Մուշեղ Մկրտչյան | Ասք հերոսի մասին

Կեցցե թագավորը

Ծնողները նրա անունը Հերոս էին դրել պարսկահայ պապի պատվին։ Նա արդեն 55 տարեկան էր և Միացյալ Թագավորության թագուհի Էղիսաբեթ երկրորդի հրաժեշտը երկրային կյանքին ընկալեց որպես իր չիրականացված երազանքների և կոտրված կյանքի խորհրդանիշ։ Երևանի անգլիական թեքումով դպրոցներից մեկում սովորելու տարիներին ծանոթությունը հին, բարի Անգլիայի մշակույթին և կարդացած գրքերն Այվենհոյի, Ռոբին Հուդի, Ասկանիոյի և այլ ասպետների մասին նրան մի գեղեցիկ երազանք էին նվիրել, այն է՝ երբևէ դառնալ իսկական ասպետ։ Երբ Սովետական Հայաստանում փոքրիկ Հերոսի վզին առաջին անգամ կարմիր վզկապ կապեցին, նա փակեց աչքերն ու իրեն պատկերացրեց Անգլիայի թագուհու առջև ծնկած։ Թագուհու նուրբ կանացի ձեռքին շողշողացող սուրը հպվեց Հերոսի ուսին, հետո գլխին, և այդ վայրկյանին արտասանելով «միշտ պատրաստ» բառակապակցությունը՝ նա իր երևակայական աշխարհում ստացավ ասպետի տիտղոսը։ Եվ քանի որ ասպետի տիտղոսը դժվարին և հերոսական պարտականություններ է ենթադրում, արտասանելով պիոներական երդման տեքստը, մտքում երդվեց օգնել թույլերին, մարտնչել հանուն արդարության և մեծարել ու սիրել գեղեցիկ, ազնվազարմ կանանց, հանգամանք, որ մեծ ազդեցություն ունեցավ նրա հետագա ճակատագրում։
Այսպիսով, Թագուհու մահը անկեղծորեն վշտացրեց հերոսին, և նա սկսեց իր վիշտը սփոփել ալկոհոլով։ Հենց թագուհու մահը խորհրդանշեց նրա կյանքում անսպասելի և աբսուրդային փոփոխությունների սկիզբը։ Սկզբում խոսքն էր, ավելի ճիշտ մի լուր, բացահայտում, որ ցնցեց Հերոսի ընկերներին, և նրանք միակարծիք հայտարարեցին, որ ի հայտ եկած նոր հանգամանքը շտապ հանգուցալուծման կարիք ունի։ Իսկ նորությունն իր տանը հավաքված ընկերներին հայտնեց Հերոսի վաղեմի ընկերը և համադասարանցին, նվիրյալ Լևոնական, մասնագիտությամբ փաստաբան, տանը մնացած Արփինեն։

Բացահայտում

Հերոսի ընկերների հայացքները սառեցին, իսկ ընկերներից մեկի՝ դաշնակ Վահեի բերանը բաց մնաց։ Նա պապանձվեց, երբ Արփինեն
հայտնեց այն տեղեկությունը, որ մեկ վայրկյանում արմատապես փոխեց ընկերների կարծիքը Հերոսի մասին` մի յուրօրինակ խարիզմա և խորհրդավորության երանգ հաղորդելով նրա կերպարին։ Եթե մեկ րոպե առաջ Հերոսն ընկալվում էր լոկ որպես դաժան կյանքի կողմից կոտրված հարբեցող, ապա լուրը անհասկանալի էրոտիկ հետաքրքրություն առաջացրեց կանանց մոտ, իսկ տղամարդիկ համակվեցին բարի նախանձով։
Սակայն վերադառնանք մեր բացահայտմանը․ Արփինեն պարզապես ասաց, որ որոշ հանգամանքների բերումով Հերոսը երկու օրինական կին ունի։

Ազատ, Անկախ Հայաստան

Ամեն ինչ սկսվեց ոմանց համար ցուրտ ու մութ, իսկ ոմանց համար ղարաբաղյան առաջին հերոսական պատերազմի ձմռանը։
Քաղաքը սուզվել էր գիշերային մթության մեջ։ Մութ էր նաև Հերոսի տանը։ Շների ոհմակի հաչոցն ընդհատեց մոմի լույսի ներքո բազկաթոռին բազմած, վերարկու հագած Հերոսի ընթարցանությունը։ Նա ծալեց գիրքն ու մոտեցավ պատուհանին։ Մութ բակում դժվարությամբ ուրվագծվում էր մի վազող կին, որին հաչոցներով հետապնդում էր թափառող շների ոհմակը։ Հերոսն ինքն էլ չհասկացավ, թե ինչպես թռիչքներով հաղթահարեց շենքի մութ մուտքի աստիճաններն ու հատակը մաքրելու փայտը ասպետի նիզակի պես օդում թափահարելով` օգնության հասավ վախեցած կնոջը։ Մեկ ամիս անց նրանք ամուսնացան։
Լուսինեի հետ երջանիկ սիրո մութ երեկոներն անցնում էին ինքնաշեն վառարանի շուրջ, ուր այրվում էին ոչ միայն որոշ գրքեր, այլ նաև տան կահույքի որոշ մասը, հատկապես սեղանի և աթոռների ոտքերը, և երբ եկան լուսավոր ժամանակները, նրանց սեղանն ու աթոռները դրված էին ուղղակի հատակին, առանց ոտքերի։
Մի օր էլ, երբ 10 հազար դրամ աշխատավարձ ստացող Հերոսը առավոտյան պարտաճանաչորեն ներկայացել էր աշխատանքի, տնօրենի քարտուղարուհին օրվա առաջին հեռախոսազանգով կարգադրեց նրան ներկայանալ տնօրենի կաբինետ։ Հերոսը, մի քայլ հետ գնալով, փորձեց խուսափել իր վրա բղավող տնօրենի բերանից թռչող թքի կաթիլներից։
– Դու ինչով ես մտածում, ոնց, ախր ոնց ա կառելի բացասական եզռակացութուն տալ։ Դու հասկանու՞մ ես ինչ խնդիռների կհանգեցնի դա։
– Նախ ցածրացրեք Ձեր ձայնը, երկրորդ՝ ես Ձեզ թույլ չեմ տվել ինձ դու-ով դիմել, երրորդ՝ ես կատարել եմ իմ աշխատանքը և վերջապես, Ղազարյանն ասաց, որ դա նաև ձեր հրահանգն է,- հանգիստ պատասխանեց Հերոսը։
– Սուտ ես խոսում,- վրա բերեց Ղազարյանը,- ես տենց բան չեմ ասել։
– Դուրս, դուրս, գնա դիմում գրի, դու ազատված ես աշխատանքից,- շարունակեց բղավել տնօրենը։
Հերոսը քայլեց դեպի դուռը, կանգ առավ, հետո վերադարձավ, բռունցքով հարվածեց Ղազարյանի ծնոտին, և վերջին հայացքը նետելով նախագահ Քոչարյանի՝ պատին կախված դիմանկարին՝ դուռը շրխկացնելով հեռացավ։
-Դատե՞նք, նստացնենք,- հարցրեց ծնոտը շփող Ղազարյանը։
– Չէ, առանց աղմուկի,- պատասխանեց տնօրենը,- вот вам ещё одно место,- հռհռաց տնօրենը, էն մարդու համար, որ ասում էիր, վաղը կանչի թող գա։ Ասա հինգ հազար…
Այդ դեպքից հետո գործազուրկ Հերոսը սկսեց խմել։ Անցան շաբաթներ ու ամիսներ։ Հերոսը խմում էր ու լռում, լռում ու խմում։ Վերջապես մի երեկո, երբ Լուսինեն երեկոյան տուն վերադարձավ աշխատանքից, զարմացավ թե ինչու մուտքում լույս կա, իսկ տանը չկա։ Հետո առաջ գալով՝ տեսավ, որ Հերոսը նկուղից բերել է ինքնաշեն վառարանը և մոմի լույսի ներքո կոտրում է նոր աթոռի ոտքը։ Լուսինեի ոտքը դիպավ հատակին գլորվող օղու շշին։
– Դու լրիվ խելագարվել ես, հարբեցող,- պոռթկած Լուսինեն,- էս աթոռները դու՞ ես գնել, ձրիակեր։ Ինչքան կարող է սա շարունակվել։ Ես էլ չեմ կարող, վերջ։ Ես բաժանվում եմ քեզանից։
Փոքրիկ ճամպրուկն ուսին գցած՝ Հերոսը ճոճվելով դեպի հեռուն էր գնում ձյունով ծածկված Երևանյան փողոցում։ Հեռացող Հերոսը նախ վերածվեց ճերմակ ձյան վրա հազիվ նշմարվող սև կետի և ի վերջո լուծվեց-անհետացավ մայրամուտի խավարում։

Հերոսի ԱՄՆ ում բնակվող եղբայրը՝ Վրեժը, իմանալով եղբորը պատահած անախորժությունների մասին, նրան ԱՄՆ այցելելու հրավեր ուղարկեց։ Մեզ արդեն ծանոթ, նվիրյալ ՀՀՇ ական Արփինեն, որ քաղաքում հայտնի փաստաբան էր, քրտնաջանորեն նախապատրաստեց Հերոսին դեսպանությունում կայանալիք հարցազրույցին, սակայն երբ սպասված օրն եկավ, Հերոսը խմեց սառնարանում հայտնաբերած մեկ շիշ սառը օղին և դեսպանություն ներկայացավ Արփինեի հրահանգավորումն իսպառ մոռացած։
Հարցազրույց վերցնող ամերիկացի պարոնը կկոցեց աչքերն ու ամենայն անտարբերությամբ հարցրեց.
– Ինչու՞ եք ուզում ԱՄՆ մեկնել։ Կարոտե՞լ եք Ձեր հորեղբոր որդուն։
– Ճիշտն ասած՝ այդքան էլ չէ։ Նա շատ պնդաճակատ, տափակ, անհետաքրքիր անձնավորություն է։ Միշտ կաշկանդել է ինձ, իբր պետք է լուրջ լինեմ, իրատես։ Ոչ ֆանտազիա ունի, ոչ երազանք։ Օրինակ ասեք, ոնց կարող է մարդն ամբողջ կյանքում մեքենայի մոտոր քանդել, հավաքել ու երջանիկ լինել։ Կյանքում մի գիրք չի կարդացել։
– Լավ,- ըդհատեց ամերիկացին,- ապա ի՞նչ նպատակով եք ուզում ԱՄՆ մեկնել։
– Ինչպես ասեմ. ինձ փոփոխություն է պետք։ Ուզում եմ խմելը թողնել։ Այստեղ չի ստացվում։ Շուրջս ամեն ինչ իմ խնդիրներն է հիշեցնում։ Հոգնել եմ այստեղից։ Ամեն ինչից սիրտս խառնում է։
– Իսկ մտադի՞ր եք վերադառնալ, եթե Ձեզ թույլատրվի մեկնել ԱՄՆ։
– Չգիտեմ։ Վերադառնամ ինչ անեմ։ Աշխատանքից հեռացրեցին, Լուսինեն՝ կինս, այսինքն նախկին կինս, բաժանվեց ինձնից, վերադառնամ ինչ անեմ, չգիտեմ։
Երբ Հերոսը դանդաղ քայլերով հեռանում էր դեպի դուռը, ամերիկացին տխուր հայացքով ուղեկցեց նրան, իջեցրեց պատուհանի վարագույրը, կկոցեց աչքերը, դարակից հանեց վիսկիի շիշը և մեծ կում արեց։
Երբ Հերոսը կաֆեում հավաքված ընկերներին ցույց տվեց անձնագրում դրոշմված վիզայի կնիքը, գարեջրի բաժակն ընկավ դաշնակ Վահեի ձեռքից։ Պատմական գիտությունների թեկնածու Վահեն վերջին հինգ տարում հինգ անգամ դիմել էր վիզայի համար և մերժում ստացել։
– Պատմիր՝ ինչ հարցրեցին, ինչ ասեցիր,- անհամբերությամբ հարցրեց նա՝ ուշադրություն չդարձնելով հագուստի վրայից ծորացող գարեջրին։
Երկու շաբաթ անց դեսպանությունում անկեղծացավ, նույնիսկ վատաբանեց իրեն և կնոջը հրավեր ուղարկած կնոջ եղբորը, ինչի համար կնոջից ապտակ ստացավ անմիջապես դեսպանատնից դուրս գալուց հետո։ ԱՄՆ իշխանությունները մերժեցին Վահեին և կնոջը միանգամից հետագա 5 տարիների համար։

Աստված պահպանի Ամերիկան

ԱՄՆ ում գտնվելու առաջին ամսվա ընթացքում Հերոսի կյանքում ոչ մի ուշագրավ բան տեղի չունեցավ։ Նա մոտորիստ եղբոր գարաժում օգնում էր եղբորն ու շարունակում խմել։ Վրեժը առաջին օրերին նկատողություն էր անում խմելու համար և երկար ճառեր արտասանում, բայց նկատելով, որ Հերոսը երկրորդ բանակից հետո սկսում է մոլեռանդորեն զբաղվել գարաժի մաքրությամբ՝ սկսեց լռել, իսկ երբեմն-երբեմն նույնիսկ խրախուսել։ ԱՄՆ տեսարժան վայրերն ու եղբոր տարբեր ազգության ընկերների զարմանահրաշ պատմություններն ամերիկյան երազանքի և դրան հասնելու ուղիների մասին նրա վրա առանձնապես տպավորություն չէին թողնում։ Հերոսը տխրում էր ու տխրում, մինչ մի օր եղբայրը որոշեց տանել նրան տեղի հայ համայնքի մի մշակութային միջոցառման։
– Իսկ այժմ սիրված պոետ Սեպուհ Նուբարյանը կներկայացնի իր նոր բանաստեղծությունը։
Բուռն ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ սևազգեստ Սեպուհը։ Բեմի լուսավորությունը մարեց։ Միակ լուսարձակն ընդգծեց Սեպուհի խրոխտ կեցվածքն ու խոժոռ աչքերի հայացքը։ Նա արտասանեց շեշտելով յուրաքանչյուր բառ։

Ինչո՞ւ մերժեցիր, ինչո՞ւ
Սերը իմ սրտի
Արժա՞նի չէի ես քեզ
Սիրուն փերի
Այդպես կկարծեի տխրելով

Մինչ չտեսա քեզ պուրակում քայլելով
Դեպի քեզ եկա արագ վազելով
Դուն ինձ չտեսար, հեռուն նայելով
Ահա եկավ BMW մի նոր
Տաճիկ էր ղեկին իր ստոր աչքերով
Կողքը նստեցիր, ինձմե հեռացար
Հավերժ հեռացար, դավաճանեցար
Շուն ես դուն աղջիկ, դև ես, ոչ փերի
Աչքերը պիտի հանիմ ադ դևի
Իսկ տաճիկին շան մահ
Շան մահ տաճիկին
Իմ ոսոխն է նա, ահա և կրկին

Բեմը լուսավորվեց, իսկ դահլիճը պայթեց ծափահարություններից։
– «Բրավո»,- լսվում էր տարբեր կողմերից,- կեցցես Սեպուհ։
Հենց այդ պահին էլ Հերոսը հանկարծ դիվահարի պես ցնցվեց և սկսեց հռհռալ։ Ի հակառակ եղբոր ճմկտոցների, նա չէր կարողանում կանգ առնել։ Նրա անզուսպ ծիծաղի պոռթկումը գրավեց ոչ հեռու նստած կնոջ ուշադրությունը, ում հայացքն ասում էր, որ բացահայտ դժգոհ է Սեպուհի ելույթից։ Գեղեցկադեմ կինն աչքով արեց և պատասխան ստանալով՝ մոտեցավ Հերոսին։
– Դուրս ելնենք ծխենք,- առաջարկեց նա։
Արդեն դրսում, շնորհակալություն հայտնելով Հերոսին կրակայրիչը մեկնելու համար, ասաց.
– Հիսթափվեցա, աբուշին մեկն է Սեպուհը։
– Ապուշն այդ խոսքը չէ, ավանակին մինն է,- Հերոսը նորից ծիծաղեց, բայց այս անգամ ավելի զուսպ։
– Իրավ, անշուշտ, հայրենասեր անձնավորություն մըն է, սակայն չձերբազատվեցավ սեքսիզմից։ Տաճիկը սպանիր, եղբայր, սակայն կնոջ աչքեր հանելը չսիրեցի։ Դավաճան է, ձգե։ Տաճիկի հետ դավաճանած է, առավել ևս։ Ըսիր դև է, բավական է, աչքեր հանելը բռնություն է կնոջ նկատմամբ։ Ոչ, չսիրեցի։
Հերոսի ծիծաղը նորից գլուխ բարձրացրեց, սակայն այս անգամ նա տիրապետեց իրեն։
Ջուդին գործարար էր և, ինչպես երևի կռահեցիք, ֆեմինիստ։ Ինչպես բոլոր ամերիկուհիները, նա նույնպես գտնում էր, որ սեռական, ինչպես նաև բոլոր այլ հարցերում կինը չպետք է սպասի տղամարդու նախաձեռնությանը։ Եվ ստացվեց այնպես, որ Հերոսն առավոտյան արթնացավ Ջուդիի անկողնում։
– Դու սեքսի թագավորն ես,- ասաց Ջուդին նոր արթնացած, շփոթված Հերոսին։
Անցավ եվս մեկ ամիս։
– Բարլուս սեքսի թագավոր,- ասաց Հերոսի եղբայրը՝ Վրեժը,- ուշանում ես, եղբայր։ Մոռացա՞ր, որ փաստաբանի մոտ պետք է գնանք։ Վիզայիդ ժամկետը մեկ շաբաթից ավարտվում է։
– Լսի, ես Ջուդիի հետ դրա մասին խոսեցի։ Առաջարկեց խնդիրը լուծել ամուսնությամբ։ Նույնիսկ ինչ-որ պայմանագիր տվեց, որ կարդամ։
– Թագավորն ապրած կենա, այոոո։ Շնորհավորում եմ։ Ուր է պայմանագիրը, տուր տեսնեմ։ Դա այստեղ ընդունված բան է։
Վրեժը սրբեց ձեռքերը, տեղավորվեց բազմոցին, սկսեց մտքում կարդալ պայմանագիրն ու ծիծաղեց.
– Դու պարտավորվում ես ամուսնական պարտավորություններդ կատարել շաբաթը երեք անգամ։ Երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ գիշերներին։ Այս ուրբաթը պետք է կրճատել, աշխատանքից հետո քեզ հանգստանալ ա պետք։ Ուրիշ կնոջ կամ տղամարդու հետ սեքսով զբաղվելու դեպքում, տուգանքներ ես վճարելու։
Վրեժի ծիծաղը նորովի բռնկվեց, մինչ Հերոսը հաղթահարում էր ստրեսը սառը գարեջրի միջոցով։
Հերոսը պետք է պատասխանատու ընտրություն կատարեր։ Գիտակցությունը, որ բեռ է դարձել եղբոր ուսերին, նեղում էր նրան։
Հակառակ իր կանխազգացման և իրենց հարաբերությունների սովետական նախապատմության, ամերիկյան Վրեժը չափազանց բարի և առատաձեռն էր նրա նկատմամբ, և նա չեր կարող կոտրել եղբոր ոգևորությունը։ Ի վերջո Ջուդին այն փրկօղակն էր, որը նոր փոփոխություն էր ազդարարում նրա կյանքում՝ գարաժի հավաքարարի և մրոտ դետալների փայլեցման աշխատանքը փոխարինելով պայմանագրային սեքսով։ Իսկ շնորհալի փաստաբան Սոլ Գուդմանին հաջողվեց ամուսնական պայմանագրից հանել ուրբաթ լույս շաբաթ օրվա սեքսը՝ բավարար գրպանի փող ապահովել փեսացուի համար, գումարած պարբերաբար հագուկապը արդիականացնելու պարտավորություն և նույնիսկ մեկ երեկո ընկերների հետ գարեջուր խմելու արտոնություն։
Ջուդիի դիետոլոգը օպտիմալ սննդակարգ մշակեց Հերոսի օրգանիզմի կենսունակ գործունեության, սեռական ուժերի վերականգնման համար, և մի խաղաղ երեկո խաղաղ օվկիանոսի ալիքների ծփանքի ներքո Հերոսն «այո» ասեց վրանային ճամբարատիպ վայրում տեղի ունեցող ամուսնական արարողության վճռական և հուզիչ պահին։
Ամուսնական կյանքի առաջին երկու ամիսներն անցան փոխըմբռնման և ներդաշնակ սեքսի մթնոլորտում, բայց ահա երրորդ ամսվա սկզբին արձանագրվեց առաջին պայմանագրային խախտումը։

Միջադեպը տեղի ունեցավ Ջուդիի առանձնատան պարտեզում հրավիրված երեկույթի ժամանակ։ Հերոսը ստանձնել էր խորոված պատրաստելու պարտականությունը և կատարում էր այն հաճույքով։ Ի տարբերություն հեռավոր Հայաստանի, ամերիկյան հասարակությունը փոքրիկ խմբերի բաժանված զրուցում էր, կում-կում ըմպում խմիչքը, և ոչ ոք հետաքրքրություն չէր ցուցաբերում մանղալի նկատմամբ, ոչ ոք խորհուրդ չէր տալիս պտտել միսը։ Այնպես որ հայաստանյան իրականությունում խորովածը վառելու զգուշացումներից և խորհուրդներից դժգոհող հերոսն առաջին անգամ տխրել էր այդ ամենի բացակայությունից։ Սակայն իրավիճակը հետաքրքրացավ, երբ երեկույթի հյուրերից մեկը առանձնացավ զրուցող խմբերից մեկից, մոտեցավ լողավազանին և սկսեց մերկանալ։ Գեղեցիկ կազմվածքով, գինովցած Ժակլինը կլանեց Հերոսի ուշադրությունը, որի պատճառով նա նույնիսկ չնկատեց իրեն ուղղված Ջուդիի սևեռուն հայացքը։ Ժակլինը հանեց կրծկալը ու ջրի մեջ սուզվեց։ Հերոսին նախ սթափեցրեց ծխացող խորովածի հոտը, հետո նաև Ջուդիի խիստ, մեղադրական հայացքը։ Մինչ ժակլինը լողում էր, Հերոսին հաջողվեց շտկել խորովածային իրավիճակը։ Բայց Ժակլինը լողաց դեպի խորովածը և դանդաղ դուրս գալով ջրից՝ խնդրեց բերել խալաթը։ Հերոսը արագ քայլերով կատարեց խնդրանքը և պարզեց խալաթը, որ մերկ Ժակլինը հագնի։ Վերջինս շրջվեց և նախ մտցրեց ձեռքերը մեջքով հպվելով Հերոսին, հետո նորից շրջվեց, հպվեց և վերջապես շնորհակալություն հայտնելով՝ հեռացավ։
– Խորովածն այրվեց,- վերջապես նա լսեց այքան կարոտած նախադասությունը։ Բայց այն ասված էր Ջուդիի մետաղյա, սպառնալից ձայնով։
Երեկույթի ավարտից հետո Հերոսը փակվել էր զուգարանում, իսկ Ջուդին դռանը հարվածելով հիշեցնում էր նրան, թե ում է պարտական հոս մնալու, բարեկեցիկ կյանքի համար։ Հիշեցնում էր ամուսնական պայմանագրի դրույթները, սպառնում էր զրկել գրպանի փողից և նույնիսկ բաժանվել և ենթարկել խիստ պատժամիջոցների։
Սակայն Ջուդին չբաժանվեց։ Իսկ մի քանի օր անց ընտանեկան հոգեբանը, ում այցելել էին Ջուդիի նախաձեռնությամբ, նրանց խորհուրդ տվեց փոխել միջավայրն ու միասին ճանապարհորդել։

Վերադարձ

Ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում։ Դեպի Երևան սլացող տաքսիի պատուհանից Հերոսը ագահորեն կլանում էր քամու շիթը և շնչում ծանոթ բուրմունքով օդը։ Նա կարծես առաջին անգամ էր տեսնում փողոցները, որոնց ամեն անկյունը ծանոթ էր ու հարազատ։ Տաքսին կանգնեց կարմիր լույսին։ Մի տարեց զույգ թև թևի մտած ձեռնափայտերի հենված՝ ծանր քայլերով անցավ փողոցը։ Կանաչ լույսերը հերթով լուսավորեցին երեկոյան փողոցը։ Մեկ ուրիշ զույգ, այս անգամ թևանցուկ երիտասարդներ, մի պահ կանգ առան ու համբուրվեցին։ Հերոսի աչքից արցունքի կաթիլ հոսեց այտն ի վար։ Ջուդին ինչ-որ բան էր նայում հեռախոսում։ Հերոսն ուզեց հեկեկալ, բայց արհեստական հազով զսպեց հուզմունքը։
– Մրսած չլինես։
– Չէ, ամեն ինչ լավ է։ Թագուհուն հրաժեշտի մասին ինչ են գրում։
– Դեռ պտույտ պիտի տան երկրում։ Իրավ մեծատառով կին էր։ Ժողովուրդը շատ էր սիրում…

Հյուրանոցի սենյակ մտնելով՝ Ջուդին բացեց ճամպրուկը, իսկ Հերոսը նետվեց դեպի մինի բար և դատարկեց վիսկիի փոքր շիշը և բացեց հաջորդը։
Ջուդին ճամփրուկից հիգիենայի պարագաներ վերցրեց և բազմանշանակ ելևէջներով ասաց.
– Գնամ ցնցուղ ընդունեմ։ Շատ մի խմիր։ Չես մոռացե՞լ, չէ, այսօր շաբաթ է։
Ջուդին աչքով արեց ու անցավ լողասենյակ։ Հերոսը հագավ կոշիկները, գրպաններում տեղավորեց անձնագիրն ու դրամապանակն ու դուրս նետվեց սենյակից։

Դռան երկար զանգն արթնացրեց փաստաբան, նվիրյալ ՀՀՇ ական, տանը մնացած Արփինեին։
– էս ո՞վ է գիշերվա կեսին,-մտածեց նա։
Արփինեն դժկամությամբ վեր կացավ անկողնուց, հագավ խալաթը, փնթփնթալով մոտեցավ դռանը և դուրս նայեց դռան անցքից։
Բաց դռան առաջ կանգնած էր Հերոսը։
– էս ե՞րբ ես եկել, չէի՞ր կարող զանգել։ Ի՞նչ է պատահել։
– Թույլ կտա՞ս այսօր գիշերեմ։ Ամեն ինչ կբացատրեմ, քո օգնության կարիքն ունեմ։

Բազմոցի մեջ ընկղմված Հերոսն ավարտեց իր պատմությունը եզրափակելով․
– Էլ չեմ կարող։ Վերջ։
Արփինեն երկար, կարեկցող և ուշադիր լռությունից հետո վերջապես խոսեց.
– էս ինչ պատմության մեջ ես ընկել, այ տղա։ Չգիտեմ ծիծաղեմ, թե լացեմ։ Թագուհիդ էլ մահացավ առանց քեզ ասպետի տիտղոս տալու։ Լավ, հիմա մի լավ լուր ես ունեմ քեզ համար, բայց հետո երևի ծիծաղենք միասին։ Բայց չմտածես, մի բան կանենք։
– Ասա
– Լուսինեն, նա դեռ սպասում ու սիրում է քեզ։
Հերոսը քարացավ։ Հետո նորից արհեստական հազով վերականգնեց հուզմուքից սեղմվող կոկորդի խոսելու ընդունակությունը։
– Ինչպես ա։ Ուրիշ մեկը չունի՞։
-Ոչ, նա զղջաց, որ բաժանվել է քեզնից, ախր անտանելի էիր… Եվ ինձ խնդրեց օգնել։ Ես սխալ գտա դատական պրոցեսում ու դիմեցի վերաքննիչ դատարան։ Վերաքննիչը բեկանեց ամուսնալուծության որոշումը։
Արփինեն սկսեց քրքջալ։
– Հիմա դու երկու կին ունես։
Հերոսը նույնպես սկսեց ծիծաղել, հետո լացել։
– Արի, արի տեղդ ցույց տամ, քնի։ Հոգնած ես։ Առավոտյան կմտածենք՝ ինչ ենք անելու։

Առավոտյան դեռ չարթնացած՝ Հերոսը նորովի ընկալեց փողոցային թափառող շների խմբակային հաչոցը՝ հիշելով Լուսինեի հետ առաջին հանդիպումը։ Շները հարազատ էին։ Բացելով հոգնած աչքերը նա ժպտաց։ Հարազատ էր նաև թռչունների առավոտյան երգը։ Հարազատ էր տանը տարածված սուրճի բուրմունքը։ Նա վեր կացավ, հագնվեց և խոհանոցում Արփինեին գտավ արտասվելիս։ Չսպասելով հարցին՝ Արփինեն հեկեկաց։
– Պատերազմ է սկսվել։ Նորից պատերազմ։ 44 օրյան այդքան կյանք տարավ։ Հիմա նորից։ Աստված, ինչ է արել այս ժողովուրդը։
Հերոսը գրկեց Արփինեի ուսերը։
– Ես պետք է գնամ։
– Սպասիր, ուր ես գնում։ Նստիր նախաճաշիր։ Հիմա Լուսինեն կգա։
Բայց հերոսն արդեն հագել էր կոշիկները։
-Կզանգեմ,- հրաժեշտի փոխարեն ասաց նա և գնաց…

Աշխարհը կլոր է և ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր։ Մենք նույնպես վերադառնանք այս պատմության սկզբում Արփինեի տանը հավաքված ընկերներին, երբ նա բացահայտեց Հերոսի բազմակնության փաստը, իսկ դաշնակ Վահեն էլ պապանձվեց անսպասելի լուրից։
– Նախանձելի է,- փորձեց կատակել Վահեի կինը՝ Նունեն, որը մեզ ծանոթ էր ԱՄՆ դեսպանության կողմից վիզայի մերժումից հետո ամուսնուն հասցրած ապտակով։
– Երևի դրա մոտ է վերադարձել,- Հերոսի անհետացման իր վարկածն առաջարկեց Լուսինեն։
– Գուցե և երրորդն ունի։ Լսի դա վագր է,- իր հիացական հումորը շարունակեց Նունեն։
֊-էհ կատակի ժամանակ ես գտե՞լ,- Տեր-Պետրոսյանի պատից կախված դիմանկարին թարս հայացք նետելով՝ սաստեց դաշնակ Վահեն։
Այդ պահին հեռուստացույցն ազդարարեց վերջին լուրերի թողարկումը։ Արփինեն բարձրացրեց ձայնը։ Բոլորը լռեցին։ ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրեց ճակատում տիրող իրավիճակը։
Հետո նորից լսվեց հաղորդավարի ձայնը։
– Մենք շարունակում ենք պատմել մեր զինվորների և սպաների սխրանքները։ Ուշ երեկոյան հետախուզական խումբը, որտեղ ծառայում էր կամավորական Մխիթարյանը, ենթարկվեց ԱԹՍ-ի հարվածի։ Մխիթարյանը միայնակ հետ մղեց թշնամու ջոկատի հարձակումը, այնուհետև հերթով դուրս բերեց վիրավոր ընկերներին առաջնագծից։ ՀՀ նախագահի հրամանագրով Հերոս Մխիթարյանին շնորհվել է ազգային հերոսի կոչում և մարտական ասպետի շքանշան։
Հեռուստաէկրանին հայտնվեց զինվորական համազգեստով Ասպետի դիմանկարը։
Վերջ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *