Պատմվածք

Քարերը չեն վաճառվում

Սաղարթախիտ անտառներով պատված սեգ սարերը շրջապատում են այն փխրուն ու ամուր հողը, որի վրա կանգնած եմ։ Այստեղ օրն ավելի շուտ է սկսվում, ու արևը, զգալով րոպեների ու վայրկյանների անթաքույց կարևորությունը, ավելի շուտ է ծագում ու փարվում սարերին։

• 4 րոպե

Քարերը չեն վաճառվում

2509քսանքսան

Սաղարթախիտ անտառներով պատված սեգ սարերը շրջապատում են այն փխրուն ու ամուր հողը, որի վրա կանգնած եմ։ Այստեղ օրն ավելի շուտ է սկսվում, ու արևը, զգալով րոպեների ու վայրկյանների անթաքույց կարևորությունը, ավելի շուտ է ծագում ու փարվում սարերին։ Բնությունը համահունչ է այն մարդկանց հետ, որոնք իրենց գոյությամբ լրացնում են սեգ սարերի ու սաղարթախիտ անտառների բնապատկերը։ Այստեղ ամեն ինչ ներդաշնակ է։ Բնությունն ու մարդիկ ապրում են կողք կողքի՝ ոչ թե իրար վնաս տալով, այլ իրար լրացնելով։ Սիմբիոզ է։ Այստեղ շենքերը ստացել են բնության կանաչ գույնը, իսկ տանիքները՝ երկնքի կապույտ գույնը։ Այստեղ չգրված ու չհամաձայնեցված օրենքները պահվում են։ Ժայռերն ամուր կանգնած են իրենց տեղում, սարերը հպարտորեն պահում են անտառները, հողն առանց նախապայմանների պահում է ոտքերդ ամուր գետնին կպած, իսկ քարերը չեն թռչում վեր ու վար, կողք կողքի շարված են, ավելի են ամրացնում հողը՝ առանց այդ էլ զորեղ, և այստեղ քարերը չեն վաճառվում։ Տանը»

Առավոտյան ժամը 6:10 կլիներ, երբ Նոյն արթնացավ։ Արթնանալուց հետո արագ հագնվեց, կապեց գոտին, դրեց գլխարկն ու դարակից հանելով ծխախոտի տուփը՝ զգույշ քայլերով դուրս եկավ, որ ոչ ոքի չարթնացնի։ Շենքի դիմաց՝ մի փոս ընկած հատվածում, կար նստելու տեղ, որտեղից բացվում էր աննկարագրելի տեսարանը։ Տուփից մեկ գլանակ հանեց, վառեց այն, ավելի հարմար տեղավորվեց ու հայացքն անթարթ հառելով լեռներին՝ սկսեց ծխել։

Նոյը սովորություն չուներ շուտ արթնանալու, ավելին՝ հաճախ նրան արթնացնելը դառնում էր մեծ փորձություն։ Բայց այդ օրը կարծես յուրահատուկ լիներ։ Նա ցանկանում էր մենակ մնալ լեռների հետ ու, մինչ բոլորը կարթնանային, առանձնազրույց ունենալ, նայել անպատասխան սիրով սիրահարվածի աչքերով ու հավերժ դաջել իր հիշողության մեջ այդ պատկերը։

Տասնութ րոպե տևած զրույցի ընթացքում Նոյն այդպես էլ ոչինչ չհասկացավ։ Չէ, նա բավականաչափ խելացի էր. ընդունվել էր համալսարան, դպրոցում սովորել էր գերազանց, բայց կյանքի այդ փուլերում ստացած գիտելիքները բավարար չէին լեռների զրույցը հասկանալու համար։

Զրույցն ավարտվելուն պես վեր կացավ, շնորհակալություն հայտնեց լեռներին ու տեսավ, որ ավանն արդեն արթնացել է։ Ոմանք դուրս են եկել, իսկ ոմանք էլ չեն շտապում լքել կացարանն ու ներսում իրենց կարգի են բերում։ Եվս մի քանի րոպե, ու արդեն բոլորը դրսում են՝ հագած-կապած, արթնացած աչքերով, կուշտ քնով ու դատարկ ստամոքսներով։

— Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրը, որ պատրաստվել է մեզ համար Տիրոջից։ Օրհնյալ է Տերը՝ Իր պարգևներով։ Ամեն։

Միաբերան ասելուց ու կրկնելուց հետո հերթը միաբերան ուտելունն էր։ Աղմուկի լռության ու մարդաշատ ճաշարանի մենակության մեջ Նոյը նախաճաշում էր։ Վեցտեղանոց սեղանի շուրջ միայնությունը կիսելու եկավ Ջիվանը, ով ավանից ինչ-որ բաներ էր պատմում, բայց Նոյն անթարթ նայում էր մի կետի ու թեյն էր խմում։ Նա անշնորհք չէր, բայց այս անգամ նույնիսկ չսպասեց Ջիվանին, որ վերջացնի ու միասին դուրս գան ճաշարանից։ Փոխարենը՝ թեյը կիսատ թողեց ու դուրս եկավ։

Ճաշարանի դիմաց սպասում էին, որ բոլորն ավարտեն նախաճաշն ու հավաքվեն հրապարակում։ Սպասելու բնութագրիչներից էին ծխելը, փայտերին հենված խոսելը, լեռներով հիանալն ու մտքով տուն գնալը։

— Նոյ, ի՞նչ կա։ Խի՞ ես մենակ կանգնած։ — Մենակ չեմ, Ջիվան։ Հենա, քո հետ եմ կանգնած։ — Մի տեսակ ես, ախպեր, հո բան չի՞ եղե։ — Չէ, նորմալ ա ամեն ինչ, — ասաց Նոյն ու շարունակ հետևում էր տեսարանին, որ աչքի առաջ էր. սիրելի լեռների ֆոնին կանգնած հարազատ մարդ՝ ֆոկուսը հենց նրա վրա։

Քիչ անց բոլորն արդեն ավարտել էին նախաճաշն ու, հրապարակում շարված, լսում էին շարքի դիմաց կանգնած կարճահասակ ու վերջին շարքերից չերևացող մարդու հրահանգները։

— Վերցրեք իրերն ու էն երկար ճանապարհով՝ առանց շարքերը խախտելու, իջեք ներքև։

Նոյն ու մյուսները վերցրին իրենց ուսապարկերն ու կյանքի այդ շրջանին հատուկ մյուս պարագաները։ Թողեցին բոլոր տեսակ զգացումներն ու զգացմունքները հրապարակում ու ճամփա ընկան։

Նոյն այդ պահին հարմար առիթ գտավ ու շարքից աննկատ դուրս գալով՝ գնաց իր սիրելի հատվածը։ Կանգնեց, հայացքը հառեց լեռներին, շրջվեց, նայեց շենքին, ուր իր տունն էր, նորից նայեց լեռներին ու կարծես հայացքով խնդրեց՝ իր տանը լավ նայեն։

Մոտ քսան րոպե տևած ծանր քայլերից հետո բոլորն արդեն ներքևում էին։

Անտառապատ լեռների գրկում՝ մի ստորոտի վրա, տող առ տող պարտականությունների, պարտավորությունների ու սիրո համար մեռնել պատրաստ լինելու մասին խոսքերը լսելուց ու կրկնելուց հետո հերթը հասավ մի սևազգեստ մարդու։ Նա սկսեց իր ճառը։ Նոյը փակեց աչքերն ու թողեց, որ արևն իր ճառագայթներն անխնա նետի դեմքին, ու թույլ տվեց իրեն զգալ այդ ջերմությունը։ Այն ասես սիրելի մարդու կարոտած գրկախառնություն լիներ։ Արևը գրկել էր դեմքը. նա դրա կարիքն այնքա՜ն ուներ։ Ամեն կերպ փորձում էր աչքերը փակ պահել, որ այդ պատկերը չհեռանա։ «Հավսա՛ր», «զգա՛ստ», «ազա՛տ» հրամանները մարմինն ինքնաբերաբար կատարում էր, իսկ ուղեղի հրամանն աչքերը չբացելն էր։ Նա ապրում էր։ Ապրում էր վայրկյաններն ու րոպեները, որոնք մի ամբողջ կյանք էին թվում, ու մի ամբողջ կյանք էլ կտար՝ նորից այդ վայրկյաններն ապրելու համար։

Անզոր գտնվեց ուղեղի հրամանը շարունակ կատարելու համար։ Արթնացավ։ Դեռ հեռախոսն անգամ չմիացրած՝ զանգ ստացավ։ Արցունքներն աչքերից հետ՝ դեպի կոկորդ գլորվեցին։ Ոտքերի տակի հողը ձեռքերով պահելով՝ պատասխանեց զանգին.

— Քարերը վաճառվել են, պիտի հեռանաք։

Թողնել մեկնաբանություն