«Գրել աշխարհը» թե՞ «գրել աշխարհ» երկընտրանքում ես ընտրեցի երկրորդը՝ գրելով աշխարհը
Այս տարվա փետրվարի 1-ին Անդրիյը, Լյուբկան, դիմագրքում ուկրաիներեն գրառում էր արել.
Այսօր հավատարմության երդում եմ տվել ուկրաինական ժողովրդին: Ծառայությանս երկրորդ շաբաթն է։ Դանդաղ ընտելանում եմ զորամասի կյանքին և իսկապես հիանալի կոլեկտիվին։ Պայմաններն ու վերաբերմունքը լավն են։ Անկեղծ ասած՝ շատ ավելի լավ, քան սպասում էի։ Սնունդն ու նյութատեխնիկական ապահովումը՝ գերազանց։ Իսկ Ուկրաինայի զինված ուժերի տված կոշիկները, գուլպաներն ու ձմեռային քնապարկը՝ պարզապես հիանալի են, շատ գոհ եմ դրանցից։ Միակ դժվարությունը, թերևս, եղանակային պայմաններն են, որովհետև անտառի մեջ, վրանում, -20°C ջերմաստիճանի պայմաններում ապրելը յուրահատուկ փորձառություն է։ Բայց վառարան ունենք և փայտ ենք կտրում, այնպես որ մեծ խնդիրներ չկան։
Ամենածանրը՝ սիրելի կնոջս ու երեխաներիս կարոտն է Երբեմն արթնանում եմ վերկացի ժամից առաջ և սովորության ուժով ուզում եմ գրկել նրանց, բայց ծառայակիցներս կարող են սխալ հասկանալ))))։
Ընդհանուր առմամբ՝ զգում եմ, որ իմ տեղում եմ։
Եվ հիմա հպարտությամբ կարող եմ ասել․ ծառայում եմ ուկրաինական ժողովրդին։
Ավելի քան 10,000 հոգի վիրտուալ գրկել, սրտիկել, զարմացել ու հավանել էր: Արցունք թափողներն ընդամենը 5-ն էին: Եվս 1400-ը գրառում էր թողել: Ես չգիտեի՝ ինչ անել: Հիմա էլ չգիտեմ: Վիրտուալ տարածքում քաջալերելը, աջակցություն հայտնելը, գրկելն ու անհանգստությունդ կիսելը երբեմն շփոթեցնող են: Էնպես, ինչպես ծննդյան հազարավոր շնորհավորանքները մարդկանցից, որոնց երբևէ չես հանդիպել, իսկ իրենք քեզ հիշել են, որովհետև մեդիան առավոտյան հրահանգել է՝ ում պետք է շնորհավորեն: Կամ օրվա վազքում մեկ գրառմամբ արվող ցավակցությունը՝ մտերիմի մահվան կապակցությամբ: Անդրիյի քայլը շատ մարմնական էր և այն մարմնական, միս ու արյուն արձագանքի կարիք ուներ:
Այդ օրն անընդհատ կախված էր օդում: Գիտեինք, որ գալու էր: Ամեն բան այդտեղ էր տանում: Ու երբ դիմագրքում Անդրիյը կատարեց գրառումը, ոչ մի զարմացական էմոջի չկար: Ես ու Արմեն Հայաստանցին Անդրիյին առաջին անգամ հանդիպել էինք Վրաստանում: Դիլեմայի առաջին հավաքն էր ու քննարկում էինք, թե ով ու ինչի մասին ենք: Որն է մեր ընդհանուր մասինը: Անդրիյն ու Դիմիտրին Ուժհորոդից էին, որտեղ համատեղ հիմնադրել էին Կենտրոնական Եվրոպայի ռազմավարության ինստիտուտը՝ կազմակերպություն, որն Ուկրաինան կենտրոնաեվրոպական ընտանիքի մաս է համարում և հենց որն էլ 2024-ի մայիսին կազմակերպել էր ուժհորոդյան դիլեման: Նույն տարվա հուլիսին, երբ արդեն Երևանում էի, Անդրիյն ուժհորոդյան խմբին ուղարկեց kievindependent-ում հրապարակած իր տեքստը: Ու ես հենց այդ պահին գիտեի, որ ուզում եմ այս ձայնը ևս լսվի Հայաստանում: Ու հենց այն ժամանակ ստացա Անդրիի թույլտվությունը՝ այն հայերեն թարգմանելու և որպես Ուկրաինական սահմանագրությանս մաս հրապարակելու:
Կարծիք. «Կենտրոնի» և Եվրոպայի միջև
Հեղինակ՝ Ադրիյ Լյուբկա
Թարգմանությունը՝ Լուսինե Խառատյանի
Ես գիտեմ այն ճշգրիտ պահը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման անցնել. 2021 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այն օրը, երբ Խարկիվում կայացավ «Վիշիվանի․ Ուկրաինայի թագավորը» օպերայի առաջին ներկայացումը։ Ես ներկա էի միջոցառմանը և շատ վառ հիշում եմ բոլոր մանրամասները։
Առաջնախաղը մշակութային ցնցում էր Խարկիվի համար և լայն արձագանք գտավ ամբողջ Ուկրաինայում։ Օդում կախված էր կանխազգացումը, զգացողություն, որ շուտով տեղի է ունենալու մի վիթխարի իրադարձություն, թեև ոչ ոք չէր կարողանում հստակ ձևակերպել, թե ինչ։ Բառերն ասես լեզվի ծայրին պտտվում էին: Դրանք նուրբ էին, բայց միաժամանակ իմաստով հղի, ինչպես ներկայացումից հետո կազմակերպված ընդունելության ժամանակ շամպայնի պղպջակները, որոնք հաճելիորեն շոյում են քիմքը։
Ինչպես շուտով բացահայտելու էինք, այդ բառերն ազդարարում էին դարաշրջանի ավարտը և մեծ պատերազմի սկիզբը։ Տոնական պարահանդեսի եկած ընտրյալ հասարակությանը հյուրընկալող հրապուրիչ ամրոցի պատերից անդին արդեն հնչում էր սարսափելի փոթորկի նախերգանքը։
Ի՞նչն էր իրադարձությունը բացառիկ դարձնում: Նախ՝ գլխավոր հերոսի անձը: Վիլհելմ ֆոն Հաբսբուրգը ավստրիական գահի ժառանգներից էր, որը ուկրաինական պատմության մեջ հայտնի է որպես Վասիլ Վիշիվանի։ Թեև նա բավականին հայտնի է Ուկրաինայի մտավորական շրջանակներում, նրա ժողովրդականությունն ու համբավը՝ որպես Ուկրաինայի գահի երբեմնի հավակնորդ, պատմականորեն հասկանալի պատճառներով հիմնականում սահմանափակվում են երկրի որոշակի շրջաններով։
Այլ կերպ ասած՝ եթե Վիշիվանիի մասին օպերան բեմադրվեր Լվիվում, շատ ավելի քչերը կզարմանային։ Նույնիսկ Կիևում, հավանաբար, ոմանք զարմացած կբարձրացնեին հոնքերը և մի քանի ճշտող հարց կտային՝ չնայած հենց այստեղ, Կիևում՝ Լուկիանիվսկա բանտում էր խորհրդային հատուկ ծառայությունների կտտանքներից հետո ընդհատվել արքայազնի կյանքը։
Սակայն Խարկիվում Վիշիվանիի մասին օպերայի բեմադրությունը բոլորովին օտար մի բան էր։ Անսպասելիորեն ցնցող էր Խարկիվում լսել մեկի պատմությունը, որն Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ էր, Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության համար կռված հայրենասեր և անթաքույց նույնասեռական:
Նույնքան ցնցող էր ժամանակակից ուկրաինացի կոմպոզիտոր Ալլա Զահայկևիչի գրած մոդեռնիստական, բարդ ու բազմաշերտ երաժշտությունը։ Օպերան բեմադրել էր, թերևս, Ուկրաինայի լավագույն ռեժիսորներից մեկը՝ Ռոստիսլավ Դերժիպիլսկին, իսկ լիբրետոյի հեղինակը Սերհի Ժադանն էր։
Պատկերացրեք այս համարձակ, անգամ հանդուգն օպերան՝ բեմադրված խորհրդային ժամանակաշրջանի ոչ գրավիչ թատրոնի շենքում։ Թվում էր, թե մակերեսի տակ անտեսանելի, հսկայական տեկտոնիկ սալեր են բախվում ու ճզմվում՝ ջանալով համաձայնության գալ ու նոր կառուցվածք, նոր հիմք ձևավորել։ Գուցե այսպես էր ընկալվում մոդեռնիստական արվեստը բուրժուական Վիեննայի մթնոլորտում. արդյո՞ք այդ ժամանակ որևէ մեկը գիտակցում էր, որ այդ երկու իրականությունների բախումը հանգեցնելու էր Երկրորդ համաշխարհային պատերազմի։
Մեկ այլ կարևոր հանգամանք էր բեմադրության ֆինանսավորման աղբյուրը։ Օպերան ֆինանսավորել էր ծագումով խարկիվցի, Ֆորբսի ցուցակում ընդգրկված հայտնի գործարար Վսևոլոդ Կոժեմյակոն։ Իսկ նրա կինը՝ Օլեքսանդրա Սայենկոն, նախագծի գլխավոր շարժիչ ուժն էր։ Հատկանշական է, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Վսևոլոդը դարձավ Պաշտպանական ուժերին միացած ամենահարուստ ուկրաինացին: Հետագայում նա հիմնեց և գլխավորեց «Խարտիա» մարտական բրիգադը, որի անվանումը, ըստ մեկնաբանություններից մեկի, կազմված է «Խարկիվ» + art («արվեստ») + «і я» ( ուկրաիներեն «և ես») բառերից)։
2022 թվականին նախատեսվում էին օպերայի արտասահմանյան հյուրախաղերը։ Դեռ այն ժամանակ կար գիտակցում, որ եթե արևելքում մենք խրամատներում կռվում ենք մեր անկախության համար, արևմուտքում մեր ինքնիշխանությունը պետք է վերականգնենք համալսարանական լսարաններում և թատրոնների տոմսարկղերում։
Ասօր, երբ ունենք բոլոր տեղեկությունները, փորձենք տեսնել այս բացառիկ իրադարձության համայնապատկերը։ Պատկերացրեք բարձր մակարդակի մշակութային իրադարձություն, որը նվիրված է զարմանալիորեն ոչ միանշանակակ պատմական կերպարի, մի մարդու, որը զտարյուն Հաբսբուրգ էր, կրքոտ ուկրաինացի և բացահայտ նույնասեռական։ Եվ այս ամենը Խարկիվում՝ Ռուսաստանի սահմանին գտնվող մի քաղաքում, որը մեկ դար առաջ բոլշևիկները ներկայացնում էին որպես Ուկրաինայի օկուպացված հատվածի «առաջին մայրաքաղաք», Խարկիվում, որը Ուկրաինայի անկախության երեսուն տարիների ընթացքում գլխավորապես աջակցել էր ռուսամետ քաղաքական կուսակցություններին, և որի անունը խարանվեց Յանուկովիչի ու Մեդվեդևի միջև կնքված այսպես կոչված «Խարկովյան պայմանագրով», քայլ, որը նպաստեց Ուկրաինայի ներսից, աննկատ կերպով, քայքայմանն ու ռուսական ներթափանցմանը։
Ճիշտ է, բեմադրությունը հնարավոր էր դարձել մասնավոր ֆինանսավորման շնորհիվ, սակայն օպերան բեմադրվել էր պետական թատրոնում՝ դառնալով պետական և մասնավոր հատվածների համագործակցության օրինակ։ Այլ կերպ ասած՝ անկախության 30-րդ տարում Ուկրաինան վերջապես հասել էր այնպիսի հասունության, որ նոր, ազնիվ, ոչ օլիգարխիկ ուկրաինական գործարարները կարող էին պետության հետ համագործակցությամբ ֆինանսավորել նշանակալի մշակութային նախագծեր՝ խախտելով ավանդական կաղապարներն ու ակնկալիքները։
Կարևոր է հասկանալ, որ զրոյից օպերա բեմադրելը չի կարելի համեմատել, օրինակ, բանաստեղծություն գրելու հետ։ Պատահական չէ, որ օպերան համարվում էր կայսերական արվեստ. այն պահանջում է բազմաթիվ մարդկանց, բարդ կազմակերպչական գործընթացների, տաղանդի, զգալի ֆինանսական և նյութական ռեսուրսների, ինչպես նաև այնպիսի ինստիտուցիոնալ կարողությունների համադրում, որոնք կարող են ապահովել միայն կայուն և բարեկեցիկ կառույցները։
Կարելի է գրեթե պատկերացնել այս տեսարանը Կրեմլի պատերի ներսում, գուցե նույնիսկ՝ կոմիքսի տեսքով․ Պուտինը նստած է իր գրասեղանի մոտ, իսկ դիմացը՝ Խարկիվում բեմադրվող «Վիշիվանի» օպերայի մեծ գովազդային պաստառն է։ Դեմքը զայրույթից ծամածռված է, քունքի երակները՝ դուրս պրծած, կատաղությունից կրճտացնում է ատամները: Ինչպե՞ս է կարող նման բան լինել։ Մենք նրանից ազատվեցինք, «կխեղդենք զուգարանում», իսկ նա ահա վերադառնում է Խարկիվում։ Այս պետությունը պետք է ոչնչացվի, որովհետև նրա ամենաթշնամական միտումները հասել են Ռուսաստանի սահմաններին՝ սպառնալով ներթափանցել մեր տարածք և կլանել մեզ։
Իհարկե, այս պատկերը զուտ փոխաբերական է և գեղարվեստական երևակայության արդյունք։ Սակայն այն ունի նաև բանական հատիկ: Նման մեծության, գեղարվեստական որակի և արտահայտչական ուժի մշակութային իրադարձությունը, բնականաբար, չէր կարող ներխուժման իրական պատճառ լինել։ Սակայն խորհրդանշական առումով այն ցույց էր տալիս, թե ինչպես էր Ուկրաինան անկախության երեք տասնամյակների ընթացքում փոխակերպվել՝ Եվրոպական գաղափարը երկրի ողջ տարածքում ընդունելու և իրացնելու ճանապարհին դառնալով ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ, ավելի զարգացած և ավելի արդիական։
Ուժհորոդից Խարկիվ գնացքով ճամփորդությունս տևեց ավելի քան մեկ օր՝ ապշեցուցիչ 26 ժամ։ Ամբողջ ժամանակն անցկացրի քնելու վագոնում՝ պատուհանից դուրս նայելով, մի հաստափոր գրքի մեջ խորասուզված և ժամանակ առ ժամանակ քնի գիրկն ընկնելով։ Այս երթուղին երկրի ամենաերկար ուղիղ երկաթուղային գծերից մեկն է, որը միացնում է Ուկրաինայի ծայր արևմուտքն ու հյուսիս-արևելքը։ 2022 թվականի փետրվարին և մարտին տասնյակ հազարավոր խարկիվցիներ հենց այս երթուղով փախան պատերազմի քաոսի մեջ հայտնված քաղաքից՝ ապաստան գտնելու երկրի ավելի անվտանգ շրջաններում։ Քսանվեցժամյա երկաթուղային ճանապարհորդությունը Ուկրաինայի տարածքային անսահմանության հուզիչ պատկերն է, իսկ երկաթուղու անշտապ ու ծույլ ընթացքն արտացոլում է մեր անկախ երկրում գաղափարների դանդաղ առաջընթացն ու բարեփոխումների տեմպը։
«Սահման, Բելգորոդ, Ռուսաստան։ Մեկնում ենք հիմա՛»․ այս հնչեղ բացականչությունն էր, որ դիմավորեց ինձ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Խարկիվի երկաթուղային կայարանի հրապարակում։ Հուսադրող էր տեսնել, որ այդ կանչին արձագանքելու սպասող մարդկանց հերթ գրեթե չկար։ Բայց ոչ պակաս զարմանալի էր գիտակցել, որ հենց այդ առավոտ ես հասել էի Ռուսաստանի հետ սահմանակից մի շրջան՝ ընկղմվելու Կենտրոնական Եվրոպայի մշակութային համատեքստի մեջ: «Վիշիվանի. Ուկրաինայի թագավորը» օպերայի առաջնախաղը Խարկիվում այդ ուրբաթ էր կայանալու: Վերնագիրն ինքնին երկու համատեքստերի երկխոսություն էր մարմնավորում. «Վիշիվանի» («ասեղնագործված»՝ ուկրաիներեն) խորհրդանշում էր ավանդական ուկրաինական իրողությունները, իսկ «Ուկրաինայի թագավորը»՝ մեր եվրոպական ձգտումները՝ ուկրաինական պատմության փոթորկալից ընթացքի մեջ միապետական եվրոպական զարգացման սցենարի մասին երազանքը։
Այսպես, դեռ քաղաք չմտած Խարկիվը դիմավորում էր Ռուսաստանին մոտ լինելու մասին հիշեցումներով՝ մարդկանց հորդորելով և հրավիրելով օգտվել Բելգորոդ անցնելու բացառիկ հնարավորությունից, որտեղից ընդամենը մի քանի ամիս անց հրթիռներ ու արկեր էին տեղալու Խարկիվի վրա։ Այնուամենայնիվ, քչերն էին հակված նստելու այդ «միկրոավտոբուսը», քանի որ տնտեսական և առևտրային կապերը վաղուց մարել էին, իսկ Ռուսաստանի տեխնոլոգիական լճացումը լավատեսական ապագայի որևէ հեռանկար չէր խոստանում։
Խարկիվում և ընդհանրապես Արևելյան Ուկրաինայում մի հին բան մահացել էր, ու մի նոր բան էր տեղից շարժվում։ Այս նոր երևույթը նախանշում էր Կենտրոնական Եվրոպայի ծնունդը՝ կենտրոնաեվրոպականության պրակտիկան, որն ընդգրկում էր կյանքի ամենատարբեր ոլորտներ։ Եվրոպական մատակարարման շղթաներին ու որակի չափանիշներին հյուսված առօրյա սովորություններից մինչև ժողովրդավարական համակարգում նոր քաղաքացիական արժանապատվության և իրավունքների գիտակցության ձևավորումը, կայսրությունների նման մեծ ու հզոր կազմավորումների հանդեպ զգոնություն դրսևորելու աշխարհաքաղաքական համերաշխության տարբերակվող զգացումը՝ այս ամենը միասին նպաստում էր խորքային փոխակերպմանը։
Կարելի է պնդել, որ անկախության երեսուներորդ տարում Արևելյան Ուկրաինայում և ընդհանրապես Արևելյան Եվրոպայում ծնվեց Կենտրոնական Եվրոպայի նոր հայեցակարգ, ճիշտ այն ժամանակ, երբ այն քուն մտավ Եվրոպական Միության արևելյան սահմանամերձ պատմական տարածքներում։ Սրանք փոխբացառող կամ հակադիր պատկերացումներ չէին: Ընդհակառակը, Կենտրոնական Եվրոպայի շուրջ երկարատև և բազմակողմանի բանավեճերի ընթացքում մենք անտեսել էինք դրա ամենահիմնական հատկանիշները՝ շարժունությունը, դինամիզմը և, դրական իմաստով, «վարակիչ» բնույթը։ Մինչդեռ կարծում էինք, թե Կենտրոնական Եվրոպան հավերժորեն ամրագրված է, այն, դանդաղընթաց հին գնացքի պես, աստիճանաբար շարժվում էր դեպի արևելք։
Այստեղ «փոքր ազգերը» համակված էին իրենց հարևանների հանդեպ խոր, համատարած վախով, որը քողարկված էր վիեննական վալսի նրբագեղ հնչյուններին ուղեկցող թախծոտ բանաստեղծական մելամաղձությամբ։ Չնայած իրենց փոթորկալից պատմությանը և երբեմն բռնկվող փոխադարձ թշնամանքին՝ ժողովուրդներին այս միավորում էին խոր մշակութային կապերը, խոհարարական ավանդույթները և, ինչպես մի գրող է դիպուկ նկատել, երկաթուղային կայարանների զարմանալիորեն նման տեսքը։
Ավելին, նրանց մտածողությունը, քաղաքական ժառանգությունը և արևմտականացման ճանապարհին ծառացած համակարգային մարտահրավերները միանման էին։ Ըստ էության, Կենտրոնական Եվրոպան դարձել էր փակ և կարծրացած հասկացություն, որը չափազանց պարզեցված կերպով տեղադրվել էր աշխարհագրական քարտեզի վրա՝ նույնացվելով անզոր Վիշեգրադյան քառյակի երբեմնի սահմանների հետ։
Տարիներ շարունակվող բազմաթիվ քննարկումների սխալը հասկացությունը սահմանափակելն էր՝ մոռանալով, որ գաղափարները սահմաններ չեն ճանաչում և կարող են ազատորեն տարածվել՝ ճանապարհին ավելի ու ավելի շատ հետևորդների վարակելով։ Սա, օրինակ, ակնհայտ էր Սլովենիայում և առավել ևս՝ Խորվաթիայում, որոնք ցանկանալով ազատվել ոչ ցանկալի բալկանյան կարծրատիպից՝ ընդունեցին իրենց կենտրոնաեվրոպական ինքնությունը։ Նույն կերպ, այս գաղափարը փրկօղակ դարձավ Ռումինիայի համար, որը փորձում էր Արևելքից ազատվել՝ ապաստան գտնելով ավելի հեղինակավոր և Եվրոպական ակումբում։
Նույն կերպ, այս գաղափարը հասավ Ուկրաինա։ Սկզբում այն արմատավորվեց նախկին Ավստրո-Հունգարական տարածքների աշխարհագրորեն և պատմականորեն սահմանափակ հատվածում՝ հասնելով մինչև Զբրուչ գետը։ Սակայն հետագայում այն գրավեց բազմաթիվ մարդկանց մտքերն ու սրտերը՝ Նարնջագույն հեղափոխության ժամանակ տարածվելով մինչև Կիև և Կենտրոնական Ուկրաինա, և ի վերջո հասնելով երկրի արևելյան սահմաններին։ Իհարկե, այս գաղափարի բազմաթիվ հետևորդներ հնարավոր է բացահայտորեն չեն նույնականանում որպես Կենտրոնական Եվրոպայի կողմնակիցներ, քանի որ կարևորը ոչ թե անվանումը, այլ էությունն է։ Ուստի հարց է ծագում՝ ի՞նչն է սահմանում Կենտրոնական Եվրոպայի էությունը, և ինչպե՞ս է այն վերածնունդ ապրել, հատկապես՝ գիշատիչ ռուսական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակում։
Այս գաղափարի ուժն առավել ակնհայտ է դառնում, երբ այն ուղղում ենք դեպի ապագա, այլ ոչ թե կենտրոնանում անցյալի վրա։ Իսկապես, երբ մանրամասնորեն ուսումնասիրում ենք պատմությունը և մեր տեսակետները հիմնավորելու համար ընտրողաբար փաստեր առանձնացնում ՝ Կենտրոնական Եվրոպան կարող է թվալ անարդյունավետ, անտեղի, լճացած և մեռած։ Քանզի այլապես ինչպե՞ս կարող ենք հիմնավորել ավստրո-հունգարական ժառանգության արդիականությունն այսօր։
Հաբսբուրգյան թագի ներքո երբևէ գտնված ազգերի մեծ մասն այսօր Եվրոպական Միության անդամ է՝ միավորման այնպիսի գագաթնակետ, որի նմանը մայրցամաքի պատմության մեջ չի եղել։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների, բարեկեցության և տնտեսական զարգացման տեսանկյունից ԵՄ-ն գերազանցում է կայսերական Ավստրիայի «ոսկե դարաշրջանը» և նույնիսկ նրա ամենաբարեհոգի կայսրին։ Այսօր Կենտրոնական Եվրոպայի պետությունները մաս են քաղաքական, անվտանգային և տնտեսական միությունների, ինչը նրանց որոշակի հանգստություն և համաշխարհային խնդիրներից հեռավորություն զգալու հնարավորություն է ընձեռում։ Ավելին, նրանք ունեն իրենց սեփական վերքերն ու տրավմաները, որոնք հաճախ արտահայտվում են սեփական ճշմարտությունների պնդմամբ, ցուցադրական դժգոհությամբ և ուրիշներին ուղղված պահանջներով։
Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ ուշադրությունը անցյալից տեղափոխում ենք ապագային։ Հենց ապագային ուղղված ուղեծիրն է, որ Կենտրոնական Եվրոպայի գաղափարին հաղորդում է կենսական նշանակություն և կենսունակություն։
Երկրորդ աշխարհամարտից առաջ անհանգստորեն ծնվեց այս գաղափարը՝ վերածվելով «փոքր ազգերի» համադաշնության երազանքի, որտեղ նրանք միավորված կլինեին մեծ հեգեմոն ուժերի և նվաճողների գործադրած ճնշումներին համատեղ դիմակայելու կարողության շուրջ։ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Կենտրոնական Եվրոպան հայտնվել էր սարսափազդու Գերմանական Ռայխի և Խորհրդային Միության միջև սեղմված վիճակում, և հենց մշտական սպառնալիքների ընդհանուր փորձառությունն էր, որ ձևավորեց վերջինիս առաջնորդների քաղաքական ձգտումները՝ հանգեցնելով թե՛ արժանահիշատակ, թե՛ աղետալի որոշումների։
Երկրորդ աշխարհամարտից հետո Կենտրոնական Եվրոպան վերափոխվեց հիբրիդային Վարշավյան պակտի։ Եվ հենց ապագային միտված մոտեցումն էր, որ հնարավորություն տվեց Կենտրոնական Եվրոպայի մտավորականներին պատկերացնել և, ի վերջո, կառուցել ազատ Կենտրոնական Եվրոպա՝ Բեռլինի պատի անկումից և Խորհրդային Միության փլուզումից հետո։ «Մավրն արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ»։ 1991 թվականից հետո Կենտրոնական Եվրոպայի գաղափարն իրականություն դարձավ՝ աստիճանաբար կորցնելով իր նշանակությունը։
Երրորդ աշխարհամարտի ցնցումների պայմաններում Կենտրոնական Եվրոպայի գաղափարն Ուկրաինայի համար անփոխարինելի դարձավ՝ վերածվելով գոյաբանական շահի և ապագայի հստակ ուղղության։ Ի՞նչն էր այս գաղափարի մեջ այնքան գրավիչ, որ այն գրավեց միլիոնավոր ուկրաինացիների մտքերն ու երազանքները՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին չեխերինը, հունգարներինը, սլովակներինը, լեհերինը և Կենտրոնական, Արևելյան, Հարավային ու Հյուսիսային Եվրոպայի այլ ժողովուրդներինը։
Այս գաղափարի հիմքում, ըստ էության, ընկած է հավասարության գաղափարը։ Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդների հավաքական մտածողությունը ձևավորվել է դարեր շարունակ կուտակված բազմաթիվ տրավմաների, ազգային ողբերգությունների և պարտությունների ազդեցությամբ։ Վերջին մի քանի դարերում այս ցավոտ փորձառությունը կապվել է կայսերական և գաղութատիրական նկրտումներ ունեցող ավելի մեծ և հզոր հարևանների հետ։ Ժամանակ առ ժամանակ այդ ուժերը բախվել են իրար՝ Կենտրոնական Եվրոպայի տարածքները վերածելով մարտադաշտերի։ Երբեմն նրանք համաձայնություններ են կնքել՝ հաճախ ի վնաս Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդների և առանց նրանց համաձայնության։
Այսպես է հավասարության գաղափարն արմատավորվել Կենտրոնական Եվրոպայի գաղափարի հենց սրտում։ Պատմության ընթացքն ինքնին ստեղծեց այն պայմանները, որոնցում Կենտրոնական Եվրոպայի բոլոր գաղութացված ժողովուրդները, անցնելով բազմաթիվ նվաստացումների միջով և հաղթահարելով ազգային վերածննդի դժվարին ճանապարհները, սկսեցին պատկերացնել մի իրականություն, որտեղ իրենք կլինեին հավասար հավասարների մեջ, որտեղ ոչ մի արտաքին ուժ չէր թելադրի, չէր պարտադրի և չէր կայացնի որոշումներ նրանց փոխարեն։
Կենտրոնական Եվրոպայի գաղափարի շարժիչ ուժը երկար ժամանակ եղել է վախը՝ հարևան կայսերական ուժերի կողմից կլանվելու միջոցով աշխարհի քարտեզից վերանալու գոյաբանական սպառնալիքը։ Այս վախը, որը բթացել էր համաեվրոպական նախագծի բարեկեցությամբ և ՆԱՏՕ-ի պաշտպանական հովանոցի ներքո ապահովվածությամբ, կրկին բորբոքվեց Ռուսաստանի՝ անկախ Ուկրաինայի դեմ իրականացված սկզբում հիբրիդային, իսկ հետագայում՝ լայնածավալ ագրեսիայից հետո։
Այս պատերազմի ցեղասպանական բնույթն առաջին պլան մղեց եվրոպացիների վատագույն վախերը, որոնք միամտորեն հավատում էին, թե Երկրորդ աշարհամարտի արյունոտ դասերից հետո զանգվածային վայրագություններն ու բնաջնջումներն ընդմիշտ անցյալում են մնացել։ Կոմունիստական վարչակարգերի հանցագործությունների համար արդար դատավարության բացակայությունը կրկին կյանքի կոչեց անպատիժ մնացած չարիքները, որոնք 2022 թվականին այլևս չթաքցրին իրենց իրական էությունը և դրսևորվեցին ամենաանհավանական ու սարսափելի ձևերով։
Վախի շարժիչն ընդգծում է, որ համերաշխությունը Կենտրոնական Եվրոպայի գաղափարի գլխավոր անհրաժեշտությունն է։ Այն գիտակցումը, որ ավելի ուժեղ և թվաքանակով գերազանցող թշնամիներին միայնակ դիմակայել անհնար է, Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդներին միավորվելու, համագործակցության շրջանակներ փնտրելու և համերաշխությունն ամրապնդելու է մղում։ Այլապես Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդները հաճախ բախվում են պարտության և փլուզման։ Սակայն պատմության ավելի անվտանգ ժամանակաշրջաններում, երբ վախը թուլանում է և անտարբերությունը սկսում է գերիշխել, Կենտրոնական Եվրոպայի գաղափարն արագորեն քայքայվում է։ Այն հայտնվում է լուսանցքում՝ ապագայի հստակ գործողությունների ծրագրից վերածվելով ընդամենը արվեստի աշխարհից վերցված փոխաբերության։ Այս վիճակում այն դառնում է ծաղրի առարկա՝ թիրախավորելով իրականությունից կտրված համարվող մտավորականներին:
Այսպիսով, մենք Կենտրոնական Եվրոպայի գաղափարը սահմանեցինք որպես ժողովուրդների միջև հավասարությանն ուղղված ապագայամետ ձգտում, որին հնարավոր է հասնել միայն հավաքական համերաշխության միջոցով և որը հաճախ դրսևորվում է սպառնալիքների ժամանակներում (թեև այդ սպառնալիքները մշտապես առկա են, մարդիկ երբեմն պարզապես մոռանում են դրանց մասին)։
Կարծում եմ, հարցի պատասխանն աշխարհագրության մեջ չէ։ «Կենտրոն» եզրը հաճախ մեզ դրդել է վերցնել կողմնացույցն ու քանոնը, ուսումնասիրել քարտեզները, սակայն դրա էությունը հենց գաղափարի խորքային հիմքում է։ Եվրոպական գաղափարի էությունը հենց հավասարության և համերաշխության սկզբունքների վրա է հիմնված՝ ձգտելով մայրցամաքում հավասարակշռել ուժերի հարաբերակցությունը՝ բոլորի համար ավելի անվտանգ գոյություն ապահովելու նպատակով։ Կայուն անվտանգության շրաջանակը կայուն զարգացման, բարեկեցության և, հետևաբար, ժողովրդավարության ամրապնդման, փոքրամասնությունների ու խոցելի խմբերի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովման հիմքն է։
Մենք զգալի ջանքեր ենք գործադրել՝ փորձելով գտնել Կենտրոնը, մինչդեռ մեր որոնումը պետք է ուղղված լիներ ինքնին Եվրոպան գտնելուն։ Կենտրոնական Եվրոպան այն աշխարհագրական տարածքն է, որտեղ պայքար է մղվում եվրոպական իդեալների և արժեքների համար։ Վառ օրինակն էր, երբ Կիևը 2013-ի դեկտեմբերին խորհրդանշական կերպով Եվրոպայի մայրաքաղաքի վերածվեծ՝ պատմության մեջ առաջին անգամ Եվրամիության դրոշները բարձրացնելով բարիկադների վրա։ Ոչ մի թույլտվություն պետք չէր, քանի որ գաղափարը ոչ մեկին չի պատկանում․ ակնկալվում է, որ յուրաքանչյուրը կարող է այն ընդունել՝ հիմնականում՝ մտավոր, սակայն երբեմն նույնիսկ՝ վաղնջական, ռազմական համատեքստում։
Գոյաբանական սպառնալիքներին դիմակայելու պայմաններում հավասարության և համերաշխության իդեալները սահմանափակված չեն Կենտրոնական Եվրոպայով: Գաղափարական առումով սահմանվելով Արևելյան Եվրոպայից տարբերվելու նպատակով՝ դրանք իրենց էությամբ եվրոպական են՝ ծագելով Արևմտյան Եվրոպայում և հետագայում տարածվելով դեպի Կենտրոնական Եվրոպայի շրջաններ: Այժմ այս իդեալները շարժվում են էլ ավելի դեպի արևելք՝ հասնելով անգամ ռուս-ուկրաինական հակամարտության մարտադաշտեր։ (Այս գաղափարների տեղաշարժը չափազանց հետաքրքիր գործընթաց է․ կարելի է ասել, որ Եվրոպայի ներսում մշտական փոխանակում է տեղի ունենում, սակայն իրականում գաղափարները դինամիկ բնույթ ունեն։ Երբ թուլանում են Ֆրանսիայում և Գերմանիայում, ուժեղանում են Չեխիայում և Հունգարիայում․ երբ վերելք են ապրում Ուկրաինայում, կարող են որոշ չափով նահանջել Լեհաստանում կամ Սլովակիայում)։
Սակայն բավ է փոխաբերություններով խոսել։ Ինձ համար Կենտրոնական Եվրոպան այնպիսի պայքարի դաշտ է, որտեղ անհատները ձգտում են պահպանել այն արժեքները, որոնք ընկած են ամենամաքուր եվրոպական իդեալի հիմքում՝ հենց Եվրոպայի բուն էությունը։ Խոսքն այնպիսի սկզբունքների մասին է, ինչպիսիք են հավասարությունը, համերաշխությունը, մարդու հիմնարար իրավունքները և անկախ չափից կամ ուժից՝ բոլորի համար զսպումների ու հակակշիռների համակարգի ստեղծումը։ Մայրցամաքում, որը բնութագրվում է տարբեր շահերի և ուժերի խիտ հյուսվածքով, ձևավորվեց համակեցության մի գաղափար՝ ինչպես ապրել կողք կողքի՝ չոտնահարելով ուրիշների իրավունքները և այդպիսով պաշտպանելով սեփական գոյությունը։ Սա՛ է Եվրոպայի բուն գաղափարը, Կենտրոնական Եվրոպայի գաղափարը։
Որքան էլ համարձակ թվա պնդումը, նույնիսկ խոր հակամարտության պայմաններում այս գաղափարը շարունակում է շարժվել դեպի արևելք։ Այն տարածվում է վարակիչ ուժով՝ հասնելով մարդկանց, որոնց այսօր գուցե կցանկանայինք մոռանալ կամ արհամարհել, որոնց՝ եվրոպական ինքնության իրավունքը հուզականորեն մերժում ենք։ Գաղափարը զարգանում է իր իսկ ներքին սկզբունքներով՝ մեր վերահսկողությունից դուրս։
Այնուամենայնիվ, ճշմարտությունը դիմակայում է․ այն անշեղորեն առաջ է շարժվում՝ առաջ մղվելով, ճեղքեր որոնելով, հաղթահարելով խոչընդոտները և ավելի ու ավելի խոր ներթափանցելով դեպի արևելք։ Այս պահին այն դիմադրության է հանդիպում՝ կանգնեցվելով ռուսական տանկերով և ռումբերով, սակայն այն կհաղթի, ինչպես միշտ է հաղթել՝ հաղթահարելով իր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր արգելք։
Ես անկեղծորեն սպասում եմ այն օրվան, երբ ուկրաինացիները կտեսնեն, թե ինչպես է Կենտրոնական Եվրոպայի գաղափարը մեր երկրի սահմաններից դուրս ևս եռում և պայքարում իր գոյության համար։ Հուսով եմ, որ այդ պայքարում մենք կլինենք ոչ թե գլխավոր դերակատարներ, այլ դիտորդներ՝ կարողանալով ապրումակցել, աջակցել և հիանալ, միևնույն ժամանակ բեմում ծավալվող ողբերգությունը տարանջատելով մեր սեփական կյանքից։
Ճիշտ այնպես, ինչպես 2021թ. հոկտեմբերի 1-ին Խարկիվում՝ Վասիլ Վիշիվանու ողբերգական կյանքը ներկայացնող օպերայի առաջնախաղի ժամանակ։ Այդ պահին չէի պատկերացնում, որ ընդամենը հինգ ամիս անց կայսրությունը փորձելու էր խլել միլիոնավոր ուկրաինացիների կյանքեր՝ հիշեցնելով ավստրիական թագաժառանգի սպանությունը։ Մենք չգիտեինք, որ ապագա հրթիռային հարվածների կոորդինատներն արդեն մուտքագրվում էին արձակման կայաններում։ Մենք չէինք գիտակցում, որ 2022թ. փետրվարի 24-ին բռնկվելու էր մեծ պատերազմ՝ պատերազմ, որը կարող է վերաճել Երրորդ աշխարհամարտի, եթե Եվրոպան չհասկանա, որ պայքարը ոչ թե արևելքի կամ կենտրոնի, այլ ինքնին Եվրոպայի համար է։