Գետախորշի անդորրը, անողոք արևն ու պատանի Սավելին՝ իր ցանցով… Օդն ասես շիկացել է, ու ամենուր թախիծ է թևածում։ Ո՛չ, դա չէ… մեկ այլ բան է՝ ծանոթ, բայց միևնույն ժամանակ անսովոր մի զգացում՝ նուրբ, ժանյակավոր ու կիսաթափանցիկ. ճիշտ ինչպես ճպուռի թևերը՝ հանգստի պահին տեսանելի, իսկ թռիչքի մեջ՝ անէացող։ Ձանձրո՞ւյթ… Ո՛չ, ձանձրույթ էլ չէ։ Պատանի Սավելին նույնիսկ հստակ չգիտի էլ, թե դա ինչ է, թեև բառը որսացել է մեծերից։ Նրա տարիքում ձանձրույթն ալկոհոլի պես մի բան է՝ առանց անձնագրի չեն վաճառում, սեղանի շուրջ չեն լցնում, անգամ չեն թողնում հոտ քաշել խցանից։ Ուստի պետք է խրամատներ փորել բառարանների տողերի արանքում և հանրագիտարանների հատորներից աշտարակներ կառուցել մինչև սենյակի կամ մոլորակի առաստաղը՝ հասկանալու համար, թե ինչ տարօրինակ փոքրիկ երևույթ է սա, որն այսքան հուզում է շրջապատի ոմանց։ Անգամ եթե իմանար, պատանի Սավելին դրա համար ժամանակ չէր ունենա։ Նա նստած է՝ որսացանցը ձեռքին. մտքերը ներսում են ցատկոտում, իսկ ճպուռները՝ դրսում՝ մերթ կախվելով ջրոսպից, մերթ պոչիկները խրելով դրա մեջ։
«Այդպես նրանք իրենց ձվերն են դնում»,— գիշերը՝ վերմակի տակ, նրա ականջին շշնջացել էր միջատների ատլասը։ Ի պատասխան դրան՝ սովորության համաձայն, Սավելին միայն գլխով էր արել ու լռել. լռել էր ոչ թե միտումնավոր, այլ ինքնաբերաբար՝ իրեն հատուկ սավելիական ձևով։ Այդ դեպքում ի՞նչ զգացում է դա։ Մելամաղձությո՞ւն։ Դրա տեսակներն էլ այնքան շատ են, որքան ճպուռները։ Գուցե կարոտամաղձությո՞ւն… Բայց Սավելին դրա համար դեռ չափազանց փոքր է։ Լազուրագո՞ւյն, թե՞ էքզիստենցիալ. չափազանց բարդ է։ Սեզոնայի՞ն, թե՞ զմրուխտե։ Իսկ գուցե ռոմանտի՞կ։ («Օ՜, ո՛չ, թող այդ ծամերով աղջիկներն իրենց համար թռվռան ու ճչան»)։ Իսկ գուցե փոփոխությունների մելամաղձությո՞ւնն է, կամ նույնիսկ՝ տիեզերակա՞ն։ Ամեն ինչ սխալ է, ամեն ինչ՝ վրիպած։ Սավելին դեռ չի հասել դրանց. դրանք ինչ-որ տեղ հեռվում են՝ առջևում ձգվող ճանապարհին, ոլորանից անդին, այն խաչմերուկից էլ այն կողմ, որտեղ Սավելին ձախ կթեքվի զուտ այն պատճառով, որ ըստ քարտեզի՝ այնտեղ պետք է ուղիղ գնալ։ Ոչինչ. կգա ժամանակը, դրանք էլ կբռնի, սարդոստայնե թևերը կփռի թղթի վրա, կթողնի անգութ արևի տակ չորանան, իսկ հետո, իր անձնական հավաքածուում դրանց տեղ հատկացնելով, նրբորեն կտեղավորի միջատների ատլասի մեջ՝ մյուս ճպուռների կողքին։ Գուցե դպրոցում առանց որևէ բացատրության ճպուռների լուռ ցուցահանդես կազմակերպի («Իրենք կգլխի ընկնեն, առանց այդ էլ ամեն ինչ պարզ է…»), բերանբաց դասընկերներից միջանցք կկազմի, մի տեղ կհավաքի ավագ ու կրտսեր աշակերտներին, կարևորությամբ գլխով անող ուսուցիչներին, հպարտորեն ձգված ծնողներին, կվաստակի կենսաբանությունից մի քանի «գերազանց», մարզային մրցույթի հաղթողի պատվոգիր, մարզպետի ձեռքսեղմում, համընդհանուր հավանություն և… չորացած ճպուռների լուռ վիշտը։ Գուցե ոչ մեկին էլ ցույց չտա և ուռած ատլասը թաքցնի մահճակալի տակի մթության մեջ՝ փոշու, լավայի, հրեշների, անհնազանդության համար ստացած «երկուսներով» տետրերի և հսկա մարդակերպ ճպուռների լրտեսական կյանքի մասին ինքնաշեն գրքերի կողքին։ Իսկ գուցե ազատ արձակի՞ նրանց. բացի տարայի կափարիչը, ձեռքով նշան անի, և փոքրիկ ճպուռները պարսով դուրս թռչեն, շնորհակալություն ասեն ու, թևերով էլ նույնը կրկնելով, անհետանան հեռվում՝ ամառային քամուն ընդառաջ։ Իսկ գուցե և ոչ․․․
— Տուլուբայկա,— ասում է կրտսեր Սավելիի հայրը՝ կարագը կտրելով ու քսելով թարմ հացին։ Պատառը դեռ ափսեի մեջ է, բայց արդեն խրթխրթում է բերանում՝ ապագայից եկող արձագանքներով։
— Տուլուբայկա…— նյարդայնացած ավելացնում է Սավելիի մայրը և հորը մեկնում նարնջի ու կոկռոշի մուրաբայի բանկան։ Բանկան ուղիղ նկուղից է, ամուր փակված, մայրը ինքնուրույն բացել չի կարող։ Հայրիկ-փրկիչը դանակով սպառնում է տարային. կափարիչը չրխկոցով տրտմորեն բացվում է, մուրաբան իր ողջ բույրով ու եռանդով թռչում է դանակի վրա, և մի քանի ճարպիկ շարժումով նրանք համերաշխորեն հաստ շերտով ծածկում են սենդվիչի կարագապատ մակերեսը։
Սավելին լռում է՝ խոժոռ նայելով սենդվիչին, ապա քմահաճ հայացքը տեղափոխում է ծնողների կողմը։
— Տուլուբայկա՞,— հարցնում է հայրը։
— Տու-լու-բայ-կա…— մրմնջում է որդին։
Ծանր հոգոց հանելով՝ հայրը Սավելիի ձեռքից վերցնում է սխալ սենդվիչը, կծում այն ու սկսում պատրաստել ճիշտը՝ նախ մուրաբան, հետո նոր՝ կարագը։
— Տուլուբայկա՞, — նորից հարցնում է հայրը։ Սավելին չի պատասխանում, որովհետև երկմտելու ժամանակ չկա. ճիշտ սենդվիչը սպասել չի սիրում։
Նրանք ապրում են կա՛մ գյուղում, կա՛մ քաղաքում՝ չորս հոգանոց ընտանիքով, հավանաբար՝ մեկ կամ երկու կատվի, շղթայակապ մի մեծ շան և վանդակում ապրող ալիքավոր թութակի ընկերակցությամբ (ավելի լավ է՝ երկարապոչ թութակի, ցանկալի է՝ Ավստրալիայից), որպեսզի կատուն նրան չուտի։ Իսկ ավելի լավ է՝ թութակները երկուսը լինեն, քանի որ եթե թռչունը մնա միայնակ, փոքրիկ արարածի մեջ այդ անհասկանալի զգացումը կուռչի, կճախրի, կծաղկի, կնեխի սև երանգներով ու կվերածվի հոգեմաշ թախծի։ Իսկ այդ թախծից, լինեն մարդիկ, կատուներ, շներ, թե թութակներ, բոլորն էլ համաճարակի պես մաշվում-մեռնում են։ Ուստի թութակի սուր մեղեդին կտարրալուծվի օդում, իսկ Դուսյա կատուն կմնա առանց պոտենցիալ կերի, հետևաբար՝ կտխրի ու կդադարի մռռալ։ («Դե, ո՞վ կցանկանար նման վիճակում հայտնվել»)։ Այնուհետև, ի պատիվ գոյության դեմ մարտերում ընկածների, Սավելիից ոչ այնքան փոքր քույրը՝ Քիթին, անձնագրով՝ Քեթրին («Նախանձելի է… Արդեն անձնագիր ունի»), հյուրասենյակում կբարձրանա փոքրիկ աթոռակին ու ջութակով էլեգիա կնվագի («Շատ տաղանդավոր է…»)։ Հյուրերի լեգեոններ՝ ընկերներ, բարեկամներ, ընկերների ընկերներ, բարեկամների բարեկամներ, բարեկամների ընկերներ ու ընկերների բարեկամներ, բոլորը միասին, մինչև ափերի կոշտանալը, անկեղծորեն, միմյանց արցունքներով ցողելով, կծափահարեն այնպես, ինչպես երբեք չեն ծափահարի չորացած ճպուռների համար՝ ո՛չ ձեռքերով, ո՛չ էլ ուսին թփթփացնելով։
— Տուլուբայկա՛,— կվանկարկեն հյուրերը։
— Տուլուբայկա՛,— կգոռա մարզադաշտը։— Տուլուբայկա՛։ Տուլուբայկա՛։ Տուլուբայկա՛։
Քիթիի այտերը բռինչի պես կշիկնեն, նա կժպտա, կխոնարհվի, կշտկի իր երկու հյուսքերի ժապավեններն ու կսկսի նվագել «Իշամեղվի թռիչքը» («Նորի՜ց…»)։ Այնպես է ստացվել, սակայն, որ Սավելուշկան դրանց՝ իշամեղուներին, չի սիրում. չորացնելու համար դրանք հարմար չեն, դրանցից միջատների ատլասի էջերն ուռչում են, ու հետո միջից ամեն ինչ թափվում է՝ ճիշտ այնպես, ինչպես ուռչում են պատանի Սավելիի թմբկաթաղանթները, և թվում է, թե նրա գլխից էլ է ամեն ինչ այնքան անվերադարձ դուրս թափվում, որ մինչև առավոտ հաստատ չես գտնի։
Զգալով իր վրա շքեղ ջահի պես կախված այդ ապրումը՝ նա կնստի լուռ, կարծես անդեմ ու անարտահայտ, հայացքն ուղղած ոչ թե դուրս, այլ ներս՝ այն խորքերը, որտեղ մեկ այլ՝ դեռևս երիտասարդ Սավելին է քայլում գետափով՝ ձեռքին փոքրիկ որսացանց ու տարա՝ գույնզգույն ճպուռներ որսալու համար։ Իսկ դրանք՝ այդ ակնապիշ ճյուղիկները, կարծես ցատկոտում են օդում՝ խույս տալով պատանի ճպուռագետի գրոհներից, ոստյուններից ու որսացանցի թափահարումներից։
Եվ ահա, տարան լիքն է, ցանցը՝ պատռված, ծնկները՝ արյունոտված, ձեռքերը՝ ամբողջովին քերծված, արևը խղճահարությունից նահանջում է, երկինքը մանուշակագույն է, աստղերը՝ լապտերների պես, մանգաղ՝ առանց մուրճի, և քաղցր քուն՝ մի երկու տասնյակ էջից հետո։ Սավելուշկան երազ է տեսնում. տեսնում է, թե ինչպես գալիք տարիների արանքում ինչ-որ տեղ վազում է ճպուռներից ամենաճպուռի հետևից, որի մարմինը հին ծառի բնի է նման՝ կաղնու, սեքվոյայի կամ նույնիսկ բաոբաբի։ Ապակե թևերն օդում շողշողում են, իսկ դրանց համահունչ բզզոցն ուղղաթիռի ձայն է հիշեցնում։ Anax imperator (Թագավոր-ճպուռը). նրա դեմքը, պարեյդոլիայի հինավուրց կտակարանների համաձայն, հիշեցնում է հնագույն մի աստվածության՝ բնածին կամ կաթվածահար խելագար ժպիտով։ Թաթն է թափահարում («Ավելի շուտ՝ թաթերից ամենաթաթը, իհարկե…»)՝ կարծես հրավիրելով. «Հեծնի՛ր, արի՛ հեծնիր»։ Նա մոտենում է լազուրագույն այդ տրանսպորտին, բայց հենց որ ոտքը բարձրացնում է այն թամբելու (կամ՝ վրայով գցելու), երազը հանկարծ ընդհատվում է։
— Տուլուբա՛յկա,— խստորեն ասում է մայրը՝ բացելով Սավելիի ննջասենյակի դուռը։
Այստեղ նա մի կերպ պոկում է իրար կպած կոպերը, լուռ գլխով է անում ու սահում մահճակալից՝ գիշերազգեստն անմիջապես փոխարինելով դպրոցական համազգեստով, և նույն այդ զգացումով («Հե՛նց ա՛յն…») իմաստալից հոգոց է հանում։
Ատամներ, նախաճաշ, ուսապարկ, քրոջ հետ կես ժամվա քայլարշավ դեպի դպրոց… Դասամիջոցներ, դասամիջոցներ, դասամիջոցնե՜ր, առատ դասամիջոցներ, իսկ դրանց արանքում՝ մի քանի դաս։ Երեխաները խաղում են ու վիճում, մինչդեռ Սավելին սավառնում է ինչ-որ տեղ. նա մենակ է (բայց ոչ միայնակ)՝ մերթ փախչելով այդ զգացումից, մերթ փորձելով բռնել այն, կարծես բռնոցի խաղա, կամ պահմտոցի, կամ էլ մի ֆուտբոլ, որտեղ անհասկանալի է՝ ով է խաղացողը, իսկ ով՝ գնդակը։ Բոլորն ունեն «դա»։ Բայց ամեն մեկինը միայն ու միայն իրենն է՝ խիստ անձնական ու անբացատրելի։ Այն կախված է մեր ականջներից (բայց ստի ու խաբկանքի հայտնի արիշտան չէ) և ընդհանրապես ոչ մի ուրիշ բանի նման չէ։ Այն ունի իր թաքնված, ներքին ուժգնությունը, որն իրենց չափիչ սարքերի զանազան ճարճատյունների ներքո հուսահատ կերպով փորձում են չափել հատուկ գիտնականներն ու պրոֆեսորները (կամ էլ՝ ինքնահավան «պրոֆեսյորնե՞րը»)։ Այդ հանելուկը լուծելիս մարդկության լավագույն ուղեղներն այնքան են տանջվել, որ մինչև արյուն ջարդել են իրենց ճակատներն ու ծոծրակները, ճաղատացել են՝ մազերն իբրև հումք հանձնելով կեղծամագործներին, և անկարողությունից սեփական արմունկները կրծելուց առաջ որոշել են դրանք նախապես ջանասիրաբար լվանալ տնտեսական օճառով։ Ինչ վերաբերում է Սավելիին, ապա նրա ներքին չափիչի սլաքը կարծես դուրս է թռչում սանդղակից, բայց միայն գրեթե․ այն հմտորեն պարում է խելագարության և թույլատրելիի ամենավերջին սահմանագծին։
— Տուլուբա՛յկա,— ինչ-որ մեկը քաշում է Սավելիի ուսից՝ պոկելով նրան մտքերի ընթացքից։
— Տուլուբա՛յկա։
Պատանի Սավելին ձայն չի հանում, միայն թոթվում է ուսերը։ Գուցե «Տուլուբայկա» է, գուցեև՝ ոչ։
— Տուլուբայկա-տուլուբա՛յկա,— հռհռում են շուրջը հավաքվածները։
— Տու-լու-տու-լու-տու-լու-բա՛յ-կա,— վանկարկելով շարունակում են նրանք։
Մի անդեմ տղա Սավելիին իր հետևից քարշ է տալիս՝ թևքից բռնած, ճիշտ այնպես, ինչպես այդ նույն անդեմ տղան կքաշեր աղջիկների ծամերից, կամ տարիներ անց դպրոց քարշ կտար իր անհնազանդ որդուն, կամ արգելված գրքերով լի պարկը՝ վերամշակման, կամ էլ համառ էշին սանձից քաշելով կտաներ Երուսաղեմ։ Բայց Սավելին տեղի չի տալիս. նա կտրուկ ազատում է ձեռքը, շրջվում ու հեռանում պատռտված լինոլեումե ճամփով («Ձեզ մոտ էլ կա սրանից…»,— մտքում արձանագրում է Սավելուշկան)։ Այս զգացումը փետուրից նուրբ է, բայց ադամանդից՝ կարծր, սակայն գլխավորը դրա մեջ պոլիէթիլենային տոպրակում հայտնված կատվի ձագի պես չխճճվելն է, որպեսզի պատահաբար շունչդ չփչես։
Այս զգացումն ամենուր է. այն աշնանային մեղմ քամու մեջ է, կպչում է ծառերի տերևներին ու նրանց հետ ընկնում փտած տերևակույտի մեջ. այսօր փշահաղարջի բույր ունի, վաղը՝ սիլոսի, սողոսկում է գրքերի, տառերի անցքերի, «i» տառի կետերի, էջերի ու էջանիշների, պապիկ-տատիկի ճակատների, չարդուկած սավանների ծալքերի, երաժշտության և Շոստակովիչի ձայնապնակների քերծվածքների մեջ, ձայնարկիչի ասեղի փոշու մեջ, հայրիկի՝ լարվածքից ընկած կիթառի խավարում, մայրիկի՝ լարվածքից ընկած գլխի, նոտագրության բարդ խառնաշփոթում, իշամեղվի թռիչքից բարձրացած պտտահողմի, ձայներիզների ու արտասահմանցի կատարողի քնարական ձայնի մեջ, որն անհոգնաբար դաջում է՝ «Տուլուբա՛յկա, Ակիաբուլո՛ւտ, Տուլուբա՛յկա, մինչև կկտրվի ժապավենը, կամ էլ մի երակ՝ ուղեղում, ֆիլմերի մեջ, հատկապես՝ սև-սպիտակ, հատկապես՝ 4:3 հարաբերակցությամբ, հատկապես՝ ուրախ սյուժեով, բայց տխուր երաժշտությամբ, մուլտֆիլմերում (դրանց մի փոքր մասի, հիմնականում՝ խորհրդայինների մեջ), հին լուսանկարներում, հազվադեպ՝ նորերի («Դրանցում ժամանակի շերտը չափազանց բարակ է…»), ֆլոմաստերով արված չորացող նկարներում, վերնաշապիկի թանաքաբծերի մեջ («Գրիչն ինքն իրեն հոսեց… Իմ մեղքը չէ…»), կտավներում, Ռեպինի «Ճպուռի» վերատպության մեջ («Որի վրա, չգիտես ինչու, նկարված է ոչ թե ճպուռ, այլ աղջիկ…»), թարմ թղթի, այրվող պլաստմասսայի, տաքացած փոշու և ֆոսֆորի հոտի մեջ, սնկապուրի, մայրիկի օծանելիքի բույրի ու մեծ քրոջ օծանելիքի գարշահոտության մեջ, հեռուստացույցի պայթյունների ու կրակոցների, Պիկաչուի պոչի սև շերտի մեջ, խմբերով ընկնող երկնաքարերի, աստղակերպերի, ինքնաթիռների, տերևների և ձյան մեջ, սեղանով մեկ տարածվող ջրաներկի, կոտրված վրձնի թարթիչների ու ձմռանը ձյունով ծածկված թարթիչների մեջ, մերկասառույցի, ցրտաշունչ սառնամանիքի, հալչող ձյան ու հալչող պաղպաղակի մեջ («Ավելի լավ է պիստակի…»), որը թափվել է ուսապարկում, իսկ ուսապարկը դպրոցի բակի հետևի քարափից թռել-ընկել է բաց դաշտ՝ հնագույն կայսրությունների ավերակների ու արևային վահանակների դաշտերի մեջ, սեպտեմբերի առաջին օրվա ու անձնագրում խփված վերջին կնիքի մեջ, բառերի ու դրանց բացակայության մեջ, անբացատրելին բացատրելու փորձերում, խավարի մեջ, մթնշաղին ու լույսի ներքո՝ լինի արևի, թե լուսնի, ցերեկվա մտքերում, գիշերվա երազներում, և՛ հիվանդության, և՛ առողջության, հարստության ու աղքատության մեջ, մինչև մահը մեզ չբաժանի։
Եվ ահա փոքրիկ Սավելուշկան՝ մի մատ երեխա, որ դեռ երեք տարին էլ չի բոլորել, բայց արդեն կապտել է, սրտիկը դանդաղել է, աչքերը կլորացել են, լացելու էլ ուժ չունի։ Ու նրան շտապով բերում են գյուղի վհուկի, հեքիմի, մի սուրբ խենթի մոտ։ Տղան պառկած է նրա պստլիկ խոհանոցի սեղանին՝ սագի փետուրներով լցված բարձի վրա։ Անկյունում սրբապատկերի փոխարեն կախված է «Սև քառակուսին», ընդ որում՝ ոչ թե սրբերի հայացքից պաշտպանվելու, ոչ թե ինչ-որ գերզգայական չակրա բացելու կամ ռուսական ավանգարդի հանդեպ տածած սիրուց դրդված, այլ պարզապես որովհետև նա կույր է. ինչին էլ նայի, ըստ էության, ամեն ինչ ընդամենը մի սև քառակուսի է։ Ահա տատիկի կնճռոտ ձեռքերը գդալով բուսական թուրմ են լցնում նրա բերանը, խայթող հեղուկով շփում նրա գունատիկ ձեռքերն ու ոտքերը, մինչ կնճռոտ շուրթերն ու լեզուն ինչ-որ բան են փնթփնթում իրենց իսկ՝ հին գյուղական բարբառով։ Եվ ահա բաբուլյայի չորացած ափերը գդալով բուսական թուրմ են լցնում նրա բերանը, ծակող հեղուկով տրորում նրա գունատ փոքրիկ ձեռքերն ու ոտքերը։
— Տու-լու-բայ-կա… Տու-լու-բայ-կա…— միայն սա է լսվում. մրմնջում է նա՝ մանտրաներ տեղալով։— Տու-լու-բայ-կա… Տու-լու-բայ-կա…
Եվ այսպես շարունակ կրկնվում է, մինչ պստլիկ Սավելուշկան պառկած է բարձի վրա՝ դողդողալով, վախենալով անգամ աչքերը թարթել. բիբերը ծիածանաթաղանթների մեջ թաքցրած՝ նա մանկական հայացքով զննում է մեծահասակների անհանգիստ դեմքերն ու նրանց գլխավերևում կախված «Սև քառակուսին»։ Շուրջբոլորը սպիրտի, լորենու, մասրենու ու խոնավ հնության հոտն է՝ մի բուռ անցյալի և մի սար ապագայի։ Դու միայն դիմացի՛ր, Սավելի՛, ոչի՛նչ, դեռ կհալվես-կտաքանաս, լացով կպոռթկաս ու անխռով կնիրհես («Տու… տուլուբա՞յկա»)»։
Չէ՞ որ քո ամբողջ կյանքն առջևում է։ Դու կհեծնես կայսերական ճպուռին, ամուր կկառչես նրա լազուրե մարմնից։ Քո այդ փոխադրամիջոցն ուղղաթիռի պես կբզբզա, թևերը կթարթափեն, և ահա, ողջ աշխարհը կփռվի ոտքերիդ տակ. մեգապոլիսների մրջնանոցները, գյուղակները, հազիվ նշմարվող վտակները, ջրամբարների հայելային ցոլքերը, վարսակի անծայրածիր տարածությունները, այրվող սեպտեմբերն ու կեչու պուրակների ոսկին. այս բոլորը շնչակտուր կվազեն դեպի հեռուները՝ փորձելով հասնել քեզ։
Քամին կխճճի մազերդ, խուտուտ կտա այտերդ, կծակծի կկոցած աչքերդ։ Ամպերը քեզ անձրևով կթրջեն, կարկուտով կծեծեն։ Արևը կշլացնի քեզ, կրակով կայրի, բայց քո՝ խիզախ հեծյալիդ համար, բնավ հոգ չի լինի։ Տուն կվերադառնաս, զինվորական ողջույնով հրաժեշտ կտաս ճպուռին։ Նա կսլանա դեպի լիճը՝ իր ձագերի մոտ, իսկ դու՝ տուն՝ թվաբանության հետ գլուխ դնելու, և աշխարհը կմնա ինչ-որ տեղ՝ հետին պլանում։ Այդ զգացումը նորից կպարզվի, կլուսանա, հարմարավետ ու լուսավոր մի տեղ կգտնի գլխումդ։ Չկա որևէ բառ, որը կկարողանար արտահայտել դրա անորսալիությունը՝ բացի, թերևս, մեկից…
«Օ՜, իսկ գիտե՞ս. ճպուռի աչքերը պարզապես կախարդական են։ Դրանք կազմված են շա՜տ ու շա՜տ պստլիկ աչիկներից, որոնք իրար են կպած՝ մի մեծ փազլի պես։ Ամեն մի փոքրիկ աչիկ ճպուռին մի առանձին պատկեր է ցույց տալիս, այնպես որ թվում է, թե նա իր աչքերում հազարավոր ճստլիկ պատուհաններ ունի։ Ահա թե ինչու են ճպուռներն ամեն ինչ այդքան պարզ տեսնում, անգամ շուրջբոլորը թռչկոտող ամենաաննշան, մանրիկ միջատներին։ Կարծես թե նրանք ողջ լայնարձակ միջատաշխարհում ոամենասուր աչքերն ունեն։
Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի