Մուշեղ Մկրտչյան | Սարսափելի պատմություն

Հելենն արտասովոր գեղեցիկ, երիտասարդ աղջիկ էր։ Նրա դասական դիմագծերը, կազմվածքը, հմայիչ ժպիտն ու նուրբ շարժուձևը շատ տղաների սրտեր էին գերել դեռ դպրոցի ավագ դասարաններում, այնուհետև Երևանի բժշկական համալսարանում, ուր նա ուսանում էր։ Նա բարեկիրթ էր, ընկերների հետ հարաբերություններում անմիջական։ Նրա հմայիչ ժպիտին արժանանալու համար երիտասարդներն ու հասուն տղամարդիկ զվարճալի պատմություններ էին պատմում, առանց որևէ առիթի ծաղկեփնջեր նվիրում և կոմպլիմենտներ շռայլում։ Նա բոլորի հետ վարվում էր ընկերաբար, սակայն ոչ մեկին չէր նախընտրում, ինչը նրա երկրպագուների մոտ անհաշտ մրցակցության պատճառ էր դարձել։ Իհարկե աղջիկներից ոմանք նրան մեծամիտ էին համարում ընկեր չունենալու համար, բայց դա նախանձից էր։ Իրականում Հելենն ամբողջովին տրվել էր ուսմանը և իր գաղտնի երազանքներով սպասում էր սպիտակ ձիով ասպետին։
Ասպետը հայտնվեց, երբ Հելենն ավարտելով համալսարանն աշխատանքի էր անցել հիվանդանոցում։ Նրանք ծանոթացան Հելենի գործընկերոջ` հոգեբան պրոֆեսորի ծննդյան տոնակատարության ժամանակ։ Իհարկե, 21րդ դարի թելադրանքով ասպետը ժամանել էր ոչ թե սպիտակ ձիով, այլ սև Մերսեդեսով, իսկ նրա ամրոցը մի հայտնի բանկի շենքն էր, որտեղ մի շարք զրոները ոչ թե գոյություն չունեցող ինչ-որ բանի, այլ ուժի և հզորության խորհրդանիշ էին։ Բանկային ասպետի հայտնությունը որոշ հուսահատ երկրպագուների և նախանձ աղջիկների մոտ կարծիք ձևավորել, թե իբր Հելենը նրա հետ հանդիպում է զուտ շահադիտական նկատառումներով։ Իրականում բանկային ասպետը շատ էլ զարգացած և բարեկիրթ անձնավորություն էր, իսկ ծանոթության պահը նույնիսկ շատ ռոմանտիկ էր։
Երբ Հելենի գործընկերը` հոգեբանության պրոֆեսորը, ներկայացրեց շքեղ կոստյումով բանկիրին և արտաբերեց Հելենի անունը, բանկերը չթաքցնելով հիացմունքն ասաց.
– Հելե՞ն, ես գիտեմ ձեզ։ Դուք Տրոյայից եք, չէ՞։ Ինչպե՞ս եք հայտնվել Հայաստանում։
Հելենի հմայիչ ժպիտին արժանացած բանկային ասպետը չսխալվեց. այդ հանդիպումը նրա համար ճակատագրական է լինելու։
Մեկ տարի անց Հելենն ընդունեց Բանկիրի առաջարկությունը և նրանք ամուսնացան։ Հարսանիքին ներկա էին անվանի հյուրեր` պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, արվեստի աշխարհի ներկայացուցիչներ և, իհարկե, բանկիրներ և գործարարներ։ Համերգային ծրագրին մասնակցում էին բազմաթիվ աստղեր, բայց արարողության ամենատպավորիչ և հիշարժան դրվագը նորապսակների պարն էր։ Ամուսնական զույգի վալսը հիացնում էր հյուրերին։ Ինքը` Հելենը փայլում էր երջանկությունից։ Գունավոր լուսարձակների ներքո զույգը սահում էր մարմարե հատակին, ռիթմիկ առկայծող լույսի ցոլքերին համընթաց։ Հետո տոնական ժապավեններով զարդարված լիմուզինը նրանց բերեց մի գեղեցիկ առանձնատուն։ Ամուսինը Հելենին ձեռքերի վրա բարձրացրեց առանձնատան աստիճաններով, հատակին սփռված վարդի թերթերի վրայով քայլեց մինչև ննջասենյակ, զգուշորեն պառկեցրեց կնոջը սրտիկներով զարդարված լայն մահճակալին և նրանց շրթունքները իրար հպվեցին…
_ _ _
Լեյտենանտ Մխիթարյանը գերազանցությամբ ավարտելով ոստիկանական ակադեմիան դեռ նոր էր անցել աշխատանքի, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը։ Երբեմնի կենսուրախ, կատակասեր երիտասարդը պատերազմից վերադարձավ և շարունակեց ծառայությունը ոստիկանությունում ամբողջովին այլ մարդ դարձած։ Ականի պայթյունից նա թեթև կոնտուզիա էր ստացել և նրա ձախ այտը պարալիզացվել էր` մի փոքր թեքություն տալով բերանին և շրթունքներին։ Նա միշտ մռայլ էր ու մտածկոտ, ամփոփված իր մեջ և գործընկերների հետ շփվում էր միայն անհրաժեշտության դեպքում։ Այդ առավոտ նա աշխատանքի եկավ շատ վաղ ինչպես միշտ։ Նա սուրճ պատրաստեց, տեղավորվեց համակարգչի մոտ և սկսեց աշխատանքը։
– Դու արդեն այստե՞ղ ես։ Բարի լույս, Մուշեղ։ Ի՞նչ ես անում։
Համակարգչի մեջ խորասուզված լեյտենանտը չէր նկատել պետի հայտնվելը, որն արդեն իր գլխավերևից ուսումնասիրում էր համակարգչի մոնիտորի պարունակությունը։ Լեյտենանտը ոտքի կանգնեց։
– Բարև ձեզ, պարոն գնդապետ։ Երեկվա դեպքի հաշվետվությունն եմ գրում։
– Ապրես Մխիթարյան, դու ինձ իմ երիտասարդությունն ես հիշեցնում։ Իսկ ահա պարոն մայորը, որ նորից ուշանում է, ամբողջ օրն այդ ֆեյսբոք, մեյսբուքներում է։ Ի դեպ, ասում է՝ հարմար է լուրեր կարդալու համար։ Դու ինձ կսովորեցնե՞ս։ Թե չէ շուտով թոշակի եմ գնալու։ Ինչո՞վ պետք է զբաղվեմ։
– Իհարկե, պարո՛ն գնդապետ։
– Հա ի դեպ։ Հանձնարարություն ունեմ քեզ համար։ Գիշերը, հենց իր հարսանիքից հետո հանկարծամահ է եղել մի հայտնի բանկիր։ Թեև մահվան բժշկական եզրակացությունը հաստատել է ինֆարկտը, համենայն դեպս գնա, զրուցիր կնոջ հետ։ Տես, կասկածելի հանգամանքներ չկա՞ն։ Հիմա Ամերիկաներում ու Եվրոպաներում այնպիսի թույներ կան, որ ոչ մի հետք չեն թողնում և ուրիշ բաներ են ցույց տալիս։ Ուշադրության հարց է։ Բանկերը հայտնի մարդ էր։ Գեներալի խնդրանքն է։
Գնդապետը մատը վեր պարզեց առաստաղին։

Առանձնատան դուռը բացեց մի տխուր կին, և երբ լեյտենանտն ասաց այցի նպատակը, սևազգեստ Հելենը նրան առաջնորդեց հյուրասենյակ, ձեռքով ցույց տվեց բազկաթոռը և ինքը տեղավորվեց բազմոցին։ Լեյտենանտը շփոթվել էր, բայց հավաքեց իրեն։
– Թույլ տվեք նախ ցավակցություն հայտնել Ձեզ ոստիկանության և անձամբ գեներալ Մեսրոպյանի կողմից։
– Շնորհակալություն,-ասաց Հելենը, ինչին անհարմար լռություն հաջորդեց։
– Կարող եք մի փոքր կոնկրետացնել, թե ինչպես մահացավ ձեր ամուսինը,- վերջապես հարցրեց լեյտենանտը։
– Հենց սիրով զբաղվելու պահին,- կտրուկ և արագ պատասխանեց Հելենը և արտասվեց։
Լեյտենանտը ոչ մի կերպ չարձագանքեց լսածին։ Նա իր տխուր, ինչ-որ տեղ սառած հայացքը գամել էր այրուն։
– Որպես բժիշկ դուք ինչպե՞ս կբացատրեք կատարվածը, խնդրում եմ ներել մանրամասների համար։
– Չգիտեմ, նա հանկարծ անշարժացավ։ Զարկերակ չկար։ Ես արհեստական շնչառություն, սրտի մերսում կատարեցի։ Բայց ոչինչ չօգնեց։ Հետո շտապ օգնություն կանչեցի։ Բայց բժշկական եզրակացություն կա։ Ինչո՞ւ եք ինձ հարցնում այս ամենը։
– Նա թշնամիներ ունե՞ր,- շարունակեց լեյտենանտը։
– Ուզում եք ասել, որ նրան սպանե՞լ են։
Հելենը հեկեկում էր։ Նրա գեղեցիկ աչքերից արցունքներ սահեցին։ Լեյտենանտը կտրուկ շարժումով սեղանից անձեռոցիկ վերցրեց և մեկնելով դեմքը ձեռքերով փակած Հելենին՝ համարյա ծնկի եկավ։ Այդ պահին սենյակի դուռը բացվեց և թղթապանակն արմունկի տակ սեղմած՝ կոստյում, փողկապով մի հաստլիկ անձնավորություն արագ քայլերով առաջացավ դեպի զրուցակիցները։
– Փաստաբան Պապյան, դուք իմ կլիենտին հարցաքննելու որոշում ունե՞ք։
– Ոչ, սա ոչ պաշտոնական զրույց է` ի նշան ուշադրության։
– Նա հարցնում էր, թե Արթուրը թշնամիներ ունե՞ր։ Նրան սպանե՞լ են։ Թունավորե՞լ են,- Հելենը շարունակում էր արտասվել։
Լեյտենանտը փորձեց նոր անձեռոցիկ մեկնել նրան։
– Հիմա դրա ժամանակը չէ, գնացեք,- ասաց փաստաբանը։
Երկու տարի անց հիվանդանոցի սենյակում մահճակալին պառկած, բազմաթիվ վիրակապերով պաթաթված, ոտքը և ձեռքը գիպսում զետեղված լեյտենանտ Մխիթարյանը կպատմի դիմացի աթոռին նստած, գրիչով մորուքը քորող և ծոցատետրում նշումներ անող հոգեբան պրոֆեսորին. «Երբ առաջին անգամ տեսա նրան, աշխարհը փլվեց իմ գլխին։ Նա նման էր Վերածննդի կտավների Մարիային։ Տխուր, վերացած հայացքով, սևազգեստ նա չքնաղ էր։ Եվ պրոֆեսիոնալ բնազդս հուշեց ինձ, որ դա սպանություն էր։ Եվ պատճառը նրան տիրելու և սիրելու ցանկությունն էր։ Ես ի վիճակի չէի խոսել, թեև ակադեմիայում սերտած հարցաշարը կրկնել էի ճանապարհին։ Ինձ մի մեղավոր կիրք էր համակել։ Բոլոր զգայարաններս տենչում էին նրան և միևնույն ժամանակ մեղքի զգացումն ու ամոթը սվատում էին սիրտս սգավոր այդ հրեշտակի հանդեպ առաջացած մեղավոր զգացմունքների համար»։ Բժիշկ հոգեբանը հոգոց հանեց, իսկ Մխիթարյանը միակ առողջ բայց դողացող ձեռքը մեկնեց բաժակով ջրին։

Սակայն վերադառնանք երկու տարի հետ։
Թեև Հելենը մեծ կարողություն էր ժառանգություն ստացել հանգուցյալ ամուսնուց, բայց շարունակում էր ապրել համեստ կյանքով։ Հաճախ շաբաթներով ապրում էր ծնողների հետ Կոմիտասի պողոտայում գտնվող համեստ բնակարանում։ Վաղ առավոտյան մեկնում էր աշխատանքի, ամբողջ օրը զբաղվում իր հիվանդներով, իսկ ուշ երեկոյան վերադառնում տուն և անքուն գիշերները լուսացնում ընթերցանությամբ։ Այդպես շարունակվեց համարյա մեկ տարի։
Օրվա մթնշաղում հիվանդանոցի պատուհանները թակող անձրև երբեմն գրավում էր համակարգչով աշխատող Հելենի ուշադրությունը։ Դուռը թակեցին։
– Այո,- անտարբեր ասաց Հելենը։
Այցելուն հիվանդանոցի հոգեբան, պրոֆեսորն էր։
– Ինչպես ես, ջանիկս։
– Ինչպես պետք է լինեմ, պրոֆեսոր։ Ինչ մռայլ եղանակ է։
– Այո, իսկապես։ Խնդրում եմ, Հելեն, ուղղակի Արման։ Իսկ եղանակն իսկական աշնանային է։ Ձմեռն է մոտենում։ Եվ ով ավելի լավ կհասկանա քեզ, քան իր աշունն ապրող պրոֆեսորը։ Ինչ եմ ուզում ասել, Հելեն։ Չի կարելի այդպես։ Կյանքը շարունակվում է։ Դու երիտասարդ ես, գեղեցիկ։ Դու դեռ պետք է սիրես և սիրված լինես։ Հավատա, կան այս աշխարհում մարդիկ, որ կերջանկացնեն քեզ։ Առաջարկում եմ վաղն ընդմիջմանը ճաշենք միասին, տեսնեմ քեզ հետ ինչ է կատարվում։ Կոնսուլտացիան՝ անվճար։
– Լավ, պրոֆեսոր։
Պատուհանից այն կողմ մթության մեջ առկայծեցին շտապ օգնության լուսային ազդանշանները, և մեքենան հայտնվեց հիվանդանոցի բակում։ Հելենը վեր կացավ տեղից՝ կատարելու իր պարտականությունները։
– Գնամ տեսնեմ ում են բերել։ Իմ հերթապահությունն է։ Մինչ վաղը պրոֆեսոր, շնորհակալություն։
Բուժ եղբայրը հրում էր անվավոր պատգարակը երկար միջանցքով դեպի վերակենդանացման սենյակ։ Պատարագի վրա անշարժ պառկած էր մարզական հագուստով մի տղամարդ։ Պատգարակի հետևից քայլում էր բուժ քույրը՝ ամուր գրկելով կրծքին սեղմած մեկ զույգ բռնցքամարտի ձեռնոց։
Հելենի բժշկական միջամտությունից հետո բռնցքամարտիկը բացեց աչքերը և զարմանքով լի հայացքով ուսումնասիրեց շուրջը։ Հելենը հայացք նետելով ձեռքի բժշկական թղթերին, հարցրեց.
– Ինչպե՞ս եք ձեզ զգում։
Բռնցքամարտիկը զարմացած հայացքը հառել էր Հելենին։
– Ինչպե՞ս է Ձեր անունը։ Դուք հիշո՞ւմ եք ձեր անունը,- նորից հարցրեց Հելենը։
– Սմբատ Տիգրանյան, Արմենիա։
Հելենը ժպտաց թերևս մեկ տարին ի վեր առաջին անգամ։
– Որտե՞ղ եմ ես,- հարցրեց բռնցքամարտիկը։
– Հիվանդանոցում։ Դուք հիշո՞ւմ եք ինչ է պատահել։
– Հա, քուր ջան։ Ռինգի կարմիր անկյունում է Սմբատ Տիգրանյանը, իսկ կապույտում և մի սև բո… անբարոյականի տղա։ Դատավորն ասեց՝ բոքս։ Վախ, ես դրան սատկացնելու եմ։ Սաղ Եվրոպան ծեծել եմ քուր ջան, ավստրալիացի էլ եմ ծեծել, վայ քո.., ախր տռեներս ասեց ձախից զգուշ, վաախ..
– Մի հուզվեք, Սմբատ, որտե՞ղ է ցավում։
– Հոգիս, քուրս, հոգիս ա ցավում։ Տփելու եմ, հորս արև, տփելու եմ, այ կտեսնես քուր ջան, տռեներիս լսելու եմ, չեմ խմելու, չեմ ծխելու, պարապելու եմ ու տփեմ, չկասկածես քուր ջան, տփելու եմ։
– Չեմ կասկածում։ Հիշելու եմ խոստումդ։ Հանուն Հայաստանի։ Եղս՞վ։
– Եղավ քուրս, ես քո ցավը տանեմ։ Եղավ, ոնց չեղավ։ Պոբեդիլ Սմբատ Տիգրանյան, Արմենիա։
Հելենը ծափահարեց և վեր բարձրացրեց Սմբատի իրեն մեկնած ձեռքը։

Առավոտյան Սմբատին դուրս գրեցին հիվանդանոցից, իսկ հաջորդ առավոտյան ծաղկի խանութի առաքման ծառայությունը մի մեծ, գեղեցիկ ծաղկեփունջ բերեց Հելենին։ Բացիկի վրա գրված էր միայն նրա անունը, առանց հետադարձ հասցեի։ Հաջորդ առավոտ Հելենը նոր ծաղկեփունջ գտավ իր սեղանին։ Նա զանգահարեց բացիկի վրա նշված առաքիչների համարով, բայց այնտեղ ոչ մի տեղեկություն չտվեցին, չասացին՝ պատասխանելով, որ ուղարկող պարոնը ցանկացել է անհայտ մնալ։ Մեկ ուրիշ ծաղկեփունջ ժամանեց նաև մյուս օրը։ Եվ այդպես ամեն օր։ Առաջին ծաղկեփնջի ստացումից երկու շաբաթ անց Հելենն, ավարտելով աշխատանքային օրը, քայլում էր դեպի կանգառ, երբ զգաց, որ իրեն հետևում են։ Նա կտրուկ շրջվեց և նկատելով իր հետևից քայլող լեյտենանտ Մխիթարյանին՝ ընդառաջ գնաց նրան։
– Նորի՞ց դուք։ Ինչո՞ւ եք ինձ հետևում։
– Ես ձեզ չեմ հետևում, ես ըըը…,- լեյտենանտը շփոթմունքից կարմրեց։
-Ամեն դեպքում շնորհակալություն ծաղիկների համար։ Բայց դադարեցրեք ինձ ծաղկեփնջեր ուղարկել։ Հակառակ դեպքում ես կմտածեմ, որ դուք կոռումպացված ոստիկան եք։ Որովհետև այդ ծաղկեփնջերն էժան չեն։
Լեյտենանտն ավելի շփոթվեց։
– Բայց ես ձեզ ծաղկեփունջ չեմ ուղարկել…
– Ուրեմն ի՞նչ եք ինձանից ուզում։ Չլինի կասկածում եք ինձ և դրա համար եք հետևում,-Հելենն ակնհայտորեն հիասթափված էր։
– Ես ձեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ես ուզում եմ պաշտպանել ձեզ։ Համոզված եմ, որ ձեր հանգուցյալ ամուսնուն թունավորել են ինչ-որ ամերիկյան թույնով, որը հետքեր չի թողնում։ Վերջապես, ինչ-որ մեկը ձեզ հետևում է։
Հելենը նյարդայնացավ։
-Դադարեցրեք ձեր ցնդաբանությունը։ Դուք ոստիկան եք, թե մանյակ։ Թե երկուսը միասին։ Առայժմ ինձ միայն դուք եք հետևում։
– Ահա նա, ձեզ հետապնդողը, նա ամեն օր թաքուն հետևում է ձեզ,- ասաց ոստիկանը՝ ձեռքը տանելով ատրճանակին։
Հելենը նորից կտրուկ շրջվեց։ Դեպի իրենց էր վազում մարզական հագուստով մի տղամարդ։ Երբ վազորդը մոտեցավ, Հելենը ճանաչեց Սմբատ Մխիթարյանին։ Հելենը ժպտաց։
– Բարև Սմբատ, ինչպե՞ս եք։
– Լավ, քուր ջան, պարապում եմ,- լեյտենանտին ուղղված Սմբատի հայացքը դժվար էր բարի անվանել։
– Սմբատ, ինձ տուն կուղեկցե՞ս։
– Անպայման, քուր ջան։
– Ցտեսություն լեյտենանտ, բարևեք գեներալին,- հրաժեշտ տվեց Հելենը։
– Ախպեր, ֆորմիդ վրա հույս չդնես,- սպառնալից տոնով ավելացրեց Սմբատը։
Հելենը թևանցուկ արեց Սմբատին, և նա իրեն զգաց աշխարհի չեմպիոն։

Հելենին դուր էր գալիս Սմբատի պարզությունն ու անմիջականությունը։ Նա իրեն շատ ապահով էր զգում և մի օր որոշեց զբաղվել Սմբատի մտավոր զարգացմամբ։ Նրանք գնում էին կինո, թատրոն, դասական համերգների, որտեղ Սմբատը թաքուն ննջում էր։ Հելենը պատմում էր իր սիրած գրքերը, հատվածներ կարդում։ Սմբատին հատկապես դուր էին գալիս Դոն Կիխոտի արկածների պատմությունները։ Նույնիսկ մեկ անգամ բռնցքամարտի մենամարտի ժամանակ նա ռուս ախոյանից պահանջեց ընդունել, որ Հելենը աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է։ Եվ երբ հակառակորդը զարմացած հարցրեց “Какая ещё нахрен Хелен”, Սմբատն այնպես բարկացավ, որ վայրկյաններ անց նոկաուտի ենթարկեց լկտի հակառակորդին։ Բայց բռնցքամարտը նաև իր բացասական կողմն ունի։ Մենամարտերից հետո գլխին ստացած հարվածներից Սմբատը մոռանում էր լսած պատմությունները, և Հելենը ստիպված նորից էր պատմում և ընթերցում դրանք։
Մի օր այգում զբոսնելիս Սմբատն ասաց.
– էսօր
– Այսօր,- ուղղեց Հելենը։
– Այսօր մի բան եմ անելու, որ կինոյում եմ տեսել։
– էդ ի՞նչ կինո ես տեսել։
– Ֆրանսիական։
– Վաայ, արդեն անհանգստանում եմ։ Սմբատ, հիշիր, որ ներկայացնում ես Հայաստանը։ Ես ոչ ֆրանսիացի տղամարդկանց եմ հավանում, ոչ էլ նրանց արածները,- զվարճացավ Հելենը։
– Չէ,կարծում եմ չես հիասթափվի։ Խուժան բան չի։
– Դե որ ասում ես։
– Բայց նախ պետք ա գնանք ռեստորան։
Ռեստորանում քյաբաբն ու խորովածը նոր էին մատուցել, երբ հայկական ռաբիզ երաժշտության հնչյունների ներքո անչափ հուզված Սմբատը, առանց ուտեստներին ձեռք տալու, քաջության համար մի բաժակ օղի խմեց, վեր կացավ, ծնկի իջավ Հելենի առջև և մեկնեց գրպանից հանած գեղեցիկ մատանին։
– Քուր ջան, կամուսնանա՞ս ինձ հետ։
– Այ տղա, բա քրոջը ամուսնության առաջարկ են անու՞մ։
Հետո գրկեց Սմբատին ու համբուրեց։ Ռեստորանի այցելուները ծափահարեցին։ Նվագախումբը տուշ նվագեց։ Սմբատը նորից իրեն աշխարհի չեմպիոն զգաց։

Գերեզմանաքարին պատկերված էին Սմբատի դիմանկարն ու մեկ զույգ բռնցքամարտի ձեռնոցներ։ Հելենը խունկ լցրեց ծխացող մոխրի վրա և խաչակնքվեց։ Հեռվում, մեծ շիրմաքարի հետևում թաքնված արդեն կապիտան Մխիթարյանը հետևում էր նրան։ Հելենը քայլեց դեպի ոչ հեռու կայանված ավտոմեքենան։ Կապիտանը դուրս եկավ թաքստոցից և կտրեց նրա ճանապարհը։
– Ցավակցում եմ։
Իրականությունից վերացած հայացքով Հելենը գլխով արեց։
– Նրան նույնպես սպանե՞լ են, կապիտան։
Գլխով ասվածը հաստատելու հերթը կապիտանինն էր։
– Կազմակերպված հանցախումբ է,- ցնորված վստահությամբ ասած կապիտանը,- ֊Ձեզ նույնպես վտանգ է սպառնում։
– Դե թող ինձ էլ սպանեն։ Միևնույն է։ Ես դժբախտություն եմ բերում, այն էլ հարսանեկան առաջին գիշերը։ Ես անիծված եմ։
– Այդպես մի ասեք։ Նրանց նպատակը հենց դա է։ Ընկճել ձեզ։ Խռովել ձեր հոգեկանը։
– Դա նրանց հաջողվել է։ Բայց ինչո՞ւ ես։ Ի՞նչ եմ արել։ Եվ ովքե՞ր են այդպես կոչված «նրանք»։
– Դեռ չգիտեմ։ Բայց կպարզեմ։ Իսկ նպատակը՝ ձեր փողերն են։ Մեխանիզմը դեռ չգիտեմ, բայց կպարզեմ։
– Բայց ըստ բժշկական եզրակացության Սմբատը նույնպես ինֆարկտ է ստացել։
– Իմ ղեկավարությունը նույնպես այդպես է կարծում։ Եվ նորից գործ չհարուցեցին։ Բայց ես չեմ հավատում։ Ես կպաշտպանեմ ձեզ։
– Ինչպե՞ս։
– Ես ոստիկան եմ։ Խնդրում եմ, անպայման զանգեք ինձ, եթե կասկածելի բան նկատեք։ Ահա իմ համարը։
Կապիտանը մեկնեց իր այցեքարտը։ Հելենը վերցրեց այն, առանց որևէ բան ասելու նստեց մեքենան և հեռացավ։ Կապիտանը հայացքով ճանապարհից նրան և քայլեց դեպի իր մեքենան։

Եվ այսպես վերադառնանք հիվանդասենյակ, որտեղ բազմաթիվ վիրակապերով փաթաթված կապիտան Մխիթարյանը մահճակալին պառկած զրուցում էր իր կողքի աթոռին նստած հոգեբանի հետ։ Վերջինս հարցրեց։
– Ինչո՞ւ չէիք հավատում պաշտոնական եզրակացությանը։ Ինչո՞ւ էիք վստահ, որ այդ երկու մահերը պատահականություն չեն։
– Բնազդս էր հուշում, զգացողություն էր, վերջապես պատերազմը ցույց տվեց, թե որքանով են արժանահավատ պաշտոնական լուրերը։ Նաև այն, որ պատահականություններ չեն լինում։ Դրոններն էլ պատահական չէին հայտնվում հենց այն ժամանակ, երբ մենք…
Կապիտանը ընդհատեց խոսքը, փակեց արցունքից թրջված աչքերը, հետո չվիրակապված ձեռքով շփեց դեմքն ու շարունակեց.
– Տրամաբանական վարկած էր հանգուցյալ բանկիրի հարստությանը տիրանալու հանցագործ պլանը։ Սպանել բանկիրին, հետո նվաճել սգի մեջ գտնվող այրուն, մանիպուլացնել նրան և վերացնել։ Սկզբում կասկածում էի բռնցքամարտիկին։ Ստուգեցի կենսագրությունը, բոլոր կապերը։ Կասկածելի ոչինչ չգտա։ Բայց երբ նրան նույնպես սպանեցին, հասկացա, որ ծրագիրն ավելի խորամանկ էր, քան կարելի էր ենթադրել։ Նրանք փորձում էին խելագարեցնել Հելենին, կամ ընկճել այնքան, որ մի բարի մարդ հայտնվի, մխիթարի և ամուսնանա հուսահատ կնոջ հետ։ Այդ օրը երեկոյան 22։14-ին Հելենը զանգեց ինձ և ասաց, որ դռան զանգ են տվել, բայց դուռը բացելիս ոչ ոք չի հանդիպել։ Ես խնդրել էի նրան ինձ տեղեկացնի, եթե որևէ կասկածելի բան նկատի։ Ես քաղաքացիական շորեր հագա, գնացի նրա բակ և որոշեցի ոմն հարբած մեկը ձևանալով՝ գիշերել նրա տան դիմացի այգու նստարանին և հսկել շենքի մուտքը։ Սակայն կասկածելի հարևաններից ինչ-որ մեկը ոստիկանություն էր կանչել։
Ոստիկանական մեքենան կանգ առավ շենքի բակում։ Երկու ոստիկան դուրս եկան մեքենայից և մոտեցան հարբեցողին։ Հելենը պատուհանից հետևում էր զարգացող իրադարձություններին։ Հարբեցողը սթափվում է և գրպանից վկայական հանելով՝ ցույց է տալիս ոստիկաններին։
– Գաղտնի գործողություն եմ իրականացնում, տղերք, խնդրում եմ գնացեք քանի չեմ բացահայտվել։
– Բարի ծառայություն,- շշուկով ասում են ոստիկանները և բարձրաձայն ավելացնում,-գնացեք տուն, ցուրտ է, կմրսեք, ու էլ չխմեք։
Ոստիկանները վերադառնում են իրենց մեքենան և հեռանում։
Հելենն իջնում է աստիճաններով և մոտենում հարբեցող ձևացող կապիտանին։
– Իսկապես ցուրտ է։ Արի թեյ հյուրասիրեմ։
Կապիտանը մի պահ տատանվում է, բայց հետևում է Հելենին։
Խոհանոցի սեղանի անկյունում երկու գինու դատարկ շիշ էր դրված։ Հելենը կապիտանի համար թեյ պատրաստեց, ևս մեկ գինու շիշ վերցրեց և բացիչը պտտեցնելով՝ բացեց այն։ Հետո լցրեց իրեն, և կում կում ըպելով հետևում էր ինչպես է կապիտանը կում, կում թեյ խմում։
– Կուզե՞ս,- վերջապես հարցրեց գինովցած Հելենը։
Հետո առանց պատասխան ստանալու ևս մի բաժակ բերեց ու լցրեց կապիտանի համար։ Որոշ ժամանակ նրանք լուռ խմում էին։
-Կքնե՞ս ինձ հետ,- հանկարծ հարցրեց Հելենը։
– Ի՞նչ,- չհասկացավ կապիտանը։
– Ես քեզ դուր եմ գալի՞ս։
– Ես սիրում եմ քեզ։
– Խոստանու՞մ ես, որ չես մեռնի։
– Խոստանում եմ։
Հելենը բռնեց նրա ձեռքից և առաջնորդեց ննջարան։

Վերադառնանք հիվանդանոց։ Վիրակապված կապիտանի դեմքը կարմրած էր։
– Շարունակեք,- ասաց Հոգեբանը,- ամաչելու ոչինչ չկա։ Ձեր հոգեվիճակում դա բնական է։
– Ինձ մոտ ոչինչ չէր ստացվում։-Կապիտանի ձայնը դողում էր,- ես ներողություն խնդրեցի Հելենից, հագնվեցի և չնայած նա խնդրում էր մնալ, դուրս եկա տնից և իջա բակ։ Արդեն սկսել էր լուսանալ, և ծառին նստած մի ագռավ ծիծաղում էր ինձ վրա։

Կապիտանը հատակից քար գտավ և նետեց կռկռացող ագռավի կողմը։ Ագռավն ավելի հիստերիկ կռկռաց և թռավ։ Կապիտանը սկսեց մագլցել ծառը։ Հետո հանեց գոտին, մի ծայրն ամրացրեց ճյուղին, օղակը հագցրեց գլխին և կախվեց։ Ծառի ճյուղը կոտրվեց և ինքնասպանը վայր ընկավ գետնին։
Աղմուկը լսելով՝ Հելենը վազեց դեպի պատուհանը և տեսնելով կատարվածը՝ հեռախոսով շտապ օգնություն զանգելով վազեց բակ։

Վերադառնանք հիվանդասենյակ։ Կապիտանը ժպտաց։
– Երբ աչքերս բացեցի, տեսա նրան, իմ հրեշտակի, Հելենին։
– Այո, նա ձեր պահապան հրեշտակն է, նա ճիշտ գործողություններով փրկել է Ձեր կյանքը,- ասաց հոգեբանը,- Լավ, հիմա վերցրեք այս հաբը և պահեք։ Սա հաջորդ անգամ Ձեր պատիվը բարձր կպահի հրեշտակին սիրելիս։ Հետո կգաք՝ էլի կտամ։ Իմ անձնական է։ Իսկ հիմա փորձեք քնել։
-Ոչ ես չեմ մնա, ես պետք է գնամ ու պաշտպանեմ իմ հրեշտակին։
– Հրեշտակն այստեղ է։ Հելենն ասեց, որ ձեզ հետ է ուզում մնալ։
Հիվանդասենյակի դուռը թակեցին։ Հետո այն բացվեց և սենյակ ներխուժեցին գնդապետ Թորգոմյանը և երկու ոստիկան։ Նրանց հետևից ներս մտավ Հելենը։
Գնդապետը մոտեցավ հոգեբանին և նրան մեկնեց ձեռնաշղթաները։
– Պրոֆեսոր Խաչիկյան։ Դուք ձերբակալված եք երկու սպանության մեղադրանքով։
Ոստիկանները ձեռնաշղթաները հագցրեցին հոգեբանի ձեռքերին և դուրս տարան նրան։
– Ինչպես ես, Մուշեղ,- հետաքրքրվեց գնդապետը։
Հելենը շվարած հայացքով աջ ու ձախ էր նայում։
– Դու ճիշտ էիր Մուշեղ, ես սխալվեցի,- այսպես խոսեց գնդապետը և շրջվեց Հելենի կողմ.- Ձեր ամուսիններին թունավորել էր այս անձնավորությունը։
– Կբացատրե՞ք՝ ինչ է կատարվում,֊- հարցրեց Կապիտանը։
– Երբ դու ինձ առաջարկեցիր քո վարկածը, ես այն լուրջ չընդունեցի։ Բայց երկրորդ սպանությունից հետո հանգուցյալների արյան նմուշներն ուղարկեցի եվրոպաների մեր կոլեգաներին։ Պատասխանները դրական էին։ Արյան մեջ համարյա չհայտնաբերվող թույներ կային։ Հետո, մինչ քեզ թույլատրել էի հարբած ձևանալ և հսկել աղջկա մուտքը, ուսումնասիրեցինք հարսանիքների բոլոր տեսագրությունները։ Եվ ի՞նչ տեսանք։ Երկու դեպքում էլ, երբ փեսացուները մտնում էին տուալետ, պրոֆեսորը նույնպես գնում էր այնտեղ։ Գտանք այն անձնավորությանը, որը տուալետ էր մտել մինչև փեսացուն և դուրս չէր եկել։ Նա զուգարանում փակված լսել էր, թե ինչպես է պրոֆեսորը տղամարդու պատիվը բարձր պահող դեղահաբ առաջարկում փեսացուին՝ պնդելով, որ առաջին գիշերվա համար այն կարևոր է։ Ահա և վերջ։
– Ինձ էլ է տվել,- ասաց Կապիտանը։
– Տուր այստեղ։
Գնդապետը վերցրեց դեղահաբը և տեղավորեց ապացույցների տոպրակում։
– Ինձ էլ երեկ տուն գնալուց առաջ ինչ-որ հանգստացնող հաբ տվեց, ասաց իր անձնականն է։ Հետո ինձ տուն ուղեկցեց ու դեռ ուզում էր բարձրանալ՝ թեյի։ Լավ է՝ մերժեցի։ Իսկ գիշերը չէի հասկանում ինչ եմ անում։ Կներես, Մուշեղ։
– Անմիջապես արյան անալիզի, ախ այդ սրիկան։ Փորձել է.. Ամեն ինչ պարզ է։ Դե լավ մնացեք, ջահելներ,- հրաժեշտի փոխարեն ասաց գնդապետը։
Հելենը հեկեկում էր։ Կապիտանը ճիգեր գործադրելով վեր կացավ տեղից, կաղալով մոտեցավ Հելենին և գրկեց նրան։
– Ամեն ինչ լավ կլինի,- ասաց նա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *