Կինոսցենար

Չարենց․ մահվան գիշերը

1937 թվականի նոյեմբերի սառը գիշեր, Երևանի բանտի խավար խուց և «ՀԱՑ» գրությամբ ֆուրգոնի անձայն ճանապարհը։ «Չարենց․ Մահվան գիշերը» կինոպատումը վավերագրերի ու ականատեսների հուշերի միջոցով վերակենդանացնում է բանաստեղծի վերջին օրերն ու լուռ հրաժեշտը։ Այստեղ Չարենցի դեմքը չի երևում․ մնում են միայն ուրվագծերը, ցավի արձագանքն ու խո…

• 10 րոպե

Չարենց․ մահվան գիշերը

(Կինոպատում)

Սառը, ցրտոտ նոյեմբեր:
Ճանապարհ՝ ցեխոտ, խորը ակոսներով, ջրափոսերով:
Ճանապարհի կողքերն ամայի են: Այն ավելի շատ նման է դաշտամիջյան ճանապարհի:
Գիշեր է: Խավար գիշեր: Աղոտ լույս կա: Ավելի շատ լուսնի լույսի է նման՝ սառը կապույտին տվող:
Հեռվում երևում է ճանապարհը լուսավորող սյան լապտերը:
Ճանապարհի կողքերին թեթև ձյուն կա: Ավելի շատ վաղորդյան շաղի նման է, քան ձյան:
Մի քիչ սառած է հողը:
Հեռվից լսվում է քամու թեթև ձայն և սոված շների ոռնոց:

Ակոսների ու ջրափոսերի մեջ երևում են ծեր, ուժահատ ձիու ոտքերն ու ֆուրգոնի անիվը, որը խրվում է ակոսների ու ջրափոսերի մեջ:
Ֆուրգոնը դժվարությամբ է առաջ գնում ճանապարհով, երևում է ծեր և ուժահատ ձիու ամբողջական պատկերը, հետո երևում է ֆուրգոնի կողային մասը՝ վրան ռուսերենով գրված՝ ՀԱՑ:

Ոսկրոտ մի լեշ քրքրող սոված շները հաչալով ու ոռնոցներով հարձակվում են ֆուրգոնի վրա՝ թողնելով իրենց լեշը։
Կառապանը բղավում է շների վրա:
Շները թողնում են ֆուրգոնը ու հեռանում դեպի ոսկրոտ լեշի կտորը, որը շարունակում են քրքրել:
Ֆուրգոնը գնում է առաջ ու մոտենում է ծռմռված, ժանգոտ դարպասների:
Երևում է դարպասի մի մասը:
Դարպասի կողքի սյան վրա երևում է կիսատ գրված՝ Ն.Գ.:
Երևանի բանտի դարպասն է:
Ֆուրգոնը ներս է մտնում դարպասներից:
Շները վազում են դեպի ֆուրգոնը՝ իրենց հետ քարշ տալով լեշը:

Բանտ: Բանտապետը հսկիչի հետ ներս է մտնում մի խուց։
Խցում միայն գորշ պատեր են, ծեփը թափված։ Նեղ մի պատուհան՝ ճաղավանդակով։ Պատուհանի տակ հատակին ամրացված ժանգոտ մի նստարանի նստած է մի կալանավոր՝ նիհար դեմքով, բարեկիրթ արտաքինով:
Կալանավորը կանգնում է։
Բանտապետը հսկիչին կարգադրում է.
— Թող սա օրը երկու անգամ ճաշ տանի դրան։
Նայում է կալանավորին.
— Դու դասատու չե՞ս։ Օրն երկու անգամ կուխնիից ճաշ պտի տանես մի հիվանդի,— ասում է բանտապետը։
Թեթև բարբառային խոսվածք կա։
— Ահա,— վախվորած ասում է կալանավորը։

Առավոտ: Դրսի տեսարան: Մռայլ եղանակ: Ցուրտ: Նոյեմբեր: Անձրևում է: Ձյունախառն անձրև է: Պատի տակ մի տեղ չորացած հացի մի կտոր, որ կրծում են առնետները:

Բանտային խուց:
Առանց պատուհանի ու առանց լույսի սենյակ:
Անկյունում դրված փոքրիկ մի ճրագից աղոտ մի լույս է ընկնում:
Սենյակի մեջտեղում երկաթյա մի սյուն կա՝ հատակից ամրացված մինչև առաստաղ: Կողքին մահճակալ:
Մահճակալի վրա ներքնակ, անկողին չկա: Ներքնակի փոխարեն կա խոնավացած խոտերի մի կույտ: Կույտի տակ թաց է: Երևում է ջրի մասը: Խոտից ջուր է կաթում:
Մահճակալին պառկած է ամբողջովին սավանի մեջ փաթաթված կալանավոր։ Նա գալարվում է սավանի մեջ պառկած, ցավից ոռնում է։ Ինչ-որ անհասկանալի բառեր է շշնջում։

Բանտի միջանցք։ Միջանցքով գնում են հսկիչը և ճաշ բաժանելուն համաձայնված բանտարկյալ ուսուցիչը: Քայլող երկու տղամարդիկ երևում են կիսադեմից կամ մեջքից:
Դեմքեր չեն երևում:
Հսկիչը 1937 թվականի սովետական բանտային հսկիչի հագուստով է, բանտարկյալը՝ մաշված բանտային հագուստով:
Կանգնում են մի բանտախցի առաջ:
Բանտախցի ներսից լսվում է գալարումների, ցավի ձայներ:

Հսկիչը բացում է խցի դուռը, ներս չի մտնում, սպասում է դրսում:
Ճաշ բաժանողը ներս է մտնում: Ներսում երևում է մահճակալին սավանի մեջ փաթաթված, պառկած մի բանտարկյալ: Ամբողջովին փաթաթված է սավանով: Հազիվ երևում է դեմքի մի կիսադեմ: Նա ցավերի մեջ տառապում է, գալարվում է մահճակալի վրա: Նրա շարժումների հետ ներքնակին փոխարինող խոնավացած խոտի խրձից հատակին կաթացող ջուրն ավելանում է:

Տեսարանից վախեցած ճաշ բաժանող բանտարկյալը ճաշն արագ դնում է սեղանին: Ճաշի մեջ ոչինչ չկա: Ճաշամանի մեջ երևում է աղի ձկան մի կտոր ու ջուր:
Սեղանին դրված է նաև կիսաեփ սև հաց:
Ճաշ բաժանողը շփվելու իրավունք չունի մահճակալին պառկած բանտարկյալի հետ: Փորձում է նայել պառկածի դեմքին: Ու մի պահ զգացվում է, որ սարսափում է այդ հայացքից, ցնցվում ու անակնկալի գալիս: Ոչինչ չի խոսում: Արագ, շփոթված դուրս է գալիս:
Հետ գնալիս քայլում է հսկիչից բավականին հեռավորության վրա ու շատ անլսելի ձայնով սկսում է կրկնել. «Չարենցն էր, Չարենցն էր, Չարենցն էր…»։
Երևում է այլայլված դեմքը:

Բանտի խոհանոց: Փոքր սենյակ: Ճաշ պատրաստելու մեծ աման: Ճաշ պատրաստողը խառնում է ամանի եռացող ջուրը: Մեջքով է կանգնած: Մեջը համարյա ոչինչ չկա: Պահարանից վերցնում է վերմիշելի մեծ տուփը: Տուփի մեջ երևում են որդերը, որոնք ման են գալիս վերմիշելի մեջ: Այդ որդնած վերմիշելը լցնում է ճաշի մեջ:

Դուրս է գալիս խոհանոցի բակ: Երեկո է: Ցուրտ երեկո: Ծխում է։ Տեսնում է հացը խժռող առնետներին: Մոտենում է: Առնետները փախչում են: Հացը վերցնում է, ներս է գալիս: Ճմռում է ճաշի մեջ: Հետո ճաշը քամում է, մնում է մաքուր ջուրը: Ջրի մեջ լցնում է մի քանի կտոր յուղոտ ձուկ: Վերցնում է շերեփը: Մի յուղոտ կտորով ձկով ճաշը լցնում է ամանի մեջ: Ներս է գալիս ճաշը տանող կալանավորը: Վերցնում է ճաշը և հսկիչի հետ գնում:

Միջանցքի նույն տեսարանը։ Հսկիչը սպասում է դրսում, ճաշ բաժանողը ներս է մտնում: Ներսում երևում է մահճակալին սավանի մեջ փաթաթված բանտարկյալը: Ամբողջովին փաթաթված սավանով: Նա նորից ցավերի մեջ տառապում է, գալարվում է մահճակալի վրա:
Ճաշ բաժանողը ճաշը դնում է սեղանին: Նախորդ դրված ճաշը տեղում է։ Բանտարկյալը չի կերել։ Ամեն ինչ տեղում է։ Նա մռլտում է և փորը բռնում, կծկվում սուր ցավերից։
Ճաշ բաժանողը փորձում է խոսեցնել: Շշուկով հարցնում է.
— Ի՞նչ կուզեք, որ անեմ ձեզ համար։
Նա բարկացած ասում է.
— Ծխո՞ւմ ես։
— Ոչ։
— Դե գնա՛, թե կարող ես՝ մի հատ ծխախոտ ճարի։
Արագ դուրս է գալիս խցից։
Ճաշ բաժանողն ու հսկիչը քայլում են միջանցքով: Ճաշ բաժանողի այլայլված դեմքը մտածմունքի մեջ է: Ձեռքին ճաշի ամանն է, որ բանտարկյալը չէր կերել: Ամանը բռնած կարծես մի մասունք, նա ցածր շշուկով արտասանում է.
— Նայեցեք, նայեցեք, դուք ինձ չեք ճանաչում։
Ես սիրել եմ աշխարհը՝ այնքան,
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ։
— Ի՞նչ կխոսաս,— հարցնում է հսկիչը։
— Ոչինչ, ոչինչ, խոսում եմ, ինքս ինձ խոսում եմ։
— Հիմար բաներ կխոսաս։
Հսկիչը նրան թողնում է իր խցի մոտ: Նա ներս է մտնում։ Էմոցիոնալ մեծ պոռթկում է ունենում իր խցում: Գոռում է, տանջվում, որ չի կարող օգնել:
— Քե ի՞նչ եղավ, ո՞ւմ ես ճաշ տանում,— հարցնում են խցակիցները։
— Չարենցին։
— Չարենցի՞ն։
— Չարենցին ծխախոտ է պետք։ Սարսափելի վիճակում է։ Չի ուտում։ Ցավերի մեջ է։ Ծխախոտ է ուզում։ Ծխախոտ պիտի ճարենք։
Առավոտ: Ճաշ բաժանողի խցի մեջ թեթևակի լույս կա, բայց պատկերը մռայլ է, մոխրագույն։ Հսկիչը գալիս է, որ տանեն ճաշը:
Նորից նույն տեսարանն է: Քայլում են: Ուսուցիչը ճաշն է տանում: Հսկիչը բացում է դուռը: Ուսուցիչը մտնում է ներս: Ճաշը դնում է սեղանին: Զգույշ ու աննկատ սեղանին դնում է նաև ծխախոտը:
Արագ հեռանում են։ Երևում է, թե Չարենցն ինչ ագահությամբ է այդ էժան մախորկան փաթաթում թղթի մեջ ու ծխում:

Բանտի դուրսը:
Շները փորոտիք են խժռում խոհանոցի պատի տակ։
Գիշերվա լռության մեջ հանկարծ հեռվից լսվում է մեծ աղմուկ, գոռգոռոց, հայհոյանքներ: Բանտային հագուստով մի քանի հսկիչներ վազում են դեպի խուցը:
Մեջքեր են երևում: Դեմքեր չեն երևում:
Աղմուկի, գոռգոռոցի ու հայհոյանքների վրա բացվում է խցի դուռը: Տեսնում են՝ Չարենցը ձեռքով հարվածում է պատերին, մետաղական սյանը, ինչ-որ բան է ասում, հայհոյում է, շատ պարզ չեն լսվում ասածները: (Կարող են լսվել այս խոսքերը շատ թույլ, գրեթե անհասկանալի. «Ինչո՞ւմն է իմ մեղքը, ինչո՞ւմ եք ինձ մեղադրում, էլ չեմ դիմանում, հոգիս տակնուվրա է լինում, շունչս կտրվում է, էլ չեմ ուզում դիմադրել հանուն ապրելու…»)։
Հսկիչները մտնում են ներս: Չարենցին կապում են մետաղական սյանը:

Հաջորդ օրերին տեսարանը կրկնվում է: Հսկիչի ուղեկցությամբ գնում է ճաշ բաժանողը: Մտնում է ներս: Հսկիչը դրսում սպասում է: Վերցնում է նախորդ օրվա ճաշը, որ Չարենցը չի կերել, դնում է նորը: Չարենցը կապված է սյանը: Չի կարող ուտել ճաշը, եթե անգամ ուզենա: (Կադրում կարող է գրվել ամսաթիվը, որ պարզ լինի մի քանի օրվա պատկերը)։
Հենց բացվում է դուռը, Չարենցը բղավում է, հայհոյում, թեպետ ուժասպառ է անգամ ձայնը:

Չեկիստական փոքր աշխատասենյակ։
Չեկիստը լրացնում է N 15/29 մակնշմամբ՝ Իզաբելլա Չարենցի ձերբակալության և Սունդուկյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող նրա բնակարանի խուզարկության օրդերը։ Երևում է ամսաթիվը՝ 23 նոյեմբերի 1937 թվական։

Գիշեր։ Չեկիստական խումբը մոտենում է Սունդուկյան փողոցի թիվ 6 տանը։
Երկու չեկիստներ բարձրանում են շքամուտքով։ Ծեծում են դուռը։ Բնակարանի ներսը։ Իզաբելլան նստած է երկու փոքրիկների՝ Արփենիկի ու Անահիտի հետ։ Չեկիստները Իզաբելլային դուրս են տանում։

Նոյեմբերի 27-ի, լույս 28-ի գիշեր։
Ճաշ բաժանողն ու հսկիչը կրկին գնում են դեպի Չարենցի խուցը։ Ճաշ բաժանողը, ինչպես միշտ արել է, ուզում է ներս մտնել։ Հսկիչը չի թողնում: Ինքն է մտնում այս անգամ: Հսկիչից հետո մտնում է նաև ճաշ բաժանողը, տեսնում է, որ սյանը կապված Չարենցի գլուխը կախված է վրան: Նա մահացած էր:

Հսկիչը սառնասրտորեն քանդում է կապերը: Չարենցի դիակը դխկալով ընկնում է գետնին: Ճաշ բաժանողը սարսափած հայացքով քարանում է։ Վախ կա աչքերում, սարսափ, բայց աշխատում է ցույց չտալ։ Հսկիչը մահճակալից քաշում է սավանանման մի կտոր։ Չարենցի դիակը ոտքով հրում է այդ կտորի մեջ, փաթաթում է, ինչպես լավաշն են փաթաթում: Ոտքով։

Բանտախուց։ Ներս է մտնում հսկիչը, Իզաբելլային է հանձնում ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Վ․ Խվորոստյանի կողմից հաստատված N 2377 քրեական գործի շրջանակում Իզաբելլա Չարենցին առաջադրված ՀԽՍՀ ՔՕ 69-րդ հոդվածի հատկանիշներով կազմված մեղադրական եզրակացությունը։ Ամսաթիվը՝ 27 նոյեմբերի 1937 թվական։

Գիշեր է: Սառը, սառնամանիքոտ գիշեր։ Ֆուրգունով ձին մոտենում է մի բաց դռան: Ենթադրվում է, որ բանտի հետևամասում մի դուռ է, որտեղից դիակներն են տանում։ Ֆուրգոնի կողամասը, որի վրա գրված է ՀԱՑ և որը բացվում է, մոտեցնում են դռանը։ Ուժահատ ձին կրկին երևում է մի պահ։ Դռան շեմը մի քիչ ավելի բարձր է, քան ֆուրգոնի դուռը։ Մի երկու աստիճանի չափ։ Դիակը՝ փաթաթված նույն կտորի մեջ, ոտքով հրում են ու նետում ֆուրգոնի մեջ: Դիակը ընկնելու ձայնը խուլ դխկոցի նման լսվում է։
Ֆուրգոնը դանդաղ սկսում է շարժվել: Ծեր ձին մի կերպ քարշ է գալիս:

Ճաշ բաժանողն իր խցում նստած է։ Մութ է։ Աղոտ լույսի շող կա։ Լուռ, մտքերի մեջ, անթարթ հայացքով, սառած նստած է։ Ու հանկարծ բղավում է ուժեղ, ընկնում է գետնին, աչքին երևում են դեմքեր՝ հսկիչ, բանտապահ, դահիճներ խորհրդանշող դեմքեր։

Լսվում են փոս փորող մարդկանց ձայներ, հևոցներ: Սառը հողի մեջ փոս են փորում: Մութ է: Շրջապատում գրեթե ոչինչ չի երևում: Լսվում է միայն փոս փորողների հևոցը: Թեթև, շատ թեթև լույս է ընկած: Երևում է փոսից դուրս նետվող հողը, բահերի պոչեր։ Կարող են երևալ նաև փոս փորողների դեմքեր՝ մռայլ, տանջված մարդկանց դեմքեր։

Ֆուրգոնը դուրս է գալիս ցեխոտ ճանապարհից։ Մտնում է սալարկված ճանապարհ: Սալարկված ճանապարհի եզրին երևում են բնակելի, սև շենքեր: Գիշեր է։ Ֆուրգոնը գնում է։ Երկու ծերունի՝ վերարկուներով, գլխարկներով, կծկված քայլում են փողոցով: Ֆուրգոնն անցնում է նրանց կողքով: Նրանցից մեկը թեքվում է դեպի ֆուրգոնի ձայնը: Շրջվում են: Ձայնը մոտենում է: Նայում են, ֆուրգոնի վրա գրված է՝ ՀԱՑ:
Ծերունիներից մեկը շշուկով ասում է.
— Հաց են տանում։
Երկուսով հանում են գլխարկները:
Ֆուրգոնը հեռանում է քաղաքից: Սալարկված ճանապարհն ավարտվում է: Սկսվում է հողի ճանապարհը: Երկու ոստիկան, որոնց դեմքերը չեն երևում խավարի մեջ ու ավելի շատ երևում են ուրվագծերը, մոտենում են երկու հոգու, որոնք երևում է, որ քայլել են ֆուրգոնի հետևից։ Արագ նրանց հրահանգում են հեռանալ, այլապես կսպանեն։
Լսվում է հեռացող ֆուրգոնի ձայնը: Խավարի մեջ երևում են ինչ-որ հորիզոններ, բայց ոչինչ չի երևում: Լսվում են փոսը լցնելու ձայներ։
Հետո սև էկրանին գրվում է.

«…Ականատեսի վկայությամբ՝ Չարենցի աճյունը հողին հանձնվեց 1937 թվականի նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը: Բանաստեղծի՝ վերջապես հանգստացած մարմինն իր հավերժական կացարանը փոխադրեցին փակ մի ֆուրգոնով: Ֆուրգոնին ձի էր լծած, աջ ու ձախ պատերին գրված էր «Հաց»: Ձին ծեր էր, ուժահատ, և երկա՜ր տևեց ճանապարհը՝ Երևանի բանտի հիվանդանոցից մինչև… ուրիշ բան տանջալիորեն չորոնելու համար, ասենք՝ մինչև նրա անմահության սկզբի կայարանը: Կեսգիշերվա մութի մեջ հանդիպող հատուկենտ երևանցիները երևի մտածում էին, թե նա իրոք հաց է տանում… Մեր ժողովրդի հին, բարի սովորությամբ՝ մարդիկ, երբ հաց են տեսել, ոտքի են կանգնել ու երկյուղած հանել գլխարկները: Ուրեմն, ոտքի կանգնենք Չարենց-հացի էության և հիշատակի առաջ»: ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ․Գ․ Կինոպատումի համար հիմք են ծառայել Վարդգես Պետրոսյանի տեքստը, Ռեգինա Ղազարյանի հուշերը, ականատեսների գրավոր պատմություններ, Չարենցին ճաշ տարած ուսուցչի հուշերը, տարբեր վավերագրեր, արխիվային նյութեր։ Չարենցի դեմքը ոչ մի դրվագում չի երևում, երևում են ուրվագծեր և, ընդհանրապես, ամբողջ կինոպատումը մեծ ակնածանքով և խոնարհումով դեպի Չարենց-Հացը։

Թողնել մեկնաբանություն