Էսսե

Դեժավյու

Միջնադարյան խավարամտությունն ըստ Մարկեսի, սիրո և դևերի համատեղ կեցության մասին են, բայց անգամ այդ աղքատամտությունը դառնում է տանելի, երբ զուգադրում ենք այն այս պատմության հետ:

• 3 րոպե

Դեժավյու

Փիլիսոփայական արձակ՝ հիմնված իրական փաստերի վրա

Միջնադարյան խավարամտությունն ըստ Մարկեսի, սիրո և դևերի համատեղ կեցության մասին են, բայց անգամ այդ աղքատամտությունը դառնում է տանելի, երբ զուգադրում ենք այն այս պատմության հետ: Հավանաբար, ոչ թե որովհետև Մարկեսի պատմության վաղեմության ժամկետն է լրացել, այլ որովհետև իր կենդանագրության միակ հերոսը մարքիզուհի Սյերվան էր, իսկ այն ինչ ուզում եմ պատմել՝ ողբերգական մահերի շղթա։
Եվ ուրեմն եկեք հասկանանք՝ կարո՞ղ էր կատաղության պատվաստանյութը կյանք փրկել, Սյերվային՝ գուցե, իսկ Ֆրանկի՞ն։ Ես պայմանականորեն կկոչեմ նրանց Ֆրանկ, «նրանց», որովհետև հավաքական վախճանի նվազագույն միավորը կարող էր վերածվել կայսրության, եթե օրինակ Արևելյան ֆրանկների պես հանդգնեին դառնալու «Սրբազան կայսրություն»։ Բայց չհանդգնեցին, ընտրեցին մահը։
Հայրը, որ կարող էր դառնալ անվանի պոետ, որին սեփական կինը բնորոշում է որպես գրականության գիտակ, ընտրեց ոչինչ չանելը։ Ընտրեց սպասելը, ավելին՝ ընտրեց սեփական բերանով սեփական մահվան տարեթիվը կանխատեսելը, և արևառատ մի օր, Նեռը, այդ խարդախ Դիվապետը, երևաց գայլաշան մարմնում ու հափշտակեց Ֆրանկի շունչն ակնթարթորեն։ Տեսնե՞ս նա հասցրեց հասկանալ, որ Տիեզերքի Արարիչն այդպիսի վախճան չէր նախասահմանել և որ այն ինչ պատահեց՝ Ֆրանկն ընտրեց։
Որդին, որին հիշում են հիմա կարոտով, իբրև մի գորովասիրտ աջակցի, դարձավ Սադայելի զոհ։ Ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չի լսել, թե ինչպես է Աստված նրա հետ խոսել, բայց համոզված եմ՝ խոսել է, հորդորել է, խնդրել է, փրկել է հարյուր փորձությունից, բայց այդ անիծյալ հարյուր մեկերրորդ անգամը եղավ ճակատագրական, Ֆրանկը մտածեց՝ հերթական անգամն է թունավորում ինքն իրեն, պարզվեց՝ վերջին անգամն է։ Տեսնե՞ս նա հասցրեց հասկանալ, որ Տիեզերքի Արարիչն այդպիսի վախճան չէր նախասահմանել և որ այն ինչ պատահեց՝ Ֆրանկն ընտրեց։
Մյուս որդին, որ անպատճառ կապաքինվեր, գթասիրտ Աստծուց կստանար ողորմություն, այնուամենայնիվ գրգռվեց սադրանքներից ու մինչև վերջին շունչ հաճոյանալով խարդախ Բեհեմովթին՝ հոգին սկուտեղի վրա մատուցեց։ Պարզվեց՝ այդ ծաղրասեր ավազակը Կիևի Վոզդվիժենսկայա փողոցի 28-րդ շենքում ծնված շնորհալու երևակայության արդյունքը չէր, Բեհեմովթն իրոք եկավ, տեսավ Ֆրանկի ընտրությունը, հեգնեց այն ու հեռացավ՝ իր հետ տանելով ամենաթանկ գնով գնվածը՝ Ֆրանկի հոգին։ Տեսնե՞ս նա հասցրեց հասկանալ, որ Տիեզերքի Արարիչն այդպիսի վախճան չէր նախասահմանել և որ այն ինչ պատահեց՝ Ֆրանկն ընտրեց։
Վերջին որդին՝ մեղմասիրտ, գրկաբաց, երկայնահոգի, չպիտի հեռանար, որովհետև նրան ամենից շատ էին սպասում։ Գիտե՞ք ինչ է նշանակում դավանել հաշտություն, նա գիտեր։ Ոչ ոք չի կարող խուսափել սխալ կյանք ընտրելուց, բայց բոլորը կարող են ապաշխարհել ու դավանել հաշտություն։ Ես հստակ չգիտեմ՝ ինչու՞, բայց վստահ եմ, որ այդ ընկած Նախաչարը ինչ-որ կերպ կարողացավ իր գործն ավարտին հասցնել և Ֆրանկն էլ ավարտվեց իրեն այդքան սպասողների աչքի առաջ։ Տեսնե՞ս նա հասցրեց հասկանալ, որ Տիեզերքի Արարիչն այդպիսի վախճան չէր նախասահմանել և որ այն ինչ պատահեց՝ Ֆրանկն ընտրեց։
Ամեն վախճանի ժամանակ սուգ էր, արցունքները հոսել են լրիվ նույն մարդկանց աչքերից, որոնք սառած աճյունին մոտենալով հավանաբար բոլորով զգացել են նույնը. զգացել են Դեժավյու։
Բայց, այնուամենայնիվ, մահերի այդ շղթան ավարտը չէ, թեպետ Սատանան շատ է փափագել։ Աստված, ամենահաղթ և ուղղընթաց Աստված, իրեն հավատացողների համար ընծա ունի. Կյանքը՝ հավաքական վախճանին վերջ դնողն ու «Սրբազան կայսրության» հիմքերը գցողը՝ ողջ միակը, որին չի կարելի կոչել Ֆրանկ, որովհետև ճանաչել է Բարձրյալին, ականջալուր եղել նրան ու ապրում է, հասկանու՞մ եք, ապրում է՝ վայելելով օրհնություններն Աստծո, քանի որ ժամանակին հասկացավ. Տիեզերքի Արարիչը վախճան չի նախասահմանել, և իր հետ օրհնություն պատահեց, որովհետև նա դա ընտրեց…
Եվ սա շարունակվելու մոլուցքի մասին չէ, այլ կամքն Աստծո, երբ աշխարհի որևէ կետում Նեռին հաջողվում է հափշտակել հոգի, և նրան թվում է, թե հաղթեց, Աստված մեկ մարդու միջոցով ցույց է տալիս Չարին իր պարտությունն ու կնոջ սրտի տակ սկսում է ապրել մի նոր հոգի՝ այդ շարունակությունը, այդ շարունակությունը, այդ շարունակությունը…

Թողնել մեկնաբանություն