Առաջին կյանքը
Այն, ինչ ես մտածում եմ Համլետի մասին,
Համլետի գոյության ձևն է։
Մերաբ Մամարդաշվիլի
Ժամանակները միշտ խառն են։ Հանգիստ ժամանակներ չեն լինում. լինում են մարդիկ, որոնք ժամանակավորապես չեն նկատում խառնաշփոթը։
Ես տեսնում եմ մի լեզու, որով մարդը դեռ չի կարողանում մտածել իր ցավի մասին։ Այդ լեզուն նրան ստիպում է կամ զոհ դառնալ, կամ դատավոր, կամ սթենդ-ափեր։ Իսկ ուշադրության լեզուն դեռ չի ծնվել։
Կխոսեի «քաղաքակրթությունից», բայց ես դրան չեմ հավատում. քաղաքացին և մարդը տարբեր բաներ են. քաղաքացուն կարելի է կրթել, մարդուն՝ ոչ։ Մարդն անավարտ գործընթաց է։
Բայց…
Այս տեքստը ոչ ուշադրության լեզվի մասին է, ոչ էլ կրթության։
Գրականության մասին է։
Ես հիմա ЭССЕ ջազ ակումբում եմ՝ Մոսկվայում։
Փոքր, կլոր սեղան:
Նստած եմ։
Մենակ։
Դեռ…
Երեկ որոշեցի համերգից մեկ ժամ շուտ գալ և, վուալյա, ЭССЕ-ում գրել էսսե։
Այսինքն՝ անել այն ծիծաղելի բանը, որ գրողը միշտ անում է, երբ չի կարողանում հանգիստ ապրել. նստել կյանքի մեջ և մտածել, թե դա ինչ է։
Կա կյանք՝ հերթապահության պես, որով մենք ապրում ենք։ Կա նաև կյանք՝ հեռանկար, որտեղ փորձում ենք հասկանալ, թե ինչ է մեզ հետ պատահել։ Սա ես անվանում եմ առաջին կյանք։
Կան մարդիկ, որոնց համար ապրելը գլխավոր պայմանն է։ Ապրում են ինտենսիվ, մարմնով, առանց հետ շրջվելու պարտադրանքի։ Նրանց համար աշխարհը դեռ բաց է որպես վայր։ Եկել են էքսկուրսիայի։ Հյուրեր են։
Իսկ առաջին կյանքը սկսվում է սահմանային վիճակում, երբ մարդը կես ճանապարհն անցած՝ հետ նայելով, տեսնում է, որ ապրվածը դեռ ավարտված չէ. այն պետք է ստեղծել։ Նրան այլևս չի բավարարում միայն ապրելը։ Պետք է հասկանալ՝ ով է ապրողը։ Այստեղից են սերվում փիլիսոփայությունը, արվեստը, երաժշտությունն ու խոսքը։ Եվ այստեղ ենք մենք իսկապես հանդիպում։
Համերգը սկսվելու է ութին։ Նա գալու է ութն անց տասնհինգ։
«Նա»՝ այս տեքստի համար դեռ անանուն կինը, որի հետ ես ծանոթացել եմ իմ սրճարանում։
Սրճարանս գտնվում է եռհարկանի մարզասրահի փակ լողավազանում՝ երրորդ հարկում։ Ես մարզասրահի աշխատակից չեմ. կապ ունեմ միայն իմ սրճարանի և այնտեղից անդադար հնչող ոչ մարզումային երաժշտության հետ՝ իմ սիրելի երգերի։ Այլ կերպ ասած՝ լողավազանում մարզվող մարդիկ գրեթե միշտ գտնվում են իմ մելոմանական քմահաճույքների տակ։
Սրճարանս ես անվանում եմ «Վատիկան»։
Երկու շաբաթ առաջ՝ մթամած մի ժամի, միացրի Moanin’-ը՝ Մինգուսի մեկնությամբ, և լողավազանի ջուրը ծափահարող ձեռքեր-ոտքերի ուղեկցությամբ ոտքերս դրեցի սրճարանիս աթոռներից մեկին։
Այո։ Իշխանությունը պատկանում է նրան, ով միացնում է երաժշտությունը։ Իսկ երաժշտությունը այդտեղ միացնում եմ միայն ես։
Լողավազանն ու կիսամերկ մարդիկ պոկվեցին մոսկովյան գետնից, ընկան ծխապատ վաթսունականներ՝ Մինգուսի սիգարի բոցավառման ծեսի մեջ, և քրտնած հետ դարձան՝ դեպի իմ սուրճից բարձրացող գոլորշին, որը մոտեցավ շուրթերիս։
— Братан, я тащусь от джаза и от всех тех треков, что ты тут ставишь!
Ինձնից մոտ երեք-չորս տարի փոքր երիտասարդ էր. դուրս եկավ մեծերի լողավազանից և գնաց փոքրերի լողավազանում մարզվող իր մանկահասակ որդու մոտ։ Ես որոշեցի հյուրասիրել ջազասեր երիտասարդին և նրա կապուտաչյա որդուն՝ շոկոլադե կոկտեյլներ՝ սերուցքային շապիկներով։
Հայր և որդի փոքր լողավազանի մոտ սերուցքը համտեսելով ուրախ ժպտում էին ինձ։
Հանկարծ նրանք միագլուխ թեքվեցին դեպի կանանց հանդերձարանի դուռը։
Դուրս եկավ նա։
Սև մազեր,
ճերմակ մաշկ,
կապույտ լողազգեստ,
Մինգուսի կոնտրաբասի ներքո
սրբիչի ներսից գծագրվող
ու դեպի «Վատիկան»
անհոգ քայլող ոտքեր։
Կիսակամ թեքվեցի հոր և որդու ուղղությամբ. նրանք նորից ինձ էին նայում, ես էլ մտածում էի՝ նման էֆեկտիվ հայտնություն դեռ այս ջրերի վրա չէր եղել։
Ու կապույտ աչքերն արդեն նայում էին ինձ։
Այդ կինը հասել էր Վատիկանի սահմանին։
— Мама, дяденька угостил нас хунджиком.
Կինը ժպտաց երեխային, հետո՝ ինձ։
— Что за хунджик?
Ես դեռ նայում էի որդուն։
— То, что они сейчас пьют, — ասացի ու նայեցի նրան։
— А мне можно?
— Да.
Գնալուց առաջ ամուսինը շնորհակալություն հայտնեց խունջիկի և ջազի համար, որդին՝ միայն խունջիկի, իսկ նա կանգնեց։
— Каков график работы вашей кофейни?
— От десяти до десяти.
Հաջորդ անգամ նա եկավ մենակ։ Ողջունեց ինձ՝ գլխով, և գցվեց ջուրը։
Երեկո էր։ Հնչում էր դևիսյան մութ խմորումներից՝ Bitches Brew ալբոմը։ Լողավազանի ապակիներից այն կողմ՝ լուսավոր պատուհաններ, տնային կյանք, խավար պատուհաններ՝ կյանքի հնարավորություն։
Երրորդ կյանք չկար։
Ուշադրությունս իջավ լողավազանին։
Նրա մարմինը արծաթե փամփուշտի պես ջուրը ջարդելով ձգվում էր իմ ուղղությամբ։ Գլուխը ջրից դուրս չէր գալիս։
Հասավ։
Սկզբում ձեռքերը ելան,
բռնվեցին լողավազանի պռունկից,
հետո դեմքը դուրս եկավ
և հանգրվանեց արմունկներին։
Նա նայում էր ինձ։
Ես՝ նրան։
Լռում էինք։
Դևիսը՝ պերճախոս, ու մեր միջև՝ արդեն առանց մելանխոլիայի։
Պիտի խոսե՞մ։
Հարցնեմ՝ ո՞ցն ես, թե՞ ուղղակի՝ ի՞նչ…
Հրավիրեցի նրան իմ սեղան. առանց խոսքերի՝ ձեռքով սեղանը ցույց տվեցի։
Դուրս եկավ ջրից։
Մոտենում էր։
Ես ոտքերս բարձրացրի դիմացի աթոռից, ցուցամատով հասկացրի՝ «մեկ րոպե», ու ոտքի ելա, որ նրա համար այլ աթոռ բերեմ։
Հետ եկա։
Նա ոտքերը խաչած նստած էր այն աթոռին, որտեղ իմ ոտքերն էին։
Զգացի՝ նա սկսում է ադապտանալ Bitches Brew-ին։
Մարմնովս դող անցավ. տարածքս գրավում էին։
Ձեռքերումս էլ՝ զարմացած աթոռ։
Աթոռը դրեցի հատակին։
Երաժշտության ձայնը բարձրացրի։
Նրա հերթն էր։
Հարվածայինների կարճատև դմբդմբոցի տակ՝ սրբիչը գցեց ծնկներին, շեփորի սուր ճիչերի ներքո սրբիչը սեղմեց ազդրերին։
Անշարժացավ։
Դևիսն անցնում էր նրա կողմը։
Նստեցի։
— Ամիսներ առաջ խորթ հայրս մահացավ, — ասաց նա։ — Դեռ հետ չեմ գալիս։ Նրան կենսաբանական հորիցս շատ էի սիրում։
Նա ավելացրեց, որ տարօրինակություններ է ձեռք բերել. օրեր առաջ մոտ կես ժամ զրուցել է դեղատան աշխատակցի հետ։ Իր մղումները դեռ չի հասկանում, բայց գիտակցում է, որ փոփոխությունների շեմին է։
Երաժշտությունն անջատեցի։ Պատրաստվում էի ասել, որ մարդը չի փոխվում, մարդը շոր չէ, մարդը ստեղծվում է։ Երբեմն՝ իր դեմ։ Երբեմն՝ ուրիշի հայացքի մեջ։ Երբեմն՝ այն դադարի մեջ, որտեղ իրեն վերջապես լսում է։
Չհասցրի մտքերս նույնիսկ ինձ համար ձևակերպել. նա խոսեց իր աչքերից։
— Քամելեոն են աչքերս, — ասաց նա։ — Արևմուտքից՝ մանուշակակապույտ, դիմացից՝ երկնագույն, արևելքից՝ մոխրակապույտ։
Չարձագանքեցի։
Որոշեցի նրան թուրինջ, խնձոր և հայկական թեյ հյուրասիրել, որի կապոցին գրված էր՝ «Հազար ու մի գիշեր»։
Հետո նա առաջարկեց նստել ջրի մոտ, ոտքերով ջրի մեջ։
Ես այդ լողավազան ընդհանրապես չեմ մտնում, բայց չմերժեցի նրան։
Նստեցինք։
Հարցրի խորթ հոր մասին։
Պատմեց։
Կարեկցեցի։
Ուղեկցում էի նրան դեպի հանդերձարանի դուռը։
Ասաց՝ բարի գիշեր։
Ես դադար առա և առաջին անգամ զգացի նրա բուրմունքը. վետիվերի հոտ եկավ ու ինչ-որ տարօրինակ տոթ։
Գլխով արեցի նրան՝ չմոռանալով ժպտալ։
Նա գնաց դռան մոտ, բացեց այն։
— Ես կանաչ աչքեր եմ սիրում, — ասացի նրա թիկունքին։ — Պարզ կանաչ աչքեր՝ առանց ավելորդությունների։
Ու միացրի երաժշտությունը։ Դևիսը հետ եկավ։
Վատիկանը նորից իմն էր։
Նա ոտքով պահեց հանդերձարանի դուռը, դարձավ պրոֆիլով, ինձ չտեսավ, կիսածիծաղով ինչ-որ բան մրմրթաց, սրբիչով ձգեց իրանը, մի ոտքով առաջ ցատկեց, մյուսով շրխկացրեց դուռը։
Գնաց։
Ոտնաթաթով։
Ես դուռը փակելու նման տեխնիկայի դեռ չէի հանդիպել։
Կտրուկ էր։
Տարօրինակ։
Հոյակապ։
Երեկ չէ, էն առաջին օրը:
Նստած եմ սրճարանում։ Ոտքերս նորից աթոռին։
Ժամը մոտենում էր 22։00-ին։
Լողավազանում լրիվ մենակ մի տատիկ էր լողում։
Ես էի ու տատիկը։
Մտածում էի՝ Green in blue-ն ավարտվի, սրճարանը փակեմ, գնամ:
Ու հանկարծ կանանց հանդերձարանի դուռը բացվեց:
Ներս մտավ նա։
Հանդուգն, ծակող, ինչպես մրրիկ։
Ինքնավստահության սոլո-հուշարձան։
Ամեն ինչ կտրուկ փոխվեց։
Պլշած նայում էի։ Քայլում էր իմ ուղղությամբ։ Երեսուն ոտնաչափ էր մնացել։
Հեռախոսն արագ վերցրի ձեռքս և միացրի The Best-ը։ Թինա Թյորների, բնականաբար։
Նա կանգնեց, մի ձեռքով բերանը փակեց, մյուսով` փորը։ Սկսեց ծիծաղել:
Հասկացա` նա ինձ դուր է գալիս: Մեղմ ասած:
Հավաքվեց։
Ինքնավստահությունը աննկարագրելի ազատություն ստացավ:
Քայլեց էլ ավելի անկաշկանդ:
Հասավ:
Չի խոսում:
Ձեռքով բարձրախոսս ցույց տվեց, հասկացնելով, որ ձայնը իջեցնեմ:
Իջեցրի:
— Չլինես դու, կլինի ուրիշը, — ասաց:
Երգը լրիվ անջատեցի:
— Ի՞նչ, — հարցրի:
Հայերեն հարցրի:
— Что? — հարցրեց` ի պատասխան:
Ես չէի խոսում։
Նա, կարծես, սպասում էր։
Շրջվեց, քայլեց։
Հինգ քայլ էր հեռացել, երբ հարցրի.
— Ի՞նչ է անունդ։
Դարձավ ու կիսամունաթ.
— Ռի´տա:
Ես նայում էի նրան։
Նա՝ ինձ։
Չգիտեի՝ ինչ ասեի։
Հայացքս տարա մի կողմ։
Նա կրկին շրջվեց և շարունակեց քայլել-գնալ։
Աչքերս թռան դիմացի շենքի վառ պատուհաններից մեկին, սկսեցին ծեծել այն. մարդ չկար։
— Ռիտա, այսինքն՝ ռիթմ, տիեզերական կարգ, կրկնություն, շարժում, ներդաշնակություն։
Նրա ձայնն էր։ Կանգնել, մունաթով խոսում էր հեռվից։
— Ի…
Կրկին շրջվեց, քայլեց դեպի հանդերձարանի դուռը։
Նայեցի լողացող տատիկին։
Տատին՝ ինձ։
Մտածում էի.
«Նա գիտի՝ ինչ է նշանակում Ռիտա։
Այ քեզ նրբիմացություն։
Նա գիտի՝ ինչ է նշանակում իր անունը։
Բա շեշտակիությունը…
Այ քեզ կի՜ն»։
— Կանգնի՛։
— Ի՞ՆՉ։
— Ո՞ւր ես գնում։
— Գնում եմ։
— Այսինքն՝ դու եկել էիր ինձ ասելու՝ դու չլինես, ուրիշ կլինի, ու գնա՞ս։
— Հա՛։
Թիկունք տվեց, շարունակեց քայլել։
— Էդ դեպքում՝ լողազգեստ ինչի՞ ես հագել։
— Սա լողավազան է։
— Ես լողավազանի հետ կապ չունեմ, — ասացի, ոտքս քաշեցի ինձ, ձեռքերս դրեցի ծնկիս վրա։
Նայեց-նայեց, ուսերը թոթվեց, գնաց։
Նա կպնում էր արդեն հանդերձարանի դռանը, երբ ինձ համար պարզ դարձավ՝ դա իմ լսած ամենասոսկալի, սանձարձակ ու սեքսուալ ազնվությունն էր, որն ակնթարթորեն ազատում էր ինձ մեղքի բոլոր հնարավոր զգացումներից։
Կանգնեցի։
— ТАК…
Գոչեցի։
Նա շրջվեց։
Ձեռքերը միացրեց իրար։
— Ուրեմն՝ վաղը չէ մյուս օրը, ժամը 20։15-ին, ЭССЕ ջազ ակումբի ներքևի սրահում, սպասո՛ւմ եմ քեզ։
— ԼԱՎ, — բղավեց ու բացեց դուռը՝ ոտքով կրկին պահելով այն։
— Ուղի՛ղ՝ 20։15-ին, — շեշտեցի։
Չնայեց ինձ։
Չարձագանքեց։
Սրբիչը ձգեց կոնքին ու ոտնաթաթով դուռը շրխկացրեց։
Գնաց։
Չեմ հասկանում՝ դուռը փակելու ի՞նչ ձև է։ Ոտքո՞վ։ Ախր անհարմար է։
Ինչո՞ւ է դա ինձ դուր գալիս։
Արդեն 20։00 է։
Երաժիշտները բեմին են։
Ինտրո։
Համերգը նվիրված է Մայլս Դևիսի 100-ամյակին։
Կատարողները ռուս երիտասարդներ են։ Լսելու եմ նրանց երևի վեցերորդ անգամ։ Հրաշալի երաժիշտներ են։
20։05
Եթե նա գա, ասենք, մեկ րոպե շուտ, ես կփորձեմ հետ պահել նրան այդ մտքից։ Կասեմ.
«Ո՛չ ես, ո՛չ մեկ ուրիշը։ Դա քեզ պետք չի։
Ես հայ եմ։
Ես կաղոթեմ քեզ համար»։
Եթե նա ուշանա, թեկուզ մեկ րոպե, կասեմ նրան.
«Աչքերիս առաջ ամուսնուդ պատկերն է։ Նրա սերուցքային, բարի, գոհունակ ժպիտը։
Ինչպիսի մարդ։
Ջազ է սիրում։
Հասկացիր ինձ…
Ես պատրաստ չեմ դավաճանել քո ամուսնուն»։
Եթե նա ուշանա մեկ րոպեից ավելի, կավելացնեմ.
«Ի՞նչ է նշանակում՝ դու չլինես, կլինի ուրիշը։
Հեդոնիստ։
Ուզո՞ւմ ես իմ հյուրը լինել…
Ես հյուրասեր մարդ եմ, բայց հյուրերին տանել չեմ կարող։
Շուկայական մոտեցո՞ւմ։
Ի՞մ հանդեպ։
ԲԼՅԱՏ։»
20։12
Սկսելու են — Milestones-ից։
Վա՜խ։
Երբ սկսեն նվագել, ու բոլորը նայեն նվագախմբին, ես կշրջվեմ դեպի դուռը։
Նա կտեսնի թիկունքներ։
Ու ինձ։
Ես կտեսնեմ, թե էս դուռը ոնց է բացելու։
Եթե նա չգա, ես կմնամ առաջին կյանքում։
Ինձ հետ կլինեն երաժշտությունը և գրականությունը։
Ես գիտեմ՝ Համլետը մեզ երրորդ տարբերակ չի թողնում։
Երրորդ տարբերակը չկա։
Եթե կա, ես այն անվանում եմ «ԹԵ»։
Ու այդ «ԹԵ»-ն ես եմ։
Բայց ամբողջ աշխարհը Ռիտայի կողմն է՝ դեղնամութ ակումբը, Արմստրոնգի ու Էլլայի դիմանկարները, նրանց միջև կախված լուսամփոփը, խմածս կոկտեյլը, ուտեստների հոտերը, որ չեն կարողանում հաղթահարել վետիվերին։
Այս չքնաղ երկրորդ կյանքը, որ գալիս է մեկ անգամ ու հեռանում է:
Կյանքը։
Ու թե նա գա՝ ուղիղ 20։15-ին…
Ես պարտավո՛ր եմ։
Թմբուկները:
Սաքսոֆոնը…
Ծափեր։
Բոլորը նայում են նվագախմբին։
Պա՛մ։
Բամ:
Պա։
Բա՛մ…
20։14։55
Երեք
Երկու
Մեկ
