Կապիտան Հարթը կանգնած էր հրթիռի դռան մոտ։
— Ինչո՞ւ չեն գալիս, — հարցրեց նա։
— Ո՞վ գիտի, — ասաց Մարտինը՝ նրա լեյտենանտը։ — Պետք է իմանայի՞, կապիտա՛ն։
— Ընդհանրապես սա ի՞նչ տեղ է, — կապիտանը սկսեց սիգար ծխել։ Լուցկին նետեց փայլուն մարգագետնի վրա։ Խոտը սկսեց վառվել։
Մարտինն առաջ գնաց՝ կոշիկով տրորելու այն։
— Ո՛չ, — հրամայեց կապիտան Հարթը, — թող վառվի։ Գուցե այդ ժամանակ գան՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, տգե՛տ հիմարներ։
Մարտինը թոթվեց ուսերը և մի կողմ տարավ ոտքն ահագնացող կրակի վրայից։
Կապիտան Հարթը նայեց ժամացույցին․
— Մեկ ժամ առաջ վայրէջք կատարեցինք այստեղ, մի՞թե մեզ դիմավորող հանձնաժողովը չի շտապում փողային նվագախմբով ողջունել մեզ։ Իհարկե, ո՛չ։ Մենք միլիոնավոր մղոններ ենք կտրել-անցել տիեզերքում, իսկ ինչ-որ անհայտ մոլորակի հիմար քաղաքի բարեպաշտ քաղաքացիներն ուշադրություն չե՜ն դարձնում մեզ վրա, — փնչացրեց կապիտանը՝ իր ժամացույցին թխկթխկացնելով։ — Դե՜, ևս հինգ րոպե կտամ նրանց, իսկ հետո․․․
— Հետո ի՞նչ, — շատ քաղաքավարի հարցրեց Մարտինը՝ հետևելով կապիտանի ծնոտի ցնցումներին։
— Մի անգամ էլ կթռչենք նրանց գրողի տարած քաղաքի վրայով ու մահու չափ կվախեցնենք նրանց։ — Նա իջեցրեց ձայնը. — Ի՞նչ ես կարծում, Մարտի՛ն, գուցե չե՞ն տեսել, թե ինչպես ենք վայրէջք կատարել։
— Տեսել են։ Բարձրացրին գլուխները, երբ անցնում էինք նրանց գլխավերևով։
— Այդ դեպքում ինչո՞ւ չեն վազում դաշտով։ Թաքնվո՞ւմ են։ Վախկո՞տ են։
Մարտինը տարուբերեց գլուխը։
— Ո՛չ։ Վերցրե՛ք այս հեռադիտակը, պարո՛ն։ Ինքնե՛րդ նայեք։ Բոլորը զբոսնում են։ Վախեցած չեն։ Նրանց համար կարծես միևնույն է։
Կապիտան Հարթը հեռադիտակը մոտեցրեց հոգնած աչքերին։ Մարտինը բարձրացրեց հայացքը և հասցրեց կնճիռներ նկատել դրանց վրա, որոնք վկայում էին զայրույթի, հոգնածության ու ջղագրգիռ վիճակի մասին։ Հարթն ասես միլիոն տարեկան լիներ․ երբեք չէր քնում, վատ էր սնվում և անընդհատ առաջ էր մղում ինքն իրեն։ Այժմ ձեռքերում բռնած հեռադիտակի ներքևում շարժվում էին նրա ծերացած ու մռայլ, բայց խիստ շրթունքները։
— Եվ իսկապես, Մարտի՛ն, չգիտեմ, թե ինչու ենք անհանգստանում։ Հրթիռներ ենք կառուցում, հաղթահարում ենք բոլոր դժվարությունները՝ անցնելով տիեզերքով, նրանց փնտրելով, և ահա թե ինչ ենք ստանում։ Արհամարհանք։ Նայի՛ր այդ հիմարներին, որ թափառում են այնտեղ։ Մի՞թե չեն հասկանում, թե որքան կարևոր է այս ամենը։ Առաջին տիեզերական թռիչքը, որը դիպավ նրանց գավառական հողին։ Քանի՞ անգամ է նման բան եղել։ Մի՞թե այդքան անտարբեր են։
Մարտինը չգիտեր։
Կապիտան Հարթն ուժասպառ կերպով վերադարձրեց հեռադիտակը։
— Ինչի՞ համար ենք անում այս ամենը։ Նկատի ունեմ այս տիեզերական ճամփորդությունները։ Մշտապես ճանապարհներին ենք։ Ներսում միշտ լարվածություն է, երբեք չենք հանգստանում։
— Գուցե լռություն ու հանգստություն ենք փնտրում։ Անկասկած, Երկիր մոլորակի վրա դրանք չկան, — ասաց Մարտինը։
— Ո՛չ, այդպես չէ։ Չէ՞, — կապիտան Հարթը մտորումների մեջ ընկավ և հանդարտվեց։ — Դարվինի ժամանակներից նման բան չի եղել, այնպես չէ՞։ Այն ժամանակներից, ինչ ամեն բան փոշի դարձավ, ամեն բան, ինչին հավատում էինք, չէ՞։ Աստվածային ուժն ու նման բաները։ Ի՞նչ ես կարծում, գուցե դրա համար ենք դեպի աստղերը ձգտում, հը՞ն, Մարտի՛ն։ Մեր կորած հոգիների համար, այնպես չէ՞։ Մի՞թե փորձում ենք մեր չար մոլորակից փախչել բարի մոլորակ։
— Հնարավոր է, պարո՛ն։ Անկասկած, ինչ-որ բան ենք փնտրում։
Կապիտան Հարթը մաքրեց կոկորդն ու նորից խիստ տեսք ընդունեց։
— Դե՜, տվյալ պահին փնտրում ենք այն քաղաքի քաղաքապետին։ Վազի՛ր, պատմի՛ր նրանց, թե ովքեր ենք, առաջին Հրթիռային արշավախումբը դեպի Երրորդ աստղային համակարգի Քառասուներեքերորդ մոլորակ։ Կապիտան Հարթն իր ողջյուններն է ուղարկում և ցանկանում է քաղաքապետին տեսնել։ Արա՛գ։
— Այո՛, պարո՛ն, — գնաց Մարտինը՝ դանդաղ քայլելով մարգագետնով։
— Ավելի՛ արագ, — բղավեց կապիտանը։
— Այո՛, պարո՛ն, — Մարտինը սկսեց վազել հեռու։ Այնուհետև նորից անցավ դանդաղ քայլքի՝ ինքն իրեն ժպտալով։
Կապիտանը հասցրեց երկու սիգար ծխել, մինչև Մարտինը վերադարձավ։ Մարտինը կանգ առավ և հայացքն ուղղեց վերև՝ դեպի հրթիռի դուռը՝ թեթևակի օրորվելով, ասես ո՛չ կարողանում էր հայացքը կենտրոնացնել, ո՛չ էլ մտածել։
— Ե՞վ, — բղավեց Հարթը։ — Ի՞նչ եղավ։ Կգա՞ն մեզ ողջունելու։
— Ո՛չ, — Մարտինն ուժասպառ հենվեց օդանավին։
— Ինչո՞ւ։
— Կարևոր չէ, — պատասխանեց Մարտինը։ — Մեկ ծխախոտ տվե՛ք ինձ, խնդրում եմ, կապիտա՛ն։
Նրա մատները խարխափելով գտան դեպի իրեն մեկնած տուփը, քանի որ նայում էր ոսկե քաղաքին և թարթում։ Մի ծխախոտ վառեց և երկար ծխեց լռության մեջ։
— Մի բա՛ն ասա, — գոռաց կապիտանը։ — Հետաքրքրված չե՞ն մեր հրթիռով։
— Ի՞նչ, — ասաց Մարտինը։ — Ա՜հ, հրթի՞ռը։ — Սկսեց ուսումնասիրել իր ծխախոտը։ — Ո՛չ, հետաքրքրված չեն։ Կարծես անհարմար պահի ենք եկել։
— Անհարմա՜ր պահի։
Մարտինը համբերատար էր։
— Լսե՛ք, կապիտա՛ն։ Ինչ-որ կարևոր բան է կատարվել երեկ քաղաքում։ Այնքան կարևոր բան, որ մենք երկրորդական դեր ենք խաղում։ Պետք է նստեմ, — կորցրեց հավասարակշռությունը և ծանր կերպով նստեց՝ շնչասպառ լինելով։
Կապիտանը բարկացած ծամծմում էր սիգարը։
— Ի՞նչ է պատահել։
Մարտինը բարձրացրեց գլուխը, մատների արանքի ծխախոտից դուրս եկող ծուխը տարածվում էր քամուց։
— Պարո՛ն, երեկ մի հիասքանչ մարդ էր այստեղ հայտնվել՝ բարի, խելացի, կարեկից և անսահման իմաստուն։
Կապիտանը կատաղի հայացքով նայեց իր լեյտենանտին․
— Դա մեզ հետ ի՞նչ կապ ունի։
— Դժվար է բացատրել։ Բայց նա այն մարդն է, ում սպասել են շատ երկար ժամանակ, հնարավոր է միլիոնավոր տարիներ։ Եվ երեկ այդ մարդը մտավ նրանց քաղաք։ Դրա համար էլ, պարո՛ն, մեր հրթիռի վայրէջքն այսօր արդեն ոչ մի նշանակություն չունի։
Կապիտանը կտրուկ նստեց։
— Ո՞վ է նա։ Էշլի՞ն։ Մի՞թե նա իր հրթիռով մեզանից շուտ է հասել և գողացել իմ փառքը, — կապիտանը բռնեց Մարտինի թևը։ Վերջինիս դեմքը գունատ էր և շփոթված։ — Ուրեմն՝ Բարթոնն է եղել։ Բարթոնը մեզանից առաջ է ընկել ու փչացրել իմ վայրէջքը։ Այլևս ոչ ոքի չի կարելի վստահել։
— Ոչ էլ Բարթոնն է եղել, պարո՛ն, — հանդարտորեն ասաց Մարտինը։
Կապիտանը չհավատաց լսածին։
— Ընդամենը երեք հրթիռ կար։ Մենք առջևում էինք։ Այդ մարդը, որը մեզանից շուտ է հասել այստեղ, ի՞նչ է նրա անունը։
— Նա անուն չունի։ Դրա կարիքն էլ չունի։ Յուրաքանչյուր մոլորակի վրա այն տարբեր կլիներ, պարո՛ն։
Կապիտանն իր լկտի, դաժան հայացքը հառեց լեյտենանտի վրա․
— Եվ այդ ի՞նչ հրաշք է գործել այդ մարդը, որ ոչ ոք նույնիսկ չի նայում մեր օդանավին։
— Նախ, — անհողդողդ կերպով ասաց Մարտինը, — բուժել է հիվանդներին և սփոփել թշվառներին։ Պայքարել է երեսպաշտության և կեղտոտ քաղաքականության դեմ և օրեր շարունակ նստել է մարդկանց մեջ՝ նրանց հետ զրուցելով։
— Եվ դա հրա՞շք է։
— Այո՛, Կապիտա՛ն։
— Ես չեմ հասկանում դա։ — Կապիտանը կիպ մոտեցավ Մարտինին, նայեց նրա աչքերի մեջ։ — Խմե՞լ ես։ — Ինչ-որ բան կասկածեց։ Հետ-հետ գնաց։ — Չեմ հասկանում։
Մարտինը նայեց քաղաքին։
— Կապիտա՛ն, եթե դուք չեք հասկանում, ոչ մի կերպ չեմ կարող բացատրել Ձեզ։
Կապիտանը հետևեց նրա հայացքին։ Քաղաքը լուռ էր ու հիասքանչ, գերագույն խաղաղություն էր տիրում այնտեղ։ Կապիտանը մեկ քայլ առաջ եկավ՝ սիգարը բերանից հանելով։ Սկզբում խեթ նայեց Մարտինին, հետո՝ շինությունների ոսկեգույն սրաձողերին։
— Նկատի ունես․․․ չես կարող նկատի ունենալ․․․ այնպես չէ՞։ Այդ մարդը, որի մասին ասում ես, չի կարող․․․
Մարտինը գլխով արեց։
— Հենց դա էլ նկատի ունեմ, պարո՛ն։
Կապիտանը լուռ էր, անշարժ կանգնած։ Ձգվեց։
— Ես չեմ հավատում, — վերջիվերջո ասաց նա։
Կեսօրին Կապիտան Հարթը արագ քայլքով մտավ քաղաք՝ լեյտենանտ Մարտինի ուղեկցությամբ, որի ձեռքին ինչ-որ էլեկտրական սարք կար։ Ժամանակ առ ժամանակ կապիտանը բարձր ծիծաղում էր, ձեռքերով կռթնում էր կողերին և տարուբերում գլուխը։
Քաղաքապետը դուրս եկավ նրան ընդառաջ։ Մարտինը տեղադրեց եռոտանին, պտուտակներով մի տուփ ամրացրեց դրա վրա և միացրեց մարտկոցները։
— Դո՞ւք եք քաղաքապետը, — մատով ցույց տվեց կապիտանը։
— Ես եմ, — պատասխանեց քաղաքապետը։
Նրբագեղ սարք էր դրված նրանց միջև, որը կառավարում էին Մարտինը և օգնականը։ Սարքը ակնթարթային թարգմանություններ էր կատարում ցանկացած լեզվից։ Բառերը հստակ հնչում էին քաղաքային բարեխառն օդում։
— Անցյալ օրվա կատարվածի մասին, — ասաց կապիտանը։ — Պատահե՞լ է։
— Այո՛։
— Վկաներ կա՞ն։
— Կան։
— Կարո՞ղ ենք խոսել նրանց հետ։
— Խոսե՛ք մեզանից ցանկացածի հետ, — պատասխանեց քաղաքապետը։ — Բոլորս էլ ներկա ենք եղել։
— Զանգվածային պատրանք, — դիմելով Մարտինին՝ ասաց կապիտանը, այնուհետև դառնալով քաղաքապետին՝ հարցրեց, — ի՞նչ տեսք ուներ այդ մարդը, այդ անծանոթը։
— Դժվար կլինի ասել, — պատասխանեց քաղաքապետը՝ թեթևակի ժպտալով։
— Ինչո՞ւ։
— Կարծիքները կարող են փոքր-ինչ տարբերվել։
— Ամեն դեպքում կցանկանայի լսել Ձեր կարծիքը, պարո՛ն, — ասաց կապիտանը։ — Ձայնագրե՛ք, — կիսով չափ շրջվելով՝ հրամայեց Մարտինին։
Լեյտենանտը սեղմեց ձեռքի ձայնագրիչի կոճակը։
— Դե՜, — սկսեց քաղաքապետը, — նա շատ քնքուշ ու բարի մարդ էր։ Մեծ խելքի տեր մարդ էր։
— Այո՛, այո՛, գիտեմ, — կապիտանը թափահարեց մատները։ — Ընդհանրացումներ։ Ինչ-որ առանձնահատուկ բան եմ ուզում։ Ի՞նչ տեսք ուներ։
— Չեմ կարծում, թե դա կարևոր է, — պատասխանեց քաղաքապետը։
— Շատ կարևոր է, — խիստ կերպով ասաց կապիտանը։ — Ինձ պետք է այդ պարոնի նկարագիրը։ Եթե ձեզանից չստանամ այն, ուրիշներից կստանամ։ — Դիմելով Մարտինին՝ հավելեց. — Համոզված եմ, որ Բերթոնի կատակներից մեկն է։
Մարտինը չէր նայում կապիտանի դեմքին։ Անտարբեր լռում էր։
Կապիտանը չրթացրեց մատները․
— Կարծես թե ապաքինումներ էլ են եղել։
— Շատ ապաքինումներ, — ասաց քաղաքապետը։
— Կարո՞ղ եմ ապաքինվածներից մեկին տեսնել։
— Կարող եք, — պատասխանեց քաղաքապետը։ — Որդիս, — գլխով նշան արեց դեպի փոքրիկ տղան, որը մի քայլ առաջ եկավ։ — Նրա ձեռքը չորացած[1] էր։ Բայց հիմա նայե՛ք դրան։
Այդ պահին կապիտանը ներողամտաբար ծիծաղեց։
— Այո՛, այո՛։ Դա նույնիսկ անուղղակի ապացույց չէ, գիտեք չէ՞։ Ես չեմ տեսել տղայի չորացած ձեռքը։ Տեսնում եմ միայն նրա անվնաս և առողջ ձեռքը։ Դա ապացույց չէ։ Ի՞նչ ապացույցներ կան, որ երեկ տղայի ձեռքը չորացած էր, իսկ այսօր այն առողջ է։
— Իմ խոսքն է իմ ապացույցը, — ուղղակի պատասխանեց քաղաքապետը։
— Հարգելի՛ս, — գոռաց կապիտանը։ — Մի՞թե կարծում եք, որ ինչ-որ ասեկոսեների վրա պետք է հիմնվեմ։ Օ՜, ո՜չ։
— Ցավում եմ, — ասաց քաղաքապետը՝ հետաքրքրության և խղճահարության նման մի բան արտահայտող հայացքով նայելով կապիտանին։
— Տղայի լուսանկարներից կա՞, — հարցրեց կապիտանը։
Քիչ հետո մի յուղանկար բերեցին, որի վրա պատկերված էր քաղաքապետի որդին՝ չորացած ձեռքով։
— Հարգելի՛ բարեկամ, — Կապիտանը մերժման նշան արեց ձեռքով, — ցանկացած մեկը կարող է նկար նկարել։ Նկարները ստում են։ Ես այս տղայի լուսանկարն եմ ուզում։
Լուսանկար չկար։ Լուսանկարչությունն անհայտ արվեստ էր այդ հասարակության համար։
— Լա՜վ, — շունչ քաշեց կապիտանը, նրա դեմքը ջղաձգվեց, — թո՛ւյլ տվեք մի քանի ուրիշ քաղաքացիների հետ զրուցել։ Մենք ոչնչի չհանգեցինք։ — Մի կնոջ մատնացույց արեց. — Դո՛ւք։ — Կինը տատանվեց։ — Այո՛, հե՛նց Դուք, մո՛տ եկեք։ Պատմե՛ք այդ հրաշք մարդու մասին, որին տեսել եք երեկ։
Կինը ուշադիր նայեց կապիտանին։
— Նա զբոսնում էր մեր մեջ և շատ բարի էր։
— Աչքերն ի՞նչ գույնի էին։
— Արևի գույնի, ծովի գույնի, ծաղկի գույնի, լեռների գույնի, գիշերվա գույնի։
— Բավակա՛ն է, — կապիտանը տարածեց ձեռքերը։ — Տեսնո՞ւմ ես, Մարտի՛ն։ Բացարձակ ոչ մի բան։ Ինչ-որ շառլատան է թափառում քաղաքում՝ հիմարություններ շշնջալով նրանց ականջներին, և․․․
— Խնդրում եմ, վերջացրե՛ք, — ասաց Մարտինը։
Կապիտանը մի քայլ հետ գնաց։
— Ի՞նչ։
— Լսեցիք, թե ինչ ասաց, — պատասխանեց Մարտինը։ — Այս մարդիկ ինձ դուր են գալիս։ Հավատում եմ այն ամենին, ինչ ասում են։ Դուք կարող եք ունենալ Ձեր կարծիքը, բայց Ձե՛զ պահեք այն, պարո՛ն։
— Դու չես կարող նման կերպ խոսել ինձ հետ, — բղավեց կապիտանը։
— Կուշտ եմ քո քմահաճություններից, — պատասխանեց Մարտինը։ — Հանգի՛ստ թող այս մարդկանց։ Նրանք մի լավ ու վայելուչ բան ունեն, իսկ դու եկել անկարգություններ ես կազմակերպում ու ծաղրում ես նրանց։ Դե՜, բայց ես էլ եմ նրանց հետ խոսել։ Քայլել եմ քաղաքում ու տեսել եմ նրանց դեմքերը. նրանք ունեն մի բան, որ դու երբեք չես ունենա. մի փոքրիկ, սովորական հավատ, որով նրանք կարող են սարեր շուռ տալ։ Դո՛ւ, դու կատաղած ես, քանի որ ուրիշ մեկը գողացել է քո դերը, առաջ է ընկել քեզանից ու քեզ դարձրել անկարևոր։
— Հինգ վայրկյան եմ տալիս, որ վերջ տաս, — դիտողություն արեց կապիտանը։ — Հասկանում եմ։ Լարված ես, Մարտի՛ն։ Տիեզերական ճամփորդությունների ամիսներ, հայրենիքի կարոտ, մենություն։ Եվ հիմա, երբ նման բան է պատահել, ցավակցում եմ քեզ, Մարտի՛ն։ Ներողամիտ եմ ենթակայության չնչին խախտմանդ։
— Իսկ ես ներողամիտ եմ չնչին բռնապետությանդ, — պատասխանեց Մարտինը։ — Հեռանում եմ։ Մնում եմ այստեղ։
— Չես կարող այդպես վարվել։
— Չե՞մ կարող։ Փորձի՛ր կանգնեցնել ինձ։ Սա այն է, ինչ փնտրում էի։ Չգիտեի, բայց սա է։ Ինձ համար է։ Վերցրո՛ւ քո կեղտը, մեկ ուրիշ տեղ տար և ուրիշ բաներ կեղտոտիր քո կասկածներով և գիտական մեթոդով, — Մարտինն արագ-արագ նայում էր շուրջը։ — Այս մարդկանց հետ կատարվել է դա, իսկ դու կարծես չես կարողանում գիտակցել, որ դա իրական է, և մեզ բախտ է վիճակվել գրեթե միաժամանակ հայտնվել այստեղ, որպեսզի իմանանք այդ մասին։ Երկիր մոլորակի վրա արդեն քսան տասնամյակ է, ինչ խոսում են այդ մարդու մասին այն բանից հետո, ինչ վերջինս հայտնվել էր հին աշխարհում։ Մենք բոլորս ցանկացել ենք տեսնել ու լսել նրան, բայց հնարավորություն չենք ունեցել։ Եվ ահա այսօր չհասցրինք հանդիպել նրան՝ ընդամենը մի քանի ժամ ուշանալով։
Կապիտան Հարթը նայեց Մարտինի այտերին։
— Երեխայի նման ես բղավում։ Վե՛րջ տուր։
— Ինձ համար միևնույն է։
— Իսկ ինձ համար՝ ո՛չ։ Այս բնիկների առաջ պետք է հավաք պահենք մեզ։ Գերհոգնած ես։ Ինչպես արդեն նշեցի, ներում եմ քեզ։
— Քո ներումն ինձ պետք չէ։
— Դու ապուշ ես։ Մի՞թե չես տեսնում, որ սա Բերթոնի հնարքներից մեկն է, որպեսզի հիմարեցնի այս մարդկանց, խաբի նրանց և իր նավթային ու հանքային կոնցեռնները հիմնի կրոնի քողի տակ։ Դու հիմար ես, Մարտի՛ն։ Պետք է արդեն ճանաչած լինեիր Երկիր մոլորակի բնակիչներին։ Իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի՝ անարգել Աստծուն, ստել, խարդախել, գողանալ, սպանել։ Ցանկացած բան կարգին է, եթե դա աշխատում է․ այդ Բերթոնը պրագմատիզմի իսկական հետևորդ է։ Դու գիտե՜ս նրան։
Կապիտանը ծանր հոգոց հանեց։
— Վե՛րջ տուր, Մարտին: Խոստովանի՛ր՝ այդպիսի զզվելի բաների միայն Բերթոնն է ունակ, մոլորեցնել այս քաղաքի բնակիչներին և կողոպտել, հենց որ պահը հասունանա։
— Ո՛չ, — ասաց Մարտինը՝ այդ մասին մտածելով։
Կապիտանը բարձրացրեց ձեռքը․
— Բերթոնն է։ Նա է։ Նրա ստորությունն է, նրա հանցագործ ուղին է։ Իհարկե, կարելի է հիանալ հին վիշապով։ Իջել է նրանց մոտ հուր ու կրակով, համակված փայլով․ այստեղ բարի խոսք, այնտեղ սիրառատ հպումներ, բուժիչ քսուք ու ապաքինող ճառագայթ։ Իսկակա՜ն Բերթոնն է։
— Ո՛չ, — ապշած ձայնով ասաց Մարտինը։ Կիսափակեց աչքերը։ — Ո՛չ, չեմ հավատա դրան։
— Չես ուզում հավատալ, — շարունակում էր կապիտան Հարթը։ — Հենց հիմա խոստովանի՛ր։ Խոստովանի՛ր դա։ Հենց այդպես էլ կվարվեր Բերթոնը։ Վե՛րջ տուր երազանքներիդ, Մարտի՛ն։ Արթնացի՛ր։ Արդեն առավոտ է։ Սա իրական աշխարհն է, և մենք իրական ենք, մարդիկ ստոր են, իսկ Բերթոնը նրանցից ամենաստորն է։
Մարտինը շրջվեց։
— Դե՜, Մարտի՛ն, — ասաց կապիտան Հարթը՝ մեքենաբար տղամարդու մեջքին ափահարելով։ — Հասկանում եմ։ Դա քեզ համար իսկական ցնցում է։ Գիտեմ։ Սարսափելի ամոթ և նման բաներ։ Այդ Բերթոնը սրիկա է։ Գնա՛ և հանգստացի՛ր։ Թո՛ւյլ տուր հասկանամ, թե ինչն ինչոց է։
Մարտինը դանդաղ քայլեց դեպի հրթիռը։
Կապիտան Հարթը նայում էր նրա հետևից։ Այնուհետև խորը շունչ քաշեց ու շրջվեց դեպի կինը, որին հարցաքննում էր։
— Լա՛վ։ Էլ ի՞նչ կպատմեք ինձ այդ մարդու մասին։ Ի՞նչ էիք ասում, տիկի՛ն։
Ավելի ուշ հրթիռի սպաները ընթրեցին մաքուր օդին՝ թղթախաղի սեղանի շուրջ նստած։ Կապիտանը ստացված տեղեկությունների մասին պատմեց Մարտինին, որը նստել էր կարմրած աչքերով և լուռ կլանում էր ուտելիքը։
— Երեք տասնյակ մարդ եմ հարցաքննել, և նրանք բոլորը նույն հիմարություններն էին դուրս տալիս, — ասաց կապիտանը։ — Բերթոնի ձեռքի գործն է, համոզված եմ։ Վաղը կամ մյուս շաբաթ վերադառնալու է այստեղ, որպեսզի ամրապնդի իր իրավունքները և մեր քթների տակից տանի պայմանագրերը։ Կարծում եմ՝ պետք է մնամ և փչացնեմ նրա զվարճանքը։
Մարտինը մռայլ հայացք գցեց նրա վրա և ասաց․
— Կսպանեմ նրան։
— Դե-դե, Մարտի՛ն։ Տղա՛ս։
— Սպանելու եմ, այնպես որ օգնե՛ք ինձ, անելու եմ։
— Ոչի՛նչ, կկանգնեցնենք նրան։ Բայց պետք է խոստովանես, որ նա խորամանկ է։ Անվայել վարքի տեր է, բայց խորամանկ է։
— Սրիկա՜։
— Պետք է խոստանաս, որ բռնի ուժով ոչինչ չես անելու։ — Կապիտան Հարթը ստուգեց իր գրառումները։ — Սրանց համաձայն՝ կատարվել է բուժման երեսուն հրաշք, կույրը վերականգնել է տեսողությունը, բորոտն ապաքինվել է։ Օ՜, Բե՜րթոն, կարողանում է նման բաներ կազմակերպել, դա հերքել չենք կարող։
Հնչեց կոչնազանգը։ Մի վայրկյան հետո մի տղամարդ հայտնվեց։
— Զեկուցո՜ւմ եմ, կապիտա՛ն, պարո՛ն։ Բերթոնի օդանավը վայրէջք է կատարում։ Ինչպես նաև Էշլիինը։
— Տեսնո՜ւմ եք, — բացականչեց կապիտան Հարթը՝ սեղանին հարվածելով։ — Ահա նրանք՝ շնագայլերը, ժամանել են բերքի հետևից։ Չեն համբերում։ Սպասե՛ք, պետք է դեմ առ դեմ հանդիպեմ նրանց հետ։ Ստիպված են նեղություն կրելու, որպեսզի մասնակցեմ նրանց խրախճանքին։
Մարտինը հիվանդ տեսք ուներ։ Հայացքը հառել էր կապիտանին։
— Բիզնես է, թանկագի՛նս, բիզնես, — ասաց կապիտանը։
Բոլորը վերև նայեցին։ Երկնքից երկու հրթիռներ ընկան։
Վայրէջք կատարելիս քիչ էր մնում հրթիռները ջարդուփշուր լինեին։
— Ի՞նչ է պատահել այդ հիմարների հետ, — բղավեց կապիտանը՝ տեղից վեր թռչելով։
Տղամարդիկ մարգագետինների միջով վազեցին դեպի ծխացող օդանավերը։
Երբ կապիտանը հասավ, Բերթոնի օդանավի անցախուցը լայն բացվեց։
Նրանց գիրկը մի մարդ ընկավ։
— Ի՞նչ է պատահել, — գոռաց Հարթը։
Տղամարդը պառկած էր գետնին։ Նրանք կռացան և տեսան, որ այրված էր, խիստ այրված։ Մարմինը պատված էր վերքերով ու սպիերով, մաշկը բորբոքվել էր ու դեռ ծխում էր։ Ուռած աչքերով նայում էր նրանց, իսկ հաստ լեզուն շարժվում էր ճաքճքած շրթունքների վրայով։
— Ի՞նչ է պատահել, — շարունակում էր պնդել կապիտանը՝ ծնկի իջնելով նրա կողքին և քաշքշելով տղամարդու թևից։
— Պարո՛ն, պարո՛ն, — շշնջաց մահացող տղամարդը։ — Քառասունութ ժամ առաջ յոթանասունինը DFS տիեզերական սեկտորում, այս համակարգի Առաջին մոլորակի մոտ մեր և Էշլիի օդանավերն ընկան տիեզերերական փոթորիկի մեջ, պարո՛ն։ — Տղամարդու քթանցքերից մոխրագույն հեղուկ էր հոսում։ Բերանից արյուն էր ծորում։ — Ոչնչացված է։ Ողջ անձնակազմը։ Բերթոնը մահացել է։ Էշլին մեկ ժամ առաջ է մահացել։ Միայն երեք հոգի է ողջ մնացել։
— Ի՛նձ լսիր, — բղավեց Հարթը՝ արնահոսող մարդու վրա կախվելով։ — Սրանից առաջ չե՞ք եղել այս մոլորակում։
Լռություն։
— Պատասխանի՛ր, — գոռաց Հարթը։
— Ո՛չ, — ասաց մահացողը։ — Փոթորիկը։ Բերթոնը երկու օր առաջ է մահացել։ Վերջին վեց ամիսների ընթացքում առաջին վայրէջքն է որևէ մոլորակի վրա։
— Վստա՞հ ես, — բղավեց Հարթը՝ տենդագին ցնցելով և սեղմելով տղամարդուն իր ձեռքերի մեջ։ — Վստա՞հ ես։
— Վստահ, վստահ, — միայն շրթունքների թեթևակի շարժումով ասաց մահացող տղամարդը։
— Բերթոնը մահացել է երկու օր առաջ։ Վստա՞հ ես։
— Այո՜, այո՜, — շշնջաց տղամարդը։ Գլուխը կախ ընկավ կրծքավանդակի վրա։ Տղամարդը մահացավ։
Կապիտանը ծնկի իջավ լուռ մարմնի կողքին։ Նրա դեմքն այլայլվեց, մկաններն ակամա սկսեցին ցնցվել։ Անձնակազմի մյուս անդամները կանգնած էին նրա հետևում՝ ներքև նայելով։ Մարտինը սպասում էր։ Վերջապես կապիտանը խնդրեց, որպեսզի օգնեն վեր կենալ․ խնդրանքն իրագործվեց։ Կանգնել ու քաղաքին էին նայում։
— Նշանակում է․․․
— Նշանակո՞ւմ է, — հարցրեց Մարտինը։
— Մենք միակն ենք, ովքեր եղել են այստեղ, — շշնջաց կապիտան Հարթը։ — Իսկ այդ մարդը․․․
— Այդ մարդն ի՞նչ, Կապիտա՛ն, — հարցրեց Մարտինը։
Կապիտանի դեմքն անմտաբար ջղաձգվեց։ Իսկապես շատ ծերացած և ճերմակած տեսք ուներ։ Նրա աչքերն ապակիացան։ Չոր խոտերի վրայով քայլեց առաջ։
— Արի՛ ինձ հետ, Մարտի՛ն։ Արի՛ ինձ հետ։ Խնդրում եմ, բռնի՛ր ինձ։ Վախենում եմ, որ կընկնեմ։ Արագացրո՛ւ։ Չենք կարող ժամանակ կորցնել․․․
Չոր խոտի վրա սայթաքելով՝ առաջ շարժվեցին՝ համակված քամով։
Մի քանի ժամ հետո նստած էին քաղաքապետի ընդունարանում։ Հազարավոր մարդիկ եկան, խոսեցին ու հեռացան։ Կապիտանը հոգնատանջ դեմքով նստել ու շարունակ լսում էր։ Նրանք, ովքեր խոսում ու վկայակոչում էին, այնքան լուսավոր դեմքերով էին, որ չէր կարողանում հանդուրժել նրանց ներկայությունը։ Այդ ամբողջ ընթացքում ձեռքերն անցկացնում էր ծնկների և գոտկատեղի վրայով՝ ջղաձգվելով և ցնցվելով։
Երբ ամեն բան ավարտվեց, կապիտան Հարթը շրջվեց դեպի քաղաքապետն ու դեմքի տարօրինակ արտահայտությամբ ասաց․
— Բայց հավանաբար գիտեք, չէ՞, թե ուր գնաց նա։
— Նա չասաց, թե ուր էր պատրաստվում գնալ, — պատասխանեց քաղաքապետը։
— Մոտակա աշխարներից մե՞կը, — հարցրեց կապիտանը։
— Չգիտեմ։
— Պե՛տք է իմանաք։
— Դուք տեսնո՞ւմ եք նրան, — հարցրեց քաղաքապետը՝ մատնացույց անելով ամբոխին։
— Ո՛չ, — պատասխանեց կապիտանը՝ շուրջը նայելով։
— Ուրեմն, հավանաբար, շարունակել է ճանապարհը, — ասաց քաղաքապետը։
— Հնարավո՜ր է, հնարավո՜ր է, — կամացուկ բացականչեց կապիտանը։ — Սարսափելի սխալ եմ գործել, և հենց այս պահիս ուզում եմ տեսնել նրան։ Ինչո՞ւ միայն հիմա գլխի ընկա, որ դա ամենաանսովոր իրադարձությունն է պատմության մեջ։ Եվ մենք հաղորդակից ենք դարձել դրան։ Միլիարդից մեկ հնարավորություն կար, որ մենք միլիոնավոր մոլորակներից ժամանեցինք հենց այս մոլորակ անմիջապես նրա՝ այստեղ գալու հաջորդ օրը։ Պետք է իմանաք, թե ուր է գնացել։
— Յուրաքանչյուրն ինքն իր ձևով է գտնում նրան, — քնքշորեն ասաց քաղաքապետը։
— Դուք թաքցնում եք նրան։
Կապիտանի դեմքը կամաց-կամաց մռայլվում էր։ Նրա դաժանությունն աստիճանաբար վերադառնում էր։ Սկսեց ոտքի կանգնել։
— Ո՛չ, — ասաց քաղաքապետը։
— Փաստորեն գիտե՞ք, թե որտեղ է, — ասաց կապիտանը՝ ձեռքը տանելով ատրճանակի՝ աջ կողքից կախված կաշվե պատյանին։
— Հստակ չեմ կարող ասել, թե նա որտեղ է, — պատասխանեց քաղաքապետը։
— Խորհուրդ կտամ սկսել խոսել, — ասաց կապիտանը՝ դուրս հանելով պողպատե ատրճանակը։
— Տարբերակ չունեմ որևէ բան ասելու Ձեզ, — ասաց քաղաքապետը։
— Խաբեբա՜։
Խղճահարության երանգներ հայտնվեցին քաղաքապետի դեմքին, երբ նայեց կապիտան Հարթին։
— Սաստիկ հոգնած եք, — ասաց նա։ — Երկար ճանապարհ եք անցել և պատկանում եք հոգնած մարդկանց դասին, որոնք չափից ավելի երկար ժամանակ են ապրել առանց հավատի, և այժմ այնքան ուժեղ եք ուզում հավատալ, որ խանգարում եք ինքներդ Ձեզ։ Միայն կբարդացնեք իրավիճակը, եթե սկսեք սպանություններ գործել։ Այդպես երբեք չեք գտնի նրան։
— Ո՞ւր է գնացել։ Նա ասել է Ձեզ, Դուք գիտեք։ Դե՜, ասե՛ք ինձ, — կապիտանը թափահարեց ատրճանակը։
Քաղաքապետը տարուբերեց գլուխը։
— Ասե՛ք ինձ, ասե՛ք ինձ։
Ատրճանակը կրակեց առաջին անգամ, հետո՝ երկրորդ։ Քաղաքապետն ընկավ, ձեռքը վիրավոր էր։
Մարտինն առաջ նետվեց․
— Կապիտա՜ն։
Նշան բռնեց Մարտինի վրա․
— Մի՛ խառնվիր։
Գետնին պառկած և վիրավոր ձեռքը բռնած՝ քաղաքապետը բարձրացրեց հայացքն ու ասաց․
— Իջեցրե՛ք զենքը։ Ինքներդ Ձեզ եք ցավ պատճառում։ Երբեք հավատ չեք ունեցել, իսկ հիմա, երբ Ձեզ թվում է, թե ունեք, ուրիշ մարդկանց եք վիրավորում դրա պատճառով։
— Դուք պետք չեք ինձ, — ասաց Հարթը։ — Եթե այստեղ բաց եմ թողել նրան հանդիպելու հնարավորությունը, ապա կգնամ մեկ այլ աշխարհ։ Իսկ հետո՝ հաջորդը, այնուհետև՝ մյուսը։ Հաջորդ մոլորակում կես օր կուշանամ, այնուհետև՝ քառորդ օր, երկու ժամ, մի ժամ, կես ժամ, մեկ րոպե։ Բայց կհասնեմ նրան։ Լսո՞ւմ եք, — արդեն բղավում էր՝ կռանալով գետնին պառկածի վրա։ Բայց հոգնածության պատճառով հազիվ էր ոտքերի վրա կանգնած մնում։ — Գնացի՛նք, Մարտի՛ն, — իջեցրեց ձեռքը, և զենքը կախ ընկավ։
— Ո՛չ, — պատասխանեց վերջինս։ — Ես այստեղ եմ մնում։
— Դու հիմար ես։ Եթե ուզում ես, մնա։ Բայց ես մյուսների հետ շարունակելու եմ ճանապարհը՝ գնալով այնքան հեռու, որքան կկարողանամ։
Քաղաքապետը հայացքը գցեց Մարտինի վրա։
— Ինձ հետ ամեն բան կարգին կլինի։ Թողե՛ք ինձ։ Մյուսները կմշակեն վերքերս։
— Ես կվերադառնամ, — պատասխանեց Մարտինը։ — Ոտքով կգնամ մինչև հրթիռը։
Կատաղի արագությամբ էին քայլում քաղաքում։ Տեսանելի էր, թե որքան ջանք էր գործադրում կապիտանը, որպեսզի ոտքի վրա մնար։ Մոտենալով հրթիռին՝ դողացող ձեռքով ափով թեթևակի խփեց դրա կողքին։ Ատրճանակը կրկին պատյանի մեջ էր դրել։ Նայեց Մարտինին։
— Ե՞վ, Մարտի՛ն։
— Ե՞վ, Կապիտա՛ն, — Մարտինը նայեց նրան։
Կապիտանը հայացքը դեպի երկինք բարձրացրեց․
— Վստա՞հ ես, որ չես թռչելու ինձ հետ։
— Ո՛չ, պարո՛ն։ Չեմ թռչելու։
— Աստված վկա, փառահեղ ճամփորդություն է սպասվում մեզ։ Գտնելու եմ նրան։
— Որոշե՞լ եք նրա հետևից գնալ, պարո՛ն, — հարցրեց Մարտինը։
— Այո՛, — կապիտանի դեմքը կնճռոտվեց, և նա փակեց աչքերը։
— Մի բան կա, որ կցանկանայի իմանալ։
— Ի՞նչ։
— Պարո՛ն, երբ գտնեք, եթե գտնեք նրան, — հարցրեց Մարտինը, — ի՞նչ եք հարցնելու։
— Ես․․․ — Կապիտանը երկմտեց՝ բացելով աչքերը։ Բռունցքներն անընդհատ սեղմում ու բաց էր անում։ Մի պահ մտքերի մեջ ընկավ, այնուհետև տարօրինակ ժպիտ հայտնվեց նրա դեմքին․ — Ես․․․ ես մի քիչ խաղաղություն ու հանգստություն կխնդրեմ նրանից, — դիպավ հրթիռին։ — Վաղուց է, ինչ․․․ չեմ կարողանում թուլանալ։
— Իսկ երբևիցե փորձե՞լ եք, Կապիտա՛ն։
— Չեմ հասկանում, — ասաց Հարթը։
— Կարևոր չէ։ Մնա՛ք բարով, Կապիտա՛ն։
— Հաջողությո՛ւն, Մարտի՛ն։
Անձնակազմը կանգնած էր լուսանցույցի մոտ։ Նրանցից միայն երեքը մեկնեցին Հարթի հետ։ Յոթը մնացին այնտեղ՝ Մարտինի հետ։
Կապիտան Հարթը նայեց շուրջն ու բարձրաձայնեց իր եզրակացությունը․
— Հիմարնե՜ր։
Մոտեցավ դռանը, կարճ պատիվ տվեց և կտրուկ սկսեց ծիծաղել։
Հրթիռն այնպես երկինք սլացավ, ասես հրեղեն սյուն լիներ։
Մարտինը հետևում էր, թե ինչպես էր այն հեռանում և անհետանում։
Մարգագետնի մյուս ծայրին քաղաքապետը, հենված մի քանի տղամարդկանց, իրեն մոտենալու նշան արեց։
— Նա գնաց, — մոտենալով ասաց Մարտինը։
— Այո՜, խե՜ղճ մարդ, գնաց, — ասաց քաղաքապետը։ — Եվ այդպես էլ գնալու է մի մոլորակից մյուսը՝ մշտապես փնտրտուքների մեջ, և միշտ ուշանալու է կա՛մ մեկ ժամով, կա՛մ կես ժամով, կա՛մ տասը րոպեով, կա՛մ մեկ րոպեով։ Վերջիվերջո՝ ուշանալու է ընդամենը մի քանի վայրկյանով։ Եվ երբ լինի երեք հարյուր աշխարհներում և դառնա յոթանասուն կամ ութսուն տարեկան, կուշանա ընդամենը մեկ վայրկյան, հետո ավելի քիչ վայրկյան։ Այնուհետև ավելի ու ավելի առաջ է շարժվելու՝ հուսալով գտնել հենց այն, ինչ թողել է այստեղ՝ այս մոլորակում՝ այս քաղաքում․․․
Մարտինն ուշադիր նայում էր քաղաքապետին։ Վերջինս ձեռքն առաջ պարզեց։
— Մի՞թե կարող են ինչ-որ կասկածներ լինել, — իրեն հետևելու նշան արեց և շրջվեց։ — Իսկ հիմա գնացինք։ Չպետք է սպասեցնենք նրան։
Նրանք մտան քաղաք։
Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի
[1] Չորացած ձեռքի բժշկումը՝ Ղուկաս 6, 1-11։