Վերնագրերը ցավացնում են
Ամպերը թաքուն դնում եմ դեմքիս,
Լվանում ձեռքերս մայրամուտով։
Դու չկաս, դու կերպարանափոխվել ես։
Այս հորիզոնը չափազանց նեղ էր քեզ համար։
Ես չեմ կորել,
ճամփորդում եմ
ինքնաթիռով։
Ուշացած, փոփոխված տոմսերով
տեղս եմ փնտրում կյանքում՝
պատուհանի մոտ։
Հիշում եմ
քեզ հետ կապված բոլոր երազանքները…
(մնացին կոկորդիս)։
Բարձրության վրա
ուտելիքը միշտ էլ շարվում է
կոկորդիս։
Կարոտի պատճառով…
դեպի այն քաղաքներ, ուր ես չեմ եղել
(ու չեմ էլ լինի էլ երևի),
որ կյանքի իմաստը փնտրեմ
պատահական կրպակների
վաճառվող թերթերի տողերում։
Վերնագրերն ինձ ցավացնում են։
Չհրապարակված գրքերի, չասված տողերի,
էն որ սեփական գրաքննությունը չանցած,
էն որ ոչ Պետհրատ, ոչ Անտարես։
Վերնագրերը ցավացնում են։
09.04.2010
Սովետ էր
Սիրում էի քեզ
թաքուն, սիրում էի,
արգելված քաղաքական հայացքների նման:
16.04.2010
Օրորոցային
Պարզ բաները,
որ ասելը, հասկանում ես,
մի խոսքով:
Ամենաբարձր կետերին՝
փրփրուն գինով,
քո կենացն ու մրսելը,
որը լողափին համարյա անհնար է։
Հիմարություններ,
որ կուզեի ասել
ու թեթևանալ։
Սպիտակ քո քաղաքում,
երկնաքերերի չխաչվելու պատճառով,
ու զգացողությունը,
որ այս բառակույտը
ոչինչ չի նշանակի
մյուսների համար։
Չի լինի այս ֆորմալությունը։
Ես չեմ լինի վեհ ու խելացի։
Դու դուրս եկած կլինես
քո էդ բռնած ձևից։
Ուզածս, երևի,
այնքան պարզ է,
որ անհեթեթ է թվում։
Ու ինչքան անհնար,
գրողը տանի։
03.05.2010
Ակացվա Ուտցա 59
Երբ էստեղ ցուրտ է լինում,
ջերմանում եմ քո մասին հուշերով։
Շատ տաք, կուչ եկած թևերիդ տակ։
Ասես դու թխսկանն ես:
Ես էլ քո փոքրիկ անճոռնին։
Ցուրտ է:
Պատարագ է:
Տեսնես կիրակին ոնց ես անցկացնում։
Սիրիր բոլոր մարդկանց։
Սիրիր բոլորին։
Ու ամենուր,
ամենտեղ,
ամեն-ամեն։
Սիրում եմ։
Ինձ շատ բան ես տվել։
Ու հատկապես՝ քեզ ինադու գնալու
կյանքի ուղղությունը։
16.09.2010
Európa Hajó
Ես գիշեր եմ,
մերկ ու անոթի։
Ինձ գիրկդ առ։
Օրորի։
Մեծացրու։
Թող պատեմ քեզ։
Շոյեմ հուզումդ։
Անամոթ գուրգուրեմ ընդվզումդ։
Սիրեմ քեզ։
Սիրեմ ու մնամ։
Քո գրկում։
Ձեռքիդ մեջ։
Մաշկիդ տակ։
Մերկ եմ։
Գիրկդ առ։
Ամաչում եմ։
Գիշեր եմ…
Կիսատ է պատումը
Ուժ չկա, որ գրեմ ու ավարտվի:
02.10.2010
Լացեցի, սիրունացա, հիմա լավ եմ
Թռիչքային երազներս
հեղափոխությանդ տեսանկյունից,
կամ կրկնվող ցինիզմի համատեքստում,
պլանային հովհարային անջատումների
ռետրո լուսավոր թախիծների
հղիությանս երկրորդ տարում
ինձ կնության առ
ընդունիր քո տիրույթում…
Էստեղ եմ։
Տեսնո՞ւմ ես։
Էլ ինչքա՞ն սպասեմ քեզ։
Ձեռքերիդ մեջ առ
շոյի երկու տարվա լիությունս
քո` դու լինելու գաղափարով…
Գիտեմ, դու էդպես անթերի
ես բոլոր ստատիկ երազային
քեզ թախծելու հաշիվը սպառած
սպասումից պատռված որովայնով…
Կամ օրերի հետ
ծերացրու սպասումս
օգնի խեղդեմ կերպարդ իմ ներսից
ներսում կուչ գամ ձեռքերիդ մեջ
փարատես մերկ հղիությունս
ներես սպասող լռությունս…
Թռիչքային իմ երազները
թռիչքային քո բիզնեսի համատեքստում
կենցաղային սիրո սցենարով
գլոբալ տաքացման որերորդ տարում
ուրիշ հովերով լցված
որդիս անունդ կունենա
քեզնով հղի իմ սովորությամբ…
18.10.2010
Margitsziget nagyrét / Պոգաչա
Կլանելով քո երազանքները,
ծխելով։
Ես դահիճ էի։
Երբեմն
սպասելով արևածագին։
Կյանքը սկսելու համար։
8:08-ին:
Սպասում։
Ձանձրույթ։
Ինքնախարազան։
Հետո,
գրքերից,
ֆիլմերից,
համերգներից
լրիվ պատահաբար հուզվելով:
Աստված արթնացավ։
Ապրել առանց սիրո:
Ապրել առանց քեզ։
Սովորել։
Սպասել արևածագին։
2.11.2011
Ludwig Museum
Լերդացած թանձր արյան պես
մատներով դանդաղ
հոսիր ինձ վրա
սեր…
Ասես լարը դողա
ձգված թավջութի:
Պոռթկա։
Ցնծա։
Ձայն տուր, սեր…
Վերջապես արթնացրու մեղեդին։
Ձգված կյանքերի արանքով
բարձր նոտաներ վերցրու, սեր…
Վախկոտ մի եղիր…
3.11.2011
Հանրակացարան
Առանց ֆիլտր եմ քո առաջ,
իսկ դու սատկած ձմեռ
անտուն
Պատռեցիր որովայնս…
Քամեցիր երազներս
վաղաժամ
երևի…
Դավաճան, դավաճան, դավաճան
թող գոռամ երեսիդ,
Ես գիտեմ հիմա ամեն ինչ…
______
– լափթոփի լույսը խանգարում ա, քնել չի լինում:
– կանջատեմ հիմա:
5.11.2011
Օրփեոս
Ես հեռանում եմ լույսերից
Սևը կլանում է վերջին կետը
Հնարավորությունը մեռել է
Սիրտ չկա հույսերի…
Արի խոսենք
արի ձևացնենք
Թե «կյանքը շարունակվում է»
նարատիվը
հնարավոր է մեզ համար:
Թե հնարավոր է ինչ-որ կերպ
Քնել մթին,
արթնանալ արևից
Ու հետ չտալ կերակուրը
մեղքի զգացումից
որ ես ապրում եմ,
դու գնում ես…
Վթարայինը միացրել եմ
Փրկարարները չեն գտնի մեզ
Ու չեն փրկի քեզ
Հիվանդանոցի ճանապարհին…
Հեռանում եմ լույսերից
Սիրտ չկա առավոտի…
21.12.2011
Զուդիտ Բաթլեր
Բարև երջանկություն,
Բացվիր առավոտ
… Երազների, կարոտների
Հերիք է:
Սիրտդ ամպել է…
Ժամանակն է սահմանումի
23.12.2011
Գրել / Արգելել / Գրել
Այսօր ջնջում եմ
այս քաղաքում իմ բոլոր հույզերը՝
անփույթ
լցված բառերի
տեքստ դառնալու
ամբիցիայով:
Այսօր ձևակերպում եմ
որպես վարկած
որ 22-23-ի արանքում
մի տեղ
մի քանի բան
գրել եմ
ու մեռել:
Ծուլության,
կամ գուցե դիտավորության պատճառով,
գրողին թաղեցին
անհասցե:
Մարդիկ չհուզվեցին։
Որովհետև (come on):
Ու ոչ մի ծրագրավորող
չի կարող վերականգնել այս բոլորը
«ռեստարտ տուր» ասելով:
Պատումը մեռավ։
Մնաց վարկածը։
Անփույթ տողերի:
Բացակայության…
06.01.2012