողանում այդ ամբողջ ընթացքում դադարել մտածել այն մասին որ թռչուններն ու երկինքը մեզ համար միևնույն է մնում են փակ պատուհաններ։
Ու «ՀԱՄԱԿԵՐՊՈՒՄ» համաստեղությունը իր դժգույն լույսով չի պարպվում իմ ներքին դժբախտ երկնքում։
***
Մթությունը թափել է իր որովայնը խոնարհված եկեղեցու քանդված որմերին ու ես ու դու նստած անթարթ խորանին համբուրվում ենք ու ես սեղմում եմ մարմինդ դեպ ինձ ու լեզուս խաչում բերանիդ անդինի մեջ։
Հետաքրքիր է որ դեմքիս ստվերը ես տեսնում եմ իմ աչքս ստվեր չունի։
Խոնարհված եկեղեցի ու իմ ձեռքը ոտքերիդ արանքի խոնավացած եկեղեցում է աղոթում։
Ու մեր շուրջը ժամանակի քամուց խունացած սուրբ բեկորներ ու ձեռքեր որ խրվում են իրար մեջ ու իրար համար բեկոր դառնում ու քամում միմյանց ու գիշերային ստվերները միակ շինանյութն է որով լուսինը կառուցում է այս քանդված տաճարը։
Ու պտուկներ-պատուհաններ որ նայում են դուրս ու կոտրվում իմ մատների տակ ու կաթի ապակին խրվում է մատներիս մեջ ու արագ թերթում ենք իրար դիմագծերը ու փլուզվող կամարի շրթունքից լոզի պես ծաղիկներ են կախված։
Ու ես զգում եմ քո լորձունքը մատներիս ծայրին ու մաշկիդ ձյունը ու ձնհալ ու ձնհալ ու ձնհալ ու ես հևալով պրծնում եմ ձնհալյուցինացիաս քո վրա։
Հետո ես վերջացած ու միայնակ վերադառնում եմ տուն ու ճանապարհին հանկարծ հասկանում որ իմ ստվերը միակ շինանյութն է այս պահին որով լուսինը կառուցում է այս քանդված աշխարհը։
***
Ես բաց չեմ թողնում առիթը փակել վանդակս։
Այն թռչունի պես որ ինքն իր փետուրներն է պոկում ես քայլում եմ գրպաններս լցրած մերկ միջուկներ ու աներակ գրիչներից երկինք եմ քամում։
Ես բաց եմ թողնում առիթը բացել թևերս։
Ու կրիա-երկինքը դանդաղ սողում է իր կապույտ պատյանի տակ պահելով գերեվարված ավերակներ։
Եվ ձվից կրկին նոր վանդակ է ծնվում։
***
Ամեն հայելու սաղմի մեջ արդեն գրվում է «Ասք-կոտրվածքը» ու ես սայթաքում եմ իմ ներսի չծաղկած ծաղիկների վրա։
Ու խակ հացը սրտխառնոց է զգում խորհրդավոր ընթրիքի սեղանին դրված։
***
Պարոն Պոնժի «Պրոեմների» մունջ ալիքներից դուրս գալով ես հանում եմ ինձ հետ նրա այս մտքերը որ խոցում են ինձ ստվերի այբուբենի պես
«Ինչպես ասում են դա հոգու պատուհանն է (աչքերը)։ Սակայն աչքերը ամենևին էլ պատուհաններ չեն այլ պերիսկոպների (շրջադիտակ) նման մի բան։ Դրանցով լույսը չի թափանցում մարմնի մեջ»։
Ու ես փակում եմ գիրքը բայց ոչ աչքերս որպեսզի կարողանամ ազնիվ արձանագրել որ փակել եմ գիրքը (չնայած փակ աչքերով ավելի լավ եմ տեսնում փակ գիրքը) ու այդ պահին մտածում եմ որ ճշմարիտ լույսը աչքերի փակման թվարկությունից հետո է ծնվում։
Ու փակ գիրքը բացվում է որպեսզի ազնիվ արձանագրի որ ես փակել եմ վերջին աչքերս (չնայած փակ էջերով ավելի լավ է տեսնում փակ աչքերը)։
***
Մամուռ-ամառ մարմնիցս կառչած ու մթության միջից իմ վրա իրենց սև տերևները չռած ծառեր ու քրտնած Քրիստոս-թիթեռների դեռ չլռած թիթեղյա սրտեր ու թղթյա մեղքերի թողություն իմ ներսում։
Հոգնած մատուցողը մենակ է մնացել դատարկ ու կեղտոտ բաժակների մեջ ապրող աստղերի անապահով ու արդեն չոքած ճենճոտ ճաճանչի հետ ու հոգուս աննման ամայությունը հմայում է քաղաքի բոլոր մայթերի շնչակտուր ապրող ու մարող լույսերին ու լույսն այն միակ սյունն է որ իր վրա հպարտությամբ սինն է պահում։
Ու սինն ասմունքում է ամեն ինչի ներսում ու դրսում։
Գիշերը սև կույր կրիայի պես սողում է մեր գլխավերևում ու լուսինը փսխած ձվածեղ է այսօր ու սոված հոսանքը հեկեկում է սրճարանում ու չարանում է սուրճը բերանիս մեջ ու այս ուրբան-մրուրի մեջ ես վերջին Բանն եմ փնտրում։
Ու սմքած լուսինն ասմունքում է ամեն լույսում ու սինում ու հազարավոր թիթեռներ որ վաղը անպայման կթառամեն։
ՈՒ ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՈՐ ԵՐԵԿ ԿՄԵՌՆԵՄ….
***
Օ պարոն Դալի դուք չեք պատկերացնի ինչպիսի հետամնաց բարքերում եմ ես ապրում ու ստեղծագործում։
Հետամնաց բարքը ահա միակ չարգելված հարգի ու հյութեղ պտուղը այս անպտղատու հասարակության մեջ։
Չբերությունը ամենաինտիմ բավականությունն է այստեղ։
Քնած գեղեցկուհիները «100 տարվա երազախաբություն» գիրքը ձեռքերում քայլում են ու հասնում իրենց հաղթված կուսաթաղանթին ու մեր մեջ ասած երբ նույնիսկ նա պատռվում է մեզոտ Սեզամը բացվում է նրա մեջ վաղուց գանձ-թանաք չկա։
Ժուանդոն գրում է որ երբ հասարակաց տուն էր գնում (տղամարդ մարմնավաճառների մոտ) երբեք չէր հարցնում իր իսկ ընտրած զուգընկերոջ անունը։ Նա հավատում էր որ իրար իմանալով մարդկանց մեջ կորում է մոգական կապը այն կրքոտ կապը որը ստեղծվում է ինչպես ես եմ սիրում ասել ԵՐԿՈՒ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ԵՐԿԻՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ։
Ու արքայազնը կռանում է ու համբուրում քնած գեղեցկուհու ծաղիկը բայց արդեն ուշ է թառամածությունը համապարփակ պարգև է դարձել։
Ծամածռված ծաղիկների հասարակություն ու մի համընդհանուր նյութական ու թորշոմած մթություն լոկ զզվելի ԿԵՆՑԱՂԻ ՀԵՏ ԿԵՆԱԿՑՈՂ։
Իսկ ես լեգիտիմ ու ինտիմ լոգոս եմ փնտրում այս ձեր ներսի ներքինի-երկնքում։
Իսկ հիմա իմ սիրելի ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ԾԱՂԻԿՆԵՐ ընդունեք իմ մարմինը որպես ձեզ համար զոհված նոր երանգ։
***
Ամեն օրը նոր միտք է այսինքն կրկին հին մուտք դեպի անքնություն։
Աչքի մաշված մուտքեր ու ելքեր ու քրքրված կոպեր խրված «ՎԱՐՔ ՄԵԾԱՉՔ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ» էջերում։
Աչքերս բացում եմ ու տեսնում աչքաթող արված արյունլվա ու փակ դռներ։
Իսկ թիթեռը նստած գանգի խոռոչում ոսկրե երազներ է տենչում։
***
Աներևակայելի ավերակ եմ ես իմ աչքերում ու անճանաչելի հառաչ սեփական ականջներումս ու սպիտակ թուղթը փարոս է փորսող գրչիս համար։
Ես մնացի միայնակ իմ կմախքի հետ ու խցանում ցանեցի շուրջ բոլորս։
Ու կողպված դուռն իմ տիրամայրն է ու արևը շողում է նրանց համար ում կոչումն է լինել փոշի։
***
Սպիտակ թուղթը դա սպիտակ թուղթն է դա սպիտակ թուղթն է դա ՎԱՐԴՆ է։

