ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ | Նամակ` դստերս

Արշակյան Մհեր

Աղջի’կս, ես չգիտեմ, թե քո հանդեպ իմ ամբողջ անզորությամբ հանդերձ ինչ կարող եմ անել քեզ համար: Գուցե ես չճանաչեմ քո սիրտը, բայց ուզում եմ, որ դու որոշ պատկերացումներ ունենաս այն աշխարհի մասին, որտեղ ապրելու ես: Եվ, հիշիր, այն, ինչ ասելու եմ, անբնական է, որքան էլ դու դրանց մասին լսես ամեն օր, ցանկացած առիթով եւ որքան էլ դրանք այս աշխարհի ասելիքն ու անելիքն են ամեն վայրկյան:

Կյանքի մասին

Կյանքը փորձությունների թատերաբեմ չէ, աղջի’կս, այլ անգրագիտության մարտադաշտ: Ոչ ոք քեզ թույլ չի տա պարզապես ապրել եւ լինել մարդ: Բոլոր հիմարությունները մտածվել են իբրեւ կյանքը շարժման մեջ դնելու ազդակ: Ապրել կարողանալու համար բավական է, որ հետին մտքեր չունենաս: Ցանկացած հետին միտք վիրուս է, մարդկանց ապրեցնում է հենց հետին միտքը: Մարդը վարակվում է` ապրել կարողանալով, այդպես էլ չիմանալով, թե ինչ է կյանքը: Ոչ մի վատ բան մի մտածիր մարդու մասին, ում աչքերի մեջ չես նայել: Եվ, հիշիր, դու ամեն օր, գուցե, ամեն վայրկյան առերեսվելու ես մարդու ամենահրեշավոր որակների հետ: Հենց դա է կյանքը: Ուրիշ կյանք չի լինում, աղջի’կս: Բոլորն են քայլում դեպի իրենց ամենահրեշավոր որակները: Որովհետեւ ոչ ոք չի ուզում ետ մնալ ապրելուց:

Ազատության մասին

Աղջի’կս, ես շտապում եմ քեզ պատմել մարդու մասին, որն իր ամեն օրն անվանել է կյանք: Հիշիր, որ ծնվել ես ազատ: Եվ մոռացիր, որ կյանքում դու պետք է նվաճես քո ազատությունը: Ազատությունն իրավունք չէ, այլ օրգանական փաստ: Կյանքն ազատության իրացումն է: Ազատությունը քո պարզ դիմադրողականությունն է` ի հեճուկս բռնացողի: Բայց թող երբեք մտքովդ չանցնի դուրս գալ պայքարի ընդդեմ քո ազատության վրա բռնացողի, որպեսզի երբեք չասես նրան, թե ինչ է ազատությունը: Բռնացողը չգիտի, թե ինչ է ազատությունը եւ չի իմանալու: Եվ նա քեզանից քո ազատությունը չի ուզում: Իսկ գիտե՞ս, թե ինչու նրա ուզածը քո ազատությունը չէ: Որովհետեւ նա քո կյանքը չի ուզում: Նրա ուզածը դիմացինի կյանքը չէ, նույնիսկ երբ սպանում է: Ցանկացած բռնակալ գիտի, որ վերստին արթնացողի վրա ինքը իշխանություն չունի, նա կարող է ստիպել, որ լինես իր ստրուկը, ապրես ըստ նրա: Բռնակալները կարող են իշխել, քանի դեռ դեմքով չգիտեն իրենց ստրուկներին: Եվ քո խնդիրը չի լինելու ամենքին իմանալ դեմքով:

Սիրո մասին

Սիրո մասին ես ոչինչ չգիտեմ: Կարծում եմ` կգա ժամանակը, աղջի’կս, երբ դու էլ ոչինչ չես իմանա: Հավանաբար ես հարկ եղածի չափով չգիտեմ, թե ինչ է տագնապը: Ուստի սիրուց ոչինչ չեմ հասկանում (քո հանդեպ սերը չափազանց բնական է, որպեսզի ես այդ մասին խոսեմ):

Երջանկության մասին

Աղջի’կս, երջանկության մեջ դավադրություն կա, որովհետեւ երջանկությունը մարդուն ավելի ու ավելի մենակ է դարձնում` առանց նրա կյանքին որեւէ իմաստ հաղորդելու: Եվ այն փոքր, ուրիշ մեկի համար որեւէ նշանակություն չունեցող կյանքի ձեռքբերում է, որովհետեւ երջանկությունը կոնկրետ է, տառապանքը՝ ոչ: Երջանկությունը հաղթողի դափնի է, կրեցիր քո վրա, մնալու ես նրան գերի եւ միշտ քայլելու ես դեպի նորանոր դափնիները: Ինչքա՞ն պետք է հայացքդ փակած լինես ամբողջ աշխարհի առջեւ, որպեսզի կարողանաս երջանիկ լինել: Զգոնության համար սովորիր աշխարհագրություն:

Հնազանդության մասին

Աղջի’կս, եթե ամուսնանալու լինես, ամուսնացիր խելոք մարդու հետ, հիմարի հետ դու նույն հիմարն ես, քո հնազանդությունը հիմարին ոչինչ չի սովորեցնի, փոխարենը քեզ կդարձնի ագրեսիվ: Հիշի’ր, ցանկացած հիմար մեծամասնություն է ցանկացած խելոքի նկատմամբ, որովհետեւ հիմարն իրեն տեսնում է ամենուր, խելոքը թաքնվում է: Քո ծննդյան փաստի մեջ քո պատմությունն է, դու եկել ես լինելու այս անհանգիստ մարդկության մասնիկը, որն շտապում է ապրել: Մարդիկ լուրջ են, աղջի’կս, եւ, ապրելուց բացի, ոչնչի ժամանակ չունեն: Դու չես հանդիպելու հնազանդների եւ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չես նայելու հնազանդության աչքերի մեջ: Ահա ինչու` քեզ վերապահված է հնազանդ լինել առանց առերեսման: Հիշի’ր, հնազանդությունն էթիկական փաստ է, այլ ոչ թե ինտելեկտուալ: Բայց նրա ամբողջ բերքն ինտելեկտն է հավաքում: Հնազանդ լինելու համար պետք է իմաստուն լինես հասկանալու համար, որ հնազանդությունը փոխադարձ չի լինում: Հնազանդությունը շփոթեցնում է իշխանության ծարավ մարդուն, բայց եթե նա ոչինչ չի յուրացնում, ուրեմն դա հենց կյանքն է: Իմաստությունն ինքն էլ, ի վերջո, էթիկական է, որովհետեւ դա հենց այն է, ինչը քեզ հաշտեցնում է անհանգիստ աշխարհի հետ, առնվազն դու քեզ չես կարող եւ չես փորձելու պարտադրել աշխարհին: Իմացությունը հաղթաթուղթ չէ, աղջի’կս, բայց հիմար լինելուց լավ է:

Հիմարության մասին

Հիմարությունը մեծագույն արատն է, աղջի’կս, որովհետեւ այն«վաստակում» ես: Հոգեկան մնացած բոլոր արատներից հիվանդության հոտ է գալիս: Հիմարությունից են մարդիկ խփում իրար, հիմարությունից են ուզում իրենց ճոխ կյանքը մտցնել ուրիշի աչքը, հիմարությունից են կառչում իշխանությանը եւ, ընդհանրապես, հիմարությունից են մղում ուրիշի պայքարը: Զգոն եղիր, աղջի’կս, մարդը հիմարությունից է հպարտ:

Հպարտության մասին

Մարդը հպարտ չի հնչում, աղջի’կս, չխաբվես: Երբեմն չէր խանգարի պարզապես սոխակ լինել: Իր իմացության գագաթնակետին մարդը մտածում է միայն փախուստի մասին: Եթե մարդը հպարտ հնչեր, նա կբավարարվեր մարդ լինելով: Հպարտ մարդու սնունդը մյուսների հալած հայացքն է: Հպարտությունից է, որ մարդն իրեն հաշիվ է տալիս, թե քանի անգամ է ներել դիմացինին: Հպարտ մարդու արտահայտություն է՝ ինչքա՞ն կարելի է ներել: Առաջինը ներիր, աղջի’կս, եւ միշտ, որովհետեւ կա վտանգ, որ դիմացինդ այդպես էլ չի հասկանա, թե հատկապես երբ եւ որտեղ է սխալվել: Գործ չունես այն իրավացիության հետ, որի համար մարդիկ զոհել են իրենց լավագույն որակները: Եթե քո ընկերոջ հետ վեճում իրավացին դու ես, բայց նա հեռացել է կոտրված սրտով, եւ, ինչպես ինքն է մտածում, պարտված, ոչ մի վայրկյան նրան մի թող իր թյուրիմացության հետ: Ասա նրան, որ բնությունը հպարտ չէ, եւ որ ցանկացած բնական աղետ հենց մեր պարտությունն է պատմում:

Թշնամու մասին

Եթե դու մարդուն ամեն օր չես հանդիպում, նա չի կարող լինել քո թշնամին: Եվ հիշիր, ոչ ոք թշնամի չունի, աղջի’կս, բայց թշնամին կյանքը շարժման մեջ դնելու մի եղանակ է, այն նույնպես «վաստակում» են: Ցանկացած վեճ, որտեղ դու նախահարձակ չես, թշնամու մարդակազմությունն է: Հիմարության մասին քեզ քիչ բան չեմ ասել, աղջի’կս, փորձիր հասկանալ, թե ինչպես է հարազատը դառնում թշնամի: Չէ՞ որ միայն հարազատը կարող է թշնամի դառնալ: Իսկ դիմացինը թշնամի է դառնում, երբ, ի վերջո, վեճի մեջ գրավում ես նրա արժանապատվությունը, երբ նրա վաղվա օրը քոնն է: Եվ հիշի’ր, հարազատներից ու ընկերներից հեշտ ոչ ոք չի սխալվում:

Փառքի մասին

Փառքի մասին մտածելիս հաճախ նայիր հայելու մեջ, երբեք մի’ մոռացիր, թե ինչքան է քո հասակը, քանի կիլոգրամ ես կշռում, կարդա, անպայման, կարդա եւ կարդա անկախ այն բանից, թե ինչ եմ քեզ գրել: Որովհետեւ փառքը մարդու խելքի բանը չէ: Մահկանացուությունը քո ամբողջ մեծամտության սահմանն է: Քո իմացությունը եւ մյուսների ֆոնին փայլելու հնարավորությունը միայն միջոց է, աղջի’կս, որ մնացածի համար չլինես այնպիսին, ինչպիսին նրանք են քո հանդեպ: Եվ հիշի’ր, որ փառքը եւ անմահությունը իրար հետ կապ չունեն եւ որ դրանցից յուրաքանչյուրն էլ մարդու բանը չեն: Փառքն Աստծունն է (ճանաչիր ինքդ քեզ), իսկ անմահությունը… աստվածներինը:

Մահվան մասին

Մահվան մասին մի’ մտածիր, աղջի’կս: Սիրի’ր կյանքը: Մեզանից յուրաքանչյուրը կյանքի միակ մարդկային դեմքն է: Եվ այս աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ միայն այդ դեմքով է հնարավոր պահպանել: Վայ մեզ, աղջի’կս, եթե վերջնարդյունքում մենք սովորելու բան ունենք շնից ու կաչաղակից: Մահվան մասին մի’ մտածիր, եթե հնարավոր է: Պարզապես ապրիր այնպես, ասես հաշվետու ես դժոխքում:

Աստծո մասին

Աղջի’կս, այս կյանքից դուրս ոչինչ մի փնտրիր` ո’չ Աստված, ո’չ դժոխք, ո’չ դրախտ, դրանցից ոչ մեկն ընդունված ընկալումներով չկա ո’չ այս կյանքում, ո’չ էլ դրանից հետո: Եթե ուզում ես, որ Աստված լինի, մի եղիր նախահարձակ, եթե ուզում ես, որ կյանքդ դրախտ լինի, մի փորձիր ճիշտ լինել` ի հեճուկս ուրիշի, որովհետեւ «ի հեճուկս»-ի մեջ պայքար կա, ուրիշին ոչնչացնելու ձգտում կա: Եվ, ընդհանրապես, հիշի’ր, ուրիշներ չկան, ուրիշները ծնվում են քո ես-ի հետ միասին: Դժոխքը ես-ն է, աղջի’կս, որովհետեւ ես-ը արդարացումներ է սիրում, սիրում է մանեւրել, ես-ն ապրել գիտի այնտեղ, որտեղ մյուսներն արդեն մխրճվում են համերաշխության ճահիճը: Ես-ը սիրում է հաղթել, ես-ը գովազդ է: Ի՞նչ պիտի լինես այս աշխարհում, բացի նրանից, որ դու կաս: Հիշի’ր, աղջի’կս, խելոք մարդն էթիկական հասկացություն է, ոչ թե ինտելեկտուալ: Ինտելեկտուալների 99 տոկոսը հպարտ է, ոմանք` ագրեսիվ, ոմանք` մարդատյաց, ոմանք նույնիսկ պատուհանի մոտ խմբվող ճնճղուկներին չեն նկատում: Խելոք մարդն սկսվում է իր միջի երեխայից: Եվ միշտ հիշում է, որ դիմացինը նույնպես երեխա է եղել: Վայ քեզ, եթե հանկարծ դիմացինդ խելագար եղավ, իսկ դու որոշեցիր, որ նա չար է ու հիմար:

 Սկզբնաղբյուրը` Yerkir.am

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *