Խանե Ղուկասյան | Այգեստան

Քայլում եմ Մաշտոցի պողոտայով
Չգիտեմ գիրքն է մակագրված,
թե՞ մտքումս է մի բան մակագրվել։
Մաշտոցը տանում է Կորյուն,
Լավ են չէ՞ իրար հաջորդում
ուսուցիչ ու աշակերտ
Անգամ փողոցներով են բռնում։
Ոտքերս ընկնում են առաջ,
չգիտեն որ կողմով գնալ
Կորյունո՞վ թե Հերացիով։
Բժշկի կարիք չկա ուրեմն Կորյունով,
Էտ կողմում հայելի էլ կա,
Մտածենք թե եսասեր եմ,
Էնտեղ դեղատուն էլ կա,
մի քիչ էլ հիվանդ եմ
Հիվանդ եսասեր։
Քայլում եմ Կորյունով
Վերջանալու վրա է լուսացույցի 37 վայրկյանը
Գնալ տուն թե՞…
Թե՞ Նալբանդյանով իջնել։
Ու՞ր։
Անցնում եմ փողոցը։
Մեկ Չարենցով եմ ուզում իջնել,
մեկ էլ ոտքերս տանում են հին ճանապարհով
Հին ճոպանուղու մոտով
Մի թևանի ճոպանուղի,
կեղտոտ պատեր`սիրո խոստովանություններով,
գունավոր հայհոյանքներով գրառումներ,
զուգարան բաց երկնքի տակ,
մուրացկանի անկողին` սև վերմակ, զոլավոր կեղտոտ ներքնակ,
օղու ու գարեջրի շշերով շրջակայք.
Աստիճաններ….
Ու՞ր են տանում։
Երկի՞նք,
թե՞ Այգեստան։
Էսօր Այգեստան
Ջահուկյա՞ն
Չէ՛, չէ՛, Այգեստան։
Գրողի տարած տքնող աստիճաններ,
որոնք երազում են չլինել,
ուզում են չհարմարվել մարդկանց ոտքերին,
սիրատոչոր գուրգուրանքներին,
լուսանկարիչների դիրքերին։
Ամեն աստիճան զգում է սպառված մարդկանց հոգոցները,
Ամեն քայլի հետ ուժգնացող հևոց-տնքոցները։
Դիմացդ կիսամութ փողոց
Փողո՞ց է, թե փակուղի
Չգիտեմ։
Տուն եմ ուզում։
Ոտքերս հերթափոխով ընկնում են ինձնից առաջ
անհամբեր են,
ինչպես միզելու ցանկությամբ տղամարդը
ճոպանուղի բարձրացող աստիճանների տակ։
Մի թևանի թռչունը ընկած հետևում է,
չի շարժվում, ուժ չունի։
Դեպի թևեր տանող աստիճաններ կան
Ու՞ր են տանում,
նկարվելու՞,
թե՞ լիակատար անկումը զգալու։
Թևը հուսահատ դեռ ճոճվում է օդում,
Դրա տակ իրար գիրկ նստած համբուրվողներն
աղբի մեջ իրենց տեղ են գտել
Հուսահատ, բայց ազատ թռչունների նման,
դեռ չեն կորցրել ճախրելու հույսը։
Թռչունը նայում է Այգեստանին
Ինքն էլ է ուզում բարձրանալ վեր,
բայց անփետուր թևը չի աշխատում
ու տխուր նայում է բարձրացողներին,
որոնք դժգոհ հայհոյում են աստիճաններին,
որոնք չեն վերջանում։
Ու մարդիկ դեռ քայլում են
Պրծում չկա։
Թեքվում ես վերևում մի սենյականոց բլքոզ,
Խոնավ հավաբանից մի քիչ լավ սենյակ,
Մի քիչ էլ քայլես
Կրիշ էլ վարձով կգտնես,
Տեսնես երկնքում վարձով տեղ կա՞։
Շարունակում եմ քայլել միակողմանի ճանապարհով անհարթ,
որն անձրևների ժամանակ դառնում է Նոյան տապանի շրջակայքը
ջրհեղեղի ժամանակ։
Քայլում ես ու մեքենաներին դու զիջում,
դրանք ետ ու առաջ են գնում,
կարծես աստիճաններ են միմյանց համար ստեղծում,
Գնում ես փողոցի բերանով
Լվացքի պարաններ, աղբ հոտոտող կատուներ,
կիսաբաց դռներ ու պատուհաններ,
որտեղից լսվում են այլալեզու հնչյուններ,
Առաջ ես շարժվում,
Կրիշներից էլ է մարդկանց ձայն լսվում
Կրիշի վարձը տեսնես ինչքա՞ն է։
Էլի աստիճան
Կողքը հայտարարություն՝
«Տրվում է վառձով միայն աղջիկներին»։
Ոտքերդ էլի տանում են
Դիմացդ միրգ ու բանջարեղեն վաճառող մեքենա է,
Որն հիշեցնում է հայրական բունը։
Էլի աստիճաններ
երկար ձգվում են դեպի վեր։
Սեփական փոքր տներ,
Որոնք մթության ոլորաններում կորչում են,
Տուն տան վրա, քիփ կողքը, սարերի վրա,
Սարերի տեղում
Աստիճանախառը հայրենիք
Չարենցի գլխին միշտ տեղ ունես։
Իմ «աստիճանավոր» խոնավ տուն,
որի մոտ ամեն երեկո գնում եմ լուռ,
Գնում եմ թունելի միջով մութ ու սարսափ,
խամրած լույսերի ուղեկցությամբ,
շների հաչոցով, թթի ծառերով լցված շիրոտ ճամփով,
սարերի գլխից եկող բանակի քեֆի երգերի ունկնդրումով,
Գնում եմ մտքերով ծանրացած
Լույսն ավարտվեց,
Խարխափելով գնում եմ առաջ
ծանոթ մթությանը ընդառաջ,
որի սարսուռը հարազատ է այնքան
այն դարձել է անկամք հաշմանդամ,
չի շարժվում, միշտ նույն տեղում սպասում է,
չի էլ ուզում շարժվել։
Միայն ես եմ քայլում դեմքով անկյանք,
որ մի վայրկյան շուտ հասնեմ ու զգամ
իմ մի սենյականոց բունն ուր միշտ Կամ….

Նշանաբառ՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով