Էսսե

Տուրք` ավերակների գրականությանը

1945 թվականից հետո մեր սերնդի առաջին գրական փորձերը ներկայացվեցին որպես ավերակների գրականություն, եւ դրանք փորձեցին անտեսել:

Թարգմանիչ՝ Թագուհի Հակոբյան

• 8 րոպե

Տուրք` ավերակների գրականությանը

1945 թվականից հետո մեր սերնդի առաջին գրական փորձերը ներկայացվեցին որպես ավերակների գրականություն, եւ դրանք փորձեցին անտեսել: Մենք չառարկեցինք եւ համաձայն էինք այդ եզրույթի հետ, քանի որ այն արդարացված էր. իրականում մարդիկ, որոնց մասին մենք գրել ենք, ապրել են ավերակների մեջ, եկել են պատերազմից, տղամարդիկ եւ կանայք նույն չափով վիրավորվել են, երեխաները նույնպես: Եվ նրանք սուր աչքեր ունեին. նրանք տեսնում էին: Նրանք ամենեւին էլ չէին ապրում լիակատար խաղաղության մեջ. նրանց շրջապատը, կյանքի պայմանները հովվերգական չէին, եւ մենք որպես գրողներ, այնքան էինք մտերմանում նրանց հետ, որ նույնականանում էինք: Նրանք սեւ շուկայի վաճառականներն ու նրանց զոհերն էին, փախստականներն ու բոլոր նրանք, որոնք այս կամ այն կերպ անօթեւան էին դարձել, հատկապես այն սերունդը, որին մենք էինք պատկանում, եւ որը հաճախ էր հայտնվել ուշագրավ եւ հիշարժան իրավիճակում. նրանք վերադառնում էին հայրենիք: Դա վերադարձ էր տուն` պատերազմից, որի ավարտին գրեթե ոչ ոք չէր հավատում:

Այսպիսով մենք գրում էինք պատերազմի, տուն վերադարձի եւ այն մասին, ինչ տեսել էինք պատերազմում եւ հանդիպել տուն վերադառնալիս: Ավերակների մասին: Դա հանգեցրեց նորելուկ գրականությանը կցված երեք բանալի բառերի` պատերազմի գրականություն, տունդարձի գրականություն եւ ավերակների գրականություն:

Նշաններն արդարացված են. պատերազմը տեւել էր վեց տարի, մենք այդ պատերազմից տուն վերադարձանք, տեսանք ավերակներ եւ գրեցինք դրանց մասին: Տարօրինակը, գրեթե կասկածելին այդ եզրույթն օգտագործողների հանդիմանական, վիրավորական տոնն էր: Թվում է, որ նրանք մեզ չէին մեղադրում, որ պատերազմ է եղել, որ ամեն ինչ ավերակների է վերածվել, բայց վիրավորում էին մեզ նրա համար, որ տեսել էինք այն եւ շարունակում էինք տեսնել, քանի որ մեր աչքերը փակ չէին, եւ մենք տեսնում էինք ամեն ինչ. լավ աչքը գրողի գործի մի մասն է: Ժամանակակիցներին դեպի խաղաղ կյանք ուղղորդելը չափազանց դաժան կթվար, դրանից արթնացումը սարսափելի կլինե՞ր, թե՞ պետք է աչքակապությամբ զբաղվենք:

Երբ բռնկվեց ֆրանսիական հեղափոխությունը, այն ամպրոպի պես պայթեց ֆրանսիական ազնվականության համար. անակնկալը նույնքան մեծ էր, որքան սարսափը, քանի որ նրանք ոչինչ չէին կանխազգացել: Գրեթե մի ողջ դար նրանք անց էին կացրել հովվերգական մեկուսացման մեջ. կանայք հագնվում էին որպես հովվուհիներ, տղամարդիկ որպես հովիվներ: Նրանք զբոսնել էին գյուղական արվեստով հագեցած միջավայրում, երգեր էին երգել, խաղեր խաղացել, հանդիպել, ներքուստ փտելով խժռող հիվանդությունից արտաքուստ նրանք ընդօրինակում էին գյուղական թարմությունն ու անմեղությունը եւ միմյանց հետ զբաղվում էին աչքակապությամբ: Այս նորաձեւությունը, որի քաղցր ապականվածությունն այսօր միայն փսխելու ցանկություն է առաջացնում, ստեղծվել եւ կենսունակ է մնացել գրականության հովվերգական վեպերի եւ պիեսների միջոցով: Այս ամենի համար մեղավոր գրողները քաջաբար աչքակապությամբ էին զբաղվել: Ֆրանսիացի ժողովուրդը, սակայն, այս հովվերգական խաղին պատասխանեց մի հեղափոխությամբ, որի հետեւանքները, չնայած հարյուր հիսուն տարուց ավելի անցյալում են, մենք դեռեւս զգում ենք այսօր, եւ որի ազատությունները մենք դեռեւս վայելում ենք այսօր առանց մշտապես գիտակցելու պատճառը:

19-րդ դարասկզբին Լոնդոնում ապրում էր մի երիտասարդ, որը երջանիկ կյանք չէր տեսել. նրա հայրը սնանկացել էր, բանտարկվել պարտքերի պատճառով, իսկ երիտասարդն աշխատել էր կոշիկի փայլեցման գործարանում, նախքան կկարողանար վերականգնել իր բաց թողնված կրթությունն ու դառնալ լրագրող: Շուտով նա սկսեց վեպեր գրել, եւ այդ վեպերում նա նկարագրեց այն ամենն, ինչ տեսել էին իր աչքերը. նրա աչքերը տեսել էին բանտեր, թշվառների տներ եւ անգլիական դպրոցներ: Երիտասարդն ուրախալի բաներ չէր տեսել, բայց նա գրեց այդ մասին, եւ տարօրինակն այն էր, որ նրա գրքերը կարդացվում էին, դրանք կարդում էին բազմաթիվ մարդիկ, եւ երիտասարդն այնպիսի հաջողությունների հասավ, որոնք հազվադեպ են լինում գրողի կյանքում. բանտերը բարեփոխվեցին, աղքատների տներն ու դպրոցները ուշադրության արժանացան եւ վերանորոգվեցին:

Այդ երիտասարդը Չարլզ Դիքենսն էր, եւ նա շատ բարի աչքեր ուներ, աչքեր, որոնք սովորաբար լիովին չոր չեն, բայց նաեւ թաց չեն, այլ մի քիչ խոնավ, իսկ խոնավության հոմանիշը լատիներենում հումորն է: Չարլզ Դիքենսն ուներ շատ բարի աչքեր եւ հումորով էր վերաբերում ամեն ինչին: Նրա աչքերն այնքան բան էին տեսել, որ կարող էր նկարագրել այն իրերը, որոնք իր աչքը չէր տեսել. նա խոշորացույց չէր օգտագործում, ոչ էլ դիմում էր շրջված հեռադիտակ օգտագործելու հնարքին, ինչը նրան թույլ էր տալիս շատ հեռվից ճշգրիտ տեսնել իրերը: Նա նաեւ աչքերը չէր կապում, չնայած լավ հումոր ուներ ժամանակ առ ժամանակ իր երեխաների հետ կույր մարդու դեր խաղալու համար. նա կույրի կարգավիճակ չուներ: Վերջինը, թվում է, հենց այն է, ինչ պահանջվում է ժամանակակից հեղինակից կույր մարդու դերը ոչ թե որպես խաղ մատուցել, այլ որպես գոյություն ունեցող վիճակ: Բայց կրկնում եմ լավ աչքը գրողի գործի մի մասն է, աչք, որը թույլ է տալիս նրան տեսնել այն բաները, որոնք դեռ չեն երեւացել նրա տեսադաշտում:

Ենթադրենք գրողի աչքը նայում է նկուղից ներս. սեղանի մոտ կանգնած է մի մարդ, որը խմոր է հունցում, ալյուրով ծածկված դեմքով մարդ, եւ նա հացթուխն է: Նա տեսնում է նրան այնտեղ կանգնած, ինչպես Հոմերոսն էր տեսնում նրան, ինչպես որ նա չէր վրիպել Բալզակի եւ Դիքենսի աչքից. այն մարդը, որն աշխարհի պես հին է, եւ նրա ապագան հասնում է մինչեւ աշխարհի վերջը: Բայց այս մարդը ներքեւում նկուղում, սիգարետ է ծխում, գնում է կինոթատրոն, նրա որդին զոհվել է Ռուսաստանում, հուղարկավորված է երեք հազար կիլոմետր հեռավորության վրա գյուղի ծայրամասում, գերեզմանը հողին է հավասարեցված, խաչ չկա, տրակտորները փոխարինում են այն գութանին, որը նախկինում վարում էր հողը: Այս ամենը պատկանում է այն գունատ եւ շատ լուռ մարդուն, որը ներքեւում է նկուղում, եւ որը մեր հացն է թխում. այս ցավի, ինչպես նաեւ` որոշ ուրախությունների տերը նա է:

Եվ մի փոքրիկ գործարանի փոշոտ պատուհանների հետեւում գրողի աչքը նկատում է մի փոքրամարմին բանվորուհու, որը կանգնած է մեքենայի մոտ եւ կոճակներ է ամրացնում, կոճակներ, առանց որոնց մեր հագուստն այլեւս հագուստ չէր լինի, այլ մեզնից կախված գործվածքի չամրացված կտորներ, որոնք ո՛չ կզարդարեին, ո՛չ էլ կտաքացնեին մեզ: Այդ փոքրիկ աշխատակցուհին աշխատանքն ավարտելուց հետո շրթներկ է քսում, նաեւ կինոթատրոն է գնում, սիգարետ է ծխում, զբոսանքի է դուրս գալիս մեքենաներ վերանորոգող կամ տրամվայ վարող մի երիտասարդի հետ: Եվ այդ երիտասարդ աղջկա պատմությունից անբաժան է այն, որ նրա մայրը հուղարկավորված է ինչ-որ տեղ փլատակների կույտի տակ, շաղախի հետ խառնված կեղտոտ քարաբեկորներով լեռան տակ. ինչ-որ տեղ խորքում, թաքնված է աղջկա մայրը, եւ նրա գերեզմանը խաչով զարդարված չէ այնպես, ինչպես հացթուխի որդու գերեզմանը: Տարին միայն մեկ անգամ է երիտասարդ աղջիկը գնում եւ ծաղիկներ դնում այդ կեղտոտ ավերակների կույտի վրա, որի տակ հուղարկավորված է իր մայրը:

Այդ երկուսը հացթուխն ու աղջիկը, մեր ժամանակների ծնունդն են, տարեթվերը ցանցի պես փաթաթված են նրանց շուրջը, ցանցից նրանց ազատելը կնշանակի խլել նրանց կյանքը, բայց գրողին կյանք է պետք, եւ ո՞վ կարող էր արարել նրանց կյանքը, եթե ոչ ավերակների գրականությունը: Աչքակապությամբ գրողը հայացքը դեպի իրեն է ուղղում. նա իր համար աշխարհ է կառուցում: 20-րդ դարասկզբին Հարավային Գերմանիայի բանտում ապրում էր մի երիտասարդ, որը մի հաստափոր գիրք էր գրել: Երիտասարդը գրող չէր, երբեք էլ չէր եղել, բայց գրել էր մի հաստափոր գիրք, որը հաճույք էր պատճառում իր անընթեռնելիությամբ. չնայած դրան այն վաճառվել էր միլիոնավոր օրինակներով եւ մրցում էր Աստվածաշնչի հետ: Դա մի մարդու գիրք էր, որի աչքերը ոչինչ չէին տեսել, որի հոգում ոչինչ չկար բացի ատելությունից ու տանջանքից, զզվանքից եւ շատ ավելի զզվելի բաներից: Նա գիրք գրեց, որպեսզի մենք բացենք մեր աչքերը. եւ մենք որ կողմ էլ նայում ենք տեսնում ենք այն ավերածությունները, որոնք գործել է Ադոլֆ Հիտլերը, որի աչքերը ոչինչ չէին տեսնում: Նրա նկարներն աղճատված էին, ոճն` անտանելի. նա աշխարհը չէր տեսել մարդկային աչքերով, այլ այն աղճատմամբ, որը կազմում էր իր ներքին «ես»-ը:

Նա, ով աչք ունի տեսնելու, թող տեսնի: Եվ մեր գեղեցիկ մայրենի լեզվով տեսնելը մի իմաստ է արտահայտում, որը չի կարող ավարտվել միայն օպտիկական կատեգորիաներով: Ովքեր աչքեր ունեն տեսնելու, նրանց համար իրերը դառնում են թափանցիկ, եւ նրանք պետք է փորձեն դրանց նայել լեզվի միջոցով: Գրողի աչքը պետք է լինի մարդկային եւ անխաթար, պետք չէ աչքակապությամբ զբաղվել. կան վարդագույն, կապույտ եւ սեւ ակնոցներ, եւ դրանցից յուրաքանչյուրը գունավորում է իրականությունն ըստ անհրաժեշտության: Վարդագույնը լավ է վարձատրվում, այն շատ սիրելի է եւ ունի կաշառելու բազում հնարավորություններ, բայց սեւը նույնպես սիրելի է եւ լավ է վարձատրվում: Մենք ուզում ենք տեսնել այդ ամենն այնպես, ինչպես որ կա մարդկային աչքով, որը սովորաբար ո՛չ լիովին չոր է, ո՛չ էլ լիովին թաց, այլ` խոնավ, եւ մենք ուզում ենք հիշել, որ «խոնավություն» բառը լատիներենում «հումորն» է, առանց մոռանալու, որ մեր աչքերը նույնպես կարող են դառնալ չոր կամ թաց, եւ որ կան բաներ, որոնք հումորի տեղիք չեն տալիս: Մեր աչքերն ամեն օր շատ բան են տեսնում. նրանք տեսնում են հացթուխին, որը մեր հացն է թխում, տեսնում են գործարանի աղջկան, մեր աչքերը հիշում են գերեզմանատները, մեր աչքերը տեսնում են ավերակներ: Քաղաքներն ավերված են, քաղաքները գերեզմանատներ են, եւ դրանց շուրջը մեր աչքերը տեսնում են կառուցվող շենքեր, որոնք մեզ հիշեցնում են բեմական դեկորացիաներ, շենքեր, որտեղ մարդիկ չեն ապրում, այլ որտեղ մարդիկ կառավարվում են, կառավարվում են որպես ապահովագրված անձինք, որպես քաղաքացիներ, մի քաղաքի բնակիչներ, որոնք գումար են մուծում կամ վարձ են տալիս. չէ՞ որ կան անթիվ պատճառներ, որոնք կարող են կառավարել մարդուն:

Մեր հանձնառությունն է հիշելը, որ մարդը գոյություն չունի միայն կառավարվելու համար, եւ որ մեր աշխարհում տեղի ունեցող ավերածությունները միայն արտաքուստ չեն դրսեւորվում եւ այնքան աննշան չեն, որ ենթադրենք, թե դրանք կարելի է վերականգնել մի քանի տարվա ընթացքում:

Հոմերոսի անունը բարձրակետն է ողջ արեւմտյան կրթական աշխարհում. Հոմերոսը եվրոպական էպիկական պոեզիայի նախահայրն է: Հոմերոսը, սակայն, պատմում է տրոյական պատերազմի, Տրոյայի կործանման եւ Ոդիսեւսի վերադարձի մասին` պատերազմի, ավերածությունների եւ տունդարձի գրականության մասին, եւ մենք այդ անունից ամաչելու պատճառ չունենք:

1952

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Թողնել մեկնաբանություն