Պատմվածք Սարոյան մրցանակ

Սոված առյուծները ամեն ինչ կուտեն

2025 թ․ եղել է Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի Սարոյանի անվան պատմվածքի միջազգային մրցույթի անվանակարգորդ՝ ներառվելով կարճ ցանկում։

Թարգմանիչ՝ Հասմիկ Հակոբյան

• 12 րոպե

Սոված առյուծները ամեն ինչ կուտեն

Ձիայի տոհմածառն ավելի շատ նման էր էտված ու փխրուն տնկիի, որը սկսվում կամ ավարտվում էր նրա պապով։ Այդ կարճ շառավիղը գլխավորում էր Գասպարը՝ առանց հոր ու մոր. կարծես ոչ թե ծնողներն էին նրան ծնունդ տվել, այլ հրեշտակներն էին արդեն լիովին կերտված երկիր իջեցրել։ Նա ո՛չ քույր ուներ, ո՛չ եղբայր, և այդ միայնակ որբից սկիզբ առած երեք սերունդներն էին, որ կոտորածի միջով անցնելով՝ հասել էին մինչև մեր օրերը։

Գասպար Ազարյանը երբեք չէր խոսում վերապրելու մասին, և բոլորը գիտեին, որ այդ մասին հարցնել չի կարելի։

Բոլորը՝ բացի Ձիայից։

Նա նստած էր պապի կողքին՝ պատշգամբում. Գասպարի ճաղատ գլուխը ծածկված էր «Դոջերս» մարզական գլխարկով, իսկ օդում ծխում էր կրակի ու մսի հոտը։

Որքան Ձիան հիշում էր, խորովածի գործ անելը միշտ էլ տատի մենաշնորհն էր՝ հավի միսը շշերին անցկացնելուց, լուլե-քեբաբը հունցելուց մինչև ածուխները կույտ անելն ու կրակը վառելը։ Ձիան հետևում էր, թե ինչպես է այդ փոքրամարմին կինը լավաշի կտորներով շշերից ցած քաշում խորոված միսը՝ շիկացած ու փշշացող ձայների ներքո։

Հայերի համար դա դերերի տարօրինակ շրջում էր։

— Պա՞պ,— հարցրեց Ձիան։

— Հա, ջա՛ն,— պատասխանեց Գասպարը՝ խոր ընկած, ծերունական աչքերը ծոռների աշխույժ պարին ուղղած։

— Դու ինչո՞ւ խորոված չես անում։

— Ես մսակեր չեմ։

— Հա, դե ես էլ վարսավիր չեմ, բայց մեկ-մեկ Ավիկի մազերը կտրում եմ։

— Հա՜, երևում է,— ասաց Գասպարն ու աչքով արեց։

— Է՜, դե, հոգուս հետ մի խաղա։

Գասպարը լեզվով ճտացրեց և ծնոտը վեր ցցեց դեպի խաղողի տերևների ցանցահյուս ծածկը։

— Ի՞նչ, պապ, չե՞մ կարող հարցնել։

— Հիմա քանի՞ տարեկան ես, երեսունչո՞րս։

— Երեսունհինգ։

— Երեսունհինգ տարեկանում նո՞ր ես հարցնում։

— Հետո ի՞նչ։

— Քո ուզածն ի՞նչ է՝ չաղ պապ ունենալ, թե՞ նորմալ, ձիգ-ձիգ կազմվածքով պապ։ Բա որ ես չաղ լինեի, ո՞վ էր բակում կողքովդ հեծանիվ քշելու, հը՞։ Հաստատ չէի կարողանա, եթե չաղլիկ լինեի։

— Պապ, ուղղակի հետաքրքիր է…

— Տատդ խորովածի վարպետ է, դրա համար եմ նրա հետ ամուսնացել։ Իսկական գտածո, դրա համար էլ շրջապատիս բոլոր տղաները ժամանակին նախանձում էին ինձ։

Հիմա էլ Ձիան լեզուն ճտացրեց Գասպարի համառությունից։ Բայց նրա նյարդայնությունը իսկույն ցնդեց, երբ նրա միակ ու անկրկնելի Ավիկը դուրս եկավ մանղալի ծխի միջից՝ Ջեյմս Էրլ Ջոնսին նմանակելով։

— Այս ի՞նչ է անում,— ծիծաղեց Գասպարը։

— Ա՜, դա այն նոր ֆիլմն է՝ «Առյուծ արքան», որ այսօր տարել էինք նայելու։ Ամբողջն արդեն անգիր է արել։

— Խելքի տոպրակ է այս երեխան։

— Հինգ տարեկան է, բայց արդեն վախենում եմ՝ կարող է իսկական հանճար է մեծանում։

Թեև Ավիկը Ազարյանների ժառանգներից ամենամեծը չէր, բայց աջուձախ հրամայում էր զարմիկներին՝ բաժանելով բորենու, վարազի ու սուրիկատի դերերը։ Տատիկը թղթե անձեռոցիկի մի կտոր պոկեց ու մեջքի կողմից խոթեց Ավիկի շապիկի տակ։ Ժամանակին նույն բանն անում էր Ձիայի համար՝ հենց նկատեր, որ մի թեթև քրտնել է։

— Հանգի՛ստ կաց, ա՛յ սնդիկ, մի քիչ հանգիստ մնա, Տե՜ր Աստված…

— Ծիածա՞ն։

— Հա, պապ։

Գասպարը մի կում արեց իր «Կորոնայից» ու բղկաց։

— Հաստա՞տ մի հատ էլ չես ուզում։

— Մի հատ էլ գարեջո՞ւր։

— Չէէ՜…

Ձիան, սովորության համաձայն, աչքերը ոլորեց ու ցույց տվեց տղային։

— Պա՛պ, դե լավ էլի, Ավիկը հրաշք երեխա է, բայց շատ չար է։

— Ավիկին եղբայրներ ու քույրեր են պետք, նա…

— Ավիկը զարմիկներ ունի։

— Դա նույն բանը չէ, Ձիա ջան, զարմիկները չեն…

— Դու ի՞նչ գիտես։

— Ի՞նչ ասացիր։

Ձիան միշտ սրալեզու էր եղել, ու այդ հատկությունն էլ փոխանցվել էր Ավիկին։

— Ի… ի՞նչ, ախր դու մենակ երեխա ես եղել։

Այս խոսքերից հետո Գասպարը ուժերը հավաքեց և իրեն չենթարկվող մարմինը դժվարությամբ շրջեց դեպի Ձիան։ Պապի կնճռոտ դիմագծերում Ձիան հստակ նշմարեց խուլ, գորշ մի ցասում։

— Որովհետև,— նրա խոսքը կտրեց Գասպարը (Ձիան արդյո՞ք երբևէ նրան այսքան կատաղած էր տեսել),— ես այդ մղձավանջից մազապուրծ եղա ու չորս երեխա ունեցա. ես իմ պարտքը կատարեցի, նրանք էլ իրենց հերթին իրենցն արեցին՝ լիքը երեխա ունենալով, այդ թվում՝ քեզ, ու…

— Ու այնպես չէ, որ ես լավ լեզու եմ գտնում Լևոնի, Րաֆֆիի կամ Ռիտայի հետ, չէ՞:

Նա լռեց։

— Դա ի՞նչ կապ ունի ընդհանրապես։

— Պա՛պ, մենք էլ երեխա չենք ունենալու, վե՛րջ։

Գասպարը խոսեց հատուկ զսպվածությամբ, ինչը Ձիային ավելի սարսափելի թվաց, քան եթե պարզապես պոռթկար։ Նրա թաց արհեստական ատամները կարծես ծամում, մանրում էին ամեն մի բառը։

— Ուրեմն՝ դուք որպես հայ ձախողվել եք։

— Վաո՜ւ։

— Հա՛, վաո՜ւ։

Ձիան հայացքը հառեց հյուսիս՝ դեպի Վերդուգո լեռները, որոնք փայլում էին մայրամուտի շողերի տակ՝ ամառային ամպրոպաբեր ամպերի ծանր քողի ֆոնին ու արդեն այդ լռության մեջ լսեց Ավիկի մռնչոցն ու հազը։

— Երբևէ իրեն հարցրե՞լ եք, թե ո՞ւմ է ավելի շատ սիրում։

— Հը՞։

— Քե՞զ, թե՞ Մոնթեին։

— Չէ, մենք երբեք նման բան չենք հարցնում։

Գասպարը փորձեց ժպտալ, բայց դեմքը ծամածռվեց։

— Գրազ եմ գալիս, եթե մեկը հարցներ՝ ում կընտրի, քեզ էր ընտրելու։

— Օ՜, անխոս,— հաստատեց Ձիան՝ որպես ամենաակնհայտ բանը, իսկ Գասպարը գլխարկի հովհարը բթով մի քիչ վեր հրեց՝ ասես ավելի լավ ծանրութեթև անելու համար։

— Անխոս, հենց այդպես է։ Երբ քեզ ցավ են պատճառում, չես գոռում՝ «հայրի՜կ»։ Մայրերը սուրբ են։

Գասպարի հանկարծակի արցունքները սպառնում էին օրհնել այս անսովոր պահը, բայց մնացին այնտեղ՝ ցոլալով նրա նոսր թարթիչներին ու այդպես էլ վար չգլորվեցին։

— Մայրերը կյանք են տալիս։

Սարսուռի մի ալիք անցավ Ձիայի մաշկով, և նա արդեն ուզում էր հարցնել՝ ինչ է պատահել, երբ․․․

— Ուտելիքը պատրաստ է՜։ Նստեք, բոլորդ, դե՛, շարժվե՛ք,— գոռաց տատիկը, ու մինչ Ձիան կհասցներ ևս մի բառ ասել, Ազարյանները լցվեցին գերբեռնված սեղանի շուրջը։ Տատիկն արագ օրհնեց սեղանը, փառք տվեց Աստծուն ու ասաց՝ համեցե՛ք։

Ձիան  խոտերի վրա  վազվզող Ավիկի համար քյաբաբի կտորներ էր փաթաթում լավաշի մեջ, երբ Գասպարը թեթևակի հազաց՝ կոկորդը մաքրելով։

Լռություն տիրեց։

Նա բարձրացրեց կոնյակով լի փոքրիկ բաժակը.

— Ի՞նչ ասեմ… Ես ուղղակի… այնպես լավ է, որ բոլորս հավաքվել ենք։ Այն տարիներին կորցրածս հիմա տեսնում եմ ամեն մեկիդ դեմքին, ձեր երեխաների ուրախության մեջ։ Իմ երեխե՛քը, թոռնե՛րս, ծոռնե՛րս…

Սեղանի շուրջ լսվեցին հուզված քթքաշոցներ ու հոգոցներ։

— Ո՞վ գիտի՝ այս հավաքույթներից էլ քանիսն է ինձ մնացել: Գուցե երկո՞ւսը, գուցե երե՞քը: Շատ չէ: Շատ քիչ է: Դրա համար էլ շնորհակալ եմ, շնորհակալ եմ բոլորիդ, որ կողքիս եք։ Որ ինձ այսպիսի մեծ ընտանիք տվեցիք… Էլ ի՞նչ ասեմ։

Գասպարը մինչև վերջ դատարկեց բաժակը, իսկ մյուսները՝ իրենցը։

— Ավի՛կ,— կանչեց Ձիան։— Արի հացդ կեր, բալե՛ս։

— Դեռ շատ տաք է, կփչե՞ս վրան։

— Փչել եմ, մուկս, արդեն սառել է, դե հլը արի։

Ավիկը վազելով մոտեցավ, բայց հենց Ձիան փորձեց պատառը մոտեցնել նրան, տղան հետ քաշվեց.

— Չէ՜, չէ՜, ես դա չեմ ուզում, քաքա է։

Ձիան նրան նայեց իր ամենամայրական խոժոռ հայացքով․

— Ուտելիքի մասին այդպես չեն ասում, բալե՛ս, հատկապես այն ուտելիքի, որ․․․

— Դա քաքա է։ Ես ուզում եմ Թիմոնի ու Պումբայի պես բզեզ ուտեմ։ Քաքա չեմ ուզում։

Մյուս երեխաները քրքջացին այդ «արգելված» բառի վրա, ինչն ավելի ոգևորեց Ավիկին իր կամակորությունների մեջ։

— Ավի՛կ, հերի՛ք է, բոլորս էլ սա ենք ուտում, այնպես որ․․․

— Պապիկը չի ուտում։

Ձիան հայացք գցեց պապին․ նրա դեմքը քարացել էր։ Նրան այդ վիճակում տեսնելիս մի սառը զգացում անցավ Ձիայի միջով․ պապը, կարծես իրականությունից կտրված, կախված էր տարածության մեջ՝ անցյալի ուրվականներից հետապնդվելով։

Նա նորից շրջվեց դեպի որդին ու մատը պարզեց նրա կողմը.

— Պապիկը չի ուտում, որովհետև պապիկը բուսակեր է ու մեծ մարդ է, կարող է իր որոշումներն ինքն ընդունել։ Դու դեռ մեծ մարդ չես, այնպես որ…

— Ձիա ջան, հանգիստ թող երեխային,— խորհուրդ տվեց Գասպարը։— Բան չկա։

— Հա՜, Ձիա ջան, բան չկա, դա քաքա է։

— Օ՜ֆ, Ավի՛կ, այսօր այդ կապիկությունները չեն անցնելու։ Բա՛ց արա։

— Չէ, մամա, չէ՜է՜։

— Կե՛ր։

Ձիան բռնեց Ավիկի վզակոթից և բրդուճն ուժով ներս հրեց նրա կիպ սեղմված շուրթերի արանքով, երբ հանկարծ լիմոնադի շշերը ճոճվեցին ու շրխկոցով տապալվեցին. Գասպարի ձեռքը ծանր հարվածել էր սեղանին։

— Ասացի՝ երեխային հանգի՛ստ թող, Ձիաձա՛ն, — նրա ձայնն ավելի բարձր ու կոպիտ հնչեց, քան Ձիան երբևէ լսել էր, իսկ սեղմված ծնոտն ահազդու տեսք ուներ։

Ձիայի ձեռքերը թուլացան, և Ավիկը դուրս պրծավ ու փախավ, մինչ Գասպարը ծանրությամբ վեր էր կենում աթոռից։

— Այդ աստիճան կո՞ւյր ես, աղջի՛կ։

Ձիան վերհիշեց ուրբաթ երեկոյան մի գիշերակաց, երբ տատիենց տանն էր մնացել, ու հենց այս նույն պատշգամբում պապի ուզած տաք պանրով սենդվիչի փոխարեն նրան «Կոնրադսից» համբուրգեր էր բերել։ Պապը երկար լեզվակռվի էր տվել տատի հետ՝ շփոթմունքի մեջ նրան մեղադրելով. «Ես երդվել եմ, որ էլ երբե՛ք միս չեմ դնելու բերանս»։ Որքա՜ն ահավոր էր իրեն զգում Ձիան այդ պահին։ Նա երբեք ոչ մեկին չէր խոստովանել այդ խաբեությունը, երբեք ներողություն չէր խնդրել ո՛չ պապիկից, ո՛չ տատիկից։ Ձիան այն ժամանակ ուղղակի ուզում էր իմանալ, ինչպես և ուզում էր իմանալ հիմա՝ ինչո՞ւ նա միս չէր ուտում։

Ավիկը նորից խոտերի մեջ իր գործին էր, իսկ Գասպարի հողաթափերի քսքստոցով հեռացող ոտնաձայներին զուգահեռ՝ խնջույքը վերսկսվեց. բոլորը լուռ ուտում էին, լսվում էր միայն կուլ տալու ձայնը։ Խոսակցությունների դադարների արանքում քույրերն ու եղբայրները, հորաքույրներն ու հորեղբայրները, ամուսինները՝ բոլորն էլ մեղադրական հայացքներ էին ուղղում Ձիային, կարծես թե իրենք երբեք նույն «մեղքը» չէին գործել սեփական երեխաների հանդեպ, միգուցե հենց այդ նույն առավոտյան՝ նախաճաշին: Ձիան մատներով խաղում էր սմբուկով աղցանի հետ ու մտածում՝ մի անգամ էլ կանչի՞ Ավիկին, բայց նրա ձայնը քարացավ՝ տեսնելով որդուն իր մեծ պապին լսելիս։

Ե՞րբ էին նրանք վերջին անգամ այդպես փաթաթվել իրար Գասպարի բազկաթոռում։ Հազվադեպ էր պատահում, որ Ավիկը հանգիստ նստեր իր տեղում, իսկ ժամանակների անդունդի վրայով գցված այս կամուրջն առհասարակ եզակի էր։ Տղան իրոք նստել էր ծերունու գրկում ու ոգևորությամբ շարժում էր մեծ գլուխը, մինչ Գասպարն ինչ-որ բան էր մրմնջում նրան։

Ա՜հ, թքա՛ծ։ Ավիկը հետո կուտի։

Խնջույքն ավարտվեց առանց նոր սկանդալի, իսկ թղթե ափսեների շնորհիվ հավաքելն ու մաքրելն արագ ստացվեց։ Մինչ կանայք մնացորդներն էին մի կողմ հավաքում, ու տղամարդիկ քաղաքականությունից էին բլբլում, ինչ-որ մեկը ճչաց։

Ձիան շրջվեց և տեսավ ավտոտնակի մոտ կանգնած Ավիկին՝ ատամները մորաքրոջ տղայի նախաբազկի մեջ խրած։ Նա երկու ոստյունով առաջ նետվեց ու պոկեց նրան։

— Այս ի՞նչ ես անում։

Ավիկը ծիծաղեց, ու Ձիան հազիվ զսպեց սրտխառնոցը՝ տեսնելով նրա արյունոտ ժանիքները, բայց երբ ապտակեց տղային, մաղձն այնուամենայնիվ բարձրացավ կոկորդը։

— Քեզ հարց եմ տալիս, Ավի՛կ։

Տղան տրորեց այտը։

— Պապիկի հեքիաթն էի խաղում, մա՛մ, էլ չխփե՜ս։

— Պապիկի հե․․․ կներես, ձա՛գս։ Այդ ի՞նչ «պապիկի հեքիաթ» է։

Ձիան աչքի ծայրով նայեց Գասպարին, որը փլվել էր աթոռին՝ երակոտ ձեռքերով ծածկելով կախ ընկած հոնքերը՝ ինչպես արբած մի արքայազն։

— Պապիկը դրսում քեզ նոր հեքիա՞թ էր պատմում։

— Առյուծների մասին հեքիաթ էր, մա՛մ։ Ուզո՞ւմ ես պատմեմ։

Ամռան վերջն էր, բայց սառը քամին ձմռան շունչ էր բերում։ Ձիան դա զգաց ողնաշարով ու հասկացավ, որ քրտնում է։ Ո՞ւր է տատիկն իր թղթե անձեռոցիկով։ Տեր Աստված, նա շուտով կմեռնի։ Ձիան դողում էր՝ ցրտի՞ց, թե՞ վախից, ինքն էլ չգիտեր։

Որդին սկսեց.

— Լինում է, չի լինում՝ չորս ձագուկ ու մի մամա առյուծ են լինում։ Նրանց ու մյուս բոլոր առյուծներին իրենց թագավորությունից դուրս են քշում, երբ չար շնագայլերը գալիս ու տիրում են ամեն ինչին։ Այդ ձագուկներն իրենց մամայի հետևից գնում են ամբողջ երկրով մեկ, ու մաման լիքը անգամ փրկում է նրանց։ Բայց մի օր շատ շոգ է լինում, ու իրենք էլ հոգնած ու ուտելու բան չեն ունենում, դրա համար ձագերից մեկը մեռնում է։ Մաման ասում է ամենամեծ տղային, որ իրենք պիտի ուտեն մեռած քոթոթին, որ ուժ հավաքեն։

Ձիան հարմոնի պես ծալվեց ծնկների վրա՝ ջլերի ճտճտոց արձակելով։

— Ու այդպես ամենամեծ քոթոթը սկսում է ուտել իր քրոջը, մյուսներն էլ միանում են նրան։ Որ ուժ ունենան, մա՛մ, որ կարողանան առաջ գնալ։ Ու այս նույն բանը երկու անգամ էլ պատահում է մյուս քոթոթների հետ։ Ամենամեծ քոթոթը նրանց էլ է ուտում, թեև ընդհանրապես չէր ուզում, ու սիրտն էլ շատ էր ցավում։ Հետո մնում են ինքն ու մաման։

Ամպերը վերևում ճեղքվեցին, և արևի պտտվող շողերից համբուրված անձրևի կաթիլները ոսկեզօծեցին նրանց։

Որդին շարունակեց․

— Մի օր մաման էլ չէր կարողանում առաջ գնալ, չնայած իրենք արդեն շատ մոտ էին իրենց նոր տանը։ Մաման իր մեծ քոթոթին ասում է, որ նա պետք է իրեն էլ ուտի, որ ինքը դառնա նրա ուժը ու երբեք հեռու չլինի։ Քոթոթը լաց է լինում, ասում է՝ «չէ», աղաչում է, բայց արդեն ուշ է լինում։ Դրա համար քոթոթը նրան էլ է ուտում ու օվկիանոսի մյուս ափին նոր տուն է գտնում, որտեղ լիքը-լիքը կորյուններ է ունենում, նրանց անվանում է իր եղբայրների ու քրոջ պատվին, ու նրանք էլ են կորյուններ ունենում ու մեծ ընտանիք դառնում։

Դրա համար էլ ես Դանոյին կծեցի, մա՛մ, ես ընդամենը պապիկի հեքիաթն էի խաղում։

Ձիայի ներսում ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ նա ի վերջո հասկացավ պապի պատմության բուն իմաստը։ Բայց նա թույլ չէր տա, որ Ավիկը դա նկատի ո՛չ իր դեմքին, ո՛չ աչքերում, ո՛չ մի տեղ։ Նա  մայր էր։

— Էլ… էլ նման խաղեր չխաղաս, եղա՞վ։

— Բայց, մաաա…

— Սո՛ւս։ Գնա բերանդ ողողիր ու Դանոյից ներողություն խնդրիր։

— Լա՛վ։

Ձիան ծնկած տեղից հայացքով ուղեկցեց դեպի ցանցավոր դուռը սուրացող Ավիկին,  Գասպարն էլ բազկաթոռից էր անթարթ հետևում տղային։ Հետո ծերունին նորից նայեց Ձիային, և աղջիկը հասկացավ, որ պապը հանկարծ նմանվել է պատահաբար գտնված, բացված ջրհորի՝ խորը, մութ ու ցամաքած։ Նրանց միջև ընդամենը քսան ոտնաչափ տարածություն էր՝ պապը ներսում էր, ինքը՝ դրսում, բայց նրանց բաժանում էր սարսափների մի ամբողջ վիհ։ Գասպարը գլխով արեց Ձիային՝ կզակը վեր ձգելու այն փոքրիկ շարժումով, այն նրբագեղ ժեստով, որը Ձիան սովորել էր ընդօրինակել։ Նրա շարժման մեջ կար ինչ-որ անփութություն, հոգևոր թոթովանք, որը միաժամանակ և՛ կոտրեց, և՛ նորոգեց Ձիայի հոգին։

«Ի՞նչ կարող եմ ասել…»

Նա երկու ափերով պինդ փակեց բերանը՝ մատներն այնքան ուժգին սեղմելով, որ հոդերը ճերմակեցին. վախենում էր այն ճիչերից, որոնք մագլցում էին դուրս պրծնելու այրվող կոկորդից. վախենում էր երախտապարտ, պարտական, պարտավորված ոռնոցներից։

Գասպարը  դանդաղ փակեց աչքերը ու թույլ տվեց, որ իր մերկ գլուխը հանգչի «Աշխարհի լավագույն պապիկ» բարձին, որը Ձիան ու իր քույր-եղբայրները նվիրել էին նրան ինչ-որ հեռավոր Հայրերի օրվա առթիվ։

Այս դիրքում Գասպարի դեմքն ուղղվեց վեր` դեպի այն պատը, որտեղից կախված էր իր իսկ ձեռքով գծված տոհմածառը. նա միշտ հանում էր այն մուգ կարմրավուն շրջանակից, որպեսզի ամեն մի նոր ծննդի հետ նոր ճյուղ ավելացնի։ Ձիան վերջապես հասկացավ, թե ինչու Գասպարի անվան կողքին ուրիշ անուններ չկային, և այդ բացահայտումը ստիպեց, որ անհեթեթ տանջանքի մի նոր ալիք բարձրանա իր ներսում։ Ավիկի անունն էլ էր անջատված մյուսներից, բոլորովին մենակ, և Ձիան մտածեց՝ արդյոք Գասպարը դեռ այստե՞ղ կլինի, ասենք, մի տարի հետո, որպեսզի երկրորդ ճյուղն էլ նկարի։

Վերևում փայլում էր Ձիայի անվանակիցը՝ յոթ գույներով ներկելով ածխամոխրագույն երկինքը՝ որպես անբեկանելի խոստում, որ ինքը, իր ընտանիքը, իր ժողովուրդը հավերժ կապրեն՝ հին ոսկորներ կրծելով։

Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի

Թողնել մեկնաբանություն