Ծերունի ծաղկավաճառը իր հարազատ քաղաքը վերադարձավ երեսուն տարի հետո։
Երեսուն տարի առաջ, ուշ աշնան մի թխպամած գիշեր, իննսունմեկ տարեկան հասակում նա մահացել էր փողոցում՝ նպարավաճառի փակ խանութի արտասանդուղքին նստած, ծաղիկների դատարկ կողովը կողքին, ծղոտե քրքրված գլխարկը ետ տարած։ Ուշ գիշերվա հատուկենտ անցորդները, նկատելով նրան, ենթադրել էին, որ ծերունին իր հերթական գինովության մեջ է կամ քնել է օրվա թափառումներից հոգնած. ոչ ոքի մտքով չէր անցել, որ նա մահացել է։
Ուրվականները երբեք չեն մահանում, և ծերունին վաղուց էր ուրվականացել. քաղաքի փողոցներում նա քայլում էր անձայն, ծխից մշուշված գինետներում հայտնվում էր անսպասելի, ծաղիկներ էր դնում սեղանին ու անսպասելի անհետանում։
Քիչ էր պատահում, որ այդ ցնցոտիներով, կորաքամակ մարդը իր արվարձանային տունը հասներ, որտեղ իրեն ոչ ոք չէր սպասում։ Գիշերում էր որտեղ պատահեր՝ լավ ու տաք եղանակներին զբոսայգիների նստարաններին, մի ինչ-որ հին տան հին սանդուղքին, անձրևների ժամանակ կամ, երբ ձյուն էր գալիս, մի ինչ-որ պահակի խղճուկ խրճիթում՝ կրակի մոտ։
Այն ժամանակ քաղաքն այսպես չէր ընդարձակվել ու այդքան մարդ չէր բնակվում, ուստի բոլորը նրան ճանաչում էին. նա նույնքան հանրահայտ մարդ էր, որքան ամենահանրահայտ քանդակագործը, երգահանը, գիտնականը, և բոլորը նրան սիրում էին, որովհետև նա միայն ծաղիկներ էր վաճառում։
Այդպես. երեսուն տարի առաջ, խոր աշնան մի գիշեր, նա մահացավ նպարավաճառի փակ խանութի արտասանդուղքին և երեսուն տարի հետո կրկին վերադարձավ այն քաղաքը, որտեղ ծնվել էր, ապրել էր որբանոցներում և տաս-տասներկու տարեկանից ծաղիկներ էր վաճառել։
Տիեզերքը նրան հոգնեցրել էր։ Երեսուն տարի շարունակ նա շրջել էր արեգակնային համակարգությունից դուրս, ուրիշ համակարգություններում, որովհետև այս համակարգության մոլորակները, բացի մեկից՝ Երկրից, անտանելի էին իրենց հավերժական կրակներով, հավերժական մրրիկներով և հավերժական սառնությամբ։
Օտար համակարգություններում պատկերը բոլորովին այլ էր. ոչ լույսն էր նման իր տեսած լույսին, ոչ խավարը՝ խավարին։ Այնտեղ ստվերներ չկային, ջրեր և ծաղիկներ չկային, կար միայն տարածություն, անվերջ ու անեզրական տարածություն։ Գոյություն չուներ ոչ քաղց, ոչ ցավ, ոչ սպասում, ոչ շեղակի իջնող անձրևի շառաչ, ոչ տերևաթափ, ոչ արցունքներ, միայն տարածություն ու քար, և միայն անվերջանալի խոնջանք, որ նման չէր մեր խոնջանքին, մի հոգեպարար դատարկություն, որը նման էր մեր դատարկությանը։
Ծերունին երեսուն տարի շարունակ նստում էր քարերին կամ գնում էր ժայռամիջյան լերկ արահետով ու նայում էր վերջ ու վախճան չունեցող հորիզոններին։
Իր և իր նախնիների աշխարհում ինչ-որ բանի համար նա անիծվել էր, ամեն ինչ խլվել էր նրանից, բայց գիտակցությունը չէր խլվել, և հենց այդ գիտակցությունն էր, որ ծերունի ծաղկավաճառին չէր թողնում մի տեղ վեր ընկնի մնա, քշում էր տարածությունների անեզրությունները, և բոլոր մոլորակները նրան ձանձրալի էին թվում իրենց գույներով, որոնք նման չէին իր տեսած գույներին, երկնակամարներում աստղերի տեղաբաշխումներով, որոնք նման չէին իր ապրած մոլորակի երկնային լուսատուների տեղաբաշխումներին, հողմերով, լռություններով, լուսաբացներով ու իրիկնամուտերով, որոնք ոչ հողմերի էին նման, ոչ լռությունների, ոչ լուսաբացների, ոչ իրիկնամուտերի…
Ծերունի ծաղկավաճառը, ամենայն հավանականությամբ, այն հողեղենն էր, որ և մահացել էր, և չէր մահացել։ Մահացել էր, որովհետև նրան թաղել էին հին գերեզմանոցի մի մոռացված անկյունում, չէր մահացել, որովհետև նրա գիտակցությունը չէր դադարել բաբախել։ Ինչ դաժան պատիժ… Եվ հենց այդ գիտակցության գոյությունն էր, որ նրա մեջ շարունակ արթնացնում ու թանձրացնում էր կարոտը։
Կարոտ հեռավոր, հեռավոր հարազատ քաղաքի ձայների, ոլորաձիգ փողոցների, այգիների պատերից դուրս հորդած աշնանային հրավառությունների, մշուշոտ պանդոկներում բաժակների զրնգոցների, կարոտ հինավուրց ընկուզենու ստվերում բոլորած մարդկանց քաղցր զրույցի, ամառային տաք անձրևների, խոտերի մեջ կչկչացող բարակ առվակների, կարոտ բարի առավոտների ու բարի իրիկնամուտերի։
Եթե տիեզերքում, այնուամենայնիվ, կա ինչ-որ մի տեղ, որտեղ կան այդ բոլոր բարիքները, ծերունին ներողամիտ էր դառնում այն անեծքի հանդեպ, որն ինչ-որ ժամանակ, ինչ-որ բանի համար փաթաթել էին իրեն, խլել էին ամեն ինչ, թողել էին միայն գիտակցությունը ու բաց էին թողել տիեզերքի ոլորտները։
Սկզբնական տարիներին ծերունին գոհ էր, որ վերջապես անջատվել էր երկար տարիներ իրեն հետապնդող սեփական ստվերից ու հանգրվանել էր մի աշխարհ, որտեղ ոչ անորոշություն կար, ոչ անկյունադարձեր, ոչ ուտել-խմելու հոգս, ոչ ինքնամոռացություն որոնելու մտահոգություն։ Դա ետմահու սկզբնական տարիներն էին։ Հետո, քանի որ դատապարտված էր հավերժական գոյության, նա սկսեց փնթփնթալ, ինչպես մի ժամանակ՝ կենդանի ժամանակ, փնթփնթում էր ինքն իր համար, երբ որոշ մարդիկ ջերմոցային ծաղիկը չէին զանազանում բնականից կամ հեքիաթ էին համարում ու ծիծաղում էին, երբ նրանց ասում էիր, թե լուսնի խավարումների ժամանակ ծփնիները ցավից կծկվում են, և թիթեռներն ու սոխակները խելագարվում։
«Ձանձրալի է ձեզ մոտ, աստված իմ, այստեղ ամեն ինչ ձանձրալի է…» — ճչում էր նա ժայռաբեկորներին նստած։ «Ուշացած անցորդի ոտնաձայնը, բաժակների զրնգոցը արվարձանային հին պանդոկի կիսախավարում և արևին նայող երեխայի ուրախ ճիչը չեմ փոխի ձեր անսահմանության հետ»։
Տիեզերքում հնչում էր նույն այն մարդկանց ծիծաղը, որոնք իսկապես մեռել էին։ Ծաղկավաճառը մտածում էր. «Այս մարդիկ երջանիկ են, քանզի իրենց աշխարհում էլ մեռած էին»։
Նախկին ծաղկավաճառ ծերունին իջավ Նորք. գնաց այնտեղ, որտեղ իր տունն էր ու ոչ ոք իրեն չէր սպասում։ Ոչ տունը կար, ոչ առու, ոչ Խաշլամա Գարսևանի բարդի ծառը։ Խաշլամա Գարսևանը հարևանության մեջ էր ապրում, խաշլամա շատ էր ուտում, գինի շատ էր խմում, չարացած մարդ էր. եթե մեկը հանդգներ իր տնկած բարդուն հենվել, արար աշխարհը կխառներ իրար, թե՝ «Էս լեն ու բոլ աշխարհում թիկն տալու տեղ չգտա՞ր…»։
Ոչ ոք չկար, ոչ Խաշլամա Գարսևանը, ոչ կողքի հարևան դալլաք Ղուկասը, ոչ կռվարար Նոյեմը, ոչ նալբանդ Բարեղամը։ Հա, Բարեղամը Սիրանուշին զոռով էր առել, տաս կամ տասնհինգ հազար տարի առաջ, Զանգեզուրի Շինուհայրից բերել էր Նորք։ Սիրուշը էդ բուղա Բարեղամին չէր սիրում։
— Ստյոպա Վարդանիչ, — ասում էր նա ծաղկավաճառին, այն ժամանակներում ծաղկավաճառը ջահել էր, Ստյոպա Վարդանիչ էր, — ինձ տար քո տուն։
— Ո՞նց թե՝ ինձ տար քո տուն, աշխա՞րհ է, թե՞ Բաբելոն է։
Ոչ ոք չկար։ Երկինք հասնող շինությունների արանքում երեխաները գնդակ էին խաղում։ Մեկը հենվել էր պատին, կարմիր ներքնաշապիկը քրտինքից թրջվել էր։
— Էդ Գարսևանի, Ղուկասի, Նոյեմի, Նալբանդի տները ո՞ր կողմն են, — հարցրեց ծերունին ու պատասխան չստացավ։
Ինչ անեծք էր…
«Ինձ մեր աշխարհում չեն տեսնում մարդիկ, — մտածեց ծերունին, — է, թող չտեսնեն, հոգս է, հիմա կիջնեմ»։
«Որտե՞ղ», — հարց տվեց ինքն իրեն։
Պատասխանը եկավ.
«Հիմա դու կիջնես քաղաք, Ստյոպա Վարդանիչ, դարագոյ մոյ, Ղանթարը չկա, ադրբեջանցի Ալիխանը, որ մանղալի վրայից խորովածի շիշը վերցնելով ասում էր՝ ղշի դոշ, ուստա Մարգարը, ախ, ուստա Մարգար դուդուկչին, երբ հարսանիքներին փչում էր զուռնեն՝ Շիլաչու մայթեզրյա բարդի ծառերն ուզում էին տեղահան լինել, շուն-շանորդի տիրացուն, որ երբ փողոցի էն յանով էր գնում, էս յանը կարծես հիմա շուռ կգար, Պավլիկը, Ծուռդունչը, որ Անդրանիկ Զորավարի փափախով լուսանկարը կպցրել էր «վիթրինին»… Չկան»։
«Դե որ չկան, չկան…»։
«Էս ինչ անտեր աշխարհ է…»։
Մեկը երգում էր հին ճանապարհի վրա մնացած ճաշարանում։ Ծերունին ներս մտավ ու ասաց.
— Բարի վայելեք, տղերք, հազար անգամ բարի վայելեք։
Ոչ ոք չտեսավ նրան, ոչ ոք չլսեց նրան։ Մեկն ասաց.
— Արա, Ղազարոս, էդ դուռը փակիր, ցուրտ է։
Ղազարոսը ուսերը վեր քաշեց. դուռը փակ էր։