Ես ոչինչ չեմ մոռանում՝ գրող լինելը սարսափելի է, և միայն գրելն է գրողին փրկում։ Գրի՛ր, որ չմեռնես, գրի՛ր, որ սրտումդ տեղ ազատվի, գրի՛ր, որ շնչես, այլապես պատմությունները, որ արյանդ մեջ ձկների վտառ են կազմել, մի օր կճեղքեն մաշկդ և թռչնաձկներ կդառնան։
«Երանի՜ ապրողաց»,— ասում էր բանաստեղծը։ «Ողորմի՜ ինձ»,— զգում եմ ես։
Թե՛ հին, թե՛ նոր ժամանակները, տարբերվելով հանդերձ, խոցում են։ Մարդու խոշտանգումը շարունակվում է։
Ազատ ենք չափից դուրս, և փշերը, որ մեր մաշկի վրա են աճել, խանգարում են բոլորիս, բայց փշերից հրաժարվել չենք կարողանում։ Եվ ո՞ւր է տանում հրաժարումը։
Լույսերն անջատենք ու գնանք անցյալ, երբ փշոտ չէինք ու լեզու չունեինք, երբ դեռ կոկա-կոլայի հայրենիքը չէինք, և թռչող մեքենաների գաղափարը չկար։
Ընկերոջս հետ Զանգվի ձորում ձուկ էինք բռնում։ Երբ հոգնեցինք ճիճու լողացնելուց, անցանք զրույցի։ Խոսեցինք, մի գավաթ գինի խմեցինք, արևի կենացն ասացինք, աստղերի կարոտը քաշեցինք, ծառերի զրույցը լսեցինք, եղեգի համբույրը տեսանք, ցողերի կաթիլն զգացինք, ու գինին ծուլորեն նվաճեց մեր սիրտը։
Ընկերս անթաքույց տխրեց, ու գինին կուլ չգնաց։ Հարցրեցի՝ ի՞նչ է եղել, ի՞նչ վարդ է հիշել, ո՞ր անառիկ ամրոցի մատույցներում է հերոսաբար ընկել… Ասաց՝ չէ՜, ամրոց չէ, վարդ չէ, ուրիշ բան է հիշել ու մինչ օրս ոչ ոքի չի պատմել։ Ասացի՝ պատմի՛ր, որ գրեմ, որ շնչեմ, որ մի ձուկ էլ ավելանա վտառին, և հետո թռչնաձուկ դառնան ու գնան…
Հուզում կար ընկերոջս ձայնի մեջ։ Հասկացա՝ այլաբանություններս տեղին չէին։
Ասաց՝ տարիներ առաջ իրենց հին, գյուղական տնից լուր է գալիս, թե տատը լավ չէ, մահամերձ է, և խնդրում են, որ այցելի, մի վերջին անգամ հրաժեշտ տա տատին։ Տատը շատ է սիրել իրեն՝ հպարտացել է, որ թոռը գրել-կարդալ գիտի, գիտության մարդ է, և, ինչպես շատ տատիկներ, մայրություն է արել իրեն, մոր պես է եղել…
— Ո՛չ երանի էն ճամփին, որ ես անցա,— պատմում էր ընկերս։— Ծանոթ ճամփաներ, տխուր, անսահման տխուր ճանապարհ… Անհանգիստ սրտով, արցունքը խեղդում էր, և էդպես վարեցի մեքենան գյուղ։ Հասա, տեսնեմ՝ տան մոտ ծանոթ մարդիկ են հավաքված, ու մի դավաճան միտք սողոսկեց ուղեղս՝ մի՞թե տատս ինձ չսպասեց…
Մեքենայի ձայնը մայրս լսել էր, ասաց, որ ինձ է սպասում, գնամ մոտը։ Մտա սենյակ, փորձում էի լացս զսպել։ Մենակ էինք՝ թոռ ու տատ։ Մոտ կանչեց, մոտեցա, համբուրեցի, էլի լաց եղանք տատ ու թոռ, ու էդ պահին, կողքերը նայելով, զգուշորեն ծոցից մի դեղնած թուղթ հանեց ու հարցրեց՝ ի՞նչ է գրված։
Զարմացած թուղթը վերցրի, տեսնեմ՝ գրված է. «Պաչե՞մ»։
Ասացի՝ այս է ողջ գրվածը, տատի՛, պատմի՛ր, տեսնեմ՝ սա ի՞նչ է։ Եվ տատս մեղմորեն խոսեց, որ ոչ ոք չլսի։ Ասաց՝ երիտասարդ տարիքում մի տղա կար, սիրահարված էր իրեն։ Մի օր գալիս է, որ ուզի, հարս տանի, բայց հայրը չի համաձայնում։ Երբ տնից դուրս է գալիս, մի թուղթ է տալիս տառ ու բառ չիմացող տատիս։ Էդպես վախեցած պահում է ծոցում (դե խուլ, խավար գյուղում էն թվերին կինը լեզու չուներ)։
Պատմեց տատս ու ասաց.
— Ապրե՛ս, որդի՛, որ կարդացիր, վերջն իմացա, թե ինչ ա…
18.10.2026 թ.,