Էսսե

Գիտություն և պոեզիա։ Իմացության երկերեսանի Յանուսի երկու դեմքերը

Հարցն այն է, որ փորձիչը՝ սատանան, ապացույցներ էր ուզում, Հիսուսից պահանջում էր ապացուցել Իր հավատը։ Նույն բանը գիտությու՞նը չի անում․․․ Գիտության համար՝ որպես մարդկային իմացության մի տեսակի, ամեն ինչ արժանահավատ է, եթե ապացուցված է։ Բայց կան բաներ, որոնք փորձով ապացուցել հնարավոր չէ։ Գիտությունը կարող է «տնտղել» միայն նյութ…

• 3 րոպե

Գիտություն և պոեզիա։ Իմացության երկերեսանի Յանուսի երկու դեմքերը

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Մկրտությունից անմիջապես հետո Սուրբ Հոգին Հիսուսին տարավ անապատ, որտեղ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահեց, աղոթեց և ոչինչ չկերավ։ Այդ ժամանակ Նրան մոտեցավ փորձիչը՝ սատանան, երեք փորձություններով․

Քարերը հաց դարձնելու փորձությունը. «Եթե Աստծո Որդի ես, ասա՝ այս քարերը հաց դառնան»։

Տաճարի գագաթից նետվելու փորձությունը. Սատանան Նրան տարավ Երուսաղեմի տաճարի գագաթը և ասաց. «Գցիր Քեզ վար, որովհետև գրված է՝ Իր հրեշտակներին կպատվիրի Քո մասին…»։

Աշխարհի թագավորությունների փորձությունը. Սատանան Նրան բարձր լեռ տարավ, ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և ասաց. «Այս ամենը Քեզ կտամ, եթե ծնկի գաս ու ինձ երկրպագես»։

Այստեղ կարծես թե զուգահեռ՝ կողք կողքի են դրվում գիտությունը և հավատը՝ հրաշքի պոտենցիալը։ Հիսուս կարող էր հրաշքով դուրս գալ այս բոլոր փորձություններից. Նա դա ապացուցեց այլ հրաշքներով՝ Գալիլեայի Կանայում հարսանքավորների համար ջուրը գինի դարձնելով, աղքատ Ղազարոսին հարություն տալով, անդամալույծներին բժշկելով և հենց Իր Հարությամբ։ Նա սատանայի «պատվերով» քարերը հաց չդարձրեց, բայց մի այլ հրաշքով բազմացրեց ձկներն ու հացը Իր հետևորդների սեղանին․․․

Հարցն այն է, որ փորձիչը՝ սատանան, ապացույցներ էր ուզում, Հիսուսից պահանջում էր ապացուցել Իր հավատը։ Նույն բանը գիտությու՞նը չի անում․․․ Գիտության համար՝ որպես մարդկային իմացության մի տեսակի, ամեն ինչ արժանահավատ է, եթե ապացուցված է։ Բայց կան բաներ, որոնք փորձով ապացուցել հնարավոր չէ։ Գիտությունը կարող է «տնտղել» միայն նյութական աշխարհի արտաքին, էմպիրիկ շերտը, այնինչ որպես «ինքնին իր»՝ աշխարհն իր խորքով գիտության համար անմատչելի է, ինչպես․․․ տիեզերական սև խոռոչի ներսը։

Այստեղ է, որ որպես իմացական գործողություն իր դերի մեջ է մտնում արվեստը, մասնավորապես՝ պոեզիան։ Մի հանճարեղ բանաստեղծության տեքստ մարդկային հոգու մասին կարող է ավելին ասել, քան հոգեբանական գիտության մի ողջ տրակտատ։ Պոեզիան չի բացատրում աշխարհն ու մարդկային հոգին, սակայն «ինքնին իրի» անտեսանելի մարմնի վրա՝ իր կարողությունների չափով, բառերի ջուրն է ցփնում, և արդյունքում, ինչպես Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» վեպում, անտեսանելին որոշակիորեն տեսանելի է դառնում։

Գիտությունը և պոեզիան հակոտնյաներ չեն. դրանք երկուսն էլ, մարդկային հնարավորությունների սահմաններում, աշխարհաճանաչողության ու ինքնաճանաչողության միջոցներ են։ Այստեղ ուզում եմ մեջբերել Սեն-Ժոն Պերսի նոբելյան բանախոսությունից մի հատված․ «Եվ նախասկզբնական խավարի մեջ, ուր խարխափում են երկու կույր նորածիններ, մեկը՝ զինված գիտական գործիքներով, մյուսը՝ օգտվելով միայն ինտուիցիայի բռնկումներից, ո՞րն է, արդյոք, ավելի շուտ բարձրանում, և ո՞րն է ավելի պարտավորված արձակելու կարճատև ֆոսֆորեսցենցիա։ Պատասխանը կարևոր չէ։ Առեղծվածն ընդհանուր է։ Եվ պոետական մտքի մեծ արկածախնդրությունը ոչնչով չի զիջում արդի գիտության դրամատիկական հայտնագործություններին»։

Իսկ եթե ոմանք քամահրում են պոեզիայի կարողություններն ու իրավունքները, հակադրում այն գիտությանը կամ ներքաշում վերջինիս հետ ինչ-որ մեջլիսի կամ սպորտային մրցության, նորից կդիմենք Սեն-Ժոն Պերսին․ «Քանի դեռ գիտությունը ավելի հեռուներն է տարածում իր սահմանները, ուրեմն այդ սահմանների աղեղի ամբողջ երկայնքով դեռ լսելի կլինի պոետի որսորդական հարայհրոցը»։

Թողնել մեկնաբանություն