Փետրվարի 23-ին, «Ակումբ» (The club) ժամանցի կենտրոնում կայացավ «Գրանիշ» գրական պարբերական նոր՝ «Գրանիշ խուժանական» համարի շնորհանդեսը: Բացման խոսքում համարի բովանդակային ու գեղագիտական առանձնահատկությունները ներկայացրեցին խմբագրակազմի անդամները, համարի հեղինակները:
«Գրանիշի» ամեն մի թողարկում իրոք գրական իրադարձություն է, որովհետև ոչ կոմերցոն ձեռնարկ լինելով, նախ համախմբում է գրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ հեղինակներ, թարգմանիչներ, հրատարակիչներ՝ ուղղակի գրական միջավայր ստեղծելու համար: Ամսագիրը սովորեցնում է ընթերցել ժամանակակից գրականություն: Այն նախատեսված է հիմնականում այն ընթերցողի համար, ով արդեն ունի գրական ճաշակ և «պրոֆեսիոնալ» է այդ հարցում: (Կարեն Անտաշյան, բանաստեղծ , «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր)
«Ընդհանրապես մեր ամսագրի համար որդեգրում ենք այսպես թեմատիկ շրջանակ: Եվ հիմնականում հաշվի ենք առնում այն թեմատիկ շրջանակները, որոնք, նախ, հետաքրքրում են հասարակությանը: Մեր հասարակությունը հավասարապես խուժանական է համարում և՛ որևէ ֆիլմ, որում կիսաբաց կուրծք կա, և՛ պոռնոֆիլմը: Սա բերում է համահարթեցման, այսինքն` և՛ բարձրարժեք ֆիլմը կամ գրական ստեղծագործությունը, և՛ խոտանը դիտարկվում են մեկ հարթության մեջ։ Մենք ուզում ենք, օգտագործելով հենց իրենց օգտագործած բառը` «խուժանական», վերարժևորել այն և տալ լուրջ նշանակություն( Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ, «Գրանիշ» գրական պարբերականի խմբագրակազմի անդամ)
«Մեր բնորոշմամբ` «խուժանականը» գրականության մեջ էրոտիզմի գեղագիտական բարձր դրսեւորումն է. ամեն «խուժանություն» դեռեւս «խուժանական» չէ: Համարի գեղագիտական առանցքը կառուցել ենք հայ գրականության մեջ էրոտիկ գրականության տարբեր դրսեւորումներով` սկսած պատմիչներից մինչ ժամանակակից գրողներ: Այսինքն, պատմական առանցքի մեջ փորձել ենք ներկայացնել, թե ինչպիսին է էրոտիկ գրականությունը» : (Հասմիկ Հակոբյան, գրականագետ,«Գրանիշ» գրական պարբերականի խմբագրակազմի անդամ)
«Կան տեքստեր, որոնց մասին մեր հասարակության մեջ այնքան էլ շատ չի խոսվում, և նման թեմաների շուրջ տաբու է դրված։ Կարծում եմ` Հայաստանում դժվար է միանգամից արդյունքի հասնել: Նման թեմաներին պետք է պարբերաբար անդրադարձ լինի։ Հրաշալի կլինի, եթե ինչ-որ բան փոխվի։ Դա կախված է ընթերցողների քանակից։ Ինչքան շատ մարդ կարդա, այնքան շատ համարի շուրջ բանավեճեր տեղի կունենան» (Արամ Պաչյան, արձակագիր, «Գրանիշ» գրական պարբերականի խմբագրակազմի անդամ)
«Ինչպես որ երկու ընկերներ մտերմիկ, հանգիստ, առանց կաշկանդվելու զրուցում են իրար հետ, այդպես էլ գրողն ընթերցողի հետ նույն ինտիմ հարաբերությունների մեջ պետք է լինի: Պետք է պարզ լինեն հարաբերությունները։ Այս գրականությունը լուծում է հենց այս հարցը հասարակության մեջ տիրող կեղծ բարեպաշտական վիճակները, Իրականում այն նորմալ գրականություն է, ամբողջ աշխարհը կարդում է։ ԱՄՆ-ը այս փուլն անցել է 30-ական թվականներին, Ֆրանսիան` 90-ականներին, մենք էլ պետք է անցնենք»: (Արմեն Մարտիրոսյան «Անտարես» հրատարակչության տնօրեն)
Գրականության մեջ չկա բարձրարժեք արվեստի և գռեհկության սահման ,կա ճաշակի հարց: Ընթերցողներն իրենք են որոշում այդ սահմանն՝ ըստ իրենց ունակությունների և ճանաչողության մակարդակի: Ով դաստիարակվել է դասական գրականությամբ, յուրաքանչյուր բաց տեսարան կամ հայհոյանք, որը կարող է տեղին լինել, կհամարի գռեհիկ: Շատ գրքեր ընթերցած մարդը կարող է տարբերել դրանք: (Հայկ Համբարձումյան, գրականագետ «Գրանիշ խուժանական» համարի հեղինակ)
Միջոցառման երկրորդ մասում «Գրանիշ» գրական ակումբն ու «Անտարես» հրատարակչությունը մրցանակներ հանձնեցին մամուլում ժամանակակից գրականությունը մլավագույնս լուսաբանած հաղորդաշարերին ու լրագրողներին:
- «Շողակաթ» հեռուստաընկերության «Թեմա» հաղորդման հեղինակ և վարող Հայկ Համբարձումյանը
- «Շողակաթ» հեռուստաընկերության «Մշակութային ազդագիր» հաղորդաշարը
- «Հանրային ռադիոընկերության» «Վերնատուն» հաղորդաշարը
- «Իրատես դե ֆակտո» շաբաթաթերթի լրագրող Արմինե Սարգսյանը
- «Երկիր.am» լրատվական կայքի լրագրող Կարինե Հարությունյանը
- «Ազատություն ռադիոկայան»-ի «Գրողը և իր ժամանակը» հաղորդաշարի հեղինակ և վարող Գայանե Դանիելյանը
Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև խաղարկություն, և շուրջ տաս մասնակիցներ շահեցին «Անտարես» հրատարակչության « 21-րդ դար» մատենաշարի գրքերից: Շնորհանդեսի ամբողջ ընթացքում իր հրաշալի երաժշտական կատարումներով հանդես եկավ երիտասարդ երգահան Դավիթ Բալասանյանը:
Հ.Գ «Գրանիշ» գրական ակումբը իր խորին շնորհակալություն է հայտնում շնորհանդեսի բոլոր մասնակիցներին, բարեկամներին, ընթերցողներին` մեզ հետ այս շնորհանդեսը հրաշալի գրական տոնի վերածելու համար:
Վերջապես գտա ՁԵԶ