Երևան
Երևանում չեմ հասկանում ռուսական պոպսան,
որ քոքած ա մեր բնակարանի տակի կայանատեղիում։ Մի տղամարդ
սև մայկով դիջեյություն ա անում, իսկ ընկերները՝ ախպերները,
կապիկություններ են անում մեքենայի հետևում, հռհռում են գետնին
հասնող թևերով, նենց են ծխում ոնց որ քաղցկեղը մոդա լինի,
ռիլեր են գլորում հեռախոսով, մինչև մաման վերևից կանչի
տուն օգնելու։
Երևանում ծիծեռնակները կիրակի առավոտ պտտվում են
մեր պատշգամբի շուրջ, տարածքն են տնտղում, փնտրում կրետներ,
որ բույն են դնում կարմիր տանիքում` դեռ խորհրդային տարիներից մնացած,
երբ ամեն ընտանիք կարող էր ստանալ էնքան
հաց, ինչքան ստամոքսը կարողանար մարսել,
ու էնքան Կալաշնիկով, ինչքան տեղավորվեր խորդանոցում
սև օրերի համար, երբ ամեն ինչ վարի գնա: Ու գնաց 1988-ին։
Երևանում ամանորին մեր ընկերները համոզում են,
որ նստենք ծաղկավոր բազմոցին ու YouTube-ով հոլովակ նայենք,
որտեղ կռունկը պոկում ա Լենինի գլուխը, իսկ շուրջը հավաքվածները
հանգիստ անվրդով զրուցում են գլխատման ընթացքում,
մինչև որ մի մեքենա սկսում ա անխնա սիգնալ տալ՝
քաջալերելով ավելի բարձրաձայն բլբլոց ու ծափեր, նոր եռանդուն ոգի`
դիմավորելու կապիտալիզմը, որը հաշվարկել չգիտեին,
երբ ավարտին էին մոտենում մուրճ ու մանգաղի ժամանակները։
Երևանում՝ Աբովյանի փողոցի վրա, թխկիները ստվերում են
40 աստիճանի հասած մայթերը։ Գիշերը զբոսնում ենք,
իրար սեղմում մեր քրտնած ափերը, ու խումբ-խումբ տղամարդիկ՝
վզներին խաչեր, նույնաոճ պիջակներ,
մեր մաշկին են աչքները չռել, որ մեզ հանցագործ զգանք։
Ուրիշին լիզել ուզենալը լեզուս
դարձնում ա տաբուախախտ։
Երևանում արաբերենը հաճախ չի հնչում, բայց ստեղ ա՝
անապատի ձայները՝ լեռների ծայրին,
խաչմերուկում, «Հալեպ» շուկայում` մետրոյի մոտ,
որտեղ քամանչան ու մի ձայն
կորստի ու լավությունների անվերջանալի մի երգացանկ են նվագում։
Արաբերենը նաև խանութներում ա՝ փախլավայի մեջ, թահինիով
ու մեղրով թխած հացի մեջ, ու հեռախոսի մեջ ա՝
սիրահարների արանքում, որովհետև աղջիկն իր զգացմունքներն
ընկերներից թաքցնել ա ուզում
Երևանում բուրգերն ու ֆրին, ամառային տոլման
ու գրիլից նոր հանած փարդան տաք են, իսկ հետո` ձմռանը,
պատի ամեն ծակի մեջ խաշ կա՝ հսկա կաթսաներով,
եփում են տարեց տղամարդիկ, որոնք խառնելու արանքում
նարդի են գցում, օղի կոնծում ու արտաբերում
հարբած հայերեն ռուսախառը նախադասություններ,
բայց ոչ մի թուրքերեն բառ, ա՛ռը հա, բացառությամբ
էն մի թուրքերեն բառի, որն, ասենք, փրկված տատուցդ ես սովորել
Եղածը քար չի՞
Ամպերը պաշարել են Արագածի գագաթները,
կիսովի վարձած տաքսիով Գյումրի ենք գնում։
Նայում է, թե ինչպես են մոխրագույնի երանգները
ժայռից ժայռ սողում, ծիրանի խավի պես պսպղում,
հետո օձերի պես նահանջում։ Լուռ է։
Կարծես մի ամբողջ տարի խոսած չլինի`
այն պահից, երբ բժիշկը հայացքը
բարձրացրեց նոթատետրից ու ասաց՝ «Որդեգրո՞ւմ»։
Մարմինը կարող է մի ամբողջ կյանք ապրել՝
առանց մեկ ուրիշն ստեղծելու։
Մարմինը կարող է ապրել
իր միջից մեկ այլ մարմին դուրս հրելուց հետո։
Այստեղ՝ կովերի արոտավայրերով լի այս թասաձև հովտում,
ուր լույսը սեղմվում է մարմնի գծագրին
ու քարկապում դրա կերպարանքը քարերին,
ուզում եմ մայրամուտը լցնել իմ ջրի շշի մեջ,
փոխանցել նրան, ասել, որ միշտ ծովերով նավարկելու
մասին բանաստեղծություններ կդնեմ նրա առավոտյան
նարնջահյութի բաժակի տակ։ Ուզում եմ քարշ տալ այս քարերը,
որ այրվել են արոտավայրի արևի տակ,
հասցնել մեր բնակարան,
դարսել այնքան բարձր, որ փակեն լուսինը, որը տանիքների
շուրջը թեքվելով՝ ընկնում է մեր մեջքերին
սիրով զբաղվելու ժամանակ։
Այստեղ՝ այս կիսովի վարձած տաքսու մեջ,
անցած գիշերն եմ պատկերացնում:
Մեր մաշկները՝ իրար հպված, անսավան ներքնակի վրա։
Բայց հիմա նա առաջ է նայում։ Արևի շողեր բիբերի մեջ։
Ինքս ինձ ասում եմ՝ դա կարևոր չէ։ Ստեղծելու տենչը
այն չէ, ինչ պետք է աշխարհին։ Մեր միջև եղած շողերն են
կարևոր։ Շշուկները` մեր քնելուց առաջ։
Թարգմանությունը անգլերենից՝ Կարեն Ղարսլյանի