Պոեզիա

Ներբող չորս պատկերով

Այս է կենտրոնը, որից կախվել են օրհներգության զանգեր, որ ամեն կողմից զանգահարելով՝ շուրթերին, դաշտին և աչքերի մեջ, թափում են դեղին պատարագ ու անձրև, որ մարդիկ հավաքում են, ինչպես սունկը, աղմուկը և շարժումը.

• 4 րոպե

Ներբող չորս պատկերով

ՕԴ

Այս է կենտրոնը,
որից կախվել են օրհներգության զանգեր,
որ ամեն կողմից զանգահարելով՝
շուրթերին, դաշտին և աչքերի մեջ,
թափում են դեղին պատարագ ու անձրև,
որ մարդիկ հավաքում են,
ինչպես սունկը, աղմուկը և շարժումը…
Եվ այս շարականը, որ հղացա,
ինչպես հայելի ամփոփում է ձևերը՝
սունկի, աղմուկի, շարժման,
և շարականը, որ հղացա,
իմ երակների միջով շարժում է՝
նորից տոնելու
դեպի սկիզբը իր վերադարձի վարդավառը:
Այս է կենտրոնը՝
մի կենտրոն է օդը,
որտեղից գծերը և գույները բոլոր
տեսանելի են և իրական,
ինչպես տերևը ծառի, ինչպես սունկը,
քանի որ ինքը անիրական է
քանի որ հենց այն, ինչը մաքուր է ամենից, անտեսանելի է, ինչպես կյանքը, —
և այն, ինչը մաքուր է ամենից,
նաև անգույն է, ինչպես կյանքը,
նաև անգույն է, ինչպես ոչինչ…
Դու ամենից մաքուրը, — և անտեսանելին,
դու ամենից մաքուրը, — և անգույնը,
դու ամենից մաքուրը, — և հայելին,
որն իր հետ տանում է ձրիաբար
սունկի, աղմուկի, շարժման
բոլոր ձևերի արտացոլումը:
Եվ այս շարականը, որ հղացա,
քոնն է,
ինչպես քոնն են սկիզբը և վախճանը,
և արքայությունը ամենայնի,
և ոչինչ…

ՋՈՒՐ

Այս է ընթացքը հավիտենական,
այս շարժումը Նոյյան տապանի,
այս է շարժումը, որ արարում է
ծննդյան տոնի զգացողությունը,
և սկզբի համար օրորում է ջրաղացը,
և վերջի համար օրորում է ջրաղացը
կյանքի:
Եվ այնտեղ, ուր
տապանն է Նոյյան,
անձրևում է կյանքը՝ ջրհեղեղի վրա:
Մի կյանք՝ անսահման ջրհեղեղում
և հեղեղի վրա՝
ջրաղացը առաջին նավարկության:
«Այս է քարտեզը մարմնի,
որ ունի իր ծովերը, գետերը
և կղզիները՝ հանգստանալու,
որտեղ
իրենց նավարկումը ավարտելուց հետո
մի պահ դադար են առնում ոգիները», —
ասում է Նոյը ջրհեղեղից հետո,
և գազանները, թռչունները զույգ
արձագանքում են,
երբ որ դիտում են մարմինը իրենց,
և նրանց հոգիները օրորում է միտքը
ինչ-որ հեռավոր նավարկության՝
իրենց մարմնի մեջ գտնելու կղզիները
և անապատները մինչ այդ անծանոթ:
Այս է քարտեզը մարմնի,
որը չափազանց նման է երկրին,
որը չափազանց նման է երկրին,
ուր մարդիկ, գազանները և թռչունները
իրենց տները կառուցում են
գետերին մոտիկ, ծովերին մոտիկ՝
մոտիկ լինելու շարժման ընթացքին
հավիտենական
և ջուրը, ջուրը
երկրպագելու՝ խմելուց առաջ և նավարկելուց,
և անապատում, և կղզիներում նոր
հայտնաբերված՝
երկրպագելու
իրենց կառուցած լայն ջրանցքներով
շարականների,
քանի որ հենց այն, ինչը մաքուր է ամենից,
անգույն է, ինչպես կյանքը,
և անգույն է, ինչպես ոչինչ:

ՀՈՂ

Դեղնած տերևները հոգնած մանկության պես
ընկնում են գետնին,
այնտեղ, ուր ստվերներն էին իրենց մարմնի,
նրանք ծածկում են իրենց ստվերները,
և պատվում է հողը անպարագիծ ցանցով,
որտեղ վայրկյանը ունի իր ստվերը,
որ գալիս-ծածկում է հեռանալիս:
Ծառը արմատներով խրվում է հողի մեջ՝
կորցրած տերևները գտնելու համար,
մինչև որ ինքն էլ դանդաղ ծածկում է
իր ստվերը:
Եվ ծանր թախիծ է իջնում դաշտերին անձրևների տեսքով,
և ծանր,
անասելի ծանր,
անվերադարձ ծանր,
որ ամենից մոտիկն է ողբերգությանը,
և հողը,
որ ամենից մոտիկն է ողբերգությանը.
դանդաղ, շատ դանդաղ սևանում է,
և այն, ինչը մաքուր էր ամենից,
և անգույնը, ինչպես կյանքը,
դանդաղ, շատ դանդաղ սևանում է,
երբ իր մեջ չափազանց ծանրանում է
թախիծը, և երբ չափազանց ծանրանում է թախիծը,
այն, ինչը մաքուր էր ամենից,
և անպարագիծ,
արթնանում է իր մեջ,
որպես մոռացված հիշողություն,
որպես ձայնը հողի՝
վարագույրի դեմ ողբերգության, —
անասելի ծանր,
անվերադարձ մաքուր արթնանում է՝
շարունակելու անցյալը՝ կիսատ մնացած:
Եվ ողբերգության միջով բարձրանում է
սածիլը ծաղկի՝
մաքուր, ինչպես կյանքը,
և այն, ինչը մաքուր է ամենից,
անգույն է,
ինչպես շարականն այս, որ հղացա,
ինչպես ոչինչ:

ԼՈՒՅՍ

Բառը պոկվում է քո շուրթերից՝
օդի մեջ տարածելու իր ստվերը,
օդի մեջ թողնելու իր ձեռքը տիրական,
ինչպես ապարանքը թագավորի:
Հանդիպիր օրվա հետ,
ինչպես կղզու հետ քեզ անծանոթ,
և ծանոթ թախիծներ վերագրիր նրան,
և ծանոթ բառեր հագցրու տերևներին՝
զրուցելու համար:
Հանդիպիր օրվա հետ՝ զրուցելու համար,
ինչպես կղզու հետ քեզ անծանոթ,
որտեղ քո բառը հպվում է լույսին,
որտեղ քո բառը հպվում է լույսի ազատությանը,
որից կառուցված է կղզին անծանոթ
և օրը անծանոթ:
Այդպես սկսվում է շրջագայությունը
դեպի քո մարմինը,
որը միայնակ է, ինչպես օդը,
ինչպես թախիծը նվվացող:
Միայնակ մի մարմին շարժվում է դեպի բառը,
ինչպես թափորը աղքատների
դեպի ապարանքը թագավորի:
Այդպես սկսվում է շրջագայությունը.
բառը ճամփորդում է քո մարմնի միջով,
և մարմինդ ձգտում է դեպի բառը,
ինչպես քո արյան շրջանառությունը:
Այդ է քո արյան շրջանառությունը,
այդ է քո մարմինը,
որ գտնվում է նավարկման միջև
օրվա և բառի,
բառի և օրվա:
Ոտքերդ ամո՛ւր, ամուր դիր հողին,
որ կարողանաս կրել պատկերը
բառի և օրվա,
որոնց իրար կապող ճանապարհներն են
քո երակները,
որովհետև այն, ինչը մաքուր է ամենից,
նման է շարժմանը բառի,
նման է քո արյան շրջանառությանը,
և անգույն է, ինչպես կյանքը,
և անպարագիծ, ինչպես ոչինչ,
քանի որ այսպես
սկսվում է նավարկումը արեգակի,
որը շարժվում է դեպի մայրամուտ
երակներիդ միջով
և մայրամուտ է գնում շարականն այս,
որ հղացա:

Թողնել մեկնաբանություն